Jump to content

Մշակութային առանձնահատկությունների թարգմանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մշակութային առանձնահատկությունների թարգմանություն (անգլ.` Cultural translation), թարգմանության տեսակ է, որի ժամանակ պահպանվում և ի ցույց են դրվում մշակութային տարբերությունները։ Թարգմանության այս տեսակի շնորհիվ՝ բացատրվում են մշակույթի հետ կապված երևույթներ, ինչպես օրինակ՝ բարբառներ, խոհանոց և ճարտարապետություն։ Մշակութային թարգմանության հիմնական նպատակն է փոխանցել և պահպանել թիրախ տեքստում առկա մշակութային առանձնահատկությունները և տարրերը։

Թարգմանության ժամանակ մշակութային տարրերի փոխանցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային թարգմանությունը ուսումնասիրվում է «մշակութային մարդաբանություն» գիտության շրջանակներում, որը համարվում է մարդաբանության ուղղություններից մեկը։ Մշակութային մարդաբանությունը կենտրոնանում է հասարակության մշակութային առանձնահատկությունների, օրինաչափությունների և նորմերի վրա։ Այս գիտակարգը ուսումնասիրում է թարգմանական գործընթացը մշակութային տեսանկյունից։ Միանշանակ, թարգմանական գործընթացի ընթացքում թարգմանիչը ոչ միայն բախվում է լեզվին առնչվող խնդիրների, այլև մշակութային դժվարություններ հանգեցնող տարրերի։ Մշակութային թարգմանության ժամանակ թարգմանիչը գործ ունի երկու տարբեր մշակույթների, և տարբեր լեզուների հետ։ Այլ կերպ ասած, թարգմանիչը հնարավորինս պետք է փորձի աղբյուր լեզվից թիրախ լեզու փոխանցել տվյալ մշակութային տարրը այնպես, որ թիրախ լեզվում մտքի աղավաղում չլինի։ 1796 թվականի հուլիսի 23-ին Ավգուստ Վիլհելմ Շլեգելին ուղղված իր նամակում Վիլհելմ ֆոն Հումբոլդտը կիսվում է թարգմանության մասին իր կարծիքով։«Ըստ իս՝ թարգմանությունը պարզապես մի գործընթաց է, որի ընթացքում թարգմանիչը փորձում է անհնարինը դարձնել հնարավոր։ Յուրաքանչյուր թարգմանիչ բախվում է երկու հիմնական խնդրի՝

• Առաջին խնդիրը, երբ թարգմանիչը հնարավորինս պահպանում է բնագիր տեքստում տվյալ հասարակությանը բնորոշ մշակութային առանձնահատկությունները՝ արհամարհելով թիրախ լեզվում առկա մշակութային գործոնները։

• Երկրորդ խնդիրը, երբ թարգմանիչը պահպանում է իր ժողովրդին բնորոշ առանձնահատկությունները, բայց իմաստով հեռանում է բնագրից։ Թարգմանության ժամանակ գտնել ոսկե միջինը ոչ միայն բարդ է, այլև անգամ անհնարին»[1]։

Մշակութային առանձնահատկությունների փոխանցման հարցում գիտնականների սկեպտիկ վերաբերմունքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ մարդաբաններ վիճարկում են մշակութային առանձնահատկությունների թարգմանության սկզբունքը։ Նրանք կարծում են, որ մշակույթը գտնվում է մարդկանց ենթագիտակցության մեջ և բացի այդ, գոյություն ունի կապ տվյալ մշակույթի և մշակույթը կրող մարդկանց միջև։ Մշակույթը փոխանցելիս թարգմանիչը բացի տեսքտում առկա տեղեկատվությունից պետք է ունենա բավականաչափ գիտելիք տվյալ ժողովրդի մշակութային առանձնհատկությունները մասին։ Սակայն հաշվի պետք է առնել նաև այն փաստը, որ մշակութային տարրերի փոխանցման ժամանակ համարժեքությունը գրեթե անհնարին է, քանի որ գոյություն ունեն այնպիսի հասարակական նորմեր և մշակույթներ, որոնք համեմատած այլ հասարակական նորմերի և մշակույթների գերակշռող դեր ունեն։ Ուստի, մշակութային էլեմենտների փոխանցման հարցում, այդ գերակշռումը և տարածվածությունը կարող են խոչընդոտ հանդիսանալ։ Թարգմանության ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում թիրախ տեսքտին։ Շատ հաճախ աղբյուր տեքստը հարմարեցվում է թիրախ տեսքստին՝ մարդկանց ավելի հասանելի և հասկանալի դարձնելու համար։ Բնականաբար, դժվար է հասկանալ որևէ երկրի մշակութային առանձնահատկությունները։ Այդ պատճառով է, որ մշակույթի փոխանցումը այլ լեզու խիստ սահմանափակ է։ Հարկ է նշել, որ ազգերի և նրանց մշակույթների միջև գոյություն ունեն ընդգծված տարբերություններ, որոնք պետք է անպայման ի ցույց դրվեն։ Մշակույթի փոխանցման դժվարություններին և սահմանափակումներին անդրադարձել է նաև ամերիկացի լեզվաբան և մարդաբան Էդուարդ Սեպիրը իր տեսության մեջ։ «Մարդիկ ապրում են լիովին տարբեր հասարակություններում։ Դրանք պարզապես տարբեր աշխարհներ չեն, որոնք իրենց շրջանում ունեն ընդհանուր առանձնահատկություններ և ըստ դրա պիտակավորված են[2]։ Յուրաքանչյուր այլալեզու հասարակություն աշխարհի նկատմամբ ունի իր սեփական պատկերացումը, որն էլ ապացուցում է տարբեր աշխարհների գոյությունը՝ հիմնվելով լեզվական պատկանելիության վրա»։ Որոշ լեզվաբաններ այն կարծիքին են, որ անթարգմանելիությունը ոչ միայն լեզվական միավորների բացակայության պատճառով է, այլև այն արգելքների, որ ստեղծում են մշակութային տարբերությունները։ Ըստ մի շարք լեզվաբանների, որոնց շարքում է նաև Վրենը այն կարծիքին են, որ ժողովուրդների տարբեր մտածողությունը և ապրելակերպը առաջացնում է մշակութային անթարգմանելիություն։ Ուստի, հանրահայտ թարգմանելիության տեսությունը չի ընդունվում որոշ հետազոտողների կողմից, ինչպիսին է օրինակ Անդրե Մարտինեն։ Վերջինս համոզված է, որ մարդկանց կյանքի փորձը չի կարող փոխանցվել, քանի որ յուրաքանչյուր ազգ ունի իր ուրույն պատմությունը և առանձնահատկությունները։ Շոտլանդացի լեզվաբան Քեթֆորդը «Թարգմանության վերաբերյալ լեզվաբանական տեսություն» (անգլ․՝ "Linguistic Theory of Translation"), գրքում բացատրել և հիմնավորել է մշակութային թարգմանության մասին տեսությունը։ «Մշակութային անթարգմանելիությանը բախվում ենք այն ժամանակ, երբ թիրախ տեքստում չկան այնպիսի մշակութային տարրեր, որոնք առկա են աղբյուր տեսքստում։ Օրինակ՝ կառույցների անվանումներ, հագուստ, կերակրատեսակներ, և անգամ վերացական հասկացություններ»[3]։ Անտոն Պոպովիչը նույնպես այն կարծիքին է, որ կա տարբերություն լեզվական և մշակութային անթարգմանելիության միջև։ Պոպովիչը հիմնավորում է իր տեսակետը «Գեղարվեստական թարգմանության վերլուծությունների բառարան» (անգլ․՝ "A Dictionary for the Analysis of Literary Translation") գրքում։ Պոպովիչը գրում է․«Այն իրավիճակը, երբ աղբյուր տեքստի լեզվական միավորների համար թիրախ տեքստում հնարավոր չէ գտնել համարժեքը՝ ապահովելու կառուցվածքը, իմաստը և գործառույթը պայմանավորված է դենոտացիայի և կոնոտացիայի տրամադրած իմաստային պակասով»։ Որոշ մշակույթների ազդեցությունը և գերիշխումը դարեր շարունակ դիտարկվել և արձանագրվել է Համաշխարհային պատմության մեջ։ Վառ օրինակ է հանդիսանում գաղութացման ժամանակաշրջանը, որի առաջադրած գաղափարախոսությունը տարածվում էր մի շարք երկրների վրա։ Ակնհայտ է, որ այն ժամանակ գոյություն ունեին այնպիսի մշակույթներ, որոնք հանդիսանում էին այլ երկրների և ընդհանրապես աշխարհի գործունեության հիմքը։ Հատկանշական է, որ մշակույթների թարգմանությունը կարող է ազդեցություն ունենալ մշակույթների, ինչպես նաև մարդկանց միջև անհավասարության վրա։ Ավելին, մշակութային թարգմանությունը լուծում է նաև այնպիսի խնդիրներ ինչպիսիք են՝ տարբեր ազգերի բախումները և պատմական իրադարձությունների փոփոխությունները։

Երկկողմանի գործընթաց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակնհայտորեն, թարգմանությունը կապվում է այնպիսի երևույթների հետ ինչպիսիք են՝ արտարժույթը, միգրացիան և բնակչության բնական շարժը, որոնք կազմում են գլոբալացման հիմքը։ Հետևաբար, թարգմանությունը երկկողմանի գործընթաց է երկու կամ ավելի ազգերի միջև, որի ընթացքում բախվում ենք թարգմանության կոնցեպտի հետ։ Վերոնշյալ «երկկողմանի գործընթացը»[4] վերացնում է աղբյուր և թիրախ լեզուների միջև առկա տարանջատումը, այդպիսով հնարավորություն է տալիս հաղթահարել մշակութային տարբերությունները։ Գլոբալացման տեսանկյունից թարգմանության միջոցով մշակութային տարբերությունների հաղթահարումը հատկապես կարևորվում են հետգաղութային երկրներում և կարող են մեկնաբանվել որպես «Ապակոնտեքստավորման գործընթացի ժամանակ մշակութային տարբերությունների կատարողական հաղթահարում»[5]։

Մշակույթ և քաղաքակրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային թարգմանությունը ենթադրում է «մշակույթ» հասակացությունը, որը միանշանակ սահմանման կարիք ունի՝ հետագայում ավելի լավ պատկերացում ունենալու թե ինչ է իրենից ներկայացնում մշակութային առանձնահատկությունների թարգմանությունը։ Մշակույթը ունի երկու տարբեր սահմանում։ Ըստ առաջին սահմանման, մշակույթը դիտարկվում է որպես քաղաքակիրթ հասարակություն՝ զարգացած երկրում։ Մինչդեռ, ըստ երկրորդ սահմանման մշակույթը դիտվում է որպես ժողովրդի ապրելակերպի և նիստ ու կացի ամբողջական համակարգ։ Ինչպես նախկինում նշվեց, թարգմանության ժամանակ մշակույթը առանցքային դեր է խաղում։ Քաթանի խոսքերով մշակույթը համարվում է ամբողջ աշխարհին միավորող մի հիերարխիական երևույթ, որն իր մեջ համակարգում է բազմաթիվ համոզմունքներ, արժեքներ, տեսակետներ, որոնք ծառայում են որպես մարդկանց միջև հաղորդակցման միջոց։ Մշակույթի մասին տեղեկություն կարող ենք ստանալ տարբեր մեթոդներով, օրինակ կրթական շրջանակներում։ «Քաղաքկրթություն» տերմինը սահմանվում է որպես զարգացած մարդկային հասարակություն, որ կարողացել է ստեղծել իր սեփական մշակույթը։ Համաձայն այս սահմանման, որևէ մշակութային տեսքտ թարգմանելիս թարգմանիչը լուծում է մշակութային զարգացման խնդիրը։ Այս առումով, Նյումարկը համոզված է, որ թարգմանությունը ունի մշակութային արժեք, այսինքն՝ ամբողջ աշխարհում խթանում է այլ մշակույթների տարածվածությանը և զարգացմանը։ Մինչդեռ տարբեր քաղաքակրթություններ ձեռնամուխ եղան այբուբենի, բառարանների ստեղծմանը որպես մարդկանց հաղորդակցման և լեզուների զարգացման միջոց, դրա հետ մեկտեղ առաջացան մի շարք հարցեր, որոնք վերաբերում են մշակութային թարգմանությանը։ Մշակույթը, գաղափարախոսության տեսանկյունից, մեծ ազդեցություն ունի երկրի ժողովրդի ինչպես նաև քաղաքականության վրա։ Թարգմանության մի շարք ուսումնասիրողների կարծիքով, որոնց շարքին են դասվում՝ Էվեն Զոխարը, Սուսան Բասնեթը և Թրիվեդին մշակույթը կապվում է նաև իշխանության հետ, և թե ինչպես են մարդիկ ձգտում հասնել այդ իշխանությանը։ Այդ դեպքում, թարգմանությունը գործ ունի գաղափարական մի շարք համակարգերի հարմարության և ադապտադցման հետ՝ ընթերցողին հասանելի լինելու համար։ Ուստի, մշակութային թարգմանությունը կապվում է էթիկայի հետ և ներկայացնում է լիովին նոր աշխարհայացք։ Այս տեսակի թարգմանության ժամանակ պետք է հնարավորինս արտահայտվի թարգմանչի ուրույն մտածելակերպը և տեսակետները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Humboldt. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. . Edward Sapir. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. Catford (1965). Linguistic Theory of Translation.
  4. Homi K. Bhabha The Location of Culture (2nd ed.), London, Routledge 2004
  5. Italiano Rössner Translatio/n. Narration, Media and the Staging of Differences 2012

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Italiano, Federico / Rössner, Michael (eds.): Translation. Narration, Media and the Staging of Differences, transcript-Verlag, Bielefeld 2012. 978-3-8376-2114-3
  • Delisle, Jean / Woodsworth, Judith (eds.) Translators through History, Amsterdam, John Benjamin, 2012 [rev. and expanded Version].
  • Bassnett, Susan Translation studies, Tailor and Francis, 2002.
  • Lefevere, André Translation, History and Culture, London, Routledge, 2002
  • Katan, David Translating Cultures, An Introduction for Translators, Interpreters and Mediators, Manchester, St. Jerome Publishing, 1999, 271 p.
  • Trivedi, Harish Colonial Transactions: English Literature and India, Manchester, Manchester U.P., 1993.
  • Newmark, Peter About translation, Clevedon, Multilingual Matters, 1991.
  • Geertz, Clifford The interpretation of cultures, New York, Basic Books, 1973.
  • Even-Zohar, Itamar 1979. "Polysystem Theory." Poetics Today 1(1-2, Autumn) pp. 287–310.