Մկրտիչ Նաղաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մկրտիչ Նաղաշ
Ծնվել է մոտ. 1394
Մահացել է մոտ. 1470
Ազգություն հայ
Մասնագիտություն բանաստեղծ և նկարիչ

Մկրտիչ Նաղաշ (1390, գ. Պոռ Բաղեշի գավառ– 1475), միջնադարյան հայ տաղերգու, նկարիչ, հասարակական–եկեղեցական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է քահանայի ընտանիքում։ Հոր անունը՝ Առաքել։ Մ. Նաղաշի կենսագրությունը, դեռևս նրա կենդանության օրոք, գրել է Աստվածատուր վարդապետը։ 1420–ական թթ միակ որդու՝ Մեսրոպի հետ տեղափոխվել է Միջագետքի Ամիդ քաղաքը։ 1430–ին Սսի կաթողիկոս Կոստանդին Զ Վահկացին վարդապետ Մ. Նաղաշին ձեռնադրել է եպիսկոպոս, 1431–ին նշանակել Ամիդի եպիսկոպոս և Միջագետքի հայոց հոգևոր առաջնորդ։ Մ. Նաղաշը կրթությունն ստացել է Բաղեշի Ս. Անանիա և Ս.Գևորգ վանքերում, թերևս նաև Մեծոփավանքում՝ աշակերտելով Թովմա Մեծոփեցուն։ Ըստ կենսագրի,

Aquote1.png «... զամենյան դիւրաւ ուսանէր և զամենյան դժուարին արուեստ մի անգամ տեսանելով, նա գերագույն քան զօրինակն՝ ներգործէր...»։ Aquote2.png

Վաղ են դրսևորվել Մ. Նաղաշի թե՝ բանաստեղծական և թե՝ նկարչական ձիրքերը։ «Անհամեմատ նկարիչ» լինելու համար ստացել է Նաղաշ (նկարիչ, ծաղկող) մականունը։ Հմուտ է եղել նաև գրչության արվեստում։ Նրա գրչագրած և նկարազարդած մի քանի ձեռագրեր հասել են մեզ։ Մ. Նաղաշը տիրապետել է արլ. մի շարք լեզուների։ Իր մարդասիրությամբ ու մաքրակենցաղ վարքով վայելել է ոչ միայն հայերի, այլև այլազգիների համակրանքը։ Լավ հարաբերություններ է ունեցել Միջագետքի Օթման բեկ ամիրայի հետ, որի շնորհիվ նրան հաջողվել է որոշ արտոնություններ ձեռք բերել հայ ազգաբնակչության համար։ Մ. Նաղաշը ծավալել է նաև շինարարական–կառուցողական աշխատանքներ։ 1434–ին նրա նախագծով կառուցվել է Արղնիի Բարձրահայաց Ս. Աստվածածին եկեղեցին, իսկ 1439-1443-ին վերակառուցվել Ամիդի Ս. Թեոդորոս կաթողիկեն։ Վերջինիս գմբեթը բարձր է եղել քաղաքի մինարեթներից, և դա առիթ է դարձել, որպեսզի մոլեռանդ մուսուլմանները հալածանք սկսեն Մ. Նաղաշի դեմ։ Օթման բեկի որդի Համզան, որ հաջորդել էր հորը, հրամայել է քանդել կաթողիկեի գմբեթը։ Մ. Նաղաշը ծանր վիշտ է ապրել և հեռացել Ամիդից, գնացել նախ՝ Կ.Պոլիս, ապա Կաֆա (Թեոդոսիա), չորս տարի մնացել այնտեղ։ Համզային հաջորդած որդին՝ Ջհանգիր միրզան, Մ. Նաղաշին հրավիրել է Ամիդ, թույլ տվել վերակառուցելու կաթողիկեն՝ չափավոր բարձրությամբ։ Վերակառուցումն ավարտվել է 1447-ին՝ Նեքամատ վարպետի ձեռքով։

1449-ին բռնկել է Միջագետքի առաջին, իսկ 1469–ին՝ երկրորդ համաճարակը։ 1469–ին Մ. Նաղաշը գրել է մի ողբ՝ այդ համաճարակի ցնցող աղետի մասին։ Հավանաբար նա վախճանվել է այդ կամ հաջորդ տարին, տեղը հայտնի չէ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.Նաղաշը գրել է տաղեր, հիշատակարաններ, «Պատասխան ի լատինացոց թխտոյն» (1436) պատմական փաստաթուղթը, վերջինս՝ Սսի կաթողիկոս Կոստանդին Վահկացու և Թովմա Մեծոփեցու հանձնարաությամբ։ Այստեղ նա անդրադարձել է, հայ և լատին եկեղեցիների, միության՝ Վատիկանի ժողովում քննարկվելիք խնդրին, հույները ձգտում էին եկեղեցիների միության շնորհիվ օգնություն ստանալ Արևմուտքից՝ թուրքական վտանգին դիմագրավելու համար։ Մ. Նաղաշը հունա–լատինական եկեղեցու գերիշխանության գաղափարին հակադրել է հայ եկեղեցու անկախության ու հավասարության գաղափարը՝ եկեղեցիների միության երաշխիքը տեսնելով այդ հավասարության ճանաչման մեջ։

Մ. Նաղաշը իր գեղեցիկ ու ինքնատիպ տաղերով միջնադարյան քնարերգությունը բարձրացրեց մի նոր աստիճանի՝ խորացնելով նրա մարդասիրական ու աշխարհիկ բովանդակությունը։ Բնության և սիրո տաղերում («Տաղ ի դէմս մարգարէիցնև Քրիստոսին և Լուսաւորչին», «Տաղ հարսսանեաց և ուրախութեան մարդկան») երևան է գալիս բանաստեղծի լավատեսությունը, ջերմ վերաբերմունքը բնության գեղեցկությունների, ազնիվ ու փոխադարձ սիրո նկատմամբ։ «Տաղ վասն բլբուլին և վարդին» ոտանավորում բանաստեղծը երգում է մարդու նվիրական ու մաքուր զգացմունքները։ Սակայն հասարակական տրամադրություններով ապրող Մ. Նաղաշի ստեղծագործության մեջ ամենաբնորոշը սոցիալական, խոհա–խրատական մոտիվներն են։ 15-րդ դ. հոգևորության մեջ խորացել էր բարոյալքման պրոցեսը՝ վանքերը դարձել էին շվայտության օջախներ։ Արծաթասիրության, կաշառակերության, դավերի ու խարդավանքների մերկացման գաղարվեստական հուշարձան է Մ. Նաղաշի «Խրատական բանեսի ագահութեան և անընչութեան ի Նաղաշ վարդապետէ ասացեալ» բանաստեղծությունը։ Նա ձաղկել է թե՝ աշխարհիկ տերերի, թե՝ հոգևորականության հոռի բարքերը։ Մ. Նաղաշի տաղերի մի մասն ունի ուսուցողական, խրատական բնույթ։ Շարունակելով միջնադարյան քնարերգության հիմնական թեմաներից մեկը՝ մահվան թեման, Մ.Նաղաշը արծարծել է քրիստոնեական բարոյականության գաղափարները, սակայն գեղագիտական ուրույն մոտեցումով ու մեկնաբանությամբ։ Մահը մի դիտակետ է, որտեղից նա նայում է կյանքին, աշխարհին ու մարդու բարոյական վարքագծին։ Աշխարհը սուտ երազ է, կյանքը՝ խաբուսիկ ու անցողիկ, ուստի մարդ չպետք է տրվի աշխարհիկ վայելքների, հարստության ու փառքի։ Նաղաշը, սակայն, մահվան բանաստեղծ չէ, այլ կյանքի, որի իմաստն ու նպատակը բարի գործերն են («Խրատական բաներսի Նաղաշ Մկրտիչ վարդապետէ ասացեալ»)։ Միջնադարյան քնարերգության մեջ Մ. Նաղաշը առաջինն է, որ ստեղծագործության նյութ է դարձել պանդխտության թեման («Սաղ վասն դարիպի ասացեալ»)։

Aquote1.png «Հոգի՛, մի՛ ասեր դարիպ, թէ չէիմ սիրտը կարունի»։ Aquote2.png


Գրական լեզուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. Նաղաշի լեզուն գրական միջին հայերենն է՝ պարզ ու մատչելի։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ստեղծագործությունը, հատկապես պանդխտության երգերը, խոր ազդեցություն են թողել ուշ միջնադարի քնարերգության վրա։

1rightarrow.png  Տե՛ս նաև Հայ մանրանկարիչների ցանկ 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մկրտիչ Նաղաշ հոդվածին

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]