Գառնիկ Քալաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գառնիկ Քալաշյան
Գառնիկ Քալաշյան.jpg
Ծնվել էմայիսի 16, 1885(1885-05-16)
Վախճանվել էնոյեմբերի 1, 1921(1921-11-01) (36 տարեկանում)
Մասնագիտությունբանաստեղծ
Ազգությունհայ

Գառնիկ Քալաշյան Մանուկի (ծնվել է 1885, մայիսի 16, Վաղարշապատ - 1921, նոյեմբերի 1, Երևան, թաղված է Էջմիածնում), հայ բանաստեղծ, հասարակական գործիչ։

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1906)։ Թիֆլիսում մասնակցել է հայկական գրական ընկերության, ապա՝ «Վերնատան» աշխատանքներին, 1907 թվականին եղել է Մոսկվայի առևտրի ինստիտուտի ազատ ունկնդիր։ Սերտ կապեր է ունեցել Լազարյան ճեմարանի հեղափոխական ուսանողության հետ (Ա․ Մյասնիկյան, Վ․ Տերյան, Հ․ Կուսիկյան և ուրիշներ), մասնակցել է ցույցերի, տա րածել թռուցիկներ, 1909 թվականին ձերբակալվել է, նետվել Մոսկվայի Տագանկայի քաղաքական բանտարկյալների բանտը։ Տիրապետել է ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն, պարսկերեն, վրացերեն լեզուներին։ «Ներշնչումներ» (1908 թվական) և «Բանաստեղծություններ» (1916 թվական) ժողովածուներում Քալաշյանը սիրո, կարոտի, հայրենասիրության, աշնան նվագներին միախառնած ներբողել է «պայքարի շառաչը» և «կարմիր ծիրանավորին» (հեղափոխությունը)։ Հայ ժողովրդի բնաջնջման վտանգի տարիներին խորապես հավատացած է եղել նրա գոյատևմանը և մոտալուտ սոցիալական վերափոխումներին («Դարբինը», «Բանվորուհին», «Փոթորի՜կ, փոթորի՛կ» և այլն)։ Աշխատակցել է պարբերական մամուլին («Գեղարվեստ» և այլն), հանդես է եկել գրականագիտական հոդվածներով, ակնարկներով, թարգմանություններով, ստորագրել՝ Մենորդ, Միրաժ, Անցորդ, Գ․ Ք․։ 1918 թվականից Քալաշյանը եղել է դաշնակցական կուսակցության անդամ, ընտրվել պառլամենտի անդամ։ 1920 թվականի դեկտեմբերի 10-ին Հայաստանի հեղկոմի նախագահ Սարգիս Կասյանին հասցեագրված հայտարարությամբ Քալաշյանը անվերապահորեն ընդունել է սովետական կարգերի հաստատումը Հայաստանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png