Եղիշե Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Եղիշե Պետրոսյան (այլ կիրառումներ)
Եղիշե Պետրոսյան
Եղիշե Պետրոսյան.JPG
Ծնվել է1912
ԾննդավայրՄանազկերտ, Մուշի նահանգ, Թուրքիա
Մահացել է1982
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունբանասեր և գրականագետ

Եղիշե Պետրոսյան (1912, Մանազկերտ, Մուշի նահանգ, Թուրքիա - 1982), հայ բանասեր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիշե Պետրոսյանը ծնվել է Մանազկերտում: 1939 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1945 թվականից մինչև իր անժամանակ մահը՝ 1982 թվականը, առանց ընդհատումների եղել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայ գրականության ամբիոնի դոցենտ, ապա՝ պրոֆեսոր։ 1969 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Րաֆֆու ստեղծագործության վերաբերյալ։ Երկու անգամ ընտրվել է բանասիրական ֆակուլտետի դեկան (1945-1950 և 1968-1972 թթ.)։ 1945-1950 թվականներին դեկան եղած ժամանակ, հետպատերազմյան ծանր տարիներին տնտեսապես օգնել է մի քանի ուսանողների։

Խորհրդային տարիներին՝ որպես զբոսաշրջիկ եղել է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ Փարիզում: Ջերմ հարաբերությունների մեջ է եղել անվանի միջնադարագետ Ասատուր Մնացականյանի հետ։

Ունեցել է 4 զավակ, որոնցից են բանասիրական գիտությունների դոկտոր Արմեն Պետրոսյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու Ռուբեն Պետրոսյանը և երգիծաբան, տրագիկոմեդիայի նոր ժանր ստեղծած և հասարակական իր դիրքորոշումն արվեստի լեզվով հաղորդող Վարդան Պետրոսյանը:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ե. Պետրոսյանը գրել է մի շարք գրքեր՝ «Րաֆֆի» (1959 թ.), «Գրական դեմքեր» (1977 թ.), «Դանիել Վարուժան» (1987 թ.)։ Կազմել, ծանոթագրել և հրատարակել է այն ժամանակ մեզանում դեռևս քիչ ուսումնասիրված արևմտահայ գրողների երկերի ժողովածուներ՝ Ռուբեն Սևակի (1955 թ.), Ռուբեն Որբերյանի (1963 թ.), Օնիկ Չիֆթե-Սարաֆի (1981 թ.)։

«Րաֆֆի»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ե. Պետրոսյանը Րաֆֆու նվիրյալներից էր, վերջինիս ստեղծագործությունը գիտեր բոլոր մանրամասներով։ Նա հետազոտել էր նաև Րաֆֆու շուրջ ստեղծված գրվածքները, հատկապես, գիտեր «Մշակը» և այդ նույն ժամանակահատվածի հայ պարբերականները։ Եղիշե Պետրոսյանի «Րաֆֆի» մենագրությունը ներկայացնում է հայ մեծանուն գրողին, որում գրականագետը զարգացրել է իր նոր հայեցակետը հայ գրականության այն դասական երկերի մասին, ինչպիսիք են «Սամվելը», «Դավիթ Բեկը» և «Կայծերը»:

«Գրական դեմքեր»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գրական դեմքեր» ժողովածուում Եղիշե Պետրոսյանն ի մի է հավաքել իր երկար տարիների ուսումնասիրությունները՝ նվիրված 20-րդ դարասկզբի արևմտահայ գրողներին՝ Սիամանթոյին, Ռուբեն Զարդարյանին, Ռ. Որբերյանին և Օ. Չիֆթե-Սարաֆին, որոշ երկեր քննված են գեղարվեստական ու գաղափարական կտրվածքով։ Գրականագետի կարծիքով՝ Սիամանթոյի հենց առաջին գրքում՝ «Դյուցազնորեն»-ում, առկա են բանաստեղծի ստեղծագործության հիմնական բոլոր գծերը և արվեստի ներգործող այն ուժը, որին նա հավատարիմ մնաց մինչև վերջ։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվիրված Արշակ Չոպանյանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ գրականության պատմության մեջ Եղիշե Պետրոսյանի համար ուղենիշային է դառնում Արշակ Չոպանյանը, որը խորհրդային տարիներին արգելված հեղինակ էր կամ գրեթե արգելված։ Եղիշե Պետրոսյանը Երևանի հանրային գրադարանի մշտական ընթերցողն էր և հենց այդ նշանավոր գրապահոցի հատուկ ֆոնդում էլ կարդացել է Արշակ Չոպանյանի արևմտահայ ու արևելահայ գրողներին նվիրած հետազոտություններն ու հոդվածները, ծանոթացել հայ գրականության մեծ նվիրյալի ու մշակի Փարիզում հրատարակած պարբերականներին։ Եղիշե Պետրոսյանի համար Ա. Չոպանյանի՝ գրաքննադատի և գրականության պատմաբանի հայ գրողներին տված գնահատականները եղել են ելակետային։ Չոպանյանին նա գնահատում է որպես իր ժամանակի հայտնի, ճանաչված անառարկելի գրական հեղինակություն։

Գրականագետը բարձր է գնահատում Արշակ Չոպանյանին և դիտարկում է վերջինիս թարգմանական գործը՝ հայ գրողներին՝ ֆրանսերեն, ֆրանսիացի գրողներին՝ հայերեն ներկայացնելու կտրվածքով։ Ծանոթ է Չոպանյանի «Հայաստանի վարդենիք» («La Roseraie d’Armenie») եռահատոր ժողովածուներին, որոնք համարում է միջնադարյան բանաստեղծական էջերի ֆրանսերեն թարգմանություն։ Եղիշե Պետրոսյանը տեղյակ է նաև Չոպանյանի «Վ. Հյուգոն, Լամարտինը և Շատոբրիանը հայ գրականության մեջ» գրքին, որում և զետեղված է Հյուգոյի հայտնի դիմումը հայ ընթերցողին «Թշվառների» հայերեն թարգմանության առիթով։ Նա մեջբերում է Վերհառնի հետևյալ բնութագրումը. «Մենք հայ ազգը ճանաչում ենք Չոպանյանով»:

Նվիրված Երուխանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժեքավոր է Եղիշե Պետրոսյանի հետազոտությունը՝ նվիրված Երուխանին, որին նա համարում է «թերևս ամենից քիչ ուսումնասիրված հայ հեղինակներից»: Գրականագետի կարծիքով՝ «Երուխանի վերոհիշյալ նորավեպերը առավել իմաստալի նշանակություն են ստանում, այնտեղ պատկերված է ժողովրդի հասարակ մարդկանց վեհությունը, ազնվությունը, հոգու անաղարտությունը»: Վերլուծության է ենթարկել նաև Երուխանի «Ամիրային աղջիկը» վեպը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աելիտա Դոլուխանյան, «Անվանի գրականագետը» (Եղիշե Պետրոսյանի ծննդյան 100-ամյակի առթիվ) պատմաբանասիրական հանդես №1, 2012, էջ 244-248