Մովսես Կաղանկատվացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մովսես Կաղանկատվացի
Ծնվել է900[1]
Կաղանկատույք, Ուտիք, Մեծ Հայք[2]
Մահացել էանհայտ[2]
Մասնագիտությունպատմաբան և մատենագիր
Տիրապետում է լեզուներինհայերեն
Քաղվածքներ Վիքիքաղվածքում

Մովսես Կաղանկատվացի (900[1], Կաղանկատույք, Ուտիք, Մեծ Հայք[2] - անհայտ[2]), VII դարի հայ պատմիչ։ Ծնվել է Կաղանկատույք գյուղում[3]։ Համարվում է «Աղուանից աշխարհի պատմութիւն» գրքի շարահարողը, որը կազմված է տարբեր դարերում գրված կարճ պատմություններից, նամակներից, իշխանների և սրբերի կենսագրություններից[4]։ Մովսես Կաղանկատվացու աշխատության մեջ հարուստ տեղեկություններ կան Հայաստանի, հատկապես «արևելից կողմանց»՝ Արցախի և Ուտիքի վաղ միջնադարյան պատմության մասին։ Արժեքավոր են նաև նրա հայտնած տեղեկությունները Անդրկովկասի, Բյուզանդիայի և Պարսկաստանի մասին։ Գրքի հետագա՝ 10-րդ դարի ենթադրյալ շարահարողը Մովսես Դասխուրանցին է։

«Աղուանից աշխարհի պատմութիւն»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պատմութիւն Աղուանից աշխարհի» աշխատության առաջին հրատարակություն, 1860 թվական

Այն հայ մատենագիրներին ծանոթ է VIII դ-ից (Սողոմոն Մաքենացի), իսկ հեղինակին առաջինը Մովսես Կաղանկատվացի է կոչել Կիրակոս Գանձակեցին։ Երկի՝ մեզ հասած ամենահին գրչագիրը թվագրվում է 1289-ին (Մատենադարան, ձեռ. դ 1531)։ Պատմության առաջին երկու գրքերը («աշխարհի ստեղծումից» մինչև VII դ. 1-ին կես) գրել է Մովսես Կաղանկատվացին, երրորդի հեղինակը X դ. մատենագիր Մովսես Դասխուրանցին է։ Հետագայում աշխատությանը հավելվել է Աղվանից կաթողիկոսների անվանացանկը (X դ. 2-րդ կեսից լրացրել է Մխիթար Գոշը)՝ մինչև XVIII դ.։ Երկասիրության նյութը հիմնականում Արցախ և Ուտիք նահանգների (Հայոց Արևելից Կողմանց, հայկ. Աղվանքի) պատմությունն է, որն իբրև հայոց ընդհանուր պատմության մի մաս, ի տարբերություն մյուս հայ մատենագիրների, Մովսես Կաղանկատվացին լուսաբանել է մանրամասն ու բազմակողմանի։ Այդ ժամանակ Արցախն ու Ուտիքը (461-ին Սասանյան Իրանը քաղ. նկատառումներով մտցրել է Աղվանից մարզպանության մեջ) բուն Աղվանքի ու մերձկասպյան մի շարք երկրամասերի հետ ներառվել էին ընդհանուր նվիրապետության մեջ։

Պատմության առաջին գրքի սկզբում շարադրված են հատկապես IV–V դդ. իրողությունները, որոնց նկարագրությունը մեծ մասամբ քաղված է Փավստոս Բուզանդից, Մովսես Խորենացուց, Ագաթանգեղոսից, Եղիշեից, դավանաբանական ու վարքագրական թղթերից և այլ գրավոր աղբյուրներից։ 7–8-րդ գլուխները վերաբերում են նահատակված քրիստոնյա սրբերին, նրանց մասունքների որոնմանն ու հայտնաբերմանը և Աղվանից աշխարհ տեղափոխելուն, Աղվանից եկեղեցու վաղ շրջանի պատմությանը։ Աղվանից եկեղեցու առաքելական ծագումն ապացուցելու մտահոգությամբ՝ մատենագիրն առաջին գրքի 6-րդ գլխում պատմում է, որ Հայաստանում քրիստոնեություն տարածող Թադեոս առաքյալի աշակերտ Եղիշեն, Երուսաղեմում վարդապետ ձեռնադրվելուց հետո, եկել է Աղվանից աշխարհ, Գիս ավանում եկեղեցի կառուցել և քրիստոնեություն քարոզել։

Հեղինակը պատմում է, որ հայրենի երկրամասի և նրա եկեղեցու հեղինակությունը բարձրացնելու համար Աղվանից իշխան Վարազ-Տրդատը Գրիգոր Ա Լուսավորչի նշխարներից բերելու նպատակով Այրարատյան նահանգ է ուղարկել Իսրայել եպիսկոպոսին։ Այրարատում երկար թախանձանքներից ու մեծ տիկնոջ՝ Հեղինեի (Աղվանից Ջևանշեր իշխանի քույրը և մարզպան Գրիգոր Մամիկոնյանի կինը) միջնորդությունից հետո Իսրայել եպիսկոպոսին զիջել են Գրիգոր Ա Լուսավորչի ծնոտի մի մաս, որը բերվելով՝ հանդիսավորապես տեղադրվել է Գլխովանքում։ Պատմիչը միաժամանակ նշել է Գրիգոր Ա Լուսավորչի մասունքների բաժանումն արգելված լինելու և, իբրև բացառություն, Աղվանից եկեղեցուն նվիրելու փաստը։ Հանգամանորեն շարադրվել է Գրիգոր Ա Լուսավորչի թոռ Գրիգորիսի՝ Աղվանքում քարոզչության, Աղվանից և Վրաց եպիսկոպոսապետ ձեռնադրվելու, նահատակության, նշխարների գյուտի պատմությունը։ Առաջին գրքի XVI գլխում պատմագիրը ներկայացնում է մոտ երեսնամյա ժամանակահատված (Առանշահիկներ՝ Վաչեից մինչև Վաչագան Գ Բարեպաշտը (480-ական թթ. վերջ)), երբ երկիրը չի ունեցել իր թագավորը։ Նույն գլխում ներկայացնելով Պարսից Պերոզ արքայի (459–484) նվաճողական քաղաքականությունը՝ ցասումով է նկարագրել, թե ինչպես է նա քանդել եկեղեցիները, կառուցել ատրուշաններ, հալածել, աքսորել ու կոտորել քրիստոնյաներին՝ ձգտելով տարածել զրադաշտական կրոնը։ XVII գլխում պատմվում է Պերոզի հաջորդ Վաղարշի (484–488) նոր քաղաքականության, Վաչագան Գ Բարեպաշտի (480-ական թթ. վերջ – 510)՝ երկրում իշխանական տները վերահաստատելու, քրիստոնեությունը վերատարածելու, աղանդները, մազդեզականությունը վերացնելու, կախարդներին, քրմերին կոտորելու, երկրամասը բարեկարգելու, մշակութային, կրթադաստիարակչ. գործունեության մասին, որոնք պատմական արժանահավատ հաղորդումներ են (մեզ անհայտ աղբյուրներից քաղված) և մեծարժեք են Վարդանանց հերոսամարտից հետո ընկած ժամանակաշրջանի իրադարձություններն ուսումնասիրելու առումով։ Պատմ. կարևոր նշանակություն ունեցող վավերագիր է նաև առաջին գրքի 26-րդ գլուխը, որը մի կանոնադրություն է՝ հաստատված Վաչագան Գ Բարեպաշտի ու Շուփհաղիշո եպիսկոպոսի կազմակերպած եկեղեցական ժողովի կողմից։ Հայոց պատմության համար արժեքավոր նյութ է Հայոց Արևելից Կողմանքում Մեսրոպ Մաշտոցի ծավալած կրթական ու լուսավորական գործունեության հանգամանալից նկարագրությունը (նույն գրքի 27 և 28-րդ գլուխներում)։

Երկրորդ գրքում Մովսես Կաղանկատվացին պատմագրել է 7-րդ դարի առաջին կեսի իրադարձությունները։ Այն ցայժմ անփոխարինելի աղբյուր է խազարների (ըստ հեղինակի՝ խազիր) արշավանքներն ու դրանց քաղաքական ու տնտեսական դրդապատճառներն ուսումնասիրելու, հյուսիսային ցեղերի, Անդրկովկասի ժողովուրդների և Պարսկաստանի ու Բյուզանդիայի փոխհարաբերությունների մի շարք հարցեր պարզաբանելու համար։ Նույն գրքի 14-րդ գլխում ներկայացվում են Շաթի (խազարների առաջնորդ Ջեբու խաքանի որդու) Աղվանք կատարած արշավանքը (628) և Աղվանից կաթողիկոս Վիրոյի (595–629) գործունեությունն ու տառապանքները։ Լրացրել է արաբական արշավանքների պատմությունն Անդրկովկասում և դրանից հս. ընկած երկրներում։ Երկը միակ աղբյուրն է հայոց պատմության մեջ կարևոր դեր կատարած Միհրանյան ու Առանշահիկ հարստությունների ծագման ու պատմության ուսումնասիրման համար։ Մ. Կաղանկատվացու շնորհիվ է մեզ հասել իր ժամանակակից բանաստեղծ Դավթակ Քերթողի «Ողբք...» բարձրարվեստ քերթվածքը (պահպանված աշխարհիկ հնագույն քերթվածքն է հայ գրակ. մեջ), որը գրվել է Աղվանից աշխարհի իշխան Ջևանշերի եղերական մահվան առիթով։ Շարունակելով և ամբողջացնելով «Պատմութիւն Աղուանից...» երկը (երրորդ գիրք, VII դ. կեսից մինչև X դ. կեսը)՝ Մովսես Դասխուրանցին հիմնականում վեր է հանել եկեղեցու պատմությանն առնչվող խնդիրները, Հայաստանյայց և Աղվանից եկեղեցիների առնչությունները, նկարագրել արաբական արշավանքները, Հայոց Աղվանքի, Բյուզանդիայի և Արաբ. խալիֆայության հարաμերությունները, Բաբեկի հակահայկական ձեռնարկումները, Համամ Արևելցու (IX դ. 2-րդ կեսի իշխան, ապա՝ թագավոր Հայոց Արևելից Կողմանց) և Սահլ Սմբատյանի (Արցախի հս. գավառների իշխան IX դ. 1-ին կեսին) ազգանպաստ գործունեությունը, հաղորդել այլ արժեքավոր տեղեկություններ։ Երկը շարադրված է խիստ հակիրճ ոճով և ժամանակագր. կարգով։

Պատմությունն առաջին անգամ հրատարակել է Մկրտիչ Էմինը 1860-ին, Մոսկվայում։ 1861-ին տպագրվել է ռուսերեն՝ Քերովբե Պատկանյանի թարգմանությամբ։ Թարգմանվել է նաև ֆրանսերեն, անգլերեն, վրացերեն, թուրքերեն, հատվածաբար՝ հունգարերեն, գերմաներեն, ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն, այդ թվում՝ աշխարհաբար (1969)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զարբհանալյան Գ., Հայկական հին դպրութեան պատմութիւն, Վնտ., 1886։
  • Մնացականյան Ա., Աղվանից աշխարհի գրականության հարցերի շուրջ, Երևան, 1966։
  • Պողարյան Ն., Հայ գրողներ, Երուսաղեմ, 1971, էջ 171–173։
  • Սվազյան Հ., Մովսես Կաղանկատվացու «Աղվանից աշխարհի պատմության» աղբյուրները, ՊԲՀ, 1972, դ 3։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #11415108 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. Հովհաննես Նալթակյան «Հայոց Ուտիք–Գարդման աշխարհը և Առանշահիկ իշխաններն ու թագավորները», Երևան 2013 թ․։
  4. Սվազյան, Հ. Մովսես Կաղանկատվացի. Հայկական սովետական հանրագիտարան. vol. viii. Երևան, Սովետական Հայաստան, 1982, էջ 41-42

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 41
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 40