Սասունցի Դավիթ, «Սասնա Ծռեր» էպոսի Դավթի ճյուղի գլխավոր հերոսը։
Հերոսավեպի ավարտուն, դյուցազնական ու մարդկային հարուստ գծերով օժտված ամենահերոսական կերպարն է․ ձևավորվել ու զարգացել է վիպական իրադարձությունների ընթացքում, սկսած ծննդից, վերջացրած ամուսնությամբ ու ողբերգական մահով։ Սասունցի Դավիթը ծնվել է նախախնամությամբ և հատուկ առաքելությամբ՝ որպես վտանգված երկրի ու ժողովրդի փրկության միակ հույս ու ապավեն, «Սասնա տան ճրագ»։ Մարդածին լինելով հանդերձ, օժտված է գերբնական ուժով, սակայն ավելի է հզորանում իր նախնիների ֆիզիկական տարերքը կազմող Կաթնաղբյուրի ջուրը խմելով և այդ ջրում լողանալով։ Անհնազանդ է, ըմբոստ, ազատատենչ։ Դեռևս մանուկ հասակից տարերայնորեն հակադրվում է Մսրա օտար և թշնամի միջավայրին․ չի ընդունում ոչ մի ստնտու, սնվում է հայրենի Սասունից բերված յուղ ու մեղրով, պատուհասում Մսրա երեխաներին, հակառակվում Մսրա Մելիքին, չի անցնում նրա թրի տակով, բռնում է նրա նետած գուրզը, սպանում փահլևաններին։ Արդարամիտ է, շիտակ, վեհանձն ու ազնիվ, երբեմն դյուրահավատ, որ փորձանքի պատճառ է դառնում (Մսրա Մելիքի փորած հորի մեջ ընկնելը), մարդասեր է, խելացի խորհուրդներին (անգամ թշնամու) միշտ ունկնդիր, թշնամու նկատմամբ հաճախ ներողամիտ, բայց վճռական պահերին, երբ վտանգ է սպառնում իր հայրենիքին ու ժողովրդին, դառնում է խենթ ու կատաղի, համառ ու անզիջում։
Օժտված է մարդկային թուլություններով, որով նրա հերոսական կերպարը դառնում է առավել կենդանի, իրական ու համոզիչ։ Սասունցի Դավիթը հակապատկերն է իր գլխավոր թշնամու՝ նենգ ու խարդախ, վախկոտ ու փոքրոգի, մարդատյաց ու բռնակալ Մսրա Մելիքի, որի՛ դեմ տարած հերոսական հաղթանակով բացասվում են չարն ու անարդարը, հավաստվում և իմաստավորվում է արդար ու հայրենապաշտպան հերոսի իսկական առաքելությունը։ Դրանով միաժամանակ հաստատվում են բռնակալության անխուսափելի կործանումը և հերոսի կերպարում մարմնավորված ժողովրդի հարատևման իրավունքը։ Սասունցի Դավթի կերպարում կենտրոնացվել ու խտացվել են հայ ժողովրդի բոլոր ժամանակներում ստեղծած ազգ․ վիպական հերոսների լավագույն հատկանիշները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 204)։