Խեթական պետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին արևելք. Միկենյան մշակույթը, Հին Եգիպտոսը, Խեթերի պետությունը և Ասսուրը (Ասորեստանը)

Խեթական պետություն, Խատտի, Հաթի, հնագույն պետություն Փոքր Ասիայում։ Ստեղծվել է մ.թ.ա. մոտ XVIII դ. 1-ին կեսին, երբ Կուսսարա քաղաքի առաջնորդ Անիտտան միավորել է խեթերի քաղաք-պետությունները, գրավել Նեսան, Հատտուսան և այլն։ Մ.թ.ա. XVIII դ. 2-րդ կեսին Լաբարնան (Թաբարնա) դարձել է թագավոր (Թուդխալիա I) և սկզբնավորել խեթական պետությունը (Հին թագավորություն, մ.թ.ա. XVIII - XVII դդ.)։ Նրա անունը հետագայում դարձել է խեթական թագավորների տիտղոս։ Խեթական պետությունը մոտավորապես ընդգրկել է Հալիս գետի ավազանը։

Խատտուսիլի I, Մուրսիլի I և Տելիպինու թագավորները ընդլայնել են խեթական պետության սահմանները՝ ընդգրկելով Փոքր Ասիայի մի շարք այլ շրջաններ։ Մուրսիլի I գրավել է Բաբելոնը և Հալաբը (ժամանակակից Հալեպը)՝ կողոպտելով ժամանակի այդ խոշոր քաղաքները։ Մուրսիլի I-ի մահից հետո սկսվել է գահակալական պայքար, որին վերջ է տվել Տելիպինուն։ Մ.թ.ա. XVI դ. սկսվել է խեթական պետության պատմության մի շրջան, որը սկզբնաղբյուրների բացակայության պատճառով չի ուսումնասիրված։ Ենթադրվում է, որ այս շրջանում խեթական պետությունում ուժեղացել է խուռիների ազդեցությունը։ Մ.թ.ա. XV դ. վերականգնվել է խեթական պետությունը (Նոր թագավորություն, մ.թ.ա. XV - XII դդ.), որն ընդգրկել է համարյա ամբողջ Փոքր Ասիան, Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանները և Հյուսիսային Ասորիքը։ Խեթական թագավորներն իրենց արշավանքների ժամանակ ընդհարվել են Հայասայի հետ (Թուդխալիա III-ի արշավանքները, Հայասայի «թագավոր» Անիայի և Մուրսիլի II-ի միջև պատերազմները), կնքել պայմանագիր (Սուպիլուլիումա I-ի և Հայասայի «թագավոր» Հուկկանայի միջև)։ Սուպիլուլիումա I բազմիցս արշավել է Եգիպտոսի վրա և խլել Ասորիքի մի շարք շրջաններ, իրեն ենթարկել Միտաննին, խուռիններին։ Մ. թ. ա. XII դ. 2-րդ քառորդին Փոքր Ասիա ներխուժած թրակա-փռյուգիական ցեղերը կործանեցին խեթական պետությունը։

Խեթական պետությունը վաղ ստրկատիրական պետություն էր։ Հին թագավորության ժամանակաշրջանում հողի մի մասը եղել է թագավորի սեփականությունը։ Թագավորի իշխանությունը սահմանափակված էր ստրկատիրական վերնախավի խորհրդով։ Նոր թագավորության շրջանում թագավորի իշխանությունն անսահմանափակ էր։ Երկրի տարբեր մարզերը կառավարել են թագավորի կողմից նշանակվող փոխարքաները։ Նույն կերպ հասարակության մեջ առավել բարձր դիրք գրավողները հողաբաժին էին տալիս իրենց ստորադրյալներին, որոնք դրա դիմաց պարտավոր էին կատարել համապատասխան տնտեսական պարտույթ (սահհան) կամ զինծառայություն։ Սահհանը և պարտույթի մյուս ձևը՝ լուծծին, համանման էին վասալիտետին։ Թագավորից, թագավորական տան անդամներից և բարձր պաշտոնյաներից բացի, իբրև առանձին սոցիալական խավ, հանդես էին գալիս զինվորները և քրմերը։ Կար բնակչության միջակ և հողազուրկ ազատ դաս։ Ստրուկները կազմել են համեմատաբար փոքր թիվ։ Ազատների և ստրուկների միջև կար ռազմագերիների միջանկյալ խավ, որոնց տվել են հողաբաժիններ։ Քաղաքների և գյուղերի բնակիչները ապրում էին համայնքներով։ Խեթական պետության կազմի մեջ մտել են բազմաթիվ կիսանկախ թագավորություններ, որոնցից շատերը կառավարել են թագավորական տոհմի անդամները։

Խեթական պետության տնտեսությունը հիմնված էր անասնապահության և հողագործության վրա։ Հողագործությունը զարգացած էր գետերի հովիտներում, իսկ անասնապահությունն ուներ կիսաքոչվորական բնույթ։ Զարգացած էր արհեստագործությունը (թեև մետաղամշակությունը սահմանափակ էր) և առեաուրը։ Առևտրականներն օգտվում էին հատուկ արտոնություններից։ Խեթական պետության ռազմական հզորության հիմքը ռագմակառքերով բանակն էր։

Հարաբերությունները Հայասայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայասա երկիրը

Խեթերը աշխարհի այն հնագույն ժողովուրդներից են եղել, որոնք հայերին կոչել են այնպես, ինչպես հայերն են իրենց անվանում՝ հայ։ Մ.թ.ա.15-13-րդ դարերում գրված խեթական արձանագրություններում հիշատակված է Հայասա երկիրը։ Խեթերեն հոգնակի մասնիկ էին սա-ն և ասա-ն։ Հայասա խեթերեն նշանակում էր և հայեր, և հայերի երկիր՝ Հայաստան։ Հայքի գավառների ու քաղաքների անունները խեթերենում քիչ են ձևափոխված, օրինակ՝ Թարհիգամա քաղաքը հայոց Թորգոման է (հետո կոչվել է Թորդան), հիշատակվում է Ուրա բերդը, որ հայոց Ուռենն է, Կումախան, որ հայոց Կեմախն է, Խախան, որ հայոց Խախ բնակավայր է (Երզնկայի մոտ)։ Խեթական արձանագրությունները պատմում են, որ Հայքը երբեմն դաշնակցել Խաթթիից արևմուտք գտնվող Արծավա և հյուսիսում գտնվող Կասկա պատությունների հետ, որոնք ժամանակ առ ժամանակ հարձակվել են Խաթթիի վրա։ Խաթթերի Թութհալիաս Գ թագավորը ինքն է հարձակվում Հայքի ու Կասկայի վրա՝ նվաճելով շրջաններ, սակայն հայերը և կասկերը Կեմախի ճակատամարտում հետ են մղում խեթերին։ Թութհալիասի մահից հետո դաշնակիցները հարձակվում են Խաթթիի վրա, գրավում Խաթուսա մայրաքաղաքը և այրում այն։ Մ.թ.ա. 1380-1346 թթ.Խաթթիում իշխում էր Սուպիլուլիումա թագավորը, որը կործանում է Միտանի պետությունը, հաշտություն կնքում Հայասայի հետ, իսկ որպես դաշինքի ամրապնդում Հայասայի թագավոր Խուկաննան ամուսնանում է Սուպիլուլիումայի դստեր հետ։ Սակայն Խաթթիի հայորդի թագավոր Մուրսիլիս Բ-ն խախտում է դաշինքը և հարձակվում Հայասայի վրա, որի թագավորն էր Աննիասը (նրա անունով է կոչվել Հայքի Անի քաղաքը)։ Փոխադարձ հաջողությունները շարունակվում են երկար ժամանակ, մինչև գլխավոր վտանգը դառնում է Ասորեստանը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ.Իշխանյան «Պատկերազարդ պատմություն հայոց»[1]
  • Խեթական պետություն [2]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png