Վարդգես Պետրոսյանը ծնվել է 1932 թվականի օգոստոսի 9-ին Աշտարակում։ ՍՄԿԿ անդամ է 1952 թվականից։ 1954 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1954-1955 թվականներին աշխատել է Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) շրջանային թերթում որպես պատասխանատու քարտուղար, 1955-1957 թվականներին՝ «Սովետական Հայաստան» օրաթերթում որպես գրական աշխատող, 1957-1961 թվականներին՝ «Ավանգարդ» թերթում որպես պատասխանատու քարտուղար, ապա խմբագրի տեղակալ։ 1961-1966 թվականներին եղել է «Պիոներ կանչ» թերթի խմբագիրը, 1967-1975 թվականներին՝ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը։ 1975-1981 թվականներին՝ ՀԳՄ վարչության առաջին քարտուղար, 1981-1988 թվականներին՝ նախագահ, 1988-1994 թվականներին՝ Հայաստանի մշակույթի ֆոնդի նախագահ, 1994 թվականին՝ «Երկիր Նաիրի» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր։
1994 թվականի ապրիլի 15-ին Վարդգես Պետրոսյանը սպանվել է իր տան շքամուտքում[2]։
Վարդգես Պետրոսյանը գրականություն է մտել բանաստեղծություններով։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1947 թվականին՝ «Պիոներ կանչ» թերթում, իսկ 1958 թվականին հրատարակել է «Բալլադ մարդու մասին» ժողովածուն։ Այնուհետև անցել է արձակի, գրել «Նամակներ մանկության կայարաններից» պատմվածաշարը, «Ապրած և չապրած տարիներ» (1970), «Վերջին ուսուցիչը» (1980) վիպակները և այլ գործեր։ Սովետական Հայաստանի և սփյուռքահայության կյանքի ու պատմության իմաստավորման տեսանկյունից է գրված «Հայկական էսքիզներ» (1969, 1982) էսսեն։
Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է երիտասարդության հոգեբանության բացահայտմանը («Քաղաքի կիսաբաց լուսամուտները» (1964), «Դեղատուն «Անի» (1973) և այլն)։ Հայաստանի լեռնային գյուղերի ճակատագրին և արդիական խնդիրներին է նվիրված «Մենավոր ընկուզենի» (1981) վեպը (կինոնկար՝ 1986, Հայֆիլմ)։ Հեղինակի հրապարակախոսական, ուղեգրական, գրաքննադատական նյութերն ի մի են բերված «Հավասարում բազմաթիվ անհայտներով» (1977) գրքում։ Հայոց ցեղասպանության մասին է նրա «Կրակե շապիկ» վեպը։ Բեմադրվել է Վարդգես Պետրոսյանի «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» (1975) թատերգությունը, բեմականացվել են «Վերջին ուսուցիչը» (1979), «Հայկական էսքիզներ» (1980), «Ապրած և չապրած տարիներ» (1982) գործերը։ Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնը 1985 թվականին բեմադրել է նրա «Համր լեռան ճիչը» դրաման։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են նաև լատիշերեն, բուլղարերեն, սերբախորվաթերեն, չեխերեն, անգլերեն, ուկրաիներեն, վրացերեն, ղրղզերեն, հունգարերեն և աշխարհի այլ լեզուներով։ Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1969), ՀԽՍՀ պետական մրցանակ (1979)։ ՀԿԿ Կենտկոմի անդամ էր 1966 թվականից։ ՀԽՍՀ IX-X գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի (1984), Հոկտեմբերյան հեղափոխության (1982) և «Պատվո նշան» շքանշաններով[3]։
Քաղաքի կիսաբաց լուսամուտները, Ե., Հայպետհրատ, 1964, 140 էջ։
Հայկական էսքիզներ, Ե., «Հայաստան», 1969, 148 էջ։
Հայաստանի 8 երիտասարդ արձակագիրներ (գրքի մեջ տպագրվել են Վարդգես Պետրոսյանի լուսանկարը, համառտ կենսագրությունը և մի հատված «Հայկական էսքիզներ»-ից), Բեյրութ, տպարան «Սևան», 1969, 311 էջ։
Հայկ Նագգաշեան, «Վ. Պետրոսեանի «Կրակէ շապիկ» գրքին յարուցած աղմուկին առթիւ», «Յառաջ», 1988 թ., Փետրվարի 18, էջ 2, Փետրվարի 19, էջ 2։ Վերցված է՝ 2025.11.04։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 264)։