Նոր տետրակ որ կոչի հորդորակ
« Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» | |
---|---|
Հեղինակ | Մովսես Բաղրամյան |
Ժանր | հայրենասիրական |
Թեմա | Հայաստանի ազգատային-ազատագրական գաղափարախոսություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Ստեղծման տարեթիվ | 1772-1773 թվականներ |
«Նոր տետրակ որ կոչի հորդորակ», քաղաքական-հրապարակախոսական բնույթի աշխատություն, Մադրասի խմբակի ծրագրային երկերից։
Հրատարակվել է Հակոբ Շահամիրյանի տպարանում (Մադրաս, Հնդկաստան), 1772-1773 թվականներին, նրա ջանքերով ու ծախքով, ինչպես նաև Մովսես Բաղրամյանի աշխատությամբ։ «Նոր տետրակ,որ կոչի հորդորակ»-ը յուրօրինակ մատյան-համապատում է հայ ժողովրդի անցյալի ու ներկայի մասին։ Հիմնական բովանդակությունն են կազմում Հայաստանի պատմության համառոտ շարադրանքը, աշխարհագրությունը, հայկական «Նոր տետրակ որ կոչի հորդորակ»-ի տիտղոսաթերթը պետականության կործանման պատճառները, օտարներին հայերի վճարած հարկերի տեսակներն ու չափերը։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի պատմության և աշխարհագրության մասին գլուխների համար աղբյուր են ծառայել Հայոց քերթողահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը, Ղազար Ա Ջահկեցու «Դիրք աստուածաբանական որ կոչի Դրախտ ցանկալի» գրքի 20-րդ գլուխը և «Բառգիրք հայկազեան լեզուի» 2-րդ հատորը, որոնցից անհրաժեշտ նյութը բանաքաղված է համարյա անփոփոխ՝ որոշակի համակարգմամբ։
5-րդ գլխում արժեքավոր է Արցախի հայ մելիքներին վերաբերող հատվածը։ Աշխատությունը արտահայտում է 18-րդ դարի 2-րդ կեսի հայ ազատագրական շարժման գաղափարախոսությունը։ Այն տոգորված է ազատասիրությամբ և հայրենասիրությամբ, հայ ժողովրդին կոչ է անում սթափվել, զինված պայքարով թոթափել մուսուլմանական՝ պարսկական ու թուրքական լուծը։
Հայրենիքի Փրկության ծրագիրը հիմնավորված է ու պատճառաբանված, հաշվի են առնված հաղթանակի համար անհրաժեշտ հնարավորությունները (տնտեսական վիճակը, նյութական կարողությունները, քաղաքական դրությունը, աշխարհագրական դիրքը և այլն)։ Իբրև ուսանելի օրինակներ՝ վկայակոչվում են ռուս ժողովրդի ազատագրական պատերազմները, որոնք հանգեցրին ռուսական հողերի միավորմանը և հզոր պետության ստեղծմանը, ինչպես նաե իսպանացիների ու պորտուգալացիների հաղթական կռիվներն արաբական նվաճողների դեմ։ «Նոր տետրակ որ կոչի հորդորակ»-ի նպատակն էր հայ ժողովրդին հավատ և վստահություն ներշնչել սեփական ուժերի նկատմամբ, համախմբել ու միասնական պայքարի մղել նրան՝ վերականգնելու հայկական պետականությունը։ Կրելով եվրոպական լուսավորական փիլիսոփայության ազդեցությունը՝ աշխատությունը քննադատում է բացարձակ միապետական կարգերը, անհրաժեշտ գտնում վերականգնվելիք հայկական նոր պետությունը կազմակերպել սահմանադրական հիմքերի վրա։ «Նոր տետրակ որ կոչի հորդորակ»-ի պատմա-աշխարհագրական հատվածները Վառլամ Վահանովի թարգմանությամբ հրատարակվել են ռուսերեն լեզվով՝ 1786 թվականին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պողոսյան Ս․, Ազատագրական գաղափարախոսությունը «Նոր տետրակ որ կոչի յորդորակ գրքում, «ԲԵՀ», 1972, Na 2։ Լևո, Երկ․ ժող․, հ․ 3, գիրք 2, Ե․, 1973։ Иоаннисян А․ Р․, Иосиф Эмин, Е., 1945․ Պ․ Խաչատրյան
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 370)։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նոր տետրակ որ կոչի հորդորակ կատեգորիայում։ |