Սամվել (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել
ՀեղինակՐաֆֆի
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատմավեպ
Բնօրինակ լեզուհայերեն
Կերպար(ներ)Սամվել Մամիկոնյան, Մուշեղ Դ Մամիկոնյան, Վահան Մամիկոնյան, Մերուժան Արծրունի, Փառանձեմ Սյունի, Շապուհ III, Սահակ Ա Պարթև և Մեսրոպ Մաշտոց
Ստեղծման տարեթիվ1880
Երկիր Հայաստան
Հրատարակման տարեթիվ1886

«Սամվել» հայ գրող Րաֆֆու պատմական վեպերից է։ Րաֆֆին «Սամվել» սկսել է գրել 1884 թ., ավարտել 1886 թ.։ Առաջին անգամ հրատարակվել է Թիֆլիսի «Արձագանք» շաբաթաթերթում։ Առանձին գրքով առաջին անգամ լույս է տեսել 1888 թ.։ «Սամվելը» համարվում է հայ գրականության լավագույն կոթողներից մեկը։

Նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը 4-րդ դարում` Րաֆֆին ձգտում էր նկարագրել Հայաստանը 19-րդ դարում, երբ այն գտնվում էր Թուրքիայի և Ռուսաստանի տիրապետության տակ։ Ցարական իշխանությունը այրում էր հայկական գրքերը, փակում եկեղեցիները և ոչնչացնում լեզուն։ Րաֆֆին չէր կարող լուռ նայել այդ ամենին։ «Գրելով այս վեպը ես նպատակ եմ ունեցել այդպիսի նկարագիր մեր պատմական անցյալից»,- գրել է Րաֆֆին։

Վեպը ներառված է հայկական ուսումնական ծրագրի մեջ։ Դրա հիմնական գաղափարներից են հայրենասիրությունը և ազատագրական պայքարի կոչը։ Բոլոր հերոսները հայրենասիրություն են խորհրդանշում, նույնիսկ կանայք, ովքեր (Աշխենը, Համազասպուհին, թագուհին` Փառանձեմը) պատրաստ են իրենց արյունը թափել հանուն հայրենիքի։

Վեպի համար նյութ է ծառայել Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու «Հայոց պատմությունները»։ Վեպը բաղկացած է Հառաջաբանից, երեք գլուխներից և «Փակագծերի մեջ» հավելվածից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունը տեղի է ունենում IV դարի Հայաստանում։ Պարսից արքա Շապուհը գերում է Արշակ Բ-ին և բանտարկում Խուժիստանի Անհուշ բերդում, Հայաստանը մնում է անպաշտպան։ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը դավաճանում են հայրենիքը և սկսում են ծառայել Շապուհին, որի դիմաց Շապուհը Մերուժան Արծրունուն խոստանում է հայոց գահը, իսկ Վահան Մամիկոնյանին՝ հայոց սպարապետության պաշտոնը։ Վահան Մամիկոնյանի որդին` Սամվելը, իմանալով հոր դավաճանության մասին, որոշում է հորեղբոր որդու՝ Մուշեղ Մամիկոնյանի հետ պաշտպանել Հայաստանը։ Սամվելը սպանում է իր հորը հայրենիքը և կրոնը դավաճանելու համար։ Իսկ հայկական եկեղեցում պարսկացած մոր արյունով հանգցնում է վերջին պարսկական կրակը իր հայրենիքում։

Առաջին գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպն սկսվում է «Երկու սուրհանդակներ» գլխով։ Երկու սուրհանդակներ` մեկը սևագույն ձիով, մյուսը կապուտակ ձիով, շտապում են Մամիկոնյանների ամրոցը՝ Ողական։ Երկուսն էլ բերում են նույն լուրը. Սամվելի հոր՝ Վահան Մամիկոնյանի և քեռու` Մերուժան Արծրունու ուրացության մասին։ Այդ լուրը ուրախություն է պատճառում Տաճատուհուն՝ Սամվելի մորը, բայց և այնպես խոցում է Սամվելի սիրտը։ «Երեք երիտասարդ ուժեր»-ը՝ Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը և Սամվելը, հավաքվում են Աշտիշատի վանքում և քննարկում եղելությունը։ Նրանք հասկանում են, որ Վահան Մամիկոնյանին և Մերուժան Արծրունուն մոլորության մեջ է գցել Շապուհը, և նրանք գալիս են Հայաստան՝ ցանկանալով մոգերի և մոգպետների միջոցով քանդել բոլոր եկեղեցիները և դրանց տեղը պարսակական ատրուշաններ կառուցել, կրոնափոխ անել հայերին, ամբողջ Հայաստանում տարածել պարսկական լեզուն և ընդհանրապես «պարսկացնել հայերին»։

Խնջույքի ժամանակ Տաճատուհին՝ Սամվելի մայրը, ցանկանում է թունավորել Մուշեղին, սակայն ծառա Նվարդը, լսելով դրա մասին, ասում է Հուսիկին՝ Սամվելի հավատարիմ սպասավորին, իսկ սա՝ Մուշեղին։ Վահանի երկրորդ կինը՝ Որմիզդուխտը՝ Շապուհ արքայի քույրը, գաղտնի ներթափանցելով Սամվելի սենյակ, զգուշացնում է նրան, որ պարսից զորքը մոտենում է Հայաստանին ոչ թե Տարոնի, այլ Ռշտունիքի կողմից, որտեղ գտնվում է տղայի սիրելին՝ Աշխենը։

Երկրորդ գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ գիրքն բաղկացած է «Մեկը արևմուտքում, մյուսը արևելքում» և «Ճանապարհները բաժանվում են» ենթագլուխներից։ Բյուզանդացի Վաղես կայսրը Ներսես Մեծին իր երկու սարկավագների (Տիրեի և Ռոստոմի) հետ աքսորում է Պատմոս կղզին։ Նույն ժամանակահատվածում Արշակ Բ-ն աքսորված է Անհուշ բերդ։ Նրա հավատարիմ ծառաներից մեկը՝ Դրաստամատը, պարսիկների և քուշանների դեմ մղվող պատերազմի ընթացքում փրկելով Շապուհին, արժանացել էր նրա գովեստներին։ Շապուհը նրան առաջարկում է մի ցանկություն ասել, որն էլ լինում է Հայոց թագավորին տեսնելը։ Մեկնելով Անհուշ (Անուշ) բերդ` Դրաստամատը ամեն եղելությունը պատմում է Արշակ Բ-ին։

Որմիզդուխտից ստացած տեղեկությունների համաձայն` պարսից զորքը մոտենում է Հայաստանին ոչ թե Տարոնի, այլ Ռշտունիքի կողմից, որտեղ գտնվում էր Սամվելի սիրեցյալը՝ Աշխենը։ Սամվելը շտապով իր սուրհանդակի՝ Մալխասի միջոցում լուր է ուղարկում Ռշտունյաց Գարեգին իշխանին, և ինքը ևս մեկնում է այդտեղ։ Ռշտունու մութ անտառներում տեղացիների հետ ընդհարման արդյունքում Սամվելը այժմ ունի 48 մարդ։ Շտապում է զգուշացնել Ռշտունի իշխանին պարսիկների հարձակման մասին, սակայն հասնելով տեղ՝ տեսնում է, որ ամրոցն արդեն պաշարված է և հրկիզված։ Պարսիկները գերեվարել էին Աշխենի մորը՝ Համազասպուհուն։ «Արտասուքի աղբյուր»-ի մոտ Աշխենը և Սամվելը հանդիպում են։ Սամվելը հայտնվում է երկբայական դրության մեջ. ո՞ր կողմը գնալ, դեպի հայրենի՞ք, թե՞ դեպի սիրած աղջիկը։ Աշխենը Սամվելին պատասխանում է` ասելով, որ Սամվելը նրան արժանի չի լինի, եթե նա «իր արյունը չխառնի հայրենիքի փրկության համար մարտնչող զինվորների արյան հետ»։

Վահան Մամիկոնյանը Համազասպուհուն եղբայր էր գալիս։ Գերի վերցնելով քրոջը` նա նրան առաջարկում է զրադաշտականություն ընդունել։ Ստանում է մերժում։ Երբ Ռշտունու զինվորները մտնում են Վան, Վահանը հրամայում է սպանել Համազասպուհուն։ Նրա մերկ մարմինը կախում են ոտքերով վեր։ Վան մտած Սամվելը համեմատում է հորը եղբայրասպան Կայենի հետ։ Սրանից հետո Սամվելը որոշ ժամանակ չի երևում գործողությունների թատերաբեմում. հիվանդանում է։ Դրանից հետո Մերուժանը վերադառնում է տուն՝ հարազատներին տեսնելու։ Մայրը համոզում է հարսին չընդունել տուն դավաճան ամուսնուն, ով ուրացավ իր կրոնը միայն Շապուհի քրոջը՝ Որմիզդուխտին կնության առնելու համար։ Նրան չեն ընդունում, և դավաճանը հեռանում է։

Շապուհը նոր զորքերով ժամանում է Հայաստան։ Ավերում է քաղաքներ, այդ թվում Զարեհավանը։ Ապա Շապուհը մերկացնում է Հայոց գերեվարված կանանոցը և տարբեր չարչարանքների ենթարկում` ոմանց նաև սպանելով։ Սրանից հետո հետ է դառնում Տիզբոն։ Ճանապարհին նրա վրա հարձակվում է Մուշեղի` 20.000 զինվորից բաղկացած գունդը։ Մուշեղը գերի է վերցնում արքայի քրոջը՝ Որմիզդուխտին, սակայն պարսկական կանանոցը ողջ և առողջ հետ է ուղարկում Պարսկաստան` սա համարելով ամենամեծ վրեժխնդրություն Շապուհի կատարած չարագործության դիմաց։ Գերուհուն բերում է Արտագերս՝ թագուհու մոտ։ Շապուհը հրամայում է Մուշեղի պատկերը փորագրել իր ոսկեձույլ գավաթի վրա, և ամեն անգամ, երբ խմում է այդ բաժակից, ասում է. «ի փառս ճերմակաձիույն»։ Փառանձեմ թագուհին սպարապետ է կարգում Մուշեղին և ուղարկում Բյուզանդիա` իր որդուն՝ գահաժառանգ Պապին բերելու։ Մերուժանը պաշարում է Արտագերսը, որը տևում է ամիսներ։ Պարսիկները չեն կարողանում գրավել ամրոցը, սակայն սկսվում է համաճարակ և սով, խլում հազարավոր մարդկանց կյանքեր։ Բերդում մնում են միայն թագուհին, Որմիզդուխտը և երկու նաժիշտները (Շուշան և Հասմիկ)։ Ամրոցի դրության մասին տեղեկություններ է տանում Մերուժանին Հայր մարդպետը, ով, գաղտագողի մտնելով ամրոց, տեսնում է դիակներից առաջացած բլուրներ։ Վերջիվերջո, Մերուժանը մտնում է Արտագերս ամրոց, տեսնում է իր սիրած կնոջը՝ Որմիզդուխտին։ Վերջինս մերժում է Մերուժանին` խոցելով նրա սիրտը։ Այնուամենայնիվ, պարսիկները Փառանձեմ թագուհուն և Որմիզդուխտին տանում են իրենց հետ Պարսկաստան։

Երրորդ գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվելը առողջանում է, դուրս գալիս Անձևացյաց գավառի Հոգվոց վանքից և ուղևորվում դեպի քեռու ճամբարը։ Սամվելը և իր մարդիկ հասնում են Մերուժան Արծրունու զորքի ճամբարին։ Սամվելը հանդիպում է հորը՝ Վահանին։ Ոչինչ չկասկածելով՝ Վահանն ուրախությամբ է ընդունում որդուն։ Խոսակցություններից մեկի ժամանակ Վահան Մամիկոնյանը Սամվելից ստանում է իր կնոջ՝ Տաճատուհու նամակը` ուղղված իրեն։ Նամակն ավարտվում է Տաճատուհու այս խոսքով. «Շատ պետք չէ հավատալ Սամվելին»։

Խնջույքի ժամանակ Սամվելն ականատես է լինում հայոց սուրբ գրքերի այրման գործընթացին և գերիների սպանդին, ինչը ամրապնդում է իր ծրագրի կատարման միտքը։ Մերուժանը առաջարկում է գնալ որսի, Վահանն ու Սամվելը համաձայնում են։ Որսի ժամանակ հայր և որդի առանձնազրույց են ունենում։ Սամվելը վերջին ճիգն է գործադրում, որ հետ պահի հորը այդ սխալ որոշումից, սակայն դա նրան չի հաջողվում։ Նա դավաճան է կոչում հորը։ Զայրացած Վահանը մերկացնում է սուրը, որ սպանի որդուն, բայց Սամվելն առաջինն է հարվածում հորը և սպանում նրան։ Նրա զինվորները ճակատամարտում են պարսիկների հետ, ովքեր ևս եկել էին որսի։ Պատանի Արտավազդը իր նետով խոցում է Մերուժանին։ Նա ստիպված է լինում փախչել իր հանրահայտ ճերմակ ձիով։ Պարսից Կարեն անունով զորավարը, խաբելով Արբակին (Սամվելի դայակին), նրա ձին է նստում և փախուստի դիմում։ Երբ բժիշկները մշակում են Մերուժանի վերքերը, Կարենը պարծենում է, թե սպանել է Արբակին։ Այդուհանդերձ, պատերազմի ժամանակ Մերուժանը տեսնում է Արբակին և հրամայում է ձերբակալել ստախոս զորավարին։ Ապա Մերուժանը վիրավոր գերի է ընկնում պարսիկներին շրջապատած նոր հայկական զորքին։

Ամիսներ անց Սամվելը գալիս է Ողական։ Մայրը պահում էր պարսիկ ծառաներ, զարդարել էր դղյակը պարսից զարդարանքով և ստիպում էր բոլորին պարսից հագուստ կրել։ Կազմակերպել էր զրադաշտական զոհաբերություն։ Սամվելը հրամայում է մարել կրակները։ Մայրը հրաժարվում է։ Սամվելը սպառնում է, որ կհեղի բագինները մոր արյամբ։ Մայրը որդուն կոչում է անիրավ։ Սամվելը, ասելով հետևյալ խոսքերը՝ «Թող մարդիկ ինձ անիրավ կոչեն, թող մարդիկ ինձ եղեռնագործ կոչեն, ահա՜, այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանե նաև ուրացող մորը», սրտախողխող է անում դավաճան մորը։

Վեպի գլուխները[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գիրք

  1. Երկու սուրհանդակներ
  2. Տարոնի առավոտը
  3. Մի աղոտ միտք ծագում է նրա մեջ
  4. Մայր և որդի
  5. Երկու եղբոր որդիներ
  6. Պատրվակ
  7. Որսորդություն
  8. Աշտիշատի վանքը
  9. Երեք երիտասարդ ուժեր
  10. Խորթ մայր
  11. Անհաջող դավադրություն
  12. Հանգամանքները բարդվում են
  13. Նոր տեղեկություններ
  14. Լեռնային իշխանուհին
  15. Ինքնակոչները
  16. Կնոջ խորհուրդը
  17. Պատանի Արտավազդը

Փակագծերի մեջ հավելված

  1. Բնություն, Նախարարություն, Թագավոր
  2. Պետություն, Եկեղեցի, Հոգևոր և մարմնական իշխանություն
  3. Եկեղեցականների զանազան տարերքը

Երկրորդ գիրք

Մեկը արևմուտքում, մյուսը- արևելքում

  1. Պատմոս
  2. Անհուշ բերդ

Ճանապարհները բաժանվում են

  1. Ռշտունի
  2. Արտոս
  3. Արտասուքի աղբյուր
  4. Համզասպուհի
  5. Սարսափելի գիշերվա առավոտը
  6. Ուրացողը յուր տան շեմքի վրա
  7. Խայթ
  8. Շապուհը Զարեհավանի ավերակների մոտ
  9. Արտագերս
  10. Մուշեղ՝ «Խոտորնակին՝ խոտորնակ»
  11. Երկու չարյաց փոքրագույնը
  12. Հայր մարդպետ

Երրորդ գիրք

  1. Արարատյան դաշտի առավոտը
  2. Մի տարօրինակ ողջակեզ
  3. Զվիթա
  4. Արաքսի որոգայթները
  5. Մայրը
  6. Ողական ամրոցը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Սամվել (վեպ)