Jump to content

Սիմեոն Ջուղայեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմեոն Ջուղայեցի
Ծնվել էանհայտ
ԾննդավայրՋուղա[1]
Վախճանվել էփետրվարի 27, 1657(1657-02-27)[1]
Մասնագիտությունփիլիսոփա, տրամաբան և քերական
Ազգությունհայ
Ժանրերփիլիսոփայություն

Սիմեոն Ջուղայեցի (XVI դար, Ջուղա - 27․2․1657, Եվդոկիա), միջնադարյան հայ ականավոր փիլիսոփա, քերական, մանկավարժ տաղասաց ու հասարակական գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմեոն Ջուղայեցին ծնվել է XVI դարի վերջին՝ պատմական Ջուղա գյուղաքաղաքում[2]։ 1605-ի «մեծ բռնագաղթի» ժամանակ տարվել է Նոր Ջուղա (Իրան), որտեղ էլ ստացել է սկզբնական կրթությունը։ 1620-ից աշակերտել է Խաչատուր Կեսարացուն։ 1630-ին էջմիածնի նվիրակ Խաչատուր Կեսարացու հեա մեկնել է Լվով (ճանապարհին այցելել Փոքր Ասիայի հայաշատ վայրերը, Կ․ Պոլիս, Ղրիմ ևն)։ Լվովում կաթոլիկ միսիոներները տեղի հայերի կաթոլիկացմանը ընդդիմացող էջմիածնի պատվիրակներին վարկաբեկելու դիտավորությամբ կազմակերպել են դավանաբանական և գիտական բանավեճ, որում վերջիններս պարտվել են և վերադարձել Հայաստան։ 1631-ի սկզբին Երևանում Ոսկան Երևանցու հետ փիլիսոփայություն է ուսանել ճանաչված փիլիսոփա և մանկավարժ Մելքիսեթ Վժանեցու մոտ, ապա հաստատվել էջմիածնում։ 1631-ի աշնանը վերադարձել է Նոր Ջուղա, որտեղ մանկավարժական գործունեությանը զուգընթաց զբաղվել է ինքնակրթությամբ։ Ակտիվորեն մասնակցել է Խաչատուր Կեսարացու հայկական տպարանի հիմնադրմանը (1638) և հետագա աշխատանքներին։ 1641-ին օծվել է վարդապետ, տեղափոխվել Հովհաննավանք, ապա՝ էջմիածին և զգալիորեն նպաստել դպրոցական կյանքի և գիտական ու փիլիսոփայական մտքի աշխուժացմանը։ 40-ական թթ․ կեսին տեղափոխվել է Հավուց Թառի վանք և ստացել եպիսկոպոսի աստիճան։ 1656-ին շրջագայել է Թուրքիայի հայկական գավառներում։

Կրոնադավանաբանական ըմբռնումներով Սիմեոն Ջուղայեցին XVII դ․ վերաբորբոքված միարարական (ունիթոռական) շարժման հակառակորդ էր․ պաշտպանել է հայ եկեղեցու ինքնուրույնության իրավունքը, նպաստել ժողովրդի ինքնագիտակցության բարձրացմանը։ Սիմեոն Ջուղայեցին եղել է Արիստոտելի, Նեմեսիոս Եմեսացու, Պրոկլ Դիադոխոսի, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Տաթևացու և այլոց փիլիսոփայական սկզբունքների շարունակողն ու զարգացնողը։ Խմբագրել է Պրոկչ Դիադոխոսի «Շաղկապք աստվածաբանականք» երկի և նրան կից ոմն Օմելախոսի մեկնությունների Սիմեոն Պղնձահանեցու վրացերենից հայերեն կատարած թարգմանությունը, ինչպես նաև գրել Պրոկլ Դիադոխոսի աշխատության մեկնություններ (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ № 2304 ևն)։ Պրոկլի աշխատության այդ խմբագրությունը և մեկնությունները վրացական մշակույթի նշանավոր գործիչ Հովհան Օրբելիանիի նախաձեռնությամբ Փիլիպոս Ղայթմազյանը և Նիկողայոս Կրոնավորը թարգմանել են վրացերեն (1757)։ Սիմեոն Ջուղայեցին փիլիսոփայության հիմնական հարցը լուծել է իդեալիստորեն, ընդունել է աստծո գոյությունն ու արարչագործությունը, սակայն, նրա կարծիքով, աշխարհի արարումից հետո աստված այլևս չի միջամտում նրա զարգացմանը, դա տեղի է ունենում բնության ներքին օրինաչափություններով։ Նրա գոյաբանական ըմբռնման մեջ նկատվում է պանթեիստական միտում։ Իմացաբանության հարցերում Սիմեոն Ջուղայեցին եղել է սենսուալիստ, կասկածից վեր է համարել ճանաչողությանը նախորդող և նրանից անկախ արտաքին աշխարհի գոյությունը և նրա ճանաչելիությունը։ Իրերն ու երևույթները դիտելով անխզելի կապի մեջ՝ նա գտնում է, որ սկզբունքորեն ամեն ինչ ճանաչելի է և ճանաչվածների միջոցով հնարավոր է ճանաչել չճանաչվածը։ «․․․Մարդոյ ոչ է ծանօթ ամենայն էակ և ոչ ամենայնն անծանօթ, վասն որոյ եկն ի մէջ առարկութիւն, զի ի ձեռն ծանօթից՝ գտանիցի անծանօթն, զի ամենայն էակք՝ շարախառնեալ են առ միմեանս» («Գիրք տրամաբանութեան», 1728, էջ 128)։ Իմացության աղբյուր է ընդունել զգայությունները, հայ փիլիսոփայության մեջ առաջինը դրանք բաժանել արտաքինի և ներքինի՝ հիմք ընդունելով զգայության առարկայի անմիջական կամ միջնորդավորված առկայությունը։ Սկսվելով արտաքին զգայություններից՝ ճանաչողությունը ավարտվում է բանական աստիճանում: Շարունակելով Նեմեսիոս Եմեսացու, Հովհաննես Երզնկացու և այլոց գիծը՝ Սիմեոն Ջուղայեցին փորձել է պարզել ճանաչողության մարդակազմական–բնախոսական հիմքերը՝ ճանաչողությունը կապելով մարդու գլխուղեղի հետ, որը բաժանել է առաջին, միջին և հետին մասերի՝ դրանցից յուրաքանչյուրը դիտելով որպես իմացական այս կամ այն կարողության կենտրոն։ Սիմեոն Ջուղայեցին քննել է ունիվերսալիաների հարցը, քննադատել ինչպես ռեալիստներին, այնպես էլ ծայրահեղ նոմինալիստներին՝ ցուցաբերելով կոնցեպտուալիստական դիրքորոշում, իսկ առանձին դեպքերում փորձելով վեր բարձրանալ դրանից։ Ճանաչողության տեսության առնչությամբ նա շոշափել է նաև գիտությունների դասակարգման, դրանց կապի, փոխհարաբերության, տեղի, դերի, իմացական նշանակության և այլ հարցեր։ Ընդհանուր առմամբ զարգացնելով Դավիթ Անհաղթից սերող ավանդույթները՝ հաճախ արտահայտել է միանգամայն թարմ մտքեր։ Նրա կարծիքով, բոլոր գիտություններն ուսումնասիրում են իրականության տարբեր կողմերը և սերտորեն փոխկապակցված են ու նպաստում են մեկը մյուսին։

Սիմեոն Ջուղայեցու տրամաբանական ուսմունքը շարադրված է «Գիրք տրամաբանութեան» երկում (հրտ․ 1728), որը XVIII դ․ կեսին վրացերեն է թարգմանվել «Դիալեկտիկա» վերնագրով ու լայնորեն օգտագործվել Անտոնիոս Բագրատիոնիի, Հովհան Բագրատիոնիի և ուրիշների աշխատություններում։ Սիմեոն Ջուղայեցին քննարկել է տրամաբանության առարկայի, գիտությունների համակարգում նրա տեղի ու դերի, տրամաբանության տեսակների ու բնույթի, դրանց ճանաչողական նշանակության հարցերը, ինչպես նաև տրամաբանական մտածողության ձևերը՝ հասկացություն, դատողություն, մտահանգում, որոնցից առանձնահատուկ ուշադրություն է դարձրել վերջինին՝ տրամաբանությունը համարելով նախ և առաջ գիտություն մտահանգումների մասին։

Սիմեոն Ջուղայեցու գրչին է պատկանում նաև «Արտադրութիւն վասն անձին մարդոյ» անավարտ փիլիսոփայական երկը (մասնակի հրտ․ 1728, լրիվ՝ 1794, որպես «Գիրք տրամաբանութեան» աշխատության հավելված)։ Սիմեոն Ջուղայեցին գրել է նաև «Գիրք որ կոչի քերականութիւն» (1637, հրտ․ 1725) աշխատությունը, որտեղ, օգտագործելով Դիոնիսիոս Թրակացու քերականությունը, աշխատել է դրանով իսկ խուսափել լատինաբանությունից։ 1637 թ. Ջուղայեցու գրած հայոց լեզվի առաջին ամբողջական քերականությունը հայկական դպրոցներում երկար ժամանակ մնում է հայերենի ամենահիմնական դասագիրքը և հետագայում հիմք է դառնում քերականության նոր դասագրքերի համար։ Սիմեոն Ջուղայեցին քերականության նյութ է համարել գիրը կամ տառը, վանկը, բառը և «բանը»։ Հայերենի տառերը (հնչյունները) բաժանել է ձայնավորների (սուղեր, առաջագիրներ), բաղաձայնների (թավեր, լծորդներ, անձայններ, կրկնակներ) և երկբարբառների։ Խոսքի մասերը քննելիս բառը վերցրել է խոսքից դուրս՝ իբրև «կիրառելիք», և կապակցության մեջ՝ իբրև «կիրառություն»։ Ընդունել է 8 խոսքի մաս․ անվանը հատկացրել է 6 քերականական կարգ՝ քանակ (այսինքն՝ անունների բաժանումը հատուկների և հասարակների), սեռ, ձև և տեսակ (պարզ և քարդ բառեր), թիվ և հոլով (10), բային՝ 4 սեռ (ներգործական, կրավորական, «ընդմիջական»՝ չեզոք, և հասարակ), տեսակ, ձև, թիվ, դեմք, ժամանակ (ներկա, անցյալ, ապառնի), եղանակ (սահմանական, հրամայական, ըղձական, ստորադասական, աներևույթ), լծորդություններ՝ ա, ե, ու, ի։ Անդրադարձել է նաև դերանուններին, հոդերին, մակբայներին ևն։

Սիմեոն Ջուղայեցու անունն ու առանձին մտքեր դեռևս XVII դ․, շնորհիվ նրա գաղափարական մոլի հակառակորդ Գալանոս Կղեմեսի, հայտնի են դարձել եվրոպական գրակականությանը։ Ավարտելով հայ փիլիսոփայակն մտքի ընդհատված առաջադիմական ավանդույթների XVII դ․ սկսած վերականգնման ընթացքը՝ Սիմեոն Ջուղայեցին դրել է նոր շրջանի փիլիսոփայության զարգացման սկիզբը։

  • Նամակ Ոսկան Երևանցուն, «Բազմավեպ», 1967, № 6-7։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, Վաղպատ, 1896։
  • Միրզոյան Ղ․, Սիմեոն Ջուղայեցի, Ե․, 1971։
  • Նույնի, XVII դարի հայ փիլիսոփայական մտքի քննական վերլուծություն, Ե․, 1983։
  • Ջահուկյան Գ․ Բ․, Գրաբարի քերականության պատմություն, Ե․, 1974։
  • Каландаришвили Г․ М․, Очерки по истории логики в Грузии, 2 изд․, Тб․, 1955, с․ 100–103, 106–108, 121-123, 145;
  • Нуцубидзе Ш․, История грузинской философии, Тб․, 1960․
  1. 1 2 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 373—374.
  2. Հայ մշակույթի նշանավոր գործիչները, V-XVIII-րդ դարեր։ Երևանի համալսարանի հրատարակչություն։ Երևան, 1976 էջ 477
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 373