Կալկաթա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալկաթա (այլ կիրառումներ)
Քաղաք | |||
---|---|---|---|
Կալկաթա | |||
কলকাতা | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Քաղաքապետ | Բաքիշ Ռանջան Բհաթաչարյա | ||
Առաջին հիշատակում | 1690 | ||
Մակերես | 185 կմ² | ||
ԲԾՄ | 9 մ | ||
Բնակչություն | 4 486 679 մարդ (2011) | ||
Խտություն | 27 462 մարդ/կմ² | ||
Ագլոմերացիա | 14 112 536 | ||
Ժամային գոտի | UTC+5:30 | ||
Հեռախոսային կոդ | +91 33 | ||
Փոստային ինդեքսներ | 700001 - 700157 | ||
Ավտոմոբիլային կոդ | WB-01, WB-02, WB-03, WB-04 | ||
Պաշտոնական կայք | kolkatamycity.com | ||
| |||
Կալկաթա[1] (բենգալերեն՝ কলকাতা, անգլ.՝ Kolkata), քաղաք Հնդկաստանում, Գանգեսի դելտայում՝ Հուգլի բազուկի ափին, Բենգալյան ծովածոցի ափից 140 կմ հեռու։ Արևմտյան Բենգալիա նահանգի վարչական կենտրոնն է։ Ծովային նավահանգիստ է։
Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանումն առաջացել է այն գյուղի անունից, որի տեղում 1690 թ.-ին անգլիական Արևելա-Հնդկական ընկերությունը հիմնադրեց այժմյան քաղաքի հիմքը հանդիսացող իր ֆակտորիան։ Այդ գյուղը կոչվում էր Kalikata «Կալիի կացարան» (Կալին հինդուիստական դիցաբանության աստվածուհիներից է՝ Շիվայի կինը), պաշտամունքային վայր էր։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալկաթան անգլիացիների կողմից հիմնադրված քաղաք է. նրա պատմությունը փաստորեն համընկնում է անգլիացիների կողմից Հնդկաստանի նվաճման պատմությանը։
Կալկաթան հիմնադրվել է անգլիական Օստ-Հնդկական ընկերության կողմից, որը վայելում էր Հնդկաստանի հետ առևտուր կատարելու մենաշնորհը։ Ներկա Կալկաթայի տեղը 1690 թ.-ին մի ֆակտորիա կար, որտեղ հետագայում անգլիացիները կառուցեցին Վիլյամ բերդը։ Այդ բերդը դարձավ Կալկաթայի կորիզը։
1773-1911 թվականներին Կալկաթան եղել է Հնդկաստանում անգլիական գաղութատիրության վարչական կենտրոնը։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Ֆորտ-Վիլյամը, Վիկտորյա Մեմորիալ թանգարանը, որտեղ ցուցադրվում են Վիկտորյա թագուհու տիրապետության շրջանի նյութեր, Ջայն տաճարը և բուսաբանական այգին։
Հայերը Կալկաթայում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալկաթայի հայ համայնքը կազմավորվել է 17-րդ դարում: Քաղաքում հայտնաբերված հայերեն արձանագրություններով տապանաքարերը (թվագրված՝ 1630, 1646) վկայում են, որ հայերն այստեղ բնակվել են անգլիացիների երևալուց շատ առաջ: 1724-ին կառուցվել է Սուրբ Նազարեթ եկեղեցին (1734-ին ճարտարապետ Ղևոնդի նախագծով եկեղեցուն կից ավելացվել է զանգակատուն): Կալկաթայում գործում են նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (1909), Թենկրայի Ս. Երրորդություն մատուռը: Հայերը հիմնականում առևտրականներ (հատկապես ջութի), արհեստավորներ (հայտնի էին ոսկերիչները), նավահանգստում աշխատող գործավորներ էին. կային նաև բժիշկներ, ճարտարապետներ, իրավաբաններ: Հիշատակության են արժանի իրավաբաններ Գրիգոր Պոլը (պաշտոններ է վարել Հնդկաստանի բարձրագույն դատարանում), Հ. Առաքելը, Ս. Սարգիսը: Կալկաթայում կա Հայկական փողոց (Արմինիըն չըրչ սթրիթ): Հայկական են կոչվում նաև քաղաքի խոշոր նավահանգիստներից մեկը (կառուցված՝ 18-րդ դարի 70-ական թթ.) և Կալկաթայից ոչ հեռու գտնվող մի լեռ:
19-րդ դարի սկզբին Կալկաթայում գործել է Հարություն Գալուցյանի դպրոցը, 1817-ին՝ Ս. Սանդուխտ երկսեռ դպրոցը, 1821-ին բացվել է Հայոց մարդասիրական ճեմարանը (գործում է ցայսօր), 1847-55-ին՝ Ս. Սանդխտյան աղջկանց դպրոցը, 1922-ին՝ Դավիթյան օրիորդաց կարժարանը (1949-ին միացել է Հայոց մարդասիրական ճեմարանին):
Կալկաթահայ մշակութային կյանքը կազմակերպել են Իմաստախնդրական միաբանությունը, Արարատյան ընկերությունը, Մարզական ակումբը (ունեցել է ֆուտբոլի, հոկեյի, ռեգբիի, բասկետբոլի խմբեր), Հայ կանանց բարեգործական միությունը, Հայկազյան գեղարվեստից միությունը, որն ունեցել է զանազան ինքնագործ խմբեր, կազմակերպել թատերական ներկայացումներ, երաժշտական երեկոներ, հայ մշակույթին նվիրված դասախոսություններ, նպաստել գաղութի կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը: Մինչև 1990-ական թթ. գործել է Մեսրոպ Սեթի 1909-ին հիմնած ճեմարանի շրջանավարտների միությունը: 1820-ին հիմնվել է Աղքատախնամ մարմին, ըստ էության՝ ծերանոց, որը գործում է ցայսօր:
Կալկաթահայ համայնքը նշանակալի հաջողությունների է հասել նաև սպորտի բնագավառում: 1960-ական թթ. հռչակ է վայելել ռեգբիի հայկական թիմը, որը Արշամ Սուքիասի գլխավորությամբ շահել է Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի գավաթը:
Հնդիկ բանասեր-արևելագետ Սունիթի Կումար Չաթերջին, կապված լինելով Կալկաթայի հայ համայնքի հետ, ուսումնասիրել է հայերենը (մասնավորապես գրաբարը), տպագրել հոդվածներ հայոց լեզվի, պատմության և մշակույթի վերաբերյալ, 1961-ին հրատարակել «Հայկական հերոսական լեգենդները և Սասունցի Դավիթ էպոսը» գիրքը: 1966-ին Չաթերջին այցելել է Հայաստան:
Կալկաթայում հրատարակվել են «Հայելի Կալկաթյան», «Ազգասեր», «Շտեմարան», «Արևելյան հնդկաց լրագիր», «Ազգասեր Արարատյան», «Եղբայրասեր», «Արա», «Արմենիա», «Զանգ», «Նոր ազդարար» պարբերականները[2]:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հ.Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան (Ա-Կ), Երևան, «Լույս», 1987, էջ 231։
- Կ. Ավետիսյան, Արևելքի մարգարիտը, Երևան, Հայպետհրատ, 1964։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9
- ↑ Հայ սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 360:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 177)։ ![]() |