Սյունիքի ազատագրական պայքար (1722-1730)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ


Սյունիքի ազատագրական պայքար, 1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին (1724-1731)[1]։

Արևելյան Հայաստանում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից, Սյունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների, Օրբելյանների, Վաչուտյանների, Զաքարյանների և Կյուրիկյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում (արաբ․՝ ملك՝‎‎ թագավոր)։ Նրանցից բացի հայ ժողովրդի շահերը ներկայացնում և հայերին համախմբում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը 1441 թվականից գտնվում էր Էջմիածնում[2]։

1677 թվականին կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ, այդ թվում՝ Սյունիքի ու Արցախի մելիքներից ոմանք[3]։ Եվրոպական պետությունների օգնությանը դիմելու նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս։ Այդտեղ երկու տարի անց հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին։ Պատվիրակության հետ մեկնած Իսրայել Օրին, ճանապարհվում է Իտալիա, ապա Ֆրանսիա, որտեղ անցնում է զինվորական ծառայության։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։ Օրին տեղի իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը, որից հետո այցելում է Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար[4]։

Անգեղակոթի ժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան վերադառնալիս Սյունիքի Անգեղակոթ գյուղում Իսրայել Օրին Մելիք Սաֆրազի հետ հրավիրում է գաղտնի խորհրդակցություն։ Դրան մասնակցում են Սյունիքի տասնմեկ իշխան-մելիքներ։ Ժողովը, ի տարբերություն նախորդ ազատագրական ժողովների (Էջմիածին՝ 1441 և 1547, Սեբաստիա՝ 1562, Էջմիածին՝ 1677) կրում էր աշխարհիկ բնույթ։ Մելիքներն իրենց կնիքներով և ստորագրություններով հաստատված նամակներ են հանձնում Իսրայել Օրուն, որոշում նրան լիազորել՝ շարունակելու բանակցությունները եվրոպական երկրների, այդ թվում՝ Ռուսական կայսրության հետ։ Օրու հետ Եվրոպա պետք է ճանապարհվեր Մինաս վարդապետ Տիգրանյանը։ Գերմանիայի կայսերընտիր իշխան, Պֆալցի գահակալ Հովհան Վիլհելմին ուղարկված նամակում հայ մելիքներն ու զինվորականները հայտնում էին, որ իրենք պատրաստ են զինված ապստամբություն բարձրացնել՝ գերմանացիների փոքրաթիվ օգնական զորքի առկայության պարագայում, ապա Հովհան Վիլհելմին ճանաչել հայոց թագավոր։

Իսրայել Օրի

Հովհան Վիլհելմին ներկայացված ծրագրում նշվում էր Հայաստանից ազատագրության ծրագրի ընթացքը։ Նապխատեսվում էր ազատագրական շարժման մեջ ընդգրկել նաև օսմանյան լծի տակ գտնվող Արևմտյան Հայաստանը։ Իշխանը հավանություն է տալիս Իսրայել Օրու ծրագրին և առաջարկում գնալ իր երկու դաշնակիցների՝ Տոսկանայի և Ավստրիայի դուքսերի համաձայնությունը ստանալու։ Ֆլորենցիայում դուքսը խոստանում է զորք տրամադրել, բայց Վիեննայի արքունիքում հրաժարվում են. Լեոպոլդ VIՄուստաֆա II սուլթանի հետ 1699 թվականին հաշտության պայմանագիր էր կնքել[5]։

1701 թվականի ամռանը Իսրայել Օրին ժամանում է Ռուսական կայսրություն։ Հայաստանի ազատագրության ծրագիրը Օրին ներկայացնում է Պետրոս I կայսրին։ Այդ ժամանակ Մերձբալթյան տարածքների համար ռուս-շվեդական պայքարը վերածվել էր հակամարտության, որը հայտնի էր «Հյուսիսային պատերազմ» անունով։ Պետրոս Մեծը հուսադրում է Իսրայել Օրուն, որ ռազմական գործողությունների ավարտից հետո կզբաղվի Հայաստանի ազատագրության հարցով[6]։

1702 թվականի գարնանը Իսրայել Օրին և Մինաս վարդապետը մոսկվայաբնակ հայ զինվորական Միրոն Վասիլևի միջոցով նամակներ են ուղարկում Եսայի Հասան-Ջալալյանին։ Վերջինս սերում էր Հասան-Ջալալյանների ազնվական տոհմից, որի կրտսեր ներկայացուցիչները սովորաբար դառնում էին հոգևոր առաջնորդներ։ Եսային 1701 թվականին ընտրվել էր Գանձասարի կաթողիկոս և ղեկավարում էր Ղարաբաղի ու Շամախիի կուսակալությունների քրիստոնեական թեմերը։ Օրին Արցախի մելիքներին հայտնում է բանակցությունների հաջող ընթացքի մասին։ Պարսկաստանում, և մասնավորապես՝ Անդրկովկասում իրավիճակին ծանոթանալու նպատակով նա դեսպանություն է ուղարկում այնտեղ՝ Իսրայել Օրու ղեկավարությամբ։ Վերջինս ևս մեկ անգամ գնում է Եվրոպա, լինում Հռոմում։ Հռոմի պապ Կղեմես XI-ը Իրանի շահին նամակ է ուղղում, որում խնդրում էր քրիստոնյա բնակչության նկատմամբ հալածանքներ թույլ չտալ։ Օրին նամակով անցնում է Մոսկվա, լինում նորակառույց մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում և 1707 թվականի հուլիսին 50 հոգանոց դեսպանությամբ ճանապարհվում Իրան։ 1708 թվականին նա հասավ Շամախի, 1709 թվականին՝ Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում[7]։

Օրին Սպահանից վերադառնում է Շամախի և շուրջ մեկ տարի մնում Անդրկովկասում։ Նա լինում է Արցախում, հանդիպում Եսայի Հասան-Ջալալյանին ու մելիքների։ Օրին հայտնում է 1709 թվականի հունիսի 27-ին Պոլտավայի ճակատամարտում շվեդների դեմ ռուսների հաղթանակի լուրը։ Կաթողիկոսը Օրու հետ լինում է Շիրվանում, Արցախի ու Պարսկաստանի հայաբնակ շրջաններում։ Երբ Իսրայել Օրին պատրաստվում էր վերադառնալ Մոսկվա, Եսայի Հասան-Ջալալյանն իր երկու եպիսկոպոսների հետ միանում է Իսրայել Օրու պատվիրակությանը։ Պետրոս I-ի հանձնարարությամբ Օրին Արցախից Ռուսաստան էր տանում 20 հայ մետաքսագործ ընտանիքներ և մեծ քանակությամբ հում մետաքս՝ Մոսկվայում մետաքսի գործարան հիմնելու համար, արցախյան 25 ձիեր և թանկարժեք նվերներ։ Ռուսական իշխանություններից Օրին ստանում է միայն երեք նավ՝ գույքն ու մարդկանց տեղափոխելու համար։ 1711 թվականի ամռանը նրանք հասնում են Աստրախան։ Մոտավորապես 50 տարեկան հասակում Իսրայել Օրին այստեղ հանկարծամահ է լինում։ Եսայի կաթողիկոսը, Աստրախանի հայկական եկեղեցու բակում կատարելով Իսրայել Օրու թաղման կարգը, վերադառնում է Արցախ[8]։

Զանգեզուրի ազատագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի սկզբներից Սյունիքում և Արցախում պատրաստվում էին ազատագրական շարժման։ Արցախում բնակչությունը միատարր էր՝ հայկական, և պայքարը ղեկավարվում էր մելիքների ու հոգևորականության, մասնավորապես՝ Ավան հարյուրապետի ու Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի կողմից։ Նրանք կարողացել էին հավաքագրել 40 հազարանոց բանակ։ Մինչդեռ Սյունիքում բնակչությունը մաքուր հայկական չէր. լեռնային շրջաններում բնակություն էին հաստատել իսլամադավան ցեղեր, իսկ ազատագրական ուժերը սակավամարդ էին և ոչ համախմբված։ Բացի այդ, այնտեղ հզոր էին շրջակա պարսկամետ և իսլամադավան իշխանները։ Զանգեզուրում ազատագրական շարժումը կազմակերպելու և վրաց ազատագրական ուժերի հետ կապեր հաստատելու նպատակով Սյունիքի մելիքների ու տանուտերերի հանձնարարությամբ հայ առևտրական Ստեփանոս Շահումյանը մեկնում է Թբիլիսի և բանակցում վրաց արքայորդի Շահնավազի հետ։ Նրա խնդրանքով Քարթլի-Կախեթի թագավոր Վախթանգ VI1722 թվականին Սյունիք է ուղարկում մի քանի հայ զորավարներ[9]։

Դավիթ Բեկի արձանը Կապանում

30 հոգանոց զորականների ջոկատը, որոնց շարքում առավել հայտնին Դավիթ Բեկն էր, հաստատվեցին Շինուհայր ավանում և իրենց շուրջը համախմբեցին տեղի զինված ուժերը։ Դավիթ Բեկի ստեղծում է ռազմական խորհուրդ, աչքի ընկած զորականներից Մխիթարին նշանակում զորքերի սպարապետ, իսկ Տեր-Ավետիսին, Փարսադանին, Թորոսին, Ավթանդիլին, Բայանդուրին և ուրիշներին տալիս զորաջոկատի հրամանատարի կոչում[10]։ Սյունիքի մելիքներն ու տանուտերերը՝ Չավնդուրի Թորոս իշխանը, Պապ և Պալի հարյուրապետները, Հալիձորի մելիք Փարսադանը և ուրիշներ, ներկայանում են Դավիթ Բեկին և պատրաստակամություն հայտնում միանալ ազատագրական շարժմանը։ Դավիթ Բեկը կարողանում է ստեղծել 2000-անոց կանոնավոր բանակ, իր մոտ հրավիրում Տաթևի վանքի հոգևոր առաջնորդ Հովակիմ եպիսկոպոսին, ով հավաստում է հոգևոր դասի աջակցությունը ազատագրական պայքարին[11]։

Նույն տարվա աշնանը Դավիթ Բեկը պարտության մատնեց կարաչոռլու և ջևանշիր քոչվոր ցեղերին։ Ուչթափա (թուրքերեն՝ üçtepe՝ եռաբլուր) տեղանքում ջևանշիր 32 ցեղերի մի քանի հազարանոց զորքի դեմ Դավիթ Բեկի 400 հոգանոց զորամասը հաղթանակ է տանում։ Վաչկատուն ցեղերի անասուններն ու ունեցվածքը բաժանվեց հայ գյուղացիներին։ Զորավարի հեղինակությունը աճեց։ Ապա գրավվում է Տաթևի մոտ գտնվող ամրոցը, որը պատկանում էր իսլամ ընդունած մելիք Բաղրին[12]։ Դավիթ Բեկը մելիքին բերում է Շինուհայր և հրամայում եկեղեցում բոլորի ներկայությամբ տասներկու օր բարձրաձայն ասել. «Լո՛ւյս Լուսավորչի հավատին, վայ ուրացողին»։ Այնուհետև հրամայում է կտրել նրա գլուխը, իսկ ինքը գալիս և հաստատվում է Տաթևում։ Մելիքի ունեցվածքը բաժանվում է զինվորներին ու գյուղացիներին։ Բեկը գլխատել է տալիս նաև Երիցվանիկի (Արծվանիկ) իսլամ ընդունած մելիք Ֆրանգյուլին։ Վախկոտություն ու խուճապ տարածելու համար գլխատվում է Պապ զորավարը, կարճատև կալանքի ենթարկվում Տեր-Ավետիսը, Մխիթար սպարապետը և ուրիշներ։ Այս գործողություններից հետո հայկական զորքերում կարգուկանոն է հաստատվում։

Հայ բնակչությունը ոտքի է կանգնում նաև երբեմնի Սյունիքի թագավորության մայրաքաղաք Կապանում։ Շրջակա մուսուլման տիրակալները՝ Բարգուշատի ու Ղարադաղի խաները, 18000-անոց զորքով հարձակվում են հայկական զորքերի վրա։ Կապանի Եղվարդ գյուղի մոտ 1723 թվականին Չավնդուրի ճակատամարտում հայերը հաղթանակ տարան։ Ազատագրված Կապանը միացավ հայկական իշխանությանը։ Հայկական ուժերի կենտրոնատեղի դարձավ Հալիձորի բերդը։ Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի գլխավորած հայկական զորաջոկատները գրավում են նաև Զևայի անառիկ բերդը՝ ջախջախելով տեղի մոտ 4000-անոց կայազորը։ Մեկ տարի անց՝ մայիսի 29-ին, հայկական զորաջոկատները գրավում են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Որոտան բերդը[13]։

Արցախի և Սյունիքի իշխանություններ

1724 թվականին պարսից շահ Թահմասպ II-ի հրամանով Ղարադաղի խանը հարձակվում է հայկական իշխանության վրա։ Դավիթ Բեկին օգնության են հասնում Արցախի զորամասերը՝ Իվան Կարապետի ու Ավան հարյուրապետի հրամանատարությամբ։ Հայերի հաղթանակը վերջնականապես ամրպնդեց օտար լծի ազատագրումը։ Դրան հաջորդեց Գողթան և Արևիք գավառների ազատագրումը. Ագուլիսը ու Մեղրին մտան հայկական իշխանության տարածք։ Սյունիքի մելիքներն ու տանուտերերը Դավիթ Բեկին ընդունում են որպես երկրամասի գերագահ իշխան և հայտնում իրենց հպատակությունը[14]։

Դավիթ զորավարի հրամանով ամրացվում են հայկական բերդերը, որտեղ հաստատվում է մշտական կայազոր։ Առավելապես հայտնի էին Չավնդուրի բերդը՝ 2000 զինվորով, Կալերը՝ 700, Շինուհայրը՝ 550, Սիսիանը՝ 500, Տաթևը և Մեղրին՝ 400-ական, և այլն։ Զանգեզուրի բանակները բաղկացած էին 7000 զինվորից։ Բանակները բաժանվում էին զորամասերի, որոնց հրամանատարներ են կարգվում տեղական մելիքներն ու Վրաստանից ժամանած հայ զորականները։ Զորամասերն ունենում են իրենց դրոշները և ենթարկվում էին Դավիթ Բեկին։ Կապանի Հալիձոր բերդը դառնում է իշխանանիստ ավան, ամրացվում ու կառուցապատվում է։

1722-25 թվականներին՝ երեք տարվա ընթացքում, հաղթահարելով բոլոր դժվարությունները, Դավիթ Բեկը ոչ միայն վտարեց օտարներին ու թշնամիներին, այլև համախմբեց Սյունիքի հայկական մելիքությունները մեկ դրոշի ներքո։ Միևնույն ժամանակ Արցախում սկսած ազատագրական պայքարը նույնպես պսակվել էր հաջողությամբ։ Միևնույն ժամանակ Հայաստանի հյուսիսային հարևան Վրաստանը հարձակման էր ենթարկվել օսմանյան զորքերի կողմից. թուրքերը 1723 թվականին գրավել էին Թբիլիսին՝ տիրանալով ողջ թագավորությանը։

1723 թվականից հայ-վրացական միացյալ զորքերը, Պետրոս Մեծի խոստման համաձայն՝ ոգևորված Կասպիական արշավանքի մասին լուրով, սպասում էին Գանձակի մոտ գտնվող Չոլակ վայրում։ Արցախի զորահրամանատարությունը համաձայնության էր եկել Գանձակի մուսուլմանների հետ՝ թուրքական հարձակման դեպքում համատեղ պայքարելու նպատակով։ Սակայն ռուսական օգնությունը տեղ չի հասնում, իսկ գանձակեցիներն անցնում են թշնամու կողմը. 1723 թվականին գրավվում է նաև Գանձակը։ Արևելյան Հայաստանը հյուսիսից, արևմուտքից ու արևելքից շրջապատվում է թուրքական զորքերով։

Հալիձորի ու Մեղրու ճակատամարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1722 թվականի Իրանի գահակալական կռիվներից հետո օսմանյան սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հրամայում է զորք հավաքել՝ Անդրկովկասի ու Ատրպատականի վրա հարձակվելու նպատակով։ Զորահրամանատար Աբդուլլահ փաշայի գլխավորությամբ կազմակերպված բանակը 1723 թվականին գրավում է վրաց մայրաքաղաք Թիֆլիսը, ապա՝ որոշ ժամանակ անց՝ Գանձակը։ Ռուսաստանի կայսր Պետրոս I-ը, ով սկսել էր Կասպիական արշավանքը (1722-1723), 1724 թվականին պայմանագիր է կնքում թուրքերի հետ։ Դրա համաձայն՝ ռուսներին թույլատրվում էր գրավել Իրանի՝ միայն Կասպից ծովին հարող տարածքները. Շամախիից արևմուտք ընկած գավառները պետք է նվաճվեին թուրքերի կողմից։

1724 թվականի ամռանը թուրքական զորքերը պաշարում են Երևանը։ Երևանի ինքնապաշտպանությունից հետո, կորցնելով 20 000 զինվոր՝ թուրքերը գրավում են 10 000-անոց քաղաքը։ Երևանի վերջին կուսակալը հանձնում է բերդի բանալիները թուրքերին և տեղափոխվում Իրան[Ն 1]։ Կուսակալության մյուս տարածքները գրավելուց հետո թուրքերը շարժվում են արևելք։ Թուրքական բանակները Երևանի գրավումից հետո շարժվում են դեպի Սյունիք և Ատրպատական։

1726 թվականին նրանք թուրքերը Նախիջևանի կողմից՝ Արաքս գետի հունով, ներխուժում են Սյունիք։ Տեղացի թուրքերի ու պարսից խաների շնորհիվ նրանք կարողացան առաջանալ ու մի քանի հաղթանակներ տանել։ Շրջակա մուսուլման տիրակալների հետ միացած՝ օսմանյան զորավարները փորձում են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը։ Դավիթ Բեկն իր զորքերով ամրանում է Հալիձորի բերդում։ Մարտի 24-ին ութ մելիքների ու հարյուրապետների ստորագրությամբ նամակ է ուղարկվում Ռուսաստան՝ օգնության խնդրանքով, որը, սակայն, անպատասխան է մնում։ Որոշ ռազմական գործիչներ հանդես են գալիս թուրքերի հետ զինակցելու կոչին։ Նրանց մի մասն անցավ թշնամու կողմը։

1727 թվականի փետրվարի 26-ին թուրքերը պաշարեցին Հալիձորը։ Թուրքական զորքերը, աստիճաններ մոտեցնելով բերդի պարիսպներին, փորձեցին բարձրանալ պարիսպների վրա։ Պաշարումը տևում է 6 օր։ Վերջին օրը 26 պարսպակործան մեքենաների միջոցով թշնամին գրոհում է բերդը։ Հայկական զորքերի դիմադրությունը թուլանում էր։ Մարտի 4-ին զորքի հրամանատարությունը որոշում է անցնել վճռական գործողությունների. նրանք վճռում են ճեղքել պաշարումը, դուրս գալ շրջափակումից և անցնել հակահարձակման։

Արիացեք, մի երկնչեք, հետևեցեք մեզ, եթե հասել է մեր վախճանը՝ քաջաբար մեռնենք, որովհետև մեզ համար ավելի լավ է արիությամբ պարիսպներից դուրս մեռնել, քան այստեղ, մեր աչքերի առաջ տեսնել մեր ընտանիքների ու բարեկամների մահը
- Մխիթարի ու Տեր-Ավետիսի կոչը հայ զինվորներին

Պաշարված ջոկատները, աննկատ դուրս գալով բերդից, հարձակվեցին թշնամու վրա։ Խուճապի մատնված թուրքական զորքերը, մեծ կորուստներ տալով, դիմեցին փախուստի։ Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ տարած հաղթանակներից ամենախոշորն ու նշանավորն էր[15][16]։ Թուրքերը կորցրին 13000 զինվոր, 143 մարտական դրոշ, հսկայական տեխնիկա ու ռազմավար։

Դավիթ Բեկի իշխանության կենտրոնը՝ Հալիձորի բերդ

Հալիձորի ճակատամարտից հետո հայերը թուրքական զորքերից ազատագրեցին Կապանը՝ նրանց քշելով Մեղրի։ Օսմանյան բանակը, նահանջելով, կենտրոնացավ Մեղրիում։ Հայկական զորքերը Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի հրամանատարությամբ հարձակման անցան քաղաքի վրա։ Տեղացիներից բաղկացած մի ջոկատի աննկատ թափանցեց Մեղրի։ Այն ժամանակ, երբ թուրքերը շարժվում էին դեպի Փոքր թաղ՝ դիմագրավելու հայերի գրոհին, Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի ջոկատը թիկունքից գրոհում է թշնամու վրա։ Անակնկալի գալով՝ թուրքերը շարժվում են դեպի Մեղրու կիրճը, որի ելքը դարանակալել էին հայերը։ Թուրքերը նախընտրեցին շարժվել դեպի Արաքս և անցնել գետը։ Հետապնդելով թշնամուն՝ հայկական զորքերը ազատագրեցին Մեղրին և հակառակորդի դեմ լիակատար հաղթանակ տարան։ Հալիձորի և Մեղրիի հաղթանակները ոգևորություն առաջացրեցին հայկական զորքերի մեջ[17]։

Օսմանյան բանակների դեմ տարած հաղթանակներից հետո Դավիթ Բեկը, համոզվելով, որ ռուսական կողմից օգնություն չի ստանալու, պատվիրակություն է ուղարկում պարսից շահ Թահմասպ II-ի մոտ՝ համագործակցության առաջարկությամբ։ Վերջինս պարտություն էր կրել թուրքերից ուստի հավանություն է տալիս առաջարկությանը։ Մազանդարանում ապաստանած շահը հատուկ հրովարտակով ճանաչում է Դավիթ Բեկի իշխանությունը, նրան իրավունք վերապահում դրամ հատելու։ Նա Սյունիք է ուղարկում «Քաջ Դավիթ Բեկդ և քաջարի հայ զորականներին» ուղերձը, որում մասնավորապես ասվում է.

Եվ ահա այսօր քեզ կարգեցի իշխան և գլուխ մեր բոլոր խաների, որ այդ կողմերում են, և Կապանի երկիրը, որ վերցրիր քաջությամբ, քեզ թող լինի
- Թահմասպ շահ, Մազանդարան, 1728

Դրանով պարսից շահը ճանաչում է Բեկի իշխանությունը ոչ միայն ամբողջ Զանգեզուրում, այլև Արաքսից ձախ ափին գտնվող Ղարադաղում և Զանգեզուրի լեռների արևմտյան կողմում գտնվող Նախիջևանում։ Նրա հրամանով թուրքական արշավանքին դիմագրավելու համար պարսիկ կառավարիչները պարտավոր էին զինված օժանդակություն ցուցաբերել Դավիթ Բեկին ու հայկական իշխանությանը։ Սակայն նույն թվականի կեսերին Դավիթ Բեկը մահանում է, և զինվորական ղեկավարությունն անցնում է Մխիթար սպարապետին[18][19]։

Ապստամբության անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան զորքերը կրկին հարձակվում են Սյունիքի իշխանության վրա։ Գրոհին դիմագրավելու ժամանակ հայկական զորահրամանատարության շարքերում տեղի ունեցավ պառակտում. Դավիթ Բեկը, ում մելիքները ենթարկվում էին որպես գահերեց իշխանի, ուներ ազնվական ծագում, մինչդեռ Մխիթարը ռամիկ էր։ Ուստի Սյունիքի՝ ժամանակի վերնախավի մի մասը սատարում է հոգևորական զորավար Տեր-Ավետիսին։ Վերջինս հակված էր թուրքերի հետ հաշտվելու ու հանձնվելու մտքին[20]։

Խնձորեսկ

1729 թվականի սկզբին, երբ հակառակորդը կրկին պաշարեց Հալիձորի բերդը, Մխիթար Սպարապետը պահանջեց շարունակել պաշտպանությունը և ուժասպառ անել թշնամուն, իսկ Տեր-Ավետիսը նախընտրեց նրանց հետ բանակցելու ուղին։ Մխիթար Սպարապետը ստիպված էր գիշերով հեռանալ բերդից։ Թուրքերը գրավեցին բերդը, կողոպտեցին ու կոտորեցին հայ բնակչությանը, տղամարդկանց սպանեցին, կանանց վերցրին իրենց հարեմները, իսկ երեխաներին գերեվարեցին։ Հալիձորի անկումից հետո Տեր-Ավետիսը հեռացավ Երուսաղեմ՝ ապաշխարելու, իսկ Մխիթար սպարապետը շարունակեց ազատագրական պայքարը։

Մխիթարը միավորեց հայկական ուժերը և թուրքերի դեմ մի շարք հաջող հարձակումներ կազմակերպեց, որի արդյունքում ազատագրվեցին բազմաթիվ բնակավայրեր։ 1730 թվականին, Օրդուբադում թուրքերի դեմ հերթական հաղթանակ տանելուց հետո սպարապետը վերադառնում է Խնձորեսկ։ Օսմանյան զորահրամանատար Աբդուլլահ փաշան հաշտվել էր հայկական իշխանության գոյության հետ, և պատրաստվում էր դեսպան ուղարկել Մխիթարի մոտ։ Սակայն վերջինս լուր է ստանում, որ Խնձորեսկ վերադառնալու ճանապարհին Մխիթար սպարապետը դավադրաբար սպանվել է հայերի կողմից։ Տեղի բնակիչներից ոմանք, վախենալով, որ գյուղը կարող է արժանանալ Հալիձորի ճակատագրին, թուրքերին սիրաշահելու համար գլխատում են Մխիթարին ու գլուխն ուղարկում Թավրիզ։ Փաշան հրամայում է գլխատել սպարապետին սպանողներին[21]։

Սյունիքի ազատագրական պայքարը ավարտվեց՝ չհասնելով վերջնական նպատակին։ Սակայն թուրքերի իշխանությունը Արևելյան Հայաստանում տևեց մի քանի տարի. 1735 թվականին պարսից զորահրամանատար Թահմասպ ղուլի Նադիր խանը (Թահմասպի ծառա Նադիր), ով հետագայում հռչակվում է Նադիր շահ, հետ է գրավում Ատրպատականն ու Անդրկովկասը։ Հայերին, ովքեր դիմադրել էին օսմանյան զորքերին Արցախում, Սյունիքում ու Այրարատում, բարձր ինքնավարություն է շնորհում, ճանաչում հայ մելիքների իրավունքները ու Էջմիածնի Մայր Տաճարին ոսկե ջահ նվիրում։ 18-րդ դարում էական պատերազմական գործողություններ տեղի չեն ունենում։ Արևելյան Հայաստանը ենթարկվում է վարչական փոփոխությունների. Երևանի կուսակալության տարածքում առաջանում են Երևանի (ՀՀ մարզերից՝ Կոտայք, Արմավիր, Արարատ, Արագածոտն, Գեղարքունիք) ու Նախիջևանի (Վայոց ձոր) խանությունները, իսկ Ղարաբաղի կուսակալության տարածքում՝ Ղարաբաղի (ԼՂՀ և Սյունիք) ու Գանձակի խանությունները։ Երևանի կուսակալության՝ Կարսի գավառի տարածքը Օսմանյան կայսրությանն էր անցել դեռ 1639 թվականին՝ Հայաստանի չորրորդ բաժանուման ժամանակ։ Այս իրավիճակը տևում է մինչև 19-րդ դարի սկիզբը՝ Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1735-36 թվականներին, երբ պարսիկները վերագրավում են Արևելյան Հայաստանը, Երևանի կուսակալությունը այլևս չի վերականգնվում. նրա տարածքում 1747 թվականին գոյանում են վարչաքաղաքական երկու միավորներ՝ Երևանի և Նախիջևանի խանությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ժամկոչյան Հ.Գ. և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ, Երևան, 1975, էջ 683-686 — 785 էջ։
  2. Ժամկոչյան Հ.Գ. և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ, Երևան, 1975, էջ 599-601 — 785 էջ։
  3. «Սուրբ Էջմիածնի 1677 թ. գաղտնի խորհրդաժողովը». ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  4. Աշոտ Մելքոնյան, Հայոց պատմություն, Երևան, 1998, էջ 110-112 — 139 էջ։
  5. «Անգեղակոթի գաղտնի ժողովը». ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  6. Սարգսյան Ա., Հակոբյան Ա., Հայոց պատմություն հնագույն շրջանից մինչև մեր օրերը, Երևան, «Ճարտարագետ», 2004, էջ 127-128 — 352 էջ։
  7. Հասան-Ջալալյան Ս. Ռ. Կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի քաղաքական գործունեությունն ու պատմագրական ժառանգությունը. — Երևան — Т. 3. — Էջ  82-97.
  8. «Իսրայել Օրի». Հայկական հանրագիտարան. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  9. Սիմոնյան Հ., Հայոց պատմություն. հիմնահարցեր, Երևան, 2000, էջ 112 — 487 էջ։
  10. «Ազատագրական պայքարը Սյունիքում». Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  11. Սիմոնյան Հ., Հայոց պատմություն. հիմնահարցեր, Երևան, 2000, էջ 113 — 487 էջ։
  12. Սիմոնյան Հ., Հայոց պատմություն. հիմնահարցեր, Երևան, 2000, էջ 115 — 487 էջ։
  13. Սարգսյան Ա., Հակոբյան Ա., Հայոց պատմություն հնագույն շրջանից մինչև մեր օրերը, Երևան, «Ճարտարագետ», 2004, էջ 116 — 352 էջ։
  14. «Ազատագրական կռիվները Սյունիքում։ Հայկական անկախ իշխանության ստեղծումը». ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  15. Սիմոնյան Հ., Հայոց պատմություն. հիմնահարցեր, Երևան, 2000, էջ 117 — 487 էջ։
  16. Ժամկոչյան Հ.Գ. և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ, Երևան, 1975, էջ 686-687 — 785 էջ։
  17. Սիմոնյան Հ., Հայոց պատմություն. հիմնահարցեր, Երևան, 2000, էջ 119 — 487 էջ։
  18. Սիմոնյան Հ., Հայոց պատմություն. հիմնահարցեր, Երևան, 2000, էջ 120 — 487 էջ։
  19. Ժամկոչյան Հ.Գ. և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ, Երևան, 1975, էջ 687-688 — 785 էջ։
  20. Պողոսյան Ս. և ուրիշներ, Հայոց պատմություն, Երևան, «Ճարտարագետ», 2004, էջ 65 — 160 էջ։
  21. Սարգսյան Ա., Հակոբյան Ա., Հայոց պատմություն հնագույն շրջանից մինչև մեր օրերը, Երևան, «Ճարտարագետ», 2004, էջ 133 — 352 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Սյունիքի ազատագրական պայքար (1722-1730)

Սյունիքի ազատագրական պայքարի մասին գեղարվեստական գրքեր՝

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյունիքի ազատագրական պայքարի մասին նկարահանվել են հետևյալ ֆիլմերը՝