Մուշեղ Իշխանը ծնվել է ԹուրքիայիԱնկարայի նահանգիՍիվրի Հիսար գյուղաքաղաքում, 1913-ին[5]։ 1915-ին Ճենտերեճյանների ընտանիքը տեղափոխվել է, 1923-ին՝ հաստատվել Դամասկոսում։ Մամուլում հաճախ նրա ծննդյան թվական է հիշատակվել 1913-ը (այդ իսկ պատճառով էլ ծննդյան 50-ամյակին նվիրված «Ոսկե աշուն» ժողովածուն լույս է տեսել 1963-ին), սակայն հեղինակը հետագայում ճշտել է այն, երբ 37 տարիների բաժանումից հետո հանդիպել է հարազատ մորը (նրան որդեգրել և խնամել է հորեղբոր կինը)։ 1915-ին ընտանիքով աքսորվել է Դեյր էզ Զոր։ Պատերազմից հետո վերադարձել է։ 1918-ին մահացել է հայրը։ Այնուհետև կրկին աքսորվել է։ 1928-ին ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, 1935-ին՝ Բեյրութի Հայ ճեմարանը։ Ճեմարանը ավարտելով՝ նա ուսուցիչ է դառնում նույն տեղում։ 1938 - 1940 թթ. հետևել է Բրյուսելի համալսարանի մանկավարժության և գրականության դասընթացներին։ Պատերազմի պատճառով կիսատ թողնելով ուսումը՝ վերադառնում է Բեյրութ և ճեմարանում շարունակում դասավանդել հայոց լեզու և գրականություն, մանկավարժություն և հոգեբանություն։ 1941 - 1951-ին խմբագրել է Բեյրութի «Ազդակ» թերթը։ Հայ գրականություն է դասավանդել Բեյրութի Հայ ճեմարանում, որտեղ երկար տարիներ կատարել է նաև տնօրենի տեղակալի պարտականությունները։ Ճեմարանում Իշխանն աշխատել է մինչև իր կյանքի վերջին տարին՝ 1990 թվականը։
Կյանքի մյուս դրվագներին ծանոթանանք՝ հետևելով 1988 թվականին գրած նրա ինքնակենսագրությանը. «Մանկութեանս վերջին լաւագոյն տարիները անցած են Դամասկոս։ Վկայական ստացած եմ Հայոց ազգային վարժարանէն 1928 թուականին։ Արհեստ սովորելու ձախորդ փորձերէ ետք, յաջողեցայ ինքզինքս նետել Կիպրոսի Մելգոնեան վարժարանը, ուր մնացի դպրոցական երկու տարեշրջան՝ աշակերտելով Յակոբ Օշականին։ Ուսուցիչներէս միայն իր անունը կը յիշատակեմ, որովհետև իր անունին հմայքն էր զիս հոն քաշողը եւ իր գրական ըմբռնումներն ալ հետագային խոր ազդեցութիւն ունեցան իմ կազմաւորմանս մէջ։ Մելգոնեանի ընթացքը առանց աւարտելու, երբ արձակուրդ եկայ Պէյրութ 1930 թուականին, դարձայ գիշերօթիկ սան Շանթի եւ Աղբալեանի նոր բացած Հայ ճեմարանին»:
Մուշեղ Իշխանի ստեղծագործության ներքին ազդակը տարագիր հայի պայքարն է ուծացման վտանգի դեմ՝ հանուն սեփական դիմագծի պահպանման, ազգային և համամարդկային իդեալների կենսագործման։ Նրա բանաստեղծությունները տոգորված են նուրբ քնարականությամբ, խոհականությամբ («Տուներու երգը», 1936, «Հայաստան», 1946, «Կեանք ու երազ», 1949, «Ոսկի աշուն», 1963, «Տառապանք», 1968 և այլ ժողովածուներ)։ Թատերախաղերը կառուցման սկզբունքով և մտածողության որակով նոր են՝ արդիական, արծարծում են ազգային, պատմական, հոգեբանական, սոցիալական և բարոյաբանական հարցեր («Մեռնիլը որքան դժուար է», 1971, «Սառնարաևէն ելած մարդը», 1979, «Թատերախաղեր», 1980)։ Երևանում բեմադրվել են «Կիլիկիոյ արքան» (1989, «Նորք» երիտասարդ, թատրոն) և «Մեռնիլը որքան դժուար Է» (1992, ՊՀԹ) պիեսները։ Արձակ գործերն են «Հացի եւ լոյսի համար», 1951, «Հացի եւ սիրոյ համար», 1956, «Մնաս բարով, մանկութիւն», 1974, վեպերը, «Սպասում», 1977, վիպակը։ Գրել է «Արդի հայ գրականություն» (հհ. 1-3, 1973-1975) դասագիրքը։
Մուշեղ Իշխանին նվիրված հուշատախտակՄուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոց
¹ Միջնադարյան, նոր և նորագույն շրջանի միայն առավել հայտնիների անունները ² 5-14-րդ դարերը համարվում են Հայկական վերածննդի դարաշրջան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 96)։