Կնիք հավատո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Կնիք հավատո», «Կնիք հաւատոյ», Հայոց եկեղեցու դավանական ժողովածու։ Կազմվել է Հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու օրոք, հույն աստվածաբան Տիմոթեոս Կուզի «Հակաճառություն…» երկի նմանությամբ։ Ենթադրվում է, որ ժողովածուն կազմել և խմբագրել է ժամանակի հայ նշանավոր աստվածաբան Հովհան Մայրավանեցին։ «Կնիք Հավատոն» ունի հակաքաղկեդոնական, հականեստորական բովանդակություն։ Նպատակն էր պաշտպանել Հայ եկեղեցու ուղղափառությունը, դավանական սկզբունքները, հերքել աղանդավորական վարդապետությունները, ամրապնդել Հայ եկեղեցու դիրքերը VI դ. վերջին – VII դ. սկզբին սրված դավանական պայքարում, հատկապես քաղկեդոնականների և նեստորականների ոտնձգություններից։

Խորագիրը պայմանավորված է հերձվածները մերժելու և Հայ եկեղեցու դավանությունը ուղղափառության մեծագույն հեղինակությունների վկայակոչումներով հաստատելու (կնիք) թելադրությամբ։ Նյութերը խմբավորված են 10 գլուխներում, որոնք «Բան» են կոչվում։ Դրանցից յուրաքանչյուրը նվիրված է դավանական մի խնդրի՝ Երրորդությանը, Մարդեղությանը, Փրկագործությանը, անապականությանը ևն։ Ի պաշտպանություն Հայ եկեղեցու դավանանքի՝ «Կնիք Հավատո»-ում որոշակի սկզբունքով վկայություններ են բերված Ընդհանրական եկեղեցու, այդ թվում Հայ եկեղեցու սուրբ հայրերի ու վարդապետների (Գրիգոր Ա Լուսավորիչ, Սահակ Ա Պարթև, Մեսրոպ Մաշտոց, Եզնիկ Կողբացի, Հովհաննես Ա Մանդակունի, Հովհան Մայրավանեցի, Դիոնիսիոս Աթենացի, Իրենիոս Լուգդոնացի, Գրիգոր Սքանչելագործ, Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նազիանզացի, Գրիգոր Նյուսացի, Աթանաս Ալեքսանդրացի, Կյուրեղ Ալեքսանդրացի, Հովհան Ոսկեբերան, Եփրեմ Ասորի և այլք) երկերից։

«Կնիք Հավատոն» կարևոր դեր է խաղացել Հայ եկեղեցու և հայ ժողովրդի ազգային ինքնուրույնության համար մղված պայքարում։ Բացի բուն հավատի խնդրից բացառիկ արժեք ունի նաև հայ թարգմանական մատենագրության պատմության համար։ Բնագիրը գիտությանը հայտնի է XIV–XV դդ. մեկ ընդօրինակմամբ, որը 1911-ին Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկա վանքում հայտնաբերել և 1914-ին ընդարձակ ներածականով հրատարակել է Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանը։

Բնագիրը եւ հրատարակությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարդան Այգեկցի, Գիրք հաստատութեան եւ արմատ հաւատոյ, Երեւան, 1998։
  • Գիրք Թղթոց, էջ 400-413։
  • Կնիք հաւատոյ բնագրին բառացանկ, պատրաստեց Յարութիւն Փալանճեան, Անթիլիաս-Լիբանան, 1999։
  • Ընտրանի հայ եկեղեցական մատենագրութեան, աշխատասիրութեամբ Պ. Խաչատրեանի եւ Յ. Քէոսէեանի, Ս. Էջմիածին, 2003, էջ 179-187։
  • J. LEBON, Les Citation Patristiques du "Sceau de Ia Foi", dans Revue d'Histoire Ecclésiastique, tome XXV (1929), pages 5-32։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png