Զահրումար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զահրումար
ՀեղինակՐաֆֆի
Ժանրվեպ
Լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1871
Ներկայացված էառևտրական բուրժուազիայի կենցաղն ու բարքերը
Հրատարակման տարեթիվ1895

«Զահրումար», Րաֆֆու 1871 թվականի գրած վեպն է։ Վեպում պատկերել է առևտրական բուրժուազիայի կենցաղն ու բարքերը։ Առանձին գրքով հրատարակվել է 1895 թվականին։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զահրումարի» գրության պատմության շուրջը ծավալուն մանրամասներ հայտնի չեն։ Վեպի առաջաբանում հեղինակը ուղղակիորեն ասում է «Զահրումարը» գրել է 1871 թվականին, Թբիլիսիում, ուր իր գործերի պատճառով ստիպված է եղել տարի և կես մնալ։

Վեպը տպագրելու առաջին փորձը Րաֆֆին ձեռնարկում է 1873 թվականի սկզբին։ «Մշակի» 1873 թվականի մայիսի 10-ին՝ 17-րդ համարում, խմբագրությունը հեղինակւի անունից անում է մի այնպիսի հայտարարություն. «Եթե հայկական գրականություն սիրողները իրենց նյութական օգնությամբ կնպաստեն մեզ «Փունջի» տպագրությանը, այնուհետև խմբագրությունս նպատակ ունի ի լույս ածել Րաֆֆիի և մյուս բանաստեղծությունքը, որպիսիք են՝ «Խլվլիկ» վիպասանություը երեք հատորով Պարսկաստանի կյանքից առնված և «Զահրումար» ռոմանը երկու հատորով Թիֆլիսի կյանքից առնված...»: Չստանալով նյութական համապատասխան օժանդակություն, Րաֆֆու այս նպատակադրումը մնում է անկատար։ Մեկ տարի անց, երբ Րաֆֆին «Փունջի» առաջին գրքում հրատարակում է իր ստեղծագործությունները տասը հատորով տպագրելու ծրագիրը, չորրորդ հատորում տեղ է հատկացնում նաև «Զահրումար» վեպի առաջին և երկրորդ մասերին։ Ինչպես հայտնի է, Րաֆֆին հնարավորություն չի ունենում առաջին և երկրորդ հատորներից հետո շարունակելու տպագրությունը, ուստի «Զահրումարի» հրատարակությունը այս անգամ ևս չի իրագործվում։

Րաֆֆու «Զահրումարի» տպագրության առիթով Հ. Առաքելյանը «Մշակի» 1895 թ. N7–ի մեջ գրել է, թե իբր հիշյալ ստեղծագործության երկար տարիներ անտիպ մնալու պատճառը «Մշակի» գաղափարական գծից շեղվելն է եղել։

Րաֆֆին այս վեպի վերջում ավելացրել է մի չափածո հատված «Կտակ» վերնագրով։ «Զահրումար»–ի տեքստը տպագրության է պատրաստում գրողի այրին՝ Աննա Րաֆֆին։ Ստացվել է այնպես, որ հրատարակիչները տպագրելուց առաջ հանում են այդ չափածո հատվածը՝ հարուցելով Աննա Րաֆֆու դժգոհությունը։ Վերջինս պահանջում է վերականգնել այն, չխախտել հեղինակային իրավունքը, սակայն արձագանք չի գտնում։ Հետագայում, խորհրդային տարիներին տպագրված Րաֆֆու երկերի ժողովածուում դա վերականգնվել է։