Հովսեփ Էմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Էմինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովսեփ Էմին
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 2, 1726(1726-08-02)[1]
ԾննդավայրՀամադան, Իրան[2][3]
Մահացել էօգոստոսի 2, 1809(1809-08-02)[2][3] (83 տարեկան)
Մահվան վայրԿալկաթա, Բրիտանական կայսրություն[2][3]
ԳերեզմանՍուրբ Նազարեթ եկեղեցի
Ազգությունհայ
ԿրթությունԹագավորական ռազմական ակադեմիա
Մասնագիտությունհայ ազատագրական
պայքարի գործիչ
 Joseph Emin Վիքիպահեստում

Հովսեփ Էմին (Էմին Հովսեփ Էմինյան օգոստոսի 2, 1726(1726-08-02)[1], Համադան, Իրան[2][3] - օգոստոսի 2, 1809(1809-08-02)[2][3], Կալկաթա, Բրիտանական կայսրություն[2][3]), հայ ազատագրական պայքարի գործիչ։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմինը ծնվել է 1726 թ. Պարսկաստանի Համադան քաղաքում։ Այստեղից իր ընտանիքը տեղափոխվել է Հնդկաստան և հաստատվել Կալկաթայում։

Երիտասարդ Էմինը գիտեր Հայաստանի ծանր վիճակի մասին, տեսնում էր իր հայրենակիցների թշվառությունը, որը հատկապես ակնառու էր, երբ համեմատում էր եվրոպացիների բարվոք պայմանների հետ։ Նա ոգևորված էր Արցախի ու Սյունիքի ազատագրական պայքարներից։ Էմինը երազում էր տիրապետել ռազմական արվեստին և զենքի ուժով ազատագրել հայրենիքը։ Հոր կամքին հակառակ, որն ուզում էր նրան վաճառական դարձնել, 1751 թ. մեկնում է Անգլիա և ընդունվում Վուլվիչի Թագավորական ռազմական ակադեմիա։ Այստեղ ծանոթանում է անգլիական քաղաքական ու պետական գործիչների հետ և նրանց ներկայացնում իր գալու նպատակները։ Էմինին հաջողվում է նաև տեսակցել Անգլիայի վարչապետի հետ։ Սակայն նա համոզվում է, որ Հայաստանի ազատագրման իր գաղափարները չեն համընկնում Անգլիայի շահերին։

1759 թ. Էմինը գալիս է Հայաստան։ Արևմտյան Հայաստանով ճանապարհորդելու ընթացքում զրույցի բռնվելով հայրենակիցների հետ` նա խոսում է հայրենիքի պատմության փառավոր դրվագների մասին։ Բերելով արևմտյան քրիստոնյաների օրինակը՝ կոչ է անում պայքարելու հանուն ազատության։ Ծանոթանալով իրավիճակին` Էմինը համոզվում է, որ օտար տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան պետության օժանդակությամբ։ Այս առումով նա հնարավոր դաշնակից էր համարում Ռուսաստանին կամ Վրաստանին։ Վերադառնալով Անգլիա՝ Էմինը ներկայանում է ռուսական դեսպանին։ Նրանից վերցնելով Ռուսաստանի վարչապետ Մ. Վորոնցովին ուղղված երաշխավորական նամակ՝ ճանապարհվում է Սանկտ Պետերբուրգ։ Էմինը Վորոնցովին ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր ծրագիրը, որն իրագործելու համար մտադիր էր դաշնակցել վրաց Հերակլ II թագավորի հետ։ Վորոնցովն ընդառաջում է Էմինի խնդրանքին և Հերակլ II–ին ուղղված նամակով նրան ճանապարհում Վրաստան։ Վրաց թագավորը համաձայնում է օժանդակել Էմինի ծրագրին։ Հայաստանում ազատագրական շարժումը կազմակերպելու համար Էմինը կապեր է հաստատում Մշո Սուրբ Կարապետի վանք|Մշո Ս. Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ։ Էմինը և Հերակլ II–ը 1764 թ. խրախուսական նամակներ են ուղարկում Հովնանին, սակայն Երևանում խանի մարդիկ ձերբակալում են նամակատարին։ Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցի, տեղեկանալով այդ մասին, կշտամբում է Հերակլ II–ին «անզգույշ քայլերի» համար, որոնք կարող էին առաջացնել պարսկական իշխանությունների վրեժխնդրությունը հայերի հանդեպ։ Ստիպված Հերակլը Էմինից պահանջում է հեռանալ Վրաստանից։

Մեկ տարի Հյուսիսային Կովկասում մնալուց հետո՝ 1766 թ., Էմինը վերադառնում է Հայաստան և հաստատվում Գետաշենում` Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ։ Արցախի իրադրությանը ծանոթանալու համար Էմինը լինում է նաև Շուշիում, ապա անցնում Գանձասար։ Այստեղ նրան տեղեկացնում են, որ Սիմեոն Երևանցին հրամայել է չընդունել և չօժանդակել իրեն։ Համոզվելով, որ Արցախում ևս կատարում են կաթողիկոսի այդ հրամանը՝ Էմինը որոշում է վերադառնալ Ռուսաստան։ Սակայն լսելով,Խոյի ու Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են տասնութ հազար զինվոր տրամադրել իրեն՝ Էմինը ճանապարհվում է Խոյ։ Չունենալով պահանջվող գումարը` նա չի կարողանում զորք վարձել։ Այսքանից հետո նա 1770 թ. վերադառնում է Հնդկաստան։

Մահացել է 1809 թ.-ին ու թաղվել է Կալկաթայում։

Իր կյանքի պատմությունը Հովսեփ Էմինը գրի է առել 1792 թվականին Լոնդոնում տպագրված «Հայազգի Հովսեփ Էմինի կյանքը և արկածները, որը ինքն է գրել անգլերեն լեզվով» («The Life and Adventures of Joseph Emin an Armenian, written in English by himself») գրքում։

Կերպարն արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովսեփ Էմինի գործունեությանն է նվիրված արձակագիր Էդուարդ Ավագյանի երկու հատորից բաղկացած «Մի կյանքը քիչ է» վեպը, որը լույս է տեսել 1979-1980 թվականներին։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Life and Adventures of Joseph Emin, London, 1792 (հայերեն թարգմանություն՝ «Յովսէփ Էմինի կեանքն ու արկածները», Պէյրութ, տպ. Մշակ, 1958).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 45