Մադրասի խմբակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մադրասի խմբակ, հայ գրական-քաղաքական կազմակերպություն։ Ստեղծվել է 1770-ական թվականներին, Հնդկաստանի Մադրաս քաղաքում՝ որպես անմիջական արդյունք հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Հովսեփ Էմինի քարոզչության։ Արտահայտել է հայ առևտրական բուրժուազիայի և բուրժուական մտավորականության գաղափարախոսությունը։

Հայ ժողովրդի մեջ ազատագրական գաղափարների տարածման, երիտասարդությանը հայրենի երկիր պատմությանն ու մշակութային ծանոթացնելու համար անհրաժեշտ էր գրականություն ունենալ։ Նման գրքեր տպագրելու համար հնդկահայ մեծահարուստ Շահամիր Շահամիրյանը 1771 թվականի Մադրաս քաղաքում հիմնում է հայկական տպարան։

Մադրասի խմբակի ակնառու դեմքերից էին Մովսես Բաղրամյանը, Շահամիր Շահամիրյանը, Հակոբ Շահամիրյանը և այլք։ Մադրասի խմբակի անդամների աշխարհայացքի վրա մեծապես ազդել են Օսմանյան կայսրության ու Պարսկաստանի բռնապետություններին ենթարկված Հայաստանի ծանր դրությունը, ազատագրությանը հասնելու հայերի ձգտումը, ինչպես նաև եվրոպական լուսավորականության գաղափարները։

1772 թվականին լույս է ընծայվում Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» գիրքը։ Սա հայ իրականության մեջ առաջին գիրքն էր, որը ներկայացնում է 18-րդ դարի հայ ազատագրական գաղափարախոսությունը՝ տոգորված ազատասիրությամբ և հայրենասիրությամբ։ 1876 թվականին գիրքը թարգմանվում է ռուսերեն և տպագրվում է Պետերբուրգում երկու հազար տպաքանակով, այնուհետև թարգմանվում է նաև վրացերեն։

Մադրասի խմբակը հանդես է եկել ինքնակալության ու բռնակալության քննադատությամբ, զարգացրել սահմանադրական գաղափարներ, ձգտել ապագա ազատագրված Հայաստանում ստեղծել բուրժուական հանրապետություն (հակառակ դեպքում՝ գոնե սահմանադրական միապետություն), քարոզել ֆեոդալական կարգերի վերացում և հայկական պետականության վերածնունդը կապել Ռուսաստանի օգնության հետ։

Բացի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» գրքից Մադրասի խմբակում ստեղծվել են հայ քաղաքական գրականության այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Որոգայթ փառաց» երկը, ինչպես նաև 1780-ական թվականների ռուսական կառավարությանը ներկայացված «Հայ-ռուս դաշնակցային պայմանագրի» նախագիծը։ Դրանցում նրանք քննադատել են Հայոց եկեղեցին, որն իր քարոզչությամբ և չարին չդիմադարձելու կոչով հայ ժողովրդին փաստորեն զրկել է դիմադրական կորովից։ Դրել են լուսավորության տարածման և ազգային ինքնագիտակցության արթնացման հրատապ հարցը, փորձել ուրվագծել Հայաստանի ապագա պետական կարգը և Ռուսաստանի հետ ունենալիք նրա փոխհարաբերությունների բնույթը։

Ռուսաստանի հովանու տակ հայկական պետականությունը վերականգնելու՝ 20 հոդվածից բաղկացած նախագիծ էր կազմել Շահամիր Շահամիրյանը։ Այս նախագծով Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը պետք է հռչակվեր հանրապետություն՝ խորդրդարանական կարգով։ Հայաստանու 20 տարի ժամկետով պետք է մնար 6000 ռուսական զորք։ Այս ծրագիրը ներկայացվել է ռուսական կառավարությանը, սակայն իշխանությունների կողմից բավարար ուշադրության չեն արժանացել ու չեն քննարկվել։

Մադրասի խմբակի լուսավորական և ազգային-ազատագրական գաղափարները շատ դեպքերում կրել են ուտոպիական բնույթ, քանի որ իրական հող չունեին ժամանակի հայ իրականության մեջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

11-րդ դասարանի հայոց պատմության դասագիրք, Երևան 2010

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 128 CC-BY-SA-icon-80x15.png