Թարգմանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թարգմանությունը ելակետային լեզվից (ԵԼ) թարգմանվող լեզվի (ԹԼ) միջոցներով բնագրային տեքստի բովանդակության համարժեք հաղորդումն է[1]։ Անգլերենն ունի տերմինաբանական տարբերություն (ոչ բոլոր լեզուներն ունեն) թարգմանության (գրավոր տեքստ) և բանավոր թարգմանության (բանավոր կամ նշանային լեզվով հաղորդակցություն տարբեր լեզուների լեզվակիրների միջև) միջև․ այս տարբերությունից ելնելով՝ թարգմանություն երևույթը սկիզբ է առել տվյալ լեզվական համայնքում գրի առաջացումից հետո։

Թարգմանիչը միշտ ոչ կանխամտածված ռիսկի է դիմում ԵԼ-ի բառերը, քերականությունը կամ շարահյուսությունը ԹԼ թարգմանելիս։ Մյուս կողմից այսպիսի ներթափանցումները ներմուծում են կարևոր ԵԼ բառապատճեններ և փոխառություններ, որոնք հարստացնում են ԹԼ-ն։ Թարգմանիչները, որոնց թվում նաև հոգևոր տեքստերի առաջին թարգմանիչները, օգնում են կազմավորել հենց այն լեզուն, որով նրանք թարգմանում են[2]։

Թարգմանության գործընթացի աշխատատարության պատճառով 1940-ական թվականներից սկսած ջանքեր են ներդրվում, որոնք տարբեր հաջողություն են ունենում, թարգմանության գործընթացն ավտոմատացնելու կամ թարգմանիչներին մեխանիկական օգնություն ցուցաբերելու համար[3]։ Վերջին շրջանում համացանցի ընդլայնումը խթանեց թարգմանական ծառայությունների համաշխարհային շուկան և հեշտացրեց «լեզվի տեղայնացումը»[4]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզեթյան քար, թարգմանության արվեստի դարավոր խորհրդանիշ[5]։

Անգլերեն "translation" բառը ծագում է լատիներեն translatio[6] բառից, որը գալիս է trans ՝ «մի կողմից մյուսը» + ferre ՝ «տանել» կամ «բերել» (-latio իր հերթին ծագում է latus-ից՝ ferre-ի անցյալ դերբայից): Հետևաբար translatio նշանակում է «մի կողմից մյուսը տանելը» կամ «մի կողմից մյուսը բերելը»․ այս դեպքում տեքստի՝ մեկ լեզվից մյուսը[7]։

Գերմանական լեզուները[8] և որոշ սլավոնական լեզուներ «թարգմանություն» հասկացությունը բառապատճենել են հենց translatio բառից[7]։

Ռոմանական լեզուներում և սլավոնական լեզուների մնացած մասում «թարգմանություն» հասկացությունը ծագում է մեկ այլ լատիներեն բառից՝ traductio, որն իր հերթին ծագում է traducere բառից («մի կողմից մյուսը առաջ տանել» կամ «մի կողմից մյուսը բերել»՝ trans «մի կողմից մյուսը» + ducere՝ «առաջ տանել» կամ «բերել»)[7]։

«Թարգմանություն» հասկացության հին հունարեն μετάφρασις (metaphrasis, «մի կողմից մյուսը խոսելը») տերմինն առկա է անգլերենում՝

"metaphrase" («բառացի» կամ «բառ առ բառ» թարգմանություն), որին հակադրվում է "paraphrase"-ը («այլ բառերով ասվածը», որը ծագում է παράφρασις-ից, paraphrasis)[7]։ Համաձայն վերջին տերմինաբանություններից մեկի՝ "metaphrase"-ը համապատասխանում է «ձևի համարժեքությանը» (ի հակադրություն իմաստի և նշանակության), իսկ "paraphrase"-ը՝ «դինամիկ համարժեքություն»[9]։

Սակայն, metaphrase հասկացությունը՝ որպես «բառ առ բառ թարգմանություն», ոչ ճշգրիտ հասկացություն է, քանի որ շատ հաճախ տվյալ լեզվի տվյալ բառն ունի մեկից ավելի իմաստ, ինչպես նաև տվյալ իմաստը տվյալ լեզվում կարող է արտահայտվել մեկից ավելի բառերով։ Այնուամենայնիվ, "metaphrase" և "paraphrase" հասկացությունները կարևոր են որպես կատարյալ հասկացություններ, քանի որ նշում են այն ծայրահեղությունները, որոնք առկա են թարգմանության հնարավոր մոտեցումների բազմազանության մեջ[10]։

Տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանության տեսության և գործառության քննարկումները սկսվում են հին ժամանակներից և շարունակվում են մինչ մեր օրերը։ Հին հույները տարբերակում էին metaphrase (բառացի թարգմանություն) և paraphrase-ը։ Այս տարբերությունն ընդունվել է անգլիացի բանաստեղծ և թարգմանիչ Ջոն Դրայդենի կողմից, որը սահմանում էր թարգմանությունը որպես ձևակերպումների այս երկու եղանակների ողջամիտ խառնուրդ, երբ ԹԼ-ում ընտրվում են «կրկնօրինակներ» կամ համարժեքներ այն արտահայտություններին, որոնք օգտագործվում են ԵԼ-ում․

«Գրողին ցավ է պատճառում, երբ իր՝ բառացիորեն նրբագեղ բառերը փոխում են։ Բայց քանի որ այն, ինչ մի լեզվով գեղեցիկ է, կարող է լինել անկիրթ և անգամ անմիտ մեկ այլ լեզվով, անիմաստ կլինի սահմանափակել թարգմանչին հեղինակի նեղ բառապաշարի շրջանակներում։ Բավական է միայն թարգմանիչն ընտրի այնպիսի բառեր, որոնք չեն աղավաղում իմաստը»։

Դրայդենը, այնուամենայնիվ, զգուշացնում է, որ չի կարելի դիմել «իմիտացիայի», այն է «ադապտացված թարգմանության»․ «Երբ նկարիչն ընդօրինակում է կյանքից․․․ նա չունի դիմագծերը և տարբերիչ գծերը փոխելու որևէ արտոնություն․․․»։

Թարգմանության կենտրոնական գաղափարի այս ընդհանրական ձևակերպումը՝ համարժեքությունը, այնքան ճշգրիտ է, որքան նրանք, որոնք Հռոմում դեռ մ․թ․ա․ առաջին դարում առաջարկվել են Ցիցերոնի և Հորացիոսի կողմից, որոնք զգուշացնում էին, որ պետք է խուսափել «բառ առ բառ» թարգմանությունից (verbum pro verbo):

Եթե հաշվի չառնենք հազվադեպ հանդիպող տեսական տարբերությունները, թարգմանության իրական գործառությունը գրեթե չի փոփոխվել հին ժամանակներից ի վեր։ Բացառությամբ վաղ քրիստոնեական շրջանի և միջին դարերի ծայրահեղական բառ առ բառ թարգմանիչների և տարբեր ժամանակաշրջաններում ադապտացված թարգմանություն կատարողների (հատկապես նախապատմական Հռոմում և 18-րդ դարում), թարգմանիչները հիմնականում ցուցաբերում են շրջահայաց ճկունություն կոնտեքստից հասկացվող բնագրային իմաստի և այլ կարևոր «արժեքների» (օրինակ՝ ոճ, տաղաչափություն, երաժշտական նվագակցության կամ ֆիլմերում խոսքի արտասանական շարժումների հետ համաձայնություն) համար համարժեքներ փնտրելիս՝ «բառացի», որտեղ հնարավոր է և այլ բառերով, որտեղ անհրաժեշտ է։

Ընդհանուր առմամաբ թարգմանիչները ձգտում են պահպանել կոնտեքստը՝ վերարտադրելով սեմեմաների (իմույթների) բնագրային հաջորդականությունը և հենց շարադասությունը՝ փոփոխելով բնագրային քերականական կառուցվածքը որտեղ անհրաժեշտ է, օրինակ՝ ներգործական սեռից անցնելով կրավորական սեռի և հակառակը։ Այս առումով կայուն շարադասությամբ լեզուների[11] (օրինակ՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) և ազատ շարադասությամբ լեզուների[12] (օրինակ՝ հունարեն, լատիներեն, լեհերեն, ռուսերեն) միջև առկա քերականական տարբերությունները խոչընդոտ չեն հանդիսանում։ Տեքստի ԵԼ-ի որոշակի շարահյուսական առանձնահատկությունները հարմարեցվում են ԹԼ-ի շարահյուսական պահանջներին։

Երբ ԹԼ-ում չկան այնպիսի տերմիններ, որոնք հանդիպում են ԵԼ-ում, թարգմանիչներն այդ տերմինները վերցնում են ԵԼ-ից՝ միևնույն ժամանակ հարստացնելով ԹԼ-ն։ Շնորհիվ լեզուների միջև փոխառությունների և բառապատճենների փոխանակումներին և ներթափանցումներին այլ լեզուներից, գոյություն ունեն քիչ թվով հասկացություններ, որոնք ժամանակակից եվրոպական լեզուներում անթարգմանելի են[13]։

Հիմնականում, որքան մեծ է երկու լեզուների կամ երկու լեզուների և որևէ երրորդ լեզվի միջև շփումը և փոխանակումը, այնքան մեծ է բառացի թարգմանության և վերաշարադրման հարաբերակցությունը թարգմանության ընթացքում։ Այնուամենայինվ, ընդհանուր ստուգաբանությունը երբեմն ապակողմնորոշում է այս կամ այն լեզվում որևէ բառի այժմյան իմաստը հասկանալուն։ Օրինակ՝, անգլերեն actual բառը պետք չէ խառնել ազգակից լեզու ֆրանսերենի actuel (ներկա, ժամանակակից), լեհերենի՝ aktualny (ներկա, ժամանակակից, արդիական, պատեհաժամ, հնարավոր)[14], շվեդերեն՝ aktuell (արդիական, ներկա կարևորության), ռուսերեն актуальный ՝ (հրատապ, արդիական) կամ գերմաներեն actueel ՝ (ներկա) բառերի հետ։

Թարգմանչի դերը որպես մշակույթների միջև արժեքներ տեղափոխող կամուրջ քննարկվել է դեռ մ․թ․ա․ 2-րդ դարում հռոմեական կատակերգության ներկայացուցիչ Տերենտիուսի ժամանակիներից ի վեր։ Թարգմանչի դերը, այնուամենայնիվ, ամենևին էլ պասիվ, մեխանիկական չէ և անգամ համեմատվում է արվեստագետի դերի հետ։ Ընդհանուր հիմքը ինչ-որ բանի զուգահեռ ստեղծման գաղափարն է, որը հանդիպում ենք օրինակ Ցիցերոնի մոտ։ Դրայդենը նշում է․ «Թարգմանությունը գեղանկարչության մի տեսակ է․․․»։ Թարգմանչի համեմատությունը երաժշտի կամ դերասանի հետ վերագրվում է Սամուել Ջոնսոնին, որը նշում է, որ ըստ Ալեքսանդր Փոփի Հոմերոսը նվագում էր ֆլաժոլետ, այնինչ իրականում Հոմերոսը նվագել է ֆագոտ[14]։

Եթե թարգմանությունը լիներ արվեստ, ապա կլիներ ոչ դյուրին։ 13-րդ դարում Ռոջեր Բեկոնը գրում է՝ որպեսզի թարգմանությունը ստացվի, թարգմանիչը պետք է շատ լավ տիրապետի երկու լեզուներին էլ, ինչպես նաև այն ոլորտին, որը նա թարգմանում է, և տեսնելով, որ քիչ կան այդպիսի թարգմանիչներ, Բեկոնը ցանկացավ հանգիստ թողնել և՛ թարգմանությունը, և՛ թարգմանիչներին[15]։

Մարտին Լյութերը (1483–1546), որը թարգմանել է Աստվածաշունչը գերմաներեն, համարվում է առաջին եվրոպացին, որը հիմք դրեց այն կարծիքին, որ լավագույն թարգմանությունն օտար լեզվից մայրենի լեզու արված թարգմանությունն է։ Լ․Գ․ Կելլին պնդում է, որ Յոհան Գոթֆրիդ Հերդերի ժամանակներից (18-րդ դար) ի վեր «անվիճելի է, որ կարելի է թարգմանել միայն մայրենի լեզվով »[16]։

Թարգմանչի առջև պահանջներ դնելը փաստում է, որ ոչ մի բառարան կամ թեզաուրուս երբեք չի կարող լինել թարգմանություն կատարելու համար բավարար ուղեցույց։ Շոտլանդացի պատմաբան Ալեքսանդր Թիթլերը իր «Թարգմանության սկզբունքները» (1790) էսսեում շեշտում է, որ տքնաջան ընթերցանությունն ավելի համապարփակ ուղեցույց է որևէ լեզվի, քան բառարանները։ Նույն նկատառումն ավելի վաղ 1783-ին արել է լեհ բանաստեղծ և քերականագետ Օնուֆրի Կոպչինսկին, որը նաև նշում է բանավոր խոսքը լսելու կարևորությունը[17]։

Թարգմանչի դերը հասարակության մեջ նկարագրվում է լեհ բանաստեղծ, հանրագիտարանագիր, լեհերեն առաջին վեպի հեղինակ, ֆրանսերենի և հունարենի թարգմանիչ, Լեհաստտանի Լաֆոնտեն համարվող Իգնասի Կրասիցկու 1803 թվականի հետմահու էսսեում․

«Թարգմանությունը կարևոր և շատ բարդ արվեստ է, և հետևաբար այն չպետք է լինի հասարակ մտքի տեր մարդկանց աշխատանքն ու զբաղմունքը․ դրանով պետք է զբաղվեն նրանք, ովքեր իրենք ընդունակ են լինել գործող անձինք և ովքեր ավելի շատ օգուտ են տեսնում ուրիշների գործերի թարգմանության մեջ, քան իրենց սեփական գործերի մեջ և ովքեր իրենց երկրին մատուցած ծառայությունն ավելի վեր են դասում, քան իրենց սեփական փառքը»։

Այլ մոտեցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան գաղութատիրության և վերջին դարերում մշակութային գերիշխանության ազդեցությամբ՝ արևմտյան թարգմանական մոտեցումները մեծապես փոխարինել են մյուսներին։ Արևմտյան թարգմանական մոտեցումները հիմնված են հին և միջնադարյան, ինչպես նաև ժամանակակից եվրոպական նորարարական մոտեցումների վրա։

Չնայած թարգմանության սկզբնական մոտեցումները ներկայումս գրեթե չեն օգտագործվում, դրանք չեն կորցնում իրենց կարևորությունը, երբ պատմաբաններն ուսումնասիրում են հին և միջնադարյան տարեգրությունները, որպեսզի համադրեն այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ոչ արևմտյան միջավայրում։ Չնայած արևմտյան թարգմանական մոտեցումների և արևմտյան կրթական համակարգի ներկայացուցիչների հսկայական ազդեցությանը, չինական և հարակից թարգմանական ուղղությունները պահպանել են որոշ տեսություններ և փիլիսոփայություն, որոնք հատուկ են չինական ավանդույթներին։

Մերձավոր Արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Եգիպտոսի, Միջագետքի, Ասորեստանի (ասորերեն), Անատոլիայի և Իսրայելի (եբրայերեն) լեզուներով նյութեր սկսել են թարգմանվել դեռևս հազարամյակներ առաջ։ Գոյություն ունի շումերական Գիլգամեշ էպոսի (մ․թ․ա․ 2000) մասնակի թարգմանություն մ․թ․ա․ երկրորդ հազարամյակի Հարավարևմտյան Ասիայի լեզուներով[18]։

Երկլեզու փաստաթղթի առաջին օրինակներից է մ․թ․ա․ 1274 թվականի Կադեշի պայմանագիրը, որը կնքվել է Հին Եգիպտոսի և Խեթական թագավորության միջև։

Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդդայական ադամանդյա սուտրա, որը թարգմանվել է չինարեն Կումարաջիվայի կողմից և հայտնի է որպես աշխարհի ամենահին տպագիր գիրք (868 թ.)

Հարավային, Հարավարևելյան և Արևելյան Ասիայում (մասնավորապես հնդկական և չինական քաղաքակրթությունների տեքստերի դեպքում) առկա են առանձին թարգմանական մոտեցումներ՝ կապված կրոնական՝ մասնավորապես բուդդայական տեքստերի թարգմանության և Չինական կայսրության կառավարման հետ։ Դասական հնդկական թարգմանությունները բնորոշվում են ազատ վերամշակումներով` ի տարբերություն Եվրոպայում տարածված բնագրին մոտ թարգմանություններին։ Չինական թարգմանական տեսությունը սահմանում է բազմաթիվ չափանիշներ և սահմանափակումներ թարգմանության գործընթացում։ Չինական մշակույթի ազդեցության տակ գտնվող Արևելյան Ասիայի շրջաններում, թարգմանությունից ավելի կարևոր է չինական տեքստերի օգտագործումն ու ընթերցանությունը, որն իր հերթին հսկայական ազդեցություն ունի ճապոներենի, կորեերենի և վիետնամերենի վրա, որոնք մեծ թվով բառեր են վերցրել չինական բառապաշարից և գրից։ Հատկանշական է ճապոնական կանբունը` համակարգ, որով չինական տեքստերից կազմվում են բառարաններ ճապոնախոսների համար։

Չնայած Հարավարևելյան Ասիայի այն պետությունները, որոնք հնդկականացվել են, թարգմանում էին սանսկրիտը իրենց լեզուներով, կրթված վերնախավը և գրագիրներն օգտագործում էին սանսկրիտը որպես մշակույթի և կառավարման հիմնական լեզու։ Չինարենից թարգմանության որոշ յուրահատկություններ ներկայացվում են Պերրի Լինկի՝ Թան դինաստիայի բանաստեղծ Վան Վեյի (699-759) ստեղծագործությունների թարգմանությանն առնչվող քննարկումներում[19]։

Չինական դասական պոեզիայի մի մասը, գրում է Լինկը, պետք է պարզապես մի կողմ դրվի որպես անթարգմանելի։ Չինարենի այբուբենի ներքին կառուցվածքն ունի յուրօրինակ գեղեցկություն, և այն վայելչագրությունը, որով գրված են դասական բանաստեղծությունները, շատ կարևոր, բայց անթարգմանելի է։ Քանի որ չինարենի տառերի երկարությունը չի տարբերվում, և քանի որ յուրաքանչյուր բանաստեղծական տողում կա 5 նշան, մեկ այլ անթարգմանելի հատկանիշ է դառնում այն, որ վերջնական արդյունքում բանաստեղծությունը ստանում է ուղղանկյունու տեսք։ Թարգմանիչները, որոնք աշխատում են այնպիսի լեզուներով, որոնցում բառերի երկարությունները տարբերվում են, կարող են ստանալ այդպիսի (ուղղանկյուն) արդյունք թարգմանվող լեզուներում՝ սակայն վտանգելով ԵԼ տեքստի վայելչագեղությունը[20]։

Մեկ այլ անթարգմանելի բարդություն է փոխադրել 1-2, 1-2-3 ռիթմը, որով չինական դասական բանաստեղծություններում կարդացվում են հինգ վանկանի տողերը։ Չինական այբուբենի յուրաքանչյուր տառ կարդացվում է մեկ վանկով, հետևաբար չինարենում նման ռիթմ պահպանելը դժվար չէ, բայց արևմտյան լեզուներով ցանկացած նմանակում գրեթե միշտ ստացվում է շինծու և աղավաղված։ Չինական դասական պոեզիայում առավել անթարգմանելի են հնչերանգի դասավորության նշանները։ Յուրաքանչյուր վանկ (տառ) պատկանում է հնչերանգի ուժգնությամբ պայմանավորված երկու դասերից մեկին։ Չինական դասական բանաստեղծության մեջ այդ երկու դասերի նշանների հաջորդականությունը ներկայացվում է զուգահեռականության կամ անդրադարձման միջոցով[21]։

Անթարգմանելի բաղադրիչները մի կողմ դնելուց հետո թարգմանիչները՝ հատկապես չինական պոեզիայի, բախվում են երկու խնդրի հետ․ ինչպես է թարգմանիչը հասկանում բանաստեղծական տողը և եթե հասկանում է, ինչպես կարող է այն թարգմանել ԹԼ։ Դժվարությունների մեծ մասը, գրում է Լինկը, առաջ են գալիս երկրորդ խնդրի հետ առնչվելիս, երբ «անթերի լուծումներ գտնելու անհավանականությունն առաջ է բերում անվերջ բանավեճեր»։ Գրեթե միշտ կենտրոնում է «գիրն ընդդեմ ոգու» երկընտրանքը։ Երբեմն բառացի թարգմանությունների ժամանակ փորձ է արվում վերլուծել չինական բանաստեղծության բնագրային լեզվի ցանկացած քիչ թե շատ հասկանալի բաղադրիչ։ «Ցանկացած մանրակրկիտ վերլուծություն,» գրում է Լինկը, «նույնն է անում բանաստեղծության հետ, ինչ վիրահատական դանակը գորտի կյանքի հետ[22]»։

Չինական դասական, ինչպես նաև ժամանակակից պոեզիայում ընդունված կանոն է բաց թողնել ենթակաները․ ընթերցողը կամ ունկնդիրը պետք է եզրակացնեն, թե որն է ենթական։ Արևմտյան լեզուներում, ըստ քերականական կանոնի, ենթական միշտ պետք է նշվի։ Էլիոթ Վայնբերգերի «Վան Վեյին դիտարկելու 19 եղանակ» աշխատության մեջ նշված թարգմանիչների մեծ մասը ներմուծում են ենթակա։ Սակայն Վայնբերգերը նշում է՝ երբ «ես» դերանունը ներմուծվում է որպես ենթակա, «բանաստեղծի վերահսկող անհատական մտածողությունը» ներթափանցում և փչացնում է բանաստեղծական տողի ազդեցությունը։ Առանց ենթակա,- գրում է Վայնբերգերը,- փորձառությունը դառնում է համընդհանուր և անմիջական ընթերցողի համար։ Առանց ենթակա կառույցների դեպքում մեկ այլ միջոց է ԹԼ-ում օգտագործել կրավորական սեռ, բայց դա նույնպես նշանակում է մանրակրկիտ վերլուծության ենթարկել տեքստը[23]։

Չինարենում գոյականները չունեն թիվ: Դրա փոխարեն օգտագործվում են հաշվողական բառեր կամ դասակարգիչներ:

Չինարենի բայերը չունեն ժամանակաձև: Կա մի քանի եղանակ ցույց տալու համար, թե երբ է կատարվել գործողությունը: Բանաստեղծներին սա առավելություն է տալիս ստեղծել անորոշության զգացում: Ըստ Լինկի, Վայնբերգերի տեսակետն անենթակա նախադասությունների վերաբերյալ, որ դրանք թողնում են համընդհանուր և անմիջական ազդեցություն, վերաբերում է նաև ժամանակաձևերի բացակայությանը[23]:

Լինկն առաջարկում է այսպես կոչված անորոշության սկզբունք, որը կարող է վերաբերել ոչ միայն չինարենից թարգմանություններին, այլ բոլոր լեզուներով թարգմանություններին.

«Թարգմանությանն առնչվող երկընտրանքները չունեն հստակ ճիշտ պատասխաններ (իհարկե կարող են լինել միանշանակորեն սխալ թարգմանություններ, եթե տեղի է ունեցել բնագրային տեքստի թյուրըմբռնում): Ցանկացած թարգմանություն (բացի մեքենական թարգմանությունից) անցնում է թարգմանչի գիտակցության միջով, որն անխուսափելիորեն ունի իր ուրույն ընկալումները, հիշողությունները և արժեքները»[24]:

Վայնբերգերն ավելի առաջ է տանում այս տեսակետը՝ նշելով, որ «ցանկացած բանաստեղծության ընթերցանություն՝ անկախ դրա լեզվից, թարգմանության գործընթաց է՝ թարգմանություն ընթերցողի ինտելեկտուալ և զգացական աշխարհ, և քանի որ ընթերցողի հոգեկան աշխարհը ժամանակի հետ փոխվում է, կարելի է ասել, որ նույն բանաստեղծությունը երբեք չես կարող կարդալ երկու անգամ»։


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Oxford Companion to the English Language, Namit Bhatia, ed., 1992, pp. 1,051–54.
  2. Christopher Kasparek, "The Translator's Endless Toil", The Polish Review, vol. XXVIII, no. 2, 1983, pp. 84-87.
  3. W.J. Hutchins, Early Years in Machine Translation: Memoirs and Biographies of Pioneers, Amsterdam, John Benjamins, 2000.
  4. M. Snell-Hornby, The Turns of Translation Studies: New Paradigms or Shifting Viewpoints?, Philadelphia, John Benjamins, 2006, p. 133.
  5. "Rosetta Stone", The Columbia Encyclopedia, 5th ed., 1994, p. 2,361.
  6. Vélez Fabio։ Antes de Babel։ էջեր 3–21 
  7. 7,0 7,1 7,2 7,3 Christopher Kasparek, "The Translator's Endless Toil", p. 83.
  8. Except in the case of the modern Dutch equivalent, "vertaling"—a "re-language-ing": ver + talen = "to change the language". The earlier Dutch overzetting (noun) and overzetten (verb) in the sense of "translation" and "to translate", respectively, are considered archaic. While omzetting may still be found in early modern literary works, it has been replaced entirely in modern Dutch by vertaling. See "overzetting" in Woordenboek der Nederlandsche Taal, IvdNT.
  9. Kasparek, "The Translator's Endless Toil", p. 84.
  10. "Ideal concepts" are useful as well in other fields, such as physics and chemistry, which include the concepts of perfectly solid bodies, perfectly rigid bodies, perfectly plastic bodies, perfectly black bodies, perfect crystals, perfect fluids, and perfect gases. Władysław Tatarkiewicz, On Perfection (first published in Polish in 1976 as O doskonałości); English translation by Christopher Kasparek subsequently serialized in 1979–1981 in Dialectics and Humanism: The Polish Philosophical Quarterly, and reprinted in Władysław Tatarkiewicz, On Perfection, Warsaw University Press, 1992.
  11. Typically, analytic languages.
  12. Typically, synthetic languages.
  13. A greater problem, however, is translating terms relating to cultural concepts that have no equivalent in the target language. Some examples of this are described in the article, "Translating the 17th of May into English and other horror stories" [1], retrieved 2010-04-15. For full comprehension, such situations require the provision of a gloss.
  14. 14,0 14,1 Kasparek, "The Translator's Endless Toil", p. 85.
  15. Kasparek, "The Translator's Endless Toil", pp. 85-86.
  16. L.G. Kelly, cited in Kasparek, "The Translator's Endless Toil", p. 86.
  17. Kasparek, "The Translator's Endless Toil", p. 86.
  18. J.M. Cohen, "Translation", Encyclopedia Americana, 1986, vol. 27, p. 12.
  19. Perry Link, "A Magician of Chinese Poetry" (review of Eliot Weinberger, with an afterword by Octavio Paz, 19 Ways of Looking at Wang Wei (with More Ways), New Directions, 88 pp., $10.95 [paper]; and Eliot Weinberger, The Ghosts of Birds, New Directions, 211 pp., $16.95 [paper]), The New York Review of Books, vol. LXIII, no. 18 (November 24, 2016), pp. 49–50.
  20. Perry Link, "A Magician of Chinese Poetry", The New York Review of Books, vol. LXIII, no. 18 (November 24, 2016), p. 49.
  21. Perry Link, "A Magician of Chinese Poetry", The New York Review of Books, vol. LXIII, no. 18 (November 24, 2016), p. 49.
  22. Perry Link, "A Magician of Chinese Poetry", The New York Review of Books, vol. LXIII, no. 18 (November 24, 2016), p. 49.
  23. 23,0 23,1 Perry Link, "A Magician of Chinese Poetry", The New York Review of Books, vol. LXIII, no. 18 (November 24, 2016), p. 50.
  24. Perry Link, "A Magician of Chinese Poetry", The New York Review of Books, vol. LXIII, no. 18 (November 24, 2016), p. 50.