Շահամիր Շահամիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահամիր Շահամիրյան
Shahamir Shahamiryan.jpg
Ծնվել է 1723
Ծննդավայր Նոր Ջուղա, Իրան
Մահացել է 1798
Մահվան վայր Մադրաս, Հնդկաստան
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիա
Ազգություն հայ
Կրոն Հայ Առաքելական եկեղեցի
Ազդվել է Մովսես Բաղրամյան
Ստեղծագործություն(ներ) Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ
Որոգայթ փառաց
Մասնագիտություն վաճառական
Աշխատանք լուսավորական գործունեություն
Shahamir Shahamiryan Վիքիպահեստում

Շահամիր Շահամիրյան (1723, Սպահան, Իսֆահան, Իրան - 1798, Չեննայ, Madras Presidency, Բրիտանական Հնդկաստան), հնդկահայ հասարակական-քաղաքական գործիչ, վաճառական։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահամիրյանը «Որոգայթ փառաց» աշխատության հեղինակն է։ Հայ ժողովրդի մեջ ազատագրական գաղափարների տարածման, երիտասարդությանը հայրենի երկրի պատմությանն ու մշակույթին ծանոթացնելու համար 1771 թվականին Մադրաս քաղաքում հիմնել է հայկական տպարան, որտեղ 1772 թվականին լույս է տեսնում Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ» գիրքը։

1773 թվականին հրատարակվում է «Որոգայթ փառաց»[1] գիրքը, որը օտար լծից ազատագրելուց հետո ստեղծվելիք ապագա հայկական պետության կառավարման համար նախատեսված օրենքների ժողովածու էր։ Ըստ Շահամիրյանի, հայոց ապագա պետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ «Հայոց տունը», պետք է կազմվեր ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներից։ Հայաստանում պետք է իշխեր օրենքը։ «Հայոց տունը» պարտավոր էր ստեղծել գործադիր իշխանություն (կառավարություն)։ Այդ նպատակով փոխանորդներից պետք է ընտրվեին տասներեք հոգի, որոնցից մեկը վիճակահանությամբ կարող էր դառնալ նախարար, իսկ մյուսները՝ նախարարի խորհրդակիցներ։ Նախարարը լինելու էր օրենքների առաջին կատարողը և զորքի գլխավոր հրամանատարը։ Հայաստանի բոլոր բնակավայրերը պետք է ունենային դպրոցներ։ «Որոգայթ փառաց» գիրքը սահմանադրական հանրապետություն ստեղծելու ծրագիր էր և հայ քաղաքական մտքի կարևոր նվաճումներից մեկը։

Շահամիր Շահամիրյանն ազգային-ազատագրական շարժման գործիչ է, հայ բուրժուալուսավորական գաղափարախոսության հիմնադիրը։ Նրա «Որոգայթ փառաց» (1773) երկը սահմանադրական հանրապետություն ստեղծելու առաջին ծրագիրն է աշխարհում։

Շահամիր Շահամիրյանը Հնդկաստան է գաղթել Նոր Ջուղայից և հաստատվել Մադրաս քաղաքում։ Նախ դերձակություն է արել, ապա զբաղվել առևտրով և մեծ հարստություն կուտակել։ Նրա հայացքների ու գործունեության վրա մեծ ազդեցություն է ունեցել Մադրասում հաստատված հայ ազատագրական ու լուսավորական գործիչ Մովսես Բաղրամյանը։ 18-րդ դարը նշանավորում է հայց ազատագրական դարավոր պայքարի որոշ փայլուն դրվագներ՝ պայքարի նոր ձևերով, գաղափարաքաղաքական նոր հայեցակարգերով ու ծրագրերով։ Հայ քաղաքական մտքի որոնումների և գործնական դիրքորոշումների հստակեցման համար կարևոր նշանակություն ունեցան դարի 20-ականների Արցախի և Սյունիքի հայության ազատագրական հերոսամարտերը։

Նախորդ շրջանի հայ քաղաքական միտքը պետականության վերականգնման և քաղաքական անկախության ձեռքբերման նախապայմաններ էր համարում՝

  1. ազգային ուժերի միաբանությունը,
  2. արևմտյան երկրների օգնությունը,
  3. վրաց ժողովրդի հետ համագործակցումը։

18-րդ դարում ի հայտ է գալիս քաղաքական նոր գործոն` հզորացող Ռուսաստանը իր հեռահար ռազմավարական նկրտումներով ու հավակնություններով։

Ռուսական գործոնի կարևորումն արտահայտվել է Իսրայել Օրու քաղաքական հայացքներում և գործնական քայլերում։ Նշված գործոնները վերաիմաստավորվում ու բյուրեղացվում են դարի երկրորդ կեսին՝ արտացոլվելով հայ քաղաքական գիտակցության մեջ և քաղաքական վերլուծության առարկա դառնում հատկապես «Մադրասյան խմբակի»՝ Հովսեփ Էմինի, Մովսես Բաղրամյանի և Շահամիր Շահամիրյանի քաղաքական հայացքներում։

Շահամիրյանի իրավաքաղաքական համակարգում առկա է դեիստական փիլիսոփայության ազդեցությունը։ Աստված, ստեղծելով աշխարհն ու մարդուն և նրանց օժտելով աստվածային օրենքներով, այլևս անմիջականորեն չի միջամտում աշխարհի և հասարակության հետագա գոյության հարցերին։ Սակայն, այստեղից բնավ չի հետևում, որ ըստ քաղաքական մտածողի՝ հասարակության մեջ գործող կարգերն ու օրենքները պետք է համապատասխանեն բնական բնությանը և բանական բնությանը, որ հասարական ու պետական կյանքում գործող օրենքները պետք է հաշվի առնեն մարդու բանականությունը։ Նախ՝ աշխարհի և հասարակության գործերին չմիջամտելու դեիստական սկզբունքը բնավ չի նշանակում, որ Աստված առհասարակ դադարեցնում է հսկողությունը։ Երկրորդ՝ աշխարհի և մարդկանց գոյությունը ինքնաբավ, բացարձակ չէ, որովհետև գոյության օրենքները տրված են ի վերուստ, այսինքն՝ բնության օրենքները համընկնում են աստվածային օրենքների հետ։ Ուստի հասարակության մեջ գործող օրենքների համապատասխանությունը բնական բնությանը կամ բանական բնությանը իրականում նշանակում է համապատասխանեցնում ասվածային օրենքներին։ Բացի այս, մեջբերումից պարզ է, որ խոսքը դրական իրավունքի մասին է։

Այսպիսով, օրենքների՝ մարդու բնական բնությանն ու բանական բնությանը համապատասխանության մասին Շահամիրյանի պահանջը նշանակում է, որ դրական իրավունքի նորմերը պետք է բխեցվեն բնական, այսինքն՝ աստվածային իրավունքի սկզբունքներից։ Հակառակ պարագայում՝ ստեղծված օրենքները համարվում են հակաբնական և հակաբանական։

Հայաստանում ազատագրական պարտությունից հետո ազատագրական միտքը 18-րդ դարի երկրորդ կեսին հիմնավորվեց հայկական գաղթավայրերում։ Հայկական սփյուռքի գաղթավայրերից առավել ակտիվ էին Ռուսաստանինը և Հնդկաստանինը։ Ռուսական կայսրությունում հայերին նրանց հայրենիքի ազատագրման դատարկ հույսեր էին տալիս։ Ռուսաստանը նպատակ ուներ ճանապարհ հարթել դեպի միջերկրական ծով և Հնդկական օվկիանոս՝ այդ ճանապարհին գրավելով Հայաստանը։ Հնդկաստանում հաստատված հայերը զբաղվում էին տարանցիկ առևտրով և իրենց ձեռքում խոշոր կապիտալ էին կուտակել։ Երբ Հնդկաստանը դարձավ Անգլիայի գաղութը, տեղի հայերը սկսեցին խոշոր տնտեսական կորուստներ կրել՝ չդիմանալով Անգլիացիների հետ տնտեսական մրցակցությանը։ Հայերի մոտ առաջացավ իրենց տնտեսական գործունեությունը անկախ Հայաստան տեղափոխելու գաղափարը։   Շահամիրյանը 1771 թվականին հիմնադրել է հայկական տպարան, որտեղ 1772 թվականին լույս է ընծայել հայ առաջին հրապարակախոսական գիրքը՝ Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի հորդորակ» աշխատությունը, ապա իր շարադրած «Որոգայթ փառաց» երկը՝ որդու՝ Հակոբի անունով։ Իսկ 1783 թվականին տպագրել է Մադրասի հայերի ինքնավարության, որի իրավունքն ինքն է ձեռք բերել, կանոնադրությունը՝ «Տետրակ որ կոչի նշավակ»։

Շահամիրյանը կապեր է հաստատել հայ ազգային-ազատագրական շարժման կենտրոնների հետ։ Ձգտել է շարժման մեջ ներգրավել Վրաց Հերակլ II թագավորին՝ համարելով, որ հայ-վրացական ռազմական դաշինքն ամուր հենարան է Այսրկովկասը թուրք-պարսկական նվաճողներից ազատագրելու և պաշտպանելու համար։ Որպես հայ-վրացական դաշինքի խորհրդանշան՝ Շահամիրյանը Հերակլ II-ին ուղարկել է իր պատրաստած ոսկե շղթայով ու թանկարժեք քարերով ագուցված շքանշանը։ Հետագայում հասկանալով, որ հայ-վրացական ուժերը, առանց Ռուսաստանի ռազմաքաղաքական օգնության, անկարող են ազատագրել և ապահովել Հայաստանի ու Վրաստանի տևական անկախությունը, կապեր է հաստատել ռուսական արքունիքի, ինչպես նաև հայ ազատագրական շարժման գործիչներ Հովսեփ Արղությանի, Հովհաննես Լազարյանի և ուրիշների հետ։ 1780-ական թվականներին, երբ ռուսական արքունիքը ծրագրում էր արշավել Այսրկովկաս, Շահամիրյանը Ռուսաստանի և ապագա հայկական պետության հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանում ստեղծվելիք կարգերի մասին դաշնագրի նախագիծ է ներկայացրել արքունիք, ըստ որի՝ ազատագրվող Հայաստանում պետք է հաստատվեին հանրապետական կարգեր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]