Մկրտիչ Էմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկրտիչ Էմին
Mkrtich Emin.jpg
Ծնվել էնոյեմբերի 25 (դեկտեմբերի 7), 1815 կամ 1815[1]
Նոր Ջուղա, մարզ 5, Սպահան, Իրան
Մահացել էդեկտեմբերի 13 (25), 1890 կամ 1890[1]
Մոսկվա, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
ՔաղաքացիությունԻրան և Flag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսական կայսրություն
Մասնագիտությունհայագետ, պատմաբան, արևելագետ և գրող
Հաստատություն(ներ)Լազարյան ճեմարան և Q19819669?
Ալմա մատերԼազարյան ճեմարան (1834) և Մոսկվայի կայսերական համալսարան
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Սուրբ Աննայի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Order of Saint Anna, 2nd class with crown RUS Imperial Order of Saint Stanislaus ribbon.svg Սուրբ Ստանիսլավի շքանշան և Սուրբ Վլադիմիրի շքանշան
Commons-logo.svg Mkrtich Emin Վիքիպահեստում

Մկրտիչ Հովսեփի Էմին (իսկական ազգանունը՝ Կարապետյան, նոյեմբերի 25 (դեկտեմբերի 7), 1815 կամ 1815[1], Նոր Ջուղա, մարզ 5, Սպահան, Իրան - դեկտեմբերի 13 (25), 1890 կամ 1890[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն), հայ պատմաբան, հայագետ։ Լազարյան ճեմարանի պրոֆեսոր և հայագիտության ամբիոնի վարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում։ 1834 թ. ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1838 թ.՝ Մոսկվայի համալսարանի փիլիսոփայի ֆակուլտետի բանասիրական բաժինը։ 1838 թվականից եղել է Լազարյան ճեմարանի հայոց լեզվի ուսուցիչ, 1840 թվականից՝ նաև տեսուչ, 1848-1855 թվականներին՝ ճեմարանի լիցեյական բաժանմունքի հայոց լեզվի և գրականության պրոֆեսոր, 1866-1869 թվականներին՝ Վլադիմիրյաև նահանգի դպրոցների վերատեսուչ, 1870 թվականին՝ Մոսկվայի 5-րդ գիմնազիայի տնօրեն, 1871-1882 թվականներին՝ Լազարյան ճեմարանի պրոֆեսոր, 1883-1890 թվականներին՝ նաև հայագիտական ամբիոնի վարիչ։

Լույս է ընծայել «Քերականութիւն հայկական լեզուի» (1846), «Ընտիր հատուածք քաղեալք ի գրոց նախնի եւ արդի մատենագրաց հայոց...» (1849) դասագրքերը։ «Վէպք հնոյն Հայաստանի» (1850) ուսումնասիրությունը պատմաքննական գրական առաջին փորձերից է՝ նվիրված ազգային վիպասանությանն ու վիպական երկերին։ Այդ հարցը խորացված է «Մովսես Խորենացի և հայոց հին վեպերը» (ռուսերեն՝ 1881, հայերեն՝ 1886), «Մովսէս Խորենացի եւ հին հայկական վեպ» (1887) աշխատությունների մեջ։ Հայ դիցաբանության հարցեր են քննարկված «Ընդհանուր տեսություն հայոց հեթանոսական կրոնի» (1864, ռուսերեն, թարգմանվել է ֆրանսերեն, որից էլ հայերեն՝ «Հնախօսութիւնք ի վերայ հայկական հեթանոսութեանն», 1875), «Հետազօտութիւնք ի վերայ հայկական հեթանոսութեան» (1877), «Արա Գեղեցիկի մասին» (1858, ռուս.), «Վահագն վիշապաքաղը հայ դիցաբանության մեջ Ռիգ Վեդայի Ինդրա Vritrahan-ն է» (1873, ռուսերեն) և այլ գործերում։

Մկրտիչ Էմինի մի շարք ուսումնասիրություններով («Հրեա գաղթականությունը հին հայոց մեջ», 1880, «Մեդացիները հին Հայաստանում», «Ժյուլի Օպերտի՝ Աժդահակ բառի նոր բացատրությունը», 1880, «Արմավիր», 1882 և այլն, բոլորն էլ՝ ռուսերեն) հիմք դրվեց Հայաստանում օտար գաղութների և գաղթականության վերաբերյալ պատմությանը։

Մկրտիչ Էմինը հիմնադրել է Լազարյան ճեմարանի մատենադարանը, առաջին անգամ հրատարակել է Ղազար Փարպեցու «Թուղթը» (1853), Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի» (1860), Մխիթար Այրիվանեցու «Պատմություն Հայոց» (1860), Վարդան Արևելցու «Պատմություն տիեզերական» (1861) աշխատությունների քննական բնագրերը։

Մկրտիչ Էմինը ռուսերեն է թարգմանել և առաջաբանով ու ծանոթագրությամբ հրատարակել Մովսես Խորենացու «Պատմություն Հայոցը» (1858), [Վարդան Արևելցու «Պատմությունը» (1861), Ստեփանոս Տարոնեցու «Պատմությունը» (1864), ֆրանսերեն՝ Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոցը» (1867) և այլն։

Մկրտիչ Էմինի երկերի ամբողջական հավաքածուն լույս է տեսել Մոսկվայում (հ. 1-3, 1893-97)։ Մկրտիչ Էմինի կտակած միջոցներով հրատարակվել է «Էմինյան ազգագրական ժողովածուն» (9 հ.)[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկասիրութիւններ հայոց լեզուի, գրականութեան եւ պատմութեան մասին (1840-1855), Մ., 1898:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շահազիզ Ե., Մ. Հ. Էմին, Թ., 1900:
  • Բատիկյան Լ., Մկրտիչ էմինը հայոց հին հեթանոսական կրոնի մասին, ԲԵՀ, № 1, 1974:
  • Веселовский Ю. А., Очерки армянской литературы, истории и культуры, Е., 1972.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of the World's Best Literature / C. D. Warner — 1897.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետրոս Հովհաննիսյան, Մովսես Խորենացին օտար թարգմանություններով, «Էջմիածին» ամսագիր, Զ, 2010։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 45 CC BY-SA icon 80x15.png