Գեղեցիկ Վարթիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գեղեցիկ Վարդիկ, պատմվածք, Րաֆֆու՝ 1872 թվականին գրված, պարսկահայ կյանքը ներկայացնող գործերից։

Գեղեցիկ Վարթիկը
Տեսակպատմվածք
ՀեղինակՐաֆֆի
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1872
ԿերպարներԳեղեցիկ Վարդիկ, Հայրապետ, Նազլու, Խաչո, Մաթոս, Պողոս, Խուդո, խանի որդին
Կազմի հեղինակԻ․ Հարությունյան
ՀրատարակչությունԼույս
ԹարգմանիչՀ․ Տ․ Շոռ գերմաներեն 1914, Ս․ Խիտարովա ռուսերեն 1966
ՎիքիդարանԳեղեցիկ Վարթիկը

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գեղեցիկ Վարդիկ» պատմվածքով Րաֆֆին արձագանքում է տվյալ ժամանակաշրջանի սոցիալական և ազգային-քաղաքական խնդիրներին։ Պատմվածքը ներկայացնում է պարսկական ավատատիրական իրականությունը, հայ գյուղացիության ստրկական կյանքը[1]։ Հայ շինականների անմխիթար կյանքի թեման Րաֆֆուն հետաքրքրել է երիտասարդության տարիներից սկսած[2]։

Տպագրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Րաֆֆու՝ պարսկահայության կյանքը ներկայացնող լավագույն ստեղծագործություններից է «Գեղեցիկ Վարդիկ» պատմվածքը, որը գրել է 1872թ․ ապրիլ-մայիս ամիսներին, Թիֆլիսում։ Առաջին անգամ հրապարակվել է «Մշակի» նույն թվականի հունիսի 1-ի, և 8-ի համարներում, իսկ հետադայում պետք է լիներ «Փունջի» իններորդ հատորում։ Այնուհետև հաջորդաբար լույս են տեսնում նրա մյուս պատմվածքները Մելիքզադե ստորագրությամբ[3]։ Հեղինակի անվան կողքին սովորական դարձան «քանքարավոր», «տաղանդավոր» և նման բառերը։ Երևույթը տրամաբանական ավարտին հասցրեց և դրանով նաև իր իրավացի հաղթանակն ազդարարեց «Մշակը»[4]։ Այս պատմվածքը, թեև Րաֆֆին գրել էր Թիֆլիսում, սակայն նրանցում արծարծված խնդիրները վերաբերում են պարսկահայոց կյանքին։ Դրանք այն տպավորությունների գեղարվեստական արձագանքներն էին, որոնք Րաֆֆին իր հետ Թիֆլիս էր բերել ավատական ու խանական Արևելքից[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի դեպքերը տեղի են ունենում Ատրպատականի Ուրմի նահանգի հայաբնակ գյուղերից մեկում։ Դեպքերի կենտրոնում Հայրապետ անունով մի գյուղացու պատմություն է, որը, ապրելով փոքրիկ կավե խրճիթում, կարողացել էր փոքրիշատե բարեկեցիկ կյանքով ապրել։ Չորս որդիների՝ Խաչոյի, Մաթոսի, Պողոսի և Խուդոյի, նրանց կանանց, իր կին Նազլուի գեղեցկատես աղջկա՝ Վարդիկի օրնիբուն աշխատանքի շնորհիվ նրանք բարեկեցիկ կյանք էին վարում։ Բնատուր գեղեցկության, բարձր հասակի, գեղեցիկ կազմվածքի համար տասնյոթ ամյա Վարդիկը ստացել էր Գեղեցիկ մականունը։ Վարդիկը, ինչպես և իր հասակակից շատ աղջիկներ ստիպված էին ամենօրյա ծանր ու դաժան աշխատանք կատարել խանի մշակության դաշտում։ Ամենօրյա աշխատանքը հսկում էր խանի որդին, ով նաև բաց չէր թողնում մշակների մեջ գեղեցիկ աղջիկներ ընտրելու հնարավորությունը։ Նա օր օրի ավելի է տարվում Վարդիկով և նույնիսկ արհամարհելով նրա քրիստոնյա լինելը, առաջարկություն է անում և մերժվում։ Հերթական աշխատանքային օրվա ավարտին խանի որդին առևանգում է Վարդիկին և սպառնում՝ մերժելու դեպքում հաշվեհարդար տեսնել Վարդիկի ընտանիքից։ Վարդիկը չի համակերպվում իր կարգավիճակի հետ և խանի որդու գոտուց դուրս հանելով կեռ դաշույնը՝ ինքնասպան է լինում՝ չցանկանալով արատավորել իր ընտանիքի անունը։ Վարդիկը հերթական զոհն է դառնում, և պարզ էր, որ ոչ մեկ պատիժ չէր կրելու։ Այդ նույն գիշեր քաղաքի բաղնիքների խողովակներից մեկում նետվում է Գեղեցիկ աղջկա արյունով ներկված դիակը[5]։

Գաղափարական բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գեղեցիկ Վարդիկը» պատմվածքում պատկերված են պարսկական խաների և վերնախավի կամայականությունների ողբերգական հետևանքները։ Պատմվածքում հեղինակը ներկայացնում է ոչ միայն ազգային ճնշման ողբերգական պատկերը, այլև բարձրացնում է ազգային ոգու գաղափարը։ Այդ գաղափարով է դրսևորվել Վարդիկի ողբերգական մահը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սարինյան, Սերգեյ (1985). Գաղափարների և կերպարների համակարգը. Երևան: Սովետական գրող. էջեր 38։.
  2. 2,0 2,1 Խ․ Ե․ Սամվելյան (1987). Րաֆֆի կյանքի ստեղծագործական ուղին. Երևան: Արևիկ. էջեր 154։.
  3. Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր առաջին. Երևան. 1983. էջեր 543։.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Ս․ Շտիկյան (1985). Նրա ճանապարհը դեպի վիպագրություն հեշտ չեղավ. Երևան: Երեկոյան. էջեր 4։.
  5. Պատմվածքներ և վիպակներ. Երևան: Լույս. 1986. էջեր 14-18։. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)