Սեֆյան Պարսկաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սեֆյան Իրանից)
Սեֆյան Պարսկաստան
دولتْ صفویۀ
 Լենկթեմուր
 Ակ-Կոյունլուների պետություն
1501 - 1722 Աֆշարյան Պարսկաստան 
Հոթաքիների պետություն 
Safavid Flag.svg Lion and Sun Emblem of Persia.svg
Քարտեզ

Safavid Empire 1501 1722 AD.png
(Սեֆյան Իրանը 1501-1722 թվականներին)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք
Մակերես 3.450.000 կմ2
Լեզու պարսկերեն, քրդերեն, թուրքերեն
Ազգություն պարսիկներ, թուրքեր, քրդեր, աֆղաններ
Կրոն Շիա իսլամ
Արժույթ դինար, շահի, աբբասի
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Սեֆյաններ
Պետության գլուխ Շահ
Կառավարիչ Վեզիր
Պատմություն
- Միջագետքի և Իրանի գրավում 1500-1502
- Աֆղանստանի և Միջին Ասիայի գրավում 1502-1510
- Թուրք-պարսկական պատերազմ 1514-1555
- Թուրք-պարսկական պատերազմ 1623-1639
- Սպահանի գրավում 1722

Սեֆյան պետություն (պարս․՝ دولتْ صفویۀ` դոուլաթ է սաֆավիե), միջնադարյան պետություն Իրանում և նրան հարող տարածքներում 1501-1722 թվականներին։ Հիմնադրել է ղզլբաշ («կարմրագլուխ») Իսմայիլ I-ը 1501 թվականին։ Երկիրը կառավարել է Սեֆյանների թագավորական տոհմը[1]։ Տարածքը կազմել է առավելագույնը 3.450.000 քառ. կմ՝ Իսմայիլ I շահի օրոք (1501-1524)։

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Թավրիզը (1501-1555), ապա՝ Ղազվինը (1555-1598)։ 1598 թվականից շահ Աբբաս I Սեֆին մայրաքաղաքը տեղափոխում է իրանական մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոն Սպահան։ Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում Ակկոյունլուների տերությունը և Լենկթեմուրի կայսրությունը, իր մեջ ներառել է բազմաթիվ հարևան և հեռավոր երկրներ։ Ոսկեդարի շրջանում այն իր մեջ ներառում էր Իրանական լեռնաշխարհն ու Միջագետքի դաշտավայրը, Միջին Ասիայի հարավն ու Աֆղանստանը, Կովկասյան լեռները և Հայկական լեռնաշխարհը՝ տարածվելով Հինդուստան և Փոքր Ասիա թերակղզիների միջև։

17-րդ դարի վերջից Իրանը սկսում է թուլանալ. նրա տարածքում առաջացած բազմաթիվ կուսակալությունները, ղեկավարվելով թյուրքալեզու առաջնորդների կողմից, հաճախ սատարում էին Օսմանյան կայսրությանը։ Սեֆյան պետությունը խիստ թուլանում է գոյության իր գրեթե ամբողջ ընթացքում թուրք-պարսկական պատերազմների հետևանքով. 1722 թվականին, երբ սկսվել էին գահակալական կռիվներ, աֆղանական զորահրամանատար Միր Մահմուդը գրավում է մայրաքաղաք Սպահանը։

Սեֆյան պետությունը իսլամական Արևելքի շիադավան հզորագույն թագավորությունն էր, որը հանդիսանում էր պարսիկների՝ դարեր առաջ կորսված պետականության՝ Սասանյան Պարսկաստանի (226-642) իրավահաջորդը։ Թեև ղեկավարվում էր թյուրքալեզու ղզլբաշների կողմից, սակայն իրենից ներկայացնում էր իրանական պետություն։ Իշխող արքայատոհմը, ընդունելով Սասանյանների «շահնշահ» տիտղոսը, աստիճանաբար կորցնում է թյուրքական արմատները՝ դառնալով պարսիկ ժողովրդի մի մասը։

Անվանում և ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի պաշտոնական անվանումը եղել է Սեֆյան պետություն (Dawlat-i Safaviyya)[2][3]։ Պատմական, ռազմաքաղաքական և այլ աղբյուրներում երբեմն հանդիպում են նաև այլ անվանումներ, որոնցից առավել հայտնի է «ղզլբաշների պետություն[Ն 1]» անվանումը։ Ղզլբաշներին համախմբել և պետություն են հիմնադրել Սեֆյանները[4]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեֆյանների ծագման մասին հստակ աղբյուրներ չկան։ Նրանց ծագումնաբանության մասին պատմող առաջին աշխատությունը գրվել է իբն Բազզազի կողմից՝ 1358 թվականին «Սաֆավաթ ազ-Սաֆա» անվանումով։ Համաձայն վերջինիս՝ նրանք ծագում էին ազգությամբ քուրդ Ֆիրուզ Շահ Զարին Քոլահից[5][6]։ Հետագայում՝ Իսմայիլ I-ի գահակալման տարիներին (1501-1722), Սեֆյանների «պաշտոնական» ծագումը համեմվել էր նաև առասպելական տարբեր պատմություններով։ Դրանց համաձայն՝ Սեֆյանների ծագումը հասցվում էր մինչև յոթերորդ իմամ Մուսա Կազիմի ճյուղին[Ն 2], և դրանով էլ՝ Մուհամմադ մարգարեին ու իմամ Ալիին։

Սեյֆ ալ-Դինի դամբարանը Իրանի Արդաբիլ քաղաքում

Աղբյուրների մի մասը շարունակում է հանգել այն եզրակացությանը, որ Սեֆյանները ծագել են 14-րդ դարում[7], իսկ մեկ այլ մասի համաձայն՝ նրանց արմատները հասնում են մինչև Եմեն։ Աղբյուրների մի մաս այն նույնիսկ համարում է թյուրքական[8][9] կամ քրդական դինաստիա[10]։ Երբեմն այն անվանվում է «ադրբեջանական» դինաստիա, սակայն հղումը կատարվում է տարածաշրջանին, ոչ թե ժողովրդին, քանի որ Ադրբեջան պետությունն առաջացել էր 20-րդ դարում։ Քրդական ծագումը հաճախ պայմանավորված էր դարձյալ տարածքի՝ Իրանական Քրդստան մարզի հետ, այլ ոչ թե քուրդ ժողովրդի։ Ուսումնասիրությունները հանգում են նրան, որ Սեֆյան ընտանիքը իրանական է ըստ ծագման, սակայն աստիճանաբար թյուրքալեզու է դարձել. դա հետևանք էր Իրանական Ատրպատական (արաբ․՝ أذربيجان‎‎՝ Ազարբեյջան) նահանգի՝ 16-րդ դարից սկսած թյուրքացման։

Սեֆյանների մայրենի լեզուն ինչպես պարսկերենն էր, այնպես էլ թուրքերենը։ Նրանցից ոմանք ստեղծագործել են այդ լեզուներով[11]։ Մասնավորապես, սաֆիական հոգևոր-ասպետական միաբանության հիմնադիր Սեֆի ալ-Դինը (13-14-րդ դարեր), գրել է թուրքերենով, իսկ առաջին շահ Իսմայիլը համարվում է թյուրքական գրականության դասականներից մեկը։

Սաֆիական հոգևոր-ասպետական միաբանությունը հիմնվել է 13-րդ դարի վերջին՝ Իրանական Ատրպատականի Արդաբիլ քաղաքում։ Դրա հիմքում ընկած էր Սաֆավիա (մաքուր) սուֆիական ուսմունքը։ Դրա հիմնադիրը Սաֆի ալ-Դին Իսհակն էր, ով աշակերտել էր Զահիդ Գիլանիին։ Վերջինիս դստեր հետ ամուսնանալով՝ Սաֆին դառնում է միաբանության ղեկավարը, կատարում է վերափոխումներ, և դրա արդյունքում այն վերանվանում իր անունով։ Զահիդի աշակերտներն ընդունում են նրա գերակայությունը։ Միաբանությունը ունենում է աճող ազդեցություն տարածաշրջանում, երբ այն գտնվում էր թուրքմենական Կարա-Կոյունլու (թուրքերեն՝ սև ոչխարներ), ապա՝ Ակկոյունլու (թուրքերեն՝ սպիտակ ոչխարներ) ցեղերի տիրապետության ներքո։ Սաֆիի հետնորդները՝ որդին՝ Սադր ալ-Դինը, թոռ Ալին, վերջինիս որդի Իբրահիմը և թոռ Ջունեյդը, զորեղացնում են միաբանությունը։ Ջունեյդը հակասություններ է ունենում Կարա-Կոյոնլու առաջնորդ Ջահանշահի հետ, ով իր վերադասն էր, և փախչում է նրա թշնամի Ուզուն-Հասանի մոտ, ով Ակ-Կոյունլուների տոհմից էր։ Ջունեյդն ամուսնանում է Ուզուն-Հասանի քրոջ հետ և վերանվաճում Արդաբիլը։ 15-րդ դարում միաբանության շեյխերը սուննիզմից անցում են կատարում շիա իսլամի։ Ջունեյդի զոհվում է Շիրվանշահերի դեմ կռվի ժամանակ, և նրա որդի Հեյդարը դառնում է միաբանության առաջնորդը, ամուսնանում Տրապիզոնի կայսր Հովհաննես IV Կոմնենոսի դստեր հետ. այդ ամուսնությունից ծնվում է Շահ Իսմայիլը։

Վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեֆյանների միաբանության հետևորդները կոչվեցին ղզլբաշներ։ Դրանք Իրանի հյուսիսում հաստատված թյուրքական ցեղեր էին, ովքեր այդտեղ էին ապաստանել Սելջուկյան սուլթանության հիմնադրումից հետո (11-րդ դարի երկրորդ կես)։ 14-րդ դարից սկսած նրանց զանազան խմբեր հավաքվում են միաբանության դրոշի ներքո։ Թյուրքալեզու ցեղերի միավորումը հետևանք էր մոնղոլական արշավանքներին ու Լենկթեմուրի զորքերին դիմակայելու տեսանկյունից։ 15-րդ դարից սկսած նրանք դառնում են շիաներ՝ հակասելով մնացած թյուրքալեզու ցեղերին և վերջնականապես հեռանալով ինչպես սելջուկներից (Ռումի սուլթանություն), այնպես էլ՝ 1299 թվականին Փոքր Ասիայի արևմուտքում մեկ այլ թյուրքական պետության՝ Օսմանյան կայսրության թուրքերից։ Դրանով ղզլբաշները մոտենում են պարսիկներին, ովքեր 7-րդ դարից ի վեր շիաներ էին։

Ղզլբաշի հանդերձանք

Ղզլբաշների առաջնորդներից Հեյդարը, ով Իսմայիլի հայրն էր, կրում էր տասներկու կտորից կազմված կարմիր գլխարկ՝ խորհրդանշելով շիական 12 իմամներին։ Սկզբնական շրջանում թյուրքալեզու ցեղերը յոթն էին՝ ուստաջլու, շամլու, ռումլու, աֆշար, զուլքադար, թեքելի և ղաջար[12]։ Ղզլբաշները սափրում էին իրենց գլուխները և դեմքը՝ թողնելով միայն բեղեր։ Ավելի ուշ նրանց միանում են այլ խաշնարած կիսաքոչվոր ցեղեր։

Արդաբիլի շուրջ գտնվող մի քանի գյուղեր գրավելով՝ ղզլբաշների Սեֆյան միաբանությունը տեղական ինքնիշխանություն է ձեռք բերում։ Երբ 14-րդ դարի վերջին Լենկթեմուրը օսմանցիներին հաղթելուց հետո վերադառնում էր Իրան, ճանապարհին գերեվարում է բազմաթիվ թյուրքալեզու ցեղապետերի։ Դրանց մի մասին՝ ռումլու, շամլու և զուլքադար ցեղերին, Լենկթեմուրը վերադարձնում է։ Լինելով Արդաբիլի ղեկավարներ՝ միաբանությունը ձեռք է բերում նորանոր գյուղեր և պարբերաբար հարձակումներ կատարում հարևան պետությունների վրա։ Ղզլբաշների դիրքերը զորեղանում են, երբ Առաջավոր Ասիայում տեղի է ունենում թուրքմենական դինաստիաների փոփոխություն. Կարա-Կոյունլուներին փոխարինում են Ակ-Կոյունլուները։ Ղզլբաշները հարձակվում են Շիրվանշահերի պետության վրա։ Արդյունքում սպանվում են ինչպես Ջունեյդը, այնպես էլ՝ որդի Հեյդարը։ Վերջինիս ավագ որդի Սուլթան-Ալիի և ակ-Կոյունլու սուլթան Ռուստամի միջև հակասության արդյունքում նա նույնպես զոհվում է։ Միաբանության ղեկավար է դառնում մանկահասակ Իսմայիլը։ Ակ-Կոյունլուները գրավում են Արդաբիլը, իսկ ղզլբաշները Հեյդարի զավակներին փախցնում են Գիլան՝ Կասպից ծովին հարող լեռնային գավառ։

Ակ-Կոյունլուների պետության թուլացման ընթացքում, երբ ղզլբաշները կարողացել էին զորեղանալ, այնտեղ սկսում են գահակալական կռիվներ։ Օգտվելով դրանից՝ 1499 թվականին տասներեքամյա Իսմայիլը ուղղվում է Արդաբիլ։ 1500 հոգանոց զորքը նախ հետ է գրավում Արդաբիլը, ապա մեկ տարի անց՝ ղզլբաշների բանակը մտնում է Շիրվան, գրավում Շիրվանշահերի խոշոր քաղաքներ Շամախին ու Բաքուն։ Ղզլբաշները շարժվում են Արաքս գետի հունով ու մտնում Հայկական լեռնաշխարհ. ակ-Կոյունլուների հետ վճռական ճակատամարտը տեղի է ունենում Նախիջևանից ոչ հեռու՝ Շարուրի դաշտում։ 1501 թվականին ղզլբաշները գրավում են Թավրիզը, որտեղ Իսմայիլն իրեն շահ է հռչակում։

1503 թվականին շահ Իսմայիլը ակ-Կոյունլու սուլթան Մուրադին հնազանդության կոչ է անում։ Վերջինս չհամաձայնվելով՝ հարձակվում է ղզլբաշների վրա. 1503 թվականի հունիսի 21-ին Համադանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ղզլբաշները հաղթում են թուրքմեններին և կործանում նրանց պետությունը։ Սեֆյաններին անցնում են Իրանի Ֆարս և Էրաք նահանգները, Միջագետքը և Հայկական լեռնաշխարհը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեֆյան պետությունը բաժանված էր էյալեթների (կուսակալությունների) միջև։ Տարբեր ժամանակահատվածներում էյալեթների թիվը և դրանց զբաղեցրած տարածքը փոփոխվել է. դա կապված էր ռազմաքաղաքական իրավիճակի հետ։ Սկզբնական շրջանում Իրաքի կուսակալությունը՝ Բաղդադ կենտրոնով, ինչպես նաև Դիարբեքիրի ու ու Կարսի կուսակալությունները պարսկական կողմը կորցրել էր թուրք-պարսկական հերթական պատերազմից հետո՝ Ամասիայի հաշտությամբ (Հայաստանի երրորդ բաժանում, 1555)։ 17-րդ դարի սկզբին շահ Աբբաս I-ը (1587-1629) հետ է գրավում կորցրած տարածքները և դրանք մտցնում վարչական այլ միավորների մեջ։ Մասնավորապես Կարս քաղաքը իր շրջակայքով մտնում է Երևանի կուսակալության մեջ, որն ընդգրկում էր ժամանակակից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բոլոր մարզերը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։ 1639 թվականին կնքվում է Կասրե-Շիրինի պայմանագիրը (Հայաստանի չորրորդ բաժանում), որով ձևավորվում ու գրեթե անփոփոխ է դառնում Իրանի արևմտյան սահմանը մինչ օրս։

Սեֆյան պետության կուսակալությունները 1700 թվականի դրությամբ

16-րդ դարի վերջին ու 17-րդ դարի սկզբին պետությունը բաժանված էր 13 կուսակալությունների, որոնց գլուխ կանգնած էին բեկլարբեկները (պարս․՝ بگلاربگ)։ Հարավային Կովկասի տարածքում ձևավորվել էին 4 կուսակալություններ՝ Երևանի ու Ղարաբաղի (Արևելյան Հայաստան), Շիրվանի (Կուր գետից մինչև Կասպից ծով) և Թավրիզի (Ատրպատական և Պարսկահայք)։ Իրանի տարածքում կային ևս 9 բեկլարբեկություններ՝ Ղազվինի, Համադանի, Ֆարսի, Քերմանի, Աստարաբադի, Մեշհեդի, Հերաթի, Մերվի և Կանդագարի։

Բեկլարբեկները նշանակում էին շահին հավատարիմ մարդկանցից՝ հիմնականում զորահրամանատարներից։ Ժամանակի ընթացքում նշանակովի պաշտոնը դարձավ ժառանգական։ Նրանք շահին տրամադրում էին հարկ և զորք, բայց ներքին կառավարման հարցերում գլխավորապես ինքնուրույն էին։ Կուսակալությունները բաժանվում էին կադիների գլխավորությամբ կառավարվող կազաների (պարս․՝ قضاء` մարզ), իսկ դրանք էլ՝ մելիքների կողմից ղեկավարվող մահալների (պարս․՝ محل` գավառ)։ Մելիքներից ցածր էին բեկերը, ովքեր կանգնած էին նահիեների (պարս․՝ ناحية` շրջան) գլուխ, և ունեին ենթակա պաշտոնյաներ՝ քեդխուդաներ (պարս․՝ كدخودا) ու քալանթարներ (պարս․՝ كلنتار)։ Վերջիններս բանակում զբաղեցնում էին հարյուրապետի պաշտոններ։

Վարչաքաղաքական բաժանումներից բացի, Սեֆյան պետության կազմում էին նաև մի քանի մանր թագավորություններ ու իշխանություններ, որոնք պահպանում էին իրենց ինքնուրույնությունը։ Հարավային Կովկասում դրանք էին Քարթլին և Կախեթը, որոնք հետագայում միավորվեցին։ Վերջինիս կազմում էին Շորագյալը (Շիրակի մարզ), Լոռի-Փամբակը (Լոռու մարզ) և Ղազախ-Շամշադինը (Տավուշի մարզ

Բանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեֆյան պետության կյանքում կարևոր դերակատարություն ուներ բանակը։ Սկզբում այն կազմված էր անկանոն ցեղապետային զորամասերից, որոնք ունեին նույն կառույցը, ինչ Ակ-Կոյունլուների պետության բանակը։ Այստեղ հավաքագրվում էին մուլազիմներ (պարս․՝ ملازم՝ կամավորներ), ովքեր զորակոչվում էին կուսակալի կողմից և պահվում իր հաշվին։ Դա իրենից ներկայացնում էր աշխարհազորը։ Բանակում նշանակալից տեղ էր զբաղեցնում շահի թիկնազոր գունդը՝ ղուրչին (պարս․՝ قورچی‌)։ Զորամասերն ունեին իրենց դրոշը և ցեղային հրամանատարը։

Իսմայիլ I-ի սաղավարտը

Սեֆյան բանակում ռազմական կառուցվածքը հաստատվում էր կենտրոնական, աջ և ձախ գնդերից։ Կենտրոնական գունդը ղեկավարում էր շահը, իսկ իր բացակայության դեպքում՝ ազդեցիկ կուսակալներից մեկը։ Դեռ Իսմայիլ I-ի օրոք ստեղծվել էր մշտական կանոնավոր զորամաս, որի խնդիրը շահի անվտանգությունը պաշտպանելն էր։ Այդտեղ ծառայող զինվորների թիվը հասնում էր 3000 մարդու, իսկ Թահմասպ I-ի օրոք՝ 5000-ի։ Մուլազիմները կարող էին միանալ ղուրչիին՝ թվաքանակը հասցնելով 12000-ի։

Շահ Աբբասի օրոք բանակը վերակառուցվում է։ Աշխարհազորի թվաքանակը հասցվում է մինչև 40 000-ի, իսկ մշտական բանակն ուներ 18000 զինվոր։ Թահմասպ I-ի օրոք բանակի թիվը հասնում էր առավելագույնը 60 000 մարդու, թեև շահի ժամանակակից պալատական վերնախավի ներկայացուցիչներն այն հասցնում էին 120000-ի։ Սեֆյան բանակը բաղկացած էր ծանր ու թեթև աշխարհազորային հեծելազորից։ Բանակն ուներ նաև թնդանոթներ և այլ ժամանակակից տեխնիկա։ Այն ղեկավարվում էր 3000-4000 հոգանոց հատուկ զորամասերի կողմից։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեֆյան պետության դրամական համակարգը հիմնված էր արծաթե մոնոմետալիզմի վրա։ Սկզբնական շրջանում պետություն բացակայում էր դրամական միասնական համակարգը և ընդհանուր դրամական միավորը։ Խոշոր քաղաքներն ունեին իրենց դրամահատման կետերը և շուկաները։ Դրանցից առավել հայտնի էին Թավրիզի, Թեհրանի, Սպահանի, Համադանի, Շիրազի ու Մեշհեդի կենտրոնները։ Առավել տարածված էին շահին (9.36 գրամ արծաթ) և պղնձե դինարը։ 50 դինարը կազմում էր մեկ շահի, իսկ 200 շահին՝ մեկ ոսկե թուման։ Շահ Աբբասի ժամանակ ավելացվում է նոր դրամական միավոր՝ աբբասին, որն իր արժեքով հավասար էր 4 շահի և 20 դինար։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեֆյան Պարսկաստանի տնտեսությունը հիմնված էր գլխավորապես անասնապահության ու երկրագործության եկամուտներից։ Պետությունը ձևավորվել էր ուշ միջնադարում և գտնվում էր նոր զարգացող եվրոպական երկրներից մեծ հեռավորության վրա։ Այդ է պատճառը, որ գյուղատնտեսության մեջ նոր տեխնոլոգիաներ չէին կիրառվում, հողը պատկանում էր ավատատիրոջը։ Նույն իշխող վերնախավը ծագում էր ոչ վաղ անցյալում կիսաքոչվոր ու քոչվոր խաշնարած ցեղերից։ Նոր նվաճվող տարածքները ղզլբաշների համար առաջին հերթին լեռնային արոտավայրեր էին, որտեղ նրանք զբաղվում էին անասնապահությամբ։ Հաճախ ամռանը ցեղերը բարձրանում էին լեռնային շրջաններ, այնուհետև՝ ձմեռում հարթավայրում։

Շահ Աբբաս I-ի կողմից կառուցված քարավանատուն մայրաքաղաք Սպահանում

Խոշոր գետերի հովիտներում շարունակվում էր ավանդական երկրագործությունը։ Տաք կլիման թույլ էր տալիս զբաղվել բամբակի ու բրնձի ցանքով, տարածված էին ցորենի ու գարու դաշտերը, մասնակիորեն զարգանում էին այգեգործությունն ու խաղողագործությունը։ Իրանը հայտնի էր շերամապահությամբ։ Երկրագործությունը կատարվում էր միջնադարում փորված ոռոգման համակարգով։

Արհեստներ և առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարեր շարունակ Իրանի տարածքը եղել է տարանցիկ առևտրի կենտրոն. Հնդկաստանից ու Չինաստանից եկող առևտրական քարավանները Մետաքսի ճանապարհով կապվում էին Հռոմեական, ապա նաև՝ Բյուզանդական կայսրության հետ։ Ուշ միջնադարում իրավիճակը Մերձավոր Արևելքում փոխվում է. նախ՝ ամբողջ տարածաշրջանը վերջնականապես գրավվում է իսլամադավան երկու նորահայտ պետությունների՝ Օսմանյան կայսրության ու Սեֆյան Պարսկաստանի կողմից, դրանով արևելքը դառնում է իսլամի տարածման գոտի։ Մյուս կողմից՝ Եվրոպայից վերջնականապես դուրս են գալիս մուսուլմանները. արաբներից ազատագրվում է Կաստիլիայի թագավորությունը և միավորվում Արագոնի հետ (Իսպանիա), թաթար-մոնղոլներից՝ Մոսկվայի մեծ իշխանությունը, որը միավորում է ռուսական բոլոր հողերը (Ռուսական թագավորություն)։ Քրիստոնեադավան եվրոպացիները վերջնականապես երես են դարձնում իսլամացած արևելքից Աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանում՝ Ամերիկայի ու Ավստրալիայի հայտնագործումից հետո։

Ուշ միջնադարում՝ սկսած 19-րդ դարից, Իրանը կորցնում է միջազգային տարանցիկ առևտրի կենտրոնի դերն ու նշանակությունը։ Այն կապվում է հիմնականում Հնդկաստանի՝ արդեն ծովային դարձած առևտրի հետ։ Իրանի տարածքում կառուցվում են նոր քարավանատներ ու վերականգնվում են նախկինում գոյություն ունեցող ճանապարհները։ Շահ Աբբասը փորձում է վերականգնել տարածաշրջանի խաղաղությունը և Մետաքսի ճանապարհը, կառուցում կամուրջներ ու ճանապարհներ, հիմնում արհեստանոցներ ու տոնավաճառներ։ Ճանապարհների հսկվում են պետության կողմից։ Առաջավոր Ասիայում հաստատվում է հարաբերական դադար 1639 թվականի պայմանագրի կնքումից հետո, երբ 80 տարով դադարում են պատերազմները։ Այդուհանդերձ, Իրանում առևտուրը նախկին ծավալների այլևս չի հասնում։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթության զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեֆյան ընտանիքը նախքան պետության կազմավորումը հայտնի էր որպես ուսյալ և զարգացած գերդաստան։ Պահպանվել են շեյխ Սաֆիի՝ թաթական ու պարսկական պոեզիային վերաբերող հատվածներ։ Իսմայիլ I շահը հայտնի էր «Խաթայի» գրական կեղծանվամբ[13]։ Նրա որդին՝ Սամ Միրզան, հայտնի էր ոչ միայն պարսկական, այլև թուրքական գրականության ասպարեզում[14]։ Սեֆյան երկրորդ շահը՝ Թահմասպը, ոչ միայն բանաստեղծ էր, այլև նկարիչ, իսկ Աբբաս II-ը հայտնի էր որպես Ադրբեջանի թյուրքերենով ստեղծագործած բանաստեղծ[15]։

Մայրաքաղաք Սպահանի Չհար-Բաղ (պարս․՝ مدرسه چهار باغ` չորս այգիներ) բարձրագույն դպրոց

Իրանի բարեփոխիչ ղեկավար շահ Աբբաս I-ը վերակառուցել էր երկրի տնտեսությունը, ինչի արդյունքում զարգացել էին նաև արվեստները։ Մասնավորապես բարգավաճել էին մանրանկարչությունը, գեղագրությունը, գորգագործությունը և քանդակագործությունը, և արվեստագործական արտադրանքը մեծ սպառում ուներ շուկայում։ Թավրիզը, Թեհրանը, Սպահանը և Շիրազը դարձան մշակույթի զարգացման կենտրոններ, որտեղ 17-րդ դարից սկսած առավել մասնագիտական եղանակով պատրաստվում էին հռչակավոր պարսկական գորգերը։ 1630 թվականին ավարտին է հասցվում նոր մայրաքաղաք Սպահանում արքայական մզկիթի կառուցումը։ Քաղաքի բնակչությունը հասնում է 400,000-ի[16]։

17-րդ դարում շահ Ռեզա Աբբասին նորամուծություն է մտցնում իրանական մշակույթում. լայնորեն տարածվում են կիսամերկ կանանց, երիտասարդների ու սիրահարների պատկերները։ Գեղանկարչության ու կերպարվեստի այլ ճյուղերում հայտնի էր Սպահանի դպրոցը։ Այս ամենը հետևանք էր Հնդկաստանի միջոցով եվրոպական երկրների հետ աճող առևտրի, ինչպես նաև՝ փորձի փոխանակման և այլ բարեփոխումների։ Սկզբնական շրջանում եվրոպացիները դեմ էին Օսմանյան կայսրության՝ դեպի արևմուտք ընդարձակմանը, ուստի բարիդրացիական կապեր էին հաստատում ու զինում իրանական կողմին։

Զարգանում է դարեր առաջ կասեցված պարսկական գրականությունը։ Նոր ստեղծագործությունները արվում էին դարձյալ իսլամական մշակույթի ավանդույթների համաձայն՝ ստեղծվում էին կասիդաներ ու կիտաներ, ձոներգվում են առաջնորդների ձեռքբերումները։ Նկարազարդվում են Ֆիրդուսիի, Նիզամիի, Օմար Խայամի և պարսիկ այլ հեղինակների աշխատությունները։ Գրականության զարգացմանն օգնում է տպագրության գյուտը. 17-րդ դարում Սպահանն ուներ սեփական տպարանը։ Մայրաքաղաք Սպահանին կից կառուցված Նոր Ջուղա հայկական բնակավայրը նույնպես ունենում է աշխույժ մշակութային կյանք, կառուցվում են եկեղեցիներ, հիմնվում է տպագրատուն ու դպրոց, զարկ է տրվում կերպարվեստի ու կիրառական արվեստների բարգավաճմանը։

Բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիոլոգների ու կենսաբանների դիրքերը Սեֆյանների ժամանակաշրջանում եղել են առավել զորեղ, քան մինչ այդ։ Նախկինում հին հույների ու հին հռոմեացիների մոտ բժիշկները չեն ունեցել հասարակական այդպիսի մեծ գնահատում, և պարսիկները այդ տեսանկյունից օգտագործել են ինչպես սեփական, այնպես էլ՝ Արաբական խալիֆայությունից ու Բյուզանդական կայսրությունից ժառանգած բժշկագիտական ավանդույթները։

Բժշկագիտության կանոն գրքի լատիներեն օրինակը, 1484 թվական (պահվում է ԱՄՆ-ում)

Եթե միջնադարում ու հելլենիստական շրջանում բժշկությունը զարգանում էր գերազանցապես որպես փիլիսոփայության մաս՝ աստղագիտության, ալքիմիայի, մաթեմատիկայի, տրամաբանության և այլ գիտությունների պես, ապա այժմ առանձնանում է որպես ինքնուրույն գիտություն[17]։ 16-րդ դարում իսլամական գիտությունը ներկայացված էր գերազանցապես Իրանում, քանի որ Թուրքիայում դրա զարգացման համար բավարար նախադրյալներ չկային։ Դեղագործության և մանկաբուժության ոլորտներում ուսումնասիրվող աշխատությունների շարքում առավել հայտնի էր վաղ միջնադարի պարսիկ բժիշկ ալ-Ռազիի (865-92) գործերը, որոնք մինչ այժմ գործածվում են եվրոպական համալսարաններում, Իբն Սինայի (980-1037) «Բժշկագիտության կանոնը»[18]։ Գիտությունների զարգացումը դարձյալ մեծապես կապված էր եվրոպացիների նվաճողական քաղաքականության հետ, որով նրանք ձգտում էին զորեղացնել Իրանը՝ ընդդեմ Եվրոպա ծավալվող Օսմանյան կայսրության։

Չնայած բժիշկների՝ հասարակության մեջ բարձր դիրք գրավելուն, Սեֆյան Իրանում զարգացել է բժշկագիտության ճյուղերից միայն դեղագործությունը։ Հայտնի է «Տիբ-է Շիֆայի» (պարս․՝ طب ه شفائ՝ ապաքինման բժշկություն) աշխատությունը՝ գրված 1556 թվականին։ 1681 թվականին այս գիրքը թարգմանվում է ֆրանսերեն՝ որպես «Պարսկական դեղագիտություն» (լատ.՝ Pharmacopoea Persica)[19]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի ճարտարապետության նոր շրջանի պատմությունը կապված է ուշ միջնադարում վերականգնված պետականության հետ։ Դա տնտեսապես ու քաղաքականապես կայուն կարգավիճակ ունեցող ազգային կառույց էր, որպիսին պարսիկները չէին ունեցել մոտ մեկ հազարամյակ։ Երկրի ներքին նահանգների խաղաղ ու կենտրոնացված կառավարումը հանգեցնում է ճարտարապետության ու շինարարության զարգացմանը։ Վերջիններիս բարգավաճումն իրականացվում էր նախորդ դարաշրջաններում ձեռք բերած նվաճումներով։

Շահի մզկիթ. Ֆրանսիացի քանդակագործ Պասկալ Կոստեի նկարը, ով 1841 թվականին այցելել էր Իրան

1598 թվականին Շահ Աբբասը մայրաքաղաքը Ղազվինից տեղափոխում է Զայանդեռուդ («կենսատու») գետի հովտում գտնվող Սպահան, այն կառուցապատում ու գեղեցկացնում նոր շինություններով։ Դրանով նա ավելի է ամրապնդում իր դիրքերը կենտրոնական նահանգներում և ուժեղացնում վերահսկողությունը Պարսից ծոցի շրջանում, որտեղ հոլանդական, բրիտանական ու եվրոպական այլ առևտրական ընկերությունները զբաղվում էին տարանցիկ վաճառականությամբ[20]։

Սպահանի նոր հատակագծի ու շինությունների գլխավոր ճարտարապետներից էր Շեյխ Բահային (Բահա ալ-Դին ալ-Ամիլի), ով նախագծել էր Չարբաղի (պարս․՝ چهارباغ, չահար բաղ՝ չորս այգիներ) պողոտան, Նակշե Ջահան հրապարակը[21], Շահի մզկիթը, տարբեր այլ կառույցներ։ Սպահանը պետք է լիներ պարսկական մշակույթի ու ղզլբաշների ռազմական հզորության արտացոլումը[22]։ Մայրաքաղաք Սպահանում կառուցվում են Լոթֆալլահի մզկիթը (1618), վերաբացվում «Հաշթ բեհեշթ» (ութ դրախտ) պալատը (1469), հիմնվում Չահար Բաղի համալսարանը (1714), իսկ մայրաքաղաքին կից կառուցվում է հայկական Նոր Ջուղան՝ իր դպրոցներով, եկեղեցիներով, արհեստանոցներով ու շուկաներով։ Սպահանում, Թեհրանում, Թավրիզում և այլուր կառուցվում են մզկիթներ, բաղնիքներ, հրապարակներ, հասարակական նշանակության կառույցներ՝ դպրոցներ, քարավանատներ, տոնավաճառների համար՝ հրապարակներ և այլն։ Շինարարական աշխատանքները շարունակվում են նաև հետագայում՝ Ղաջարիների տիրապետության ընթացքում[23]։

Սեֆյանների ժամանակ իսլամական ճարտարապետության հուշարձաններ են կառուցվում նաև Հարավային Կովկասում՝ Թբիլիսիում, Գանձակում, Երևանում, Բաքվում։ 1583 թվականին օսմանյան զորահրամանատար Ֆարհադ փաշայի կողմից կառուցված Երևանի բերդում պարսիկները կառուցում են երկու մզկիթ, որոնցից մեկը՝ Կապույտ մզկիթը, կանգուն է այսօր, և մինչև 21-րդ դարի սկիզբը համարվում էր Անդրկովկասի ամենամեծ մզկիթը։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղզլբաշները (պարս․՝ قزلباش‎ Qizilbāsh, թուրք.՝ Kızılbaş), Իրանական լեռնաշխարհի հյուսիսային հատվածի ու Կովկասյան լեռների հարավային ճյուղերին հարող տարածքներում շրջող թյուրքալեզու քոչվոր ցեղեր էին։ Իրենց անվանումը ծագում է թուրքերեն կարմիր (kızıl) և գլուխ (baş) անվանումներից, քանի որ իրենց ռազմիկները տասներկու շիա իմամների պատվին կրում էին տասներկու շարք կարմիր կտորներով չալմաներ։ Սեֆյանների շեյխական ընտանիքը, հենվելով թյուրքալեզու խաշնարած ցեղերի զորության վրա՝ ստեղծել էր յուրատեսակ հոգևոր-ասպետական միաբանություն. նրանք զավթումներով տարածում էին իսլամի շիական դավանանքը։ 15-րդ դարի վերջին և 16-րդ դարի սկզբին շեյխ Սաֆիի ժառանգներից Իսմայիլը միավորեց ռումլու, շամլու, ուսթաջլու, թաքալու, աֆշար, բայաթ, զուլկադար ցեղերը։ Դրանց միացան Հայկական լեռնաշխարհի կենտրոնական նահանգներում հաստատված բայբուրթլու, սաադլու, շամսադինլու և այլ ցեղեր, որոնք Ակկոյունլուների գերիշխանության տակ էին։ Այդպես հիմնվում է Ղզլբաշների կամ Սեֆյան պետությունը (դովլաթե ղզլբաշ)։
  2. Իսլամի վաղ շրջանում՝ 7-րդ դարում, ստեղծվել Արաբական խալիֆայությունը, որը միավորել էր գրեթե ամբողջ Մերձավոր Արևելքը՝ հաղթելով ժամանակի երկու հզորագույն պետություններին՝ ասպարեզից վերացնելով Սասանյան Պարսկաստանը (226-642) և քառատելով Բյուզանդական կայսրության տարածքը։ Իսլամի հիմնադիր Մուհամմադ մարգարեից հետո իշխանության էին եկել չորս ընտրովի առաջնորդներ՝ Աբու Բաքրը (632-634), Օմարը (634-644), Օսմանը (644-656) և Ալին (656-661)։ Վերջինս Մուհամմադի հորեղբոր որդին էր և նրա դստեր՝ Ֆատիմայի ամուսինը։ Այստեղ տեղի է ունենում բաժանում իսլամական համայնքում. մուսուլմանների մի մասը պաշտպանում է Ալիի ու նրա սերունդների թեկնածությունը՝ նրանց համարելով իմամ, քանի որ նրանք կրում էին Մուհամմադ մարգարեի առաքելությունն իրենց արյան մեջ (շիաներ), սակայն մեծ մասը համարում է, որ մարգարեական առաքելությունը Մուհամմադի մահից հետո վերացել է, և էական չէ՝ թե ով կղեկավարի իսլամական պետությունը (սուննիներ)։ Ավելի ուշ երկփեղկվում է նաև առանց այդ էլ փոքրաթիվ շիական համայնքը. Մուհամմադի 6-րդ ժառանգը՝ Ջաֆար ալ-Սադիկը, իր որդու՝ օրինական 7-րդ իմամ Իսմայիլի մահից հետո իմամ է նշանակում Մուսա ալ-Կազիմին՝ կրտսեր որդուն։ Շիաների այն մասը, ովքեր համարում են, որ մարգարեական ժառանգությունը Իսմայիլի մահով վերացել է, համարվում են յոթական շիաներ, իսկ մնացածները՝ տասներկուական շիաներ, քանի որ Մուսա ալ-Կազիմին հաջորդել են ևս 5 իմամներ, իսկ վերջինն անհետացել է՝ ապագայում հայտնվելու և մարդկանց փրկելու պայմանով։ Հետևաբար, Սեֆյանները իրենց համարելով Մուսա իբն Կազիմի ժառանգներ՝ տասներկուականներ էին և ըստ իրենց, ծագում էին Մուհամմադ մարգարեից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ṣafavid dynasty, Britannica
  2. И. В. Пигулевская, А. Ю. Якубовский А. Ю., И. П. Петрушевский, Л. В. Строева, А. М. Беленицкий. «История Ирана с древнейших времен до конца XVIII века». 1958
  3. И. П. Петрушевский. Очерки по истории феодальных отношений в азербайджане и армении в XVI — начале XIX вв.
  4. Վ. Պարսամյան, Հայկական կուլտուրան IX-XIV դարերում, Հայ ժողովրդի պատմություն, Երևան, «Հայպետուսմանկ», 1963, էջ 207-208 — 484 էջ։
  5. F. Daftary, «Intellectual Traditions in Islam», I.B.Tauris, 2001. pg 147: «But the origins of the family of Shaykh Safi al-Din go back not to Hijaz but to Kurdistan, from where, seven generations before him, Firuz Shah Zarin-kulah had migrated to Adharbayjan»
  6. Savory. Ebn Bazzaz. // Encyclopædia Iranica
  7. B. Nikitine. Essai d’analyse du afvat al-Safā. Journal asiatique. Paris. 1957, стр. 386)
  8. David Ayalon. Gunpowder and Firearms in the Mamluk Kingdom: A Challenge to a Mediaeval Society. Vallentine, Mitchell, 1956. Стр. 109)
  9. Zeki Velidi Togan, Sur l’origine des Safavides, в Mélanges Louis Massignon, Institut français de Damas, 1957, стр. 345—357
  10. Эдмунд Босуорт. «Мусульманские династии» (Перевод с английского и nримечания П. А. Грязневича), страница 226
  11. V. Minorsky. «The Poetry of Shah Ismail», Bulletin of the School of Oriental and African Studies, University of London, Vol. 10. No. 4, 1942
  12. Н. В. Пигулевская, А. Ю. Якубовский, И. П. Петрушевский, Л. В. Строева, А. М. Беленицкий. История Ирана с древнейших времён до конца XVIII века. — Л.: Изд-во Ленинградского университета, 1958. Стр. 252. В XV в. главной опорой Сефевидов стали тюркские кочевые племена, говорившие на азербайджанском языке. Они были разного происхождения, большая их часть откочевала в Азербайджан и Иран из Малой Азии, из вражды к османским султанам и их централистской политике. Первоначально таких племен было семь: шамлу, румлу, устаджлу, текели, афшар, каджар и зулькадар.
  13. V. Minorsky, "The Poetry of Shāh Ismā‘īl I", Bulletin of the School of Oriental and African Studies, University of London 10/4 (1942): 1006–53.
  14. "Ismail Safavi" Encyclopædia Iranica
  15. E. Yarshater, Language of Azerbaijan, vii., Persian language of Azerbaijan", Encyclopædia Iranica, v, pp. 238–45, Online edition.
  16. William L. Cleveland and Martin P. Bunton, A History of the Modern Middle East (Westview Press, 2000), 2nd ed., pp. 56-57.
  17. Savory, Roger: Iran under the Safavids, pp. 220–5.
  18. Savory, pp. 220.
  19. Savory, p. 222.
  20. Savory, Roger; Iran under the Safavids, p. 155.
  21. Sir Roger Stevens; The Land of the Great Sophy, p. 172.
  22. Savory; chpt: The Safavid empire at the height of its power under Shāh Abbas the Great (1588-1629)
  23. Jodidio, Philip, Iran: Architecture For Changing Societies:Umberto Allemandi (August 2, 2006).


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]