Ղարադաղի խանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Ղարադաղի խանություն
خانات قره‌داغ
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակխանություն
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնԱհար
Խոշորագույն քաղաքԱհար
Հիմնական լեզուՀայերեն,
Ազգային կազմհայեր, թուրքեր, պարսիկներ,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Շիա իսլամ
Սուննի իսլամ
Տարածք8,000 քառ.կմ
Հիմնադրված է1747-1808 թ.
Պատմական շրջան(ներ)Փայտակարան

Ղարադաղի խանություն (պարս․՝ خانات قره‌داغ - Khānāt-e Karadag), միջնադարյան ավատատիրական կառավարմամբ կիսանկախ իշխանապետություն էր 1747-1808 թվականներին։ Թուրքական տիրապետությունից ազատագրելով՝ Նադիր շահը 1736 թ. այն կրկին միացրել է Պարսկաստանին։ 1747 թվականին վերջնականապես ձևավորվում է Ղարադաղի խանությունը՝ Երևանի ու Թավրիզի կուսակալության տարածքի մի մասի վրա։

Խանության տարածքը կազմել է շուրջ 8 000 քառ. կմ՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Փայտակարան նահանգի Պարսպատունիք գավառը։ Այժմ խանության տարածքը համապատասխանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը։

1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Ղարադաղը գրավվել էր ռուսական զորքերի կողմից, սակայն հետ էր վերադարձվել։ Ավելի ուշ Ղարադաղը մտնում է Իրանի Ադրբեջան նահանգի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբեկի ամրոցը

Դարեր շարունակ Ղարադաղի (Հայկական) լեռները եղել են հայաբնակ։ Լեռնաշղթան հայ-պարսկական բնական սահմանն էր Երվանդունիների (մ.թ.ա. 570-201), Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) և Արշակունիների թագավորության (66-428) դարաշրջանում։ Վարչական առումով նրա արևմտյան հատվածը մտնում էր Վասպուրական, արևելյանը՝ Փայտակարան նահանգի մեջ։ 387 թվականի Հայաստանի առաջին բաժանումից որոշ ժամանակ անց Մարզպանական Հայաստանի սահմանն է դառնում Արաքս գետը, և Հայկական լեռները անցնում են Ատրպատականին։

Արաբական տիրապետության ժամանակ Հայկական լեռները կրկին դառնում են Հայաստանի բնական սահմանը. Արմինիա կուսակալության հարավային ուղին Ատրպատականի հետ կապվում էր այստեղով։ Սահմանային էական փոփոխություններ չեն գրանցվում նաև արաբական լուծը թոթափելուց հետո՝ Բագրատունիների թագավորության ժամանակ (885-1045)։ Միջնադարում հայկական գավառները անցնում են զանազան թյուրքալեզու իսլամադավան ցեղերի տնօրինությանը (սելջուկներ, մոնղոլ-թաթարներ, թուրքմեններ)։ 16-րդ դարում դրանք մտնում են նորաստեղծ Սեֆյան Իրանի կազմում՝ Թավրիզի կուսակալության մեջ։

Ղարադաղի (թուրք.՝ Karadağ՝ սև լեռ) կամ Ղարաջ-դաղի հաքիմ-ղեկավարները այս շրջանի հին սուֆիներից էին։ Նրանք համարվում էին տեղական դերվիշների ժառանգորդները, Ղարադաղլի ցեղի ճյուղը։ Ղարադաղլիները իրենց իշխանությունը պահպանել են 17-18-րդ դարերում։ Դեռ 16-րդ դարի երկրորդ կեսին նրանց ներկայացուցիչներից Խալիֆեյ-ի Անսարը, ով ոչ միայն Ղարադաղի հաքիմն էր, այլև Շիրվանի կուսակալը, կարևոր դեր էր խաղում Թահմասպ շահի արքունիքում։ Նրա որդիներից Զոհրաբ բեկը աչքի էր ընկել 1573 թվականին Թավրիզի ժողովրդական ապստամբության դաժան ճնշմամբ։ Մյուս որդին՝ Շահվերդի խանը, ով Ղարաջ-դաղի խանն էր, 1588 թվականին օսմանցիների կողմից Ատրպատականը գրավելու ժամանակ անցնում է նրանց կողմը։

1603 թվականին, երբ Շահ Աբբասը նորից հետ է գրավում այս հողերը, դավաճանության համար նա և իր ընտանիքի անդամները գլխատվում են։ Այս նույն ընտանիքի անդամներից մեկ այլ ներկայացուցիչ՝ Մաքսուդ սուլթանը, ով մոտ էր կանգնած պարսկական արքունիքին, նշանակվում է Ղարաջ-դաղի հաքիմ։ Դրանով նրանք կորցնում են հողը ժառանգելու իրավունքը։ Սակայն 1747 թվականին Ղարադաղի խաները, օգտվելով Նադիր շահի սպանությունից առաջացած խառնաշփոթից, կրկին կիսանկախ վիճակ են ձեռք բերում։ 1790-ական թվականներին Աղա Մահմեդ խանի պատժիչ արշավանքից մի քանի տարի անց՝ 1808 թվականին խանությունը վերացվում է և մտնում Իրանի Թավրիզի նահանգի մեջ։ Այսօր այն կարևոր դեր է խաղում Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ հաստատելու տեսանկյունից։

Խաների ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղաջարների դինաստիայի զինանշանը

Միջին դարերում, ընդհուպ մինչև 18-րդ դարը ներառյալ, Ղարադաղում բնակվում էր ստվար հայկական բնակչություն։ 1502 թ. Սեֆյան շահ Իսմայլիը այն միացնում է Իրանին։ Թեև ժամանակ առ ժամանակ այն գրավվել է օսմանցիների կամ ռուսների կողմից, բայց մնացել է Իրանի կազմում։ 1829-30 թթ. նրա հայ բնակչության մի մասը 1826--1828 թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո կազմակերպված ընդհանուր գաղթի ժամանակ ապաստան է գտել Ռուսաստանին միացված Արևելյան Հայաստանում։ Ղարադաղի հայության մնացորդները Հայաստան են տեղափոխվել 1946-48 թվականների հայրենադարձության ժամանակ։

  • 1747-1763 Քյազըմ խան Ղարադաղլի
  • 1763-1791 Մուստաֆա Ղուլի խան Ղարադաղլի
  • 1791-1797 Իսմայիլ խան Ղարադաղլի
  • 1797-1808 Աբբաս ղուլի խան Ղարադաղլի

Օգտագործված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Илья Павлович Петрушевский։ «Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI-начале XIX вв»
  • Հովհաննես Հովսեփյան - Ղարադաղի հայերը

Portal.svg  Իրան

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png