Համո Սահյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համո Սահյան
Ծննդյան անունՀմայակ Սահակի Գրիգորյան
Ծնվել էապրիլի 14, 1914(1914-04-14)
ԾննդավայրԼոր, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհուլիսի 17, 1993(1993-07-17)[2] (79 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան[3]
ԳերեզմանԳերեզման Համո Սահյանի և Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1939)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԱվանգարդ, Ոզնի և Գրական թերթ
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
Изображение автографа
Համո Սահյան Վիքիքաղվածքում
Համո Սահյան Վիքիդարանում
 Hamo Sahyan Վիքիպահեստում

Համո Սահյան (ի ծնե՝ Հմայակ Սահակի Գրիգորյան, ապրիլի 14, 1914(1914-04-14), Լոր, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 17, 1993(1993-07-17)[2], Երևան, Հայաստան[3]), հայ սովետական բանաստեղծ։ Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975, «Սեզամ, բացվիր» բանաստեղծությունների ժողովածուի համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից, ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։

Գրական անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր՝ Սահակի անվան առաջին մասի «ՍԱՀ» և ազգանվան վերջավորության «յան» համատեղումով։

Կենսագրություն։[խմբագրել | խմբագրել կոդը]

Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ Նա անձամբ չէր տեսել Ակսել Բակունցին։1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Աշխատել է Սիսիանի շրջանային թերթում (1937-1938), Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում (1938-1941) որպես գրական աշխատող։ Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Ստեփան Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Զորյանի ուշադրությանը Սահյանը պատասխանել է ձոն-նվիրումով, որում եղել են այսպիսի տողեր.

Դուք հոր նման խիստ եք եղել,

Ու հոր նման ներող,

Ձեր խորհուրդը խորն է եղել

Ու խրատը՝ գերող։

Պատերազմից հետո աշխատել է «Կոմունիստ» թերթում (1945-1951), այնուհետև՝ Երևանի «Ավանգարդ» թերթում (1951-1954) և «Ոզնի» հանդեսում (1954-1965)։ 1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը։

Նրա մասին արտահայտվել է Հրանտ Մաթևոսյանը, Վահագն Դավթյանը, Կայսին Կուլիևը (բալկար բանաստեղծ), Ալլա Մանչերկոն ( ռուս քննադատ), Լև Օզերովը ( ռուս բանաստեղծ)։

Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։ Թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Համո Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։

1945 թվականին լույս է տեսել Սահյանի առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Այստեղ դրսևորվում էր Սահյանի թեմատիկ և բանաստեղծական-դավանաբանական ընդհանուր ուղղվածությունը՝ ռեալիստական գուներանգներ, բնապատկերի գեղանկարչական ընկալում, խոսքի կառուցման ժողովրդական-բանահյուսական սկզբունք։ Հաջորդ՝ «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը։ «Բարձրունքի վրա» ժողովածուն բանաստեղծական կորցրած աշխարհն կրկին գտնելու փորձ էր, որով գրում է մանկության և պատանեկության արծարծումներով մի շարք թրթռուն պատկերներ, որոնց թվում էր, օրինակ, «Հորթը».

Մի հորթ է նստել թեք ձորալանջին,

Թփերում կորած կածանի վրա,

Կարծես քանդակված մի տերև լինի

Մոր լեզվի հետքը ճակատին նրա…

Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի

Տերևը հանկարծ քսվում է նրան,

Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝

Ծաղկած մասրենու ստվերը վրան…

Երկրորդ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտվում է բանաստեղծի ստեղծագործության առաջին շրջանը և սկսվում նորը՝ «Մայրամուտից առաջ» (1964), «Քարափների երգը» (1968), «Տարիներս» (1970) ժողովածուներով, որոնք նոր սկիզբ տվեցին Սահյանի ստեղծագործության մեջ. նրա քնարերգությունը հարստանում է թարմ արտահայտչաձևերով, բանաստեղծության ավանդական կառույցները նորոգվում են պատկերային նոր մտածողությամբ, ամրանում է բանաստեղծի կապն իր հոգևոր արմատների հետ։ Այդ գրքերում նա հանդես է գալիս նաև որպես գեղագետ-փիլիսոփա։ «Քարափների երգը» ժողովածուում քարափները ներկայացված են որպես մարդկության աղբյուրներ։ Ժողովածուի մի բանաստեղծության մեջ բանաստեղծը դիմում է իր ծննդավայրին և ասում է. «Քո սարերին եմ թիկնելու նորից»։ Այդ նույն բանաստեղծության մեջ Սահյանը բերում է երդման խոսքը.

…Եվ հոգնաշավիղ աշխարհների մեջ

Ինչ կանչերով էլ ականջս շահեն,

Ինչ սերերով էլ սիրտս պաշարեն,

Ինչ համերով էլ կաշառեն լեզուս,

Շաղոտ շուրթերով՝ շարականաշուք

Քո շշուկներն են կրկնելու նորից…

Համո Սահյանի ստեղծագործությունների թեմատիկայի մաս է կազմում նաև Հայաստանը։

1972 թվականին լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975 թվականին նա արժանանում է ՀԽՍՀ պետական մրցանակի։ 1977 թվականին տպագրվում է նրա «Իրիկնահաց», 1989 թվականին՝ «Կանաչ, կարմիր աշուն», 1986 թվականին՝ «Դաղձի ծաղիկ» ժողովածուները։ Այդ ժողովածուներով Սահյանը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը՝ բանաստեղծության բնապաշտական տարերքը։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։

Բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն։ Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության։ Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից։ Սահյանի բանաստեղծություններում անձինք են համարվում անձրևը, ծառը, կայծակը, գետը, լիճը և այլն։

Բանաստեղծի բանահյուսական ուժեղ սկիզբը դրսևորվել է նրա վաղ բանաստեղծություններում։ Օրինակ՝

Անց կացավ օրըս, արևավորըս

Դու ե՞րբ ես գալու իմ թևավորըս,

Իմ թուխ արտույտըս, իմ սիրուն լորըս,

Իմ հեռավորըս, դու ե՞րբ ես գալու։

Բացել եմ դուռըս, բացել եմ դուռըս,

Խորն է կարոտըս, խորն է մրմուռըս,

Իմ կանաչ կուռըս, իմ ծաղկած նուռըս-

Իմ քնքուշ քույրըս, դու ե՞րբ ես գալու…

Համո Սահյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Համո Սահյանի պոեզիան շարունակում է սնել ընթերցողներին, ապաքինում է նրանց վիրավոր քայքայված նյարդերն ու հոգիները...[4]
Բախտավոր բանաստեղծ է Համո Սահյանը. ընթերցողի սիրտը բաց է եղել նրա առջև, նրան սիրում են անդավաճան... Ասմունքողների սիրած բանաստեղծն է... Ինձ համար գաղտնիք է մնում, թե Սահյանն ինչպես է կարողանում հասարակ խոսակցության լեզվով բարդ ու խորունկ մտքեր բյուրեղացնել... Ինչպես է կարողանում «մաշված» բառերին առաջին գործածության թարմություն հաղորդել։ Ինչպես է բառերի վրա դնում իմաստային մեծ բեռ, և բառերը... թեթև ու վստահ տանում են իրենց բեռը... Խոսքի վարպետը գիտե իր գործը... Հ. Սահյանը նման էր իր պոեզիային, ինչպես իր պոեզիան իրեն...[4]
Իմ ճանաչած բանաստեղծներից և ոչ մեկը այնքան միաձույլ չէր հայրենի հողի հետ, որքան Համոն։ Նա ականջ է դնում հողին նույնքան ուշադիր, որքան զրուցակցին, նրան նայում է կենտրոնցած, ուժգնորեն, սիրող ու իմաստուն աչքերով, ինչպես կնայեր մոր դեմքին, աչքերին ու խոր կնճիռներին։ Հայոց հողը բանաստեղծի մշտական, ամենալավ ու պաշտելի զրուցակիցն է, նրա բարձրագույն սերն ու հարստությունը...[4]
Վարպետի՝ բնության մասին գրած բանաստեղծությունները քեզ տեղափոխում են նախապատմական ժամանակների հախուռն ու լուսնկա հոսքի մեջ, քեզ պարուրում վաղնջական օրերի ու գույների մաքրությամբ։ Ավելի ճիշտ՝ հարստացնում...
Եթե բանաստեղծ Սահյանը ոչինչ ստեղծած չլիներ, նրա բնապաշտական երգերն իսկ բավական են նրան դասելու հայ պոեզիայի նվիրյալ մեծերի շարքում[4]։
Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ այդ բանաստեղծը՝ Համո Սահյանը։
Ոչ, սոսկ բնանկարներ չէ, որ Սահյանը բերեց մեր պոեզիային, այդ բնանկարների ծալքերում, նրա ամենախոշոր շերտերում մի արդար ու բարի, մեծ ու ազնիվ հոգու շարժում կա, հոգու ամբողջ մի պատմություն, իսկ ճշմարիտ բանաստեղծությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ պատկերների խորքում թաքնված հոգու պատմություն...[4]
Համո Սահյանը ճիշտ մարդ էր, իր կռվի ժամին կռվեց, խաղի ժամին խաղաց ու խայտաց, խոստովանանքի իր պահը՝ որ դիմագիծ է պարգևում ճշմարիտ գրականությանը՝ բավական երկարատև էր, և հեռանալու ժամին հեռացավ...

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համո Սահյանին նվիրված հուշարձան Սիսիանում
Համո Սահյանի հուշատախտակը Երևանի Կասյան փողոցում

2014 թվականի ապրիլի 14-ին՝ բանաստեղծի 100-ամյակին, նրա հայրենի գյուղում՝ Լորում, բացվել է տուն-թանգարան։ Թանգարանը երկհարկանի է, առաջին հարկում ցուցադրված են գյուղացիների կենցաղային իրերը, երկրորդ հարկում՝ Համո Սահյանի անձնական իրերը, բանաստեղծությունների ժողովածուները։ Ներկայումս թանգարանը շարունակում է համալրվել նոր ցուցանմուշներով։

Համո Սահյանի անունն է կրում Երևանի Արաբկիր վարչական շրջանի փողոցներից մեկը, Երևանի №70 հիմնական դպրոցը։

Սիսիանում կա նաև Համո Սահյանին նվիրված հուշարձան։

2007 թվականին Երևանի Կասյան փողոցում տեղադրվել է Համո Սահյանի հուշատախտակը, որի քանդակագործն է Գետիկ Բաղդասարյանը։

1975 թվականին գեղանկարիչ Հրանտ Ստեփանյանը վրձնել է Համո Սահյանի դիմանկարը, որը գտնվում է Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համո Սահյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում
  • Որոտանի եզերքին (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1946, 63 էջ։
  • Առագաստ (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1947, 95 էջ։
  • Սլացքի մեջ (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1950, 91 էջ։
  • Ծիածանը տափաստանում (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1953, 140 էջ։
  • Բարձունքի վրա (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1955, 219 էջ։
  • Նաիրյան դալար բարդի (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1958, 320 էջ։
  • Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ են գտել Հ. Սահյանի մի քանի բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1960, 480 էջ։
  • Հայաստանը երգերի մեջ, Երևան, Հայպետհրատ, 1962, 459 էջ։
  • Մայրամուտից առաջ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1964, 216 էջ։
  • Բանաստեղծություններ, հատոր Ա, Երևան, «Հայաստան», 1967, 428 էջ։
  • Քարափների երգը, Երևան, «Հայաստան», 1968, 183 էջ։
  • Բանաստեղծություններ, հատոր Բ, Երևան, «Հայաստան», 1969, 356 էջ։
  • Տարիներս, Երևան, «Հայաստան», 1970, 41 էջ։
  • Սեզամ, բացվիր (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1972, 290 էջ։
  • Կանչե, կռունկ (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1972, 280 էջ։
  • Երկերի ժողովածու երկու հատորով, հատոր 1, Երևան, «Հայաստան», 1975, 496 էջ։
  • Երկերի ժողովածու երկու հատորով, հատոր 2, Երևան, «Հայաստան», 1976, 508 էջ[5]։
  • Իրիկնահաց (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1977, 308 էջ։
  • Ժայռին մասուր է կաթում (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1979, 172 էջ[6]։
  • Կանաչ-կարմիր աշուն (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1980, 236 էջ։
  • Տոհմի կանչը (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1981, 384 էջ[7]։
  • Երկեր երկու հատորով, հատոր 1, Բանաստեղծություններ, Երևան, «Սովետական գրող», 1984, 392 էջ։
  • Երկեր երկու հատորով, հատոր 2, Բանաստեղծություններ, Երևան, «Սովետական գրող», 1984, 440 էջ։
  • Դաղձի ծաղիկ, Երևան, 1986, 216 էջ։
  • Կանչէ կռունկ։ Բանաստեղծութիւններ, «Գառնի» մատենաշար, 1989, 183 էջ[8]:
  • Ինձ բացակա չդնեք, Երևան, 1998, 172 էջ։
  • Քարե պատարագ (հատընտիր), հատ. Ա, Երևան, 1999, 328 էջ[9]։
  • Հատընտիր (ութնյակներ, հայրեններ, տրիոլետներ), Երևան, 2001, 212 էջ։
  • Ինձ բացակա չդնեք, Երևան, 2003, 176 էջ։
  • Ինձ բացակա չդնեք, Երևան, 2004, 256 էջ։
  • Քարե պատարագ (հատընտիր), հատ. Բ, Երևան, 2004, 344 էջ։
  • Քարե պատարագ (հատընտիր), Երևան, 2005, 688 էջ։
  • Քառյակներ։ Համո Սահյան։ Ոսկան Երևանցի, 2005, 36 էջ[10]։
  • Դաղձի ծաղիկ։ Բանաստեղծություններ։ Ոսկան Երևանցի, 2006, 216 էջ[11]։
  • Հատընտիր (բանաստեղծություններ), Երևան, 2009, 100 էջ։
  • Քարե պատարագ (հատընտիր), Երևան, 2009, 672 էջ։
  • Ընտրանի (բանաստեղծություններ), Երևան, 2010, 124 էջ։
  • Երկեր չորս հատորով, հատոր 4։ Ոսկան Երևանցի, 2011[12]։
  • Քարե պատարագ (հատընտիր), Երևան, 2013, 672 էջ։
  • Ինձ բացակա չդնեք, Երևան, 2014, 256 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1. Հայաստանը երգերի մեջ, Մայրամուտից առաջ, Երևան, 2014, 416 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 2. Քարափների երգը, Սեզամ, բացվիր, Իրիկնահաց, Կանաչ–կարմիր աշուն, Երևան, 2014, 464 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 3. Դաղձի ծաղիկ, Ինձ բացակա չդնեք, Երևան, 2014, 352 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 4. Հոդվածներ, Երևան, 2015, 264 էջ։
  • Ընտրանի, Երևան, 2017, 256 էջ։
  • Ընտրանի (բանաստեղծություններ), Երևան, 2017, 536 էջ։
  • Ինձ բացակա չդնեք։ Զանգակ-97, 2017, 248 էջ[13]։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երբ քարափներն աչքիդ...»; «Նստել եմ մեր տան պատի տակ...»; «Մեր արանքով մթին...»; Լինում են պահեր; «Դու չփորձված մրրիկ ու հով...»; «Տվել եմ քեզ խայտանք ու ջիղ...»; Ես թողել էի; «Մաշված այն կածանի բարակ թելը մնաց...»; «Այդ ինչքան ես թույլ ու փոփոխական...»; «Ոչ անձրև է գալիս...»; «Վատն անցնում է գնում...»; «Ժամանակները խառն են ու խրթին...»; «Ես քո լույսն էի...» (բանաստեղծություններ)։ «Գարուն», 1967, № 5, էջ 3-6։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • XX դարասկզբի ռուսական բանաստեղծություն.- Երևան։ Երևանի համալսարանի հրատ., 1982.- 536 էջ.- Բովանդ-ից՝ Եսենին Սերգեյ. Կովը։
  • Աբաշիձե Գրիգոլ։ Ծովը և ծիծեռնակը.- Երևան։ Սովետական գրող, 1978.- 165 էջ.- Բովանդ-ից՝ Սվանեթիայի գյուղերը; Ժպիտը։
  • Ադրբեջանի գարունը։ Ադրբեջանական գրողները մանուկներին /Կազմ.՝ Հ. Հաջիև.- Երևան։ Հայպետհրատ, 1960.- 176 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Ալեքպեր Թահիրզադե Սաբիր.- Բագու։ Типография «III Интернационал», 1936.- 72 էջ.- Բովանդ-ից՝ Փողը։
  • Ասիայի և Աֆրիկայի բանաստեղծները.- Երևան։ Հայպետհրատ, 1958.- 217 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Բելոռուսական գրականության անթոլոգիա.- Երևան։ Հայպետհրատ, 1957.- 536 էջ.- Բովանդ-ից՝ Ստեղծագործությունների մի մասը։
  • Բլինսկի Դմիտրի։ Ռազլիվի խոտհարքը։ Պոեմ.- Երևան։ Հայպետհրատ, 1964.- 20 էջ։
  • Բլոկ Ալեքսանդր; Եսենին Սերգեյ։ Ընտիր երկեր։ Բանաստեղծություններ, պոեմներ.- Երևան։ Սովետական գրող, 1986.- 448 էջ.- (Ռուս դասականների գրադարան).- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Գիտե՞ս երկիրն այս։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1970.- 150 էջ.- Բովանդ.-ից՝ Գիտովիչ Ալ. Զորահանդեսը Երևանում; Չարենցի արձանի մոտ; Տարկովսկի Ա. Կոմիտաս; Ռահիմ Մ. Արարատ; Նոնեշվիլի Ի. Օջախ, դրոշ, ճշմարտություն։
  • Գորոդեցկի Սերգեյ։ Հայաստանի և հայ կուլտուրայի մասին.- Երևան։ Սովետական գրող, 1980.- 327 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Գորոդեցկի Սերգեյ։ Վերջին ճիչը։ Բանաստեղծություններ և արձակ.- Երևան։ Էդիթ Պրինտ, 2010.- 591 էջ.- Բովանդ-ից՝ Հայաստան; Արճակ; Վան; Պանդխտուհին; Այգի; Երեխան; Հրաժեշտ; Ես և դու; Դեպի վեր։
  • Եսենին Սերգեյ։ Բանաստեղծություններ Համո Սահյանի թարգմանությամբ.- Երևան։ ՌՀՀ հրատ., 2006.- 278 էջ։
  • Եսենին Սերգեյ։ Բանաստեղծություններ և պոեմներ.- Երևան։ Նաիրի, 2005.- 202 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Եսենին Սերգեյ։ Հատընտիր.- Երևան։ Հայպետհրատ, 1961.- 396 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Զվյագինցևա Վերա։ Ձմեռային աստղ.- Երևան։ Հայպետհրատ, 1960.- 159 էջ.- Բովանդ-ից՝ Երկիրը; «Ես չեմ կամենում»; Զրույց մուսայիս հետ; Երազ և արթնացում։
  • Էստոնիայի երգը.- Երևան։ Հայպետհրատ, 1964.- 225 էջ.- Բովանդ-ից՝ Ստեղծագործությունների մի մասը։
  • Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայի.- Երևան։ Հայպետհրատ, 1963.- 543 էջ.- Բովանդ-ից՝ Սվետլով Միխայիլ; Պրոկոֆև Ալեքսանդր; Սմելյակով Յարոսլավ։
  • Լորկա Ֆեդերիկո Գարսիա։ Մեղրի երգը.- Երևան։ Հայաստան, 1965.- 51, 2 չհ. էջ։

Գրականություն Սահյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սովետահայ գրականության պատմություն, երկրորդ հատոր (1941-1964, հատորում զետեղված է «Համո Սահյան» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։
  • Ստեփան Թոփչյան, Թադեուշ Ռուժևիչի բանաստեղծությունները Համո Սահյանի թարգմանությամբ։ «Գարուն», 1967, № 2, էջ 83։
  • Լևոն Մկրտչյան, Զրույցներ բանաստեղծի հետ (նվիրված է բանաստեղծ Համո Սահյանին), Երևան, «Սովետական գրող», 1984, 184 էջ։
  • Նվեր Վիրաբյան, Լուսինե Մարգարյան, «Հայ դասական գրողներ։ Համո Սահյան», Երևան
  • Հարություն Հովնաթան, Խոսում է Համո Սահյանը (զրույցներ), Երևան, 1992։
  • Խաչատրյան Ն., Քարափների լույսը, Արմավիր, 2007։
  • Գասպարյան Դ., Համո Սահյան, Ե., 2004։
  • Դավթյան Շ., Համո Սահյան, Ե., 2004։
  • Համո Սահյան։ Բանաստեղծը։ Մտածողը։ Մարդը, Ե., 2001։
  • Հայրապետյան Ա., Բնությունը և մարդը Համո Սահյանի պոեզիայում, Ե., 1974։
  • Համո Սահյանի բանաստեղծական աշխարհը, Ե., 1977։
  • Համո Սահյան, Որոտանի եզերքին, Ե., 1946
  • Համո Սահյան, Մայրամուտից առաջ, Ե., 1964
  • Համո Սահյան, Քարափների երգը, Ե., 1968
  • Համո Սահյան, Սեզամ, բացվիր, Ե., 1972
  • Համո Սահյան, Իրիկնահաց, Ե., 1977
  • Հայրապետյան Ա., Համո Սահյանի բանաստեղծական աշխարհը, Ե., 1977
  • Համո Սահյան, Կանաչ-կարմիր աշուն, Ե., 1980
  • Համո Սահյան, Դաղձի ծաղիկ, Ե., 1986
  • Համո Սահյան, Ինձ բացակա չդնեք, Ե., 1998
  • Համո Սահյան, Երկերի ժողովածու երկու հատորով, Ե., 1984
  • Լևոն Մկրտչյան, Զրույցներ բանաստեղծի հետ, Երևան, «Սովետական գրող», 1984
  • Հ. Հովնաթան, Խոսում է Համո Սահյանը, Ե., 1992
  • Համո Սահյան. Բանաստեղծը, մտածողը, մարդը, Ե., 2001 (հոդվածներ և հուշեր Սահյանի մասին)
  • Համո Սահյան, Գրչի, խոսքի, խղճի կշիռը, Ե., 2003 (Սահյանի հոդվածներն ու հարցազրույցները)
  • Համո Սահյան։ Բանաստեղծի հավատամքը։ Շչորս Բագրատի Դավթյան։ Ոսկան Երևանցի, 2004, 243 էջ[14]։
  • Ս. Աղաբաբյան, Արդի հայ գրականության պատմություն, հ.2, Ե., 1993, էջ 336-361
  • Համո Սահյան։ Հանրագիտարան։ Շ. Բ Դավթյան։ «Գիտություն», 2012, 223 էջ[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.lalahotel.am/history.htm
  2. 2,0 2,1 2,2 Hamo Sahyan's 4 volumes to be published advancing poet's anniversary
  3. 3,0 3,1 3,2 http://www.hamazkayin.org/faces.php?Lang=en&date=10-2009
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Համո Սահյան․ Haymard.am». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  5. Սահյան, Համո (1976). Երկերի ժողովածու։ երկու հատորով. "Հայաստան" Հրատարակչություն.
  6. Գրիգորյան), Համո Սահյան (pseud van Հմայակ Սահակի (1979). Ժայռից մասուր է կաթում։ բանաստեղծություններ. Սովետական գրող.
  7. Գրիգորյան), Համո Սահյան (pseud van Հմայակ Սահակի (1981). Տոհմի կանչը. Սովետական գրող.
  8. Սահյան, Համո (1989). Կանչէ կռունկ։ բանաստեղծութիւններ. Arm. Catholicosate.
  9. Սահյան, Համո (1999). Քարե պատարագ։ Հատընտիր ։ Հատոր. Նաիրի. ISBN 9785550011072.
  10. Սահյան, Համո (2005). Քառյակներ. Ոսկան Երևանցի. ISBN 9789993000969.
  11. Սահյան, Համո (2006). Դաղձի ծաղիկ։ Բանաստեղծություններ. Ոսկան Երևանցի. ISBN 9789993001003.
  12. Սահյան, Համո (2011). Երկեր չորս հատորով. Oskan Erevantsʻi. ISBN 9789993002352.
  13. Սահյան, Համո (2017). Ինձ բացակա չդնեք. Zangak-97. ISBN 9789939682686.
  14. Դավթյան, Շչորս Բագրատի (2004). Համո Սահյան։ Բանաստեղծի հավատամքը. Ոսկան Երևանցի. ISBN 9789993000594.
  15. Դավթյան, Շ Բ (2012). Համո Սահյան։ հանրագիտարան. Gitowt̕yown. ISBN 9785808009363.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Համո Սահյան հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համո Սահյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համո Սահյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համո Սահյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։