Թուրք-պարսկական պատերազմ (1578-1590)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թուրք-պարսկական պատերազմ (1578-1590)
Թուրք-պարսկական պատերազմներ
OttomanEmpireIn1683.png
Պատերազմի արդյունքում Օսմանյան կայսրության կողմից ձեռք բերած տարածքները ներկված են կապույտ գույնով:
Թվական 1578—1590
Վայր Անդրկովկաս, Քուրդիստան
Արդյունք Ստանբուլի պայմանագիր (1590)
Հակառակորդներ
Safavid Flag.svg Սեֆյան կայսրություն Fictitious Ottoman flag 2.svg Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Safavid Flag.svg Խամզա միրզա
Safavid Flag.svg Աբաս I Մեծ
Fictitious Ottoman flag 2.svg Լալա Մուստաֆա փաշա
Fictitious Ottoman flag 2.svg Կոջա Սինան փաշա
Fictitious Ottoman flag 2.svg Օզդեմիրօղլու Օսման փաշա

Թուրք-պարսկական պատերազմ 1578—1590 թվականների, զինված բախում Օսմանյան և Սեֆյան տերությունների միջև Անդրկովկասի նկատմամբ վերահսկողության համար[1]:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան և Սեֆյան կայսրությունների միջև սահմանը հաստատվել էր 1555 թվականին Ամասիայի հաշտության պայմանագրով: Սակայն 1576 թվականին մահացավ պարսից շահ Թահմասպ 1-ինը: Գահ բարձրացած նրա որդի Իսմայիլ 2-րդը իր կառավարումը սկսեց հարազատների դեմ բռնաճնշումներ կիրառելով, սպանեց վեց եղբայրներին, և 1577 թվականին հենց ինքը դավադրության զոհ դարձավ: Նոր շահ դարձավ թույլ ու կիսակույր Մուհամադ Խուդաբենդեն, ում օրոք շահից միայն տիտղոսը պահպանվեց, իսկ Պարսկաստանը փաստացի իրար մեջ բաժանեցին տարբեր ցեղերի էմիրները: Մեկ տարվա ընթացքում էմիրները մսխեցին Թահմասպի կողմից 53 տարիների ընթացքում կուտակած հարստությունը, երկրում գժտություններ ծայր առան:

Օսմանյան ղեկավարության շրջանում տարակարծություններ էին առաջացել կայսրության արևելյան սահմանների ռազմավարության շուրջ: Մեծ վեզիր Սոկոլլու Մեհմեդ փաշան կտրականապես դեմ էր Պարսկաստնի դեմ պատերազմին , քանի որ հասկանում էր առանձին շրջաններում բանակի մատակարարման դժվարությունները և վախենում էր խոշոր ծախսերից, սակայն նա իրեն ատող հզոր թշնամիներ ուներ, ովքեր պահանջում էին պատերազմական ճանապարհով ճնշել ղըզըլբաշներից եկող վտանգը: Սեֆյանների հետ պատերազմելու սկզբունքային որոշումը կայացնելուց հետո բանակի գլխավոր հրամանատար է նշանակվում ընդդիմության առաջնորդ, Կիպրոսյան պատերազմի հերոս Լալա Մուստաֆա փաշան և Եմենյան պատերազմի հերոս Խոջա Սինան փաշան: Սակայն Լալա Մուստաֆան և Խոջա Սինանը չկարողացան համագործակցել, և Խոջա Սինանը պաշտոնանկ արվեց, իսկ Լալա Մուստաֆան սկսեց նախապատրաստվել պատերազմական պարգևներ ստանալու՝ պլանավորելով , որ հաղթանակից հետո Մեհմեդի փոխարեն ինքն է դառնալու մեծ վեզիր:

Պատերազմի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան բանակը ծովով շարժվեց դեպի Տրապիզոն, իսկ հետո ցամաքով անցավ Էրզրում՝ այն դարձնելով առաջավոր բազա, և 1578 թվականի ամռանը սկսեց ռազմական գործողությունները: Սեֆյաններն ու իրենցից կախյալության մեջ գտնվող իշխանությունները այնպիսի վատ դրության մեջ էին գտնվում, որ օսմանյան զորքերն անցան ողջ Վրաստանը՝ ճանապարհին գրավելով Թիֆլիսը, իսկ ամռան վերջին շրջափակեցին Շիրվանի որոշ շրջաններ: Թուրքերն այնքան վստահ էին իրենց հաղթանակում, որ Շիրվանի տարածքում օսմանյան գավառ կազմավորեցին, որի ղեկավար նշանակվեց Օզդեմիրօղլու Օսման փաշան: Սկզբնական շրջանում թաթարների աջակցությամբ նա կարողացավ ճնշել տեղի բնակչության և սեֆյան զորամիավորումների դիմադրությունը, բայց Թիֆլիսում իրեն՝ օսմանյան զորքերի հետ կապող հանգույցների խզումը, Սեֆյանների հակահարձակումը, վերջիններիս կողմից Արեշի գրավումը, թաթարների պարտությունը և Շամախի ազատագրումը հարկադրեցին նրան լքել Շամախի գավառական մայրաքաղաքը և ձմեռել Դերբենդում:

Իր հակառակորդ Խոջա Սինանին թողնելով Ստամբուլում՝ Լալա Մուստաֆան ճակատագրական սխալ թույլ տվեց: Երբ 1579 թվականին գաղտնի կերպով ուղարկված դերվիշի կողմից սպանվեց Սոկոլլու Մեհմեդ փաշան, նրա պաշտոնը զբաղեցրեց երկրորդ վեզիր Սեմիզ Ահմեդ փաշան, իսկ Խոջա Սինանը, բարձրանալով ծառայողական սանդուղքով, դարձավ երրորդ վեզիր: Սեմիզ Ահմեդը ռազմաճակատից հետ կանչեց Լալա Մուստաֆային, և նրա փոխարեն հրամանատար նշանակեց Խոջա Սինանին. Լալա Մուստաֆան դարձավ երկրորդ վեզիր: Նա, այնուամենայնիվ, դեռևս ակնկալում էր մեծ վեզիր դառնալ, երբ Սեմիզ Ահմեդը ընդամենը մի քանի ամիս մեծ վեզիրի պաշտոնում լինելով մահացավ: Սակայն Խոջա Սինանը կարողացավ խոչընդոտել, և 1580 թվականի օգոստոսին, մեծ վեզիրի պաշտոնը երեք ամիս թափուր մնալուց հետո, այն զբաղեցրեց Խոջա Սինանը: Կարճ ժամանակ անց Լալա Մուստաֆան մահացավ:

Երբ 1580 թվականի նոյեմբերին Խոջա Սինանը, դեռևս բանակի գլխավոր հրամանատար լինելով, հասավ Էրզրում, Սեֆյանները հաշտություն խնդրեցին: Խոջա Սինանը վերադարձավ Ստամբուլ՝ ենթադրելով, որ ռազմական գործողությունները վերջացել են, մինչդեռ իրականում կռիվները շարունակում էին Վրաստանում, ինչն էլ խանգարեց հաշտության պայմանագիր կնքելուն:

Մի քանի ամիս անց Խոջա Սինան փաշան պաշտոնանկ արվեց, նրա փոխարեն նշանակվեց երկրորդ վեզիր Սիյավուշ փաշան: Նրա օրոք Օսմանյան կայսրությունը Կովկասը զավթելու փորձ կատարեց: Ստեղծվեցին չորս նոր գավառներ: Քանի որ տեղի իշխանները բավականին անվստահելի էին, թուրքերը այստեղ ստիպված եղան ամրություններ կառուցելու: Առաջնային բազա դարձավ Կարսը, վերակառուցվեց Երևանը, ամրացվեցին մյուս հետակետերը:

Օզդեմիրօղլու Օսման փաշան մնաց Դերբենդում մինչև 1582 թվականը, երբ այստեղ Ռումելիայից, Ղրիմի վրայով օգնական ուժեր բերվեցին, ինչից հետո նա արևելյան Կովկասից Սեֆյաններին վտարելու նպատակով արշավանք սկսեց: Ղրիմի խան Մեհմեդ 2-րդ Գերայը հրաժարվեց անհրաժեշտ քանակով զորք տրամադրելուց, այդ պատճառով Օզդեմիրօղլու Օսմանը ուղևորվեց Ղրիմ և, համագործակցելով Ստամբուլից ուղարկված՝ Կիլիչ Ալի փաշայի հրամանատարությամբ ջոկատի հետ, նոր խան նստեցրեց գահին: Բավարար քանակությամբ թաթարական զորքեր ստանալով՝ Օզդեմիրօղլու Օսման փաշան կարողացավ Կովկասի արևելյան շրջաններում ջախջախել Սեֆյաններին:

Երբ Օզդեմիրօղլու Օսման փաշան վերադարձավ Ստամբուլ, նրան դիմավորեցին ինչպես հերոս, և 1584 թվականի ամռանը նա, հակառակ սուլթանին շրջապատող կլանի կամքի, նշանակվեց մեծ վեզիր: 1585 թվականին նա գրավեց Սեֆյանների մայրաքաղաքը՝ Թավրիզը, և առաջին անգամ կարողացավ այն պահել: Թուրքերի վստահությունը իրենց ուժերի հանդեպ այնքան մեծ էր, որ օսմանյան քաղաքականությունը որոշ ժամանակաընթացք լրջորեն դիտարկում էր ուզբեկական խանի՝ Ռուսաստան գնալու և միացյալ ուժերով Աստրախանը նվաճելու առաջարկը: Այդ ընթացքում հարավում Պարսկաստանի դեմ բացվեց ևս մեկ ռազմաճակատ՝ Բաղդադի թուրքական նոր նահանգապետ Սիգալազադե Սինան փաշան գրավեց Իրանի հարավ-արևմտյան տարածքները և այստեղ ստեղծեց երկու նոր գավառներ:

Շահ Մուհամմադը, գիտակցելով իր թուլությունը, առաջնային պլան մղեց իր որդիներից մեկին՝ Համզային: Համզա-միրզա փորձեց դիմադրել օսմաններին, և անգամ որոշ հաջողություններ ունեցավ այդ առումով, սակայն էմիրների հերթական դավադրության զոհը դարձավ: Մուհամադ Խուդաբենդեն ուղևորվեց Ֆարս՝ճնշելու այստեղ բռնկված ապստամբությունը և շուտով մահացավ: Այդ ժամանակ արևելքում իրենց գործողություններն ակտիվացրեցին ուզբեկները: Սեֆյան Պարսկաստանը որպես պետություն փաստացի դադարեց գոյություն ունենալուց:

Մուհամմադի մահից հետո 1587 թվականին պարսից գահին նստեց նրա 16-ամյա թոռ Աբբասը: Նա հասկանում էր, որ միաժամանակ երկու ճակատով հնարավոր չէ մարտնչել, և որոշեց, առժամանակ անուշադրության մատնելով ուզբեկներին, կենտրոնանալ օսմանների դեմ պայքարի վրա: Այդ նպատակով նա բանակցություններ սկսեց Ռուսաստանի հետ՝ հակաթուրքական ռազմական դաշինք կնքելու համար՝ խոստանալով Մոսկվային զիջել Դերբենդը և Շիրվանը: Սակայն բանակցություններն ապարդյուն եղան, և Աբբասը հարկադրված եղավ ծայրահեղ անշահավետ հաշտություն կնքել Օսմանյան կայսրության հետ:

Արդյունք[խմբագրել | խմբագրել կոդը]

1590 թվականի մարտին Օսմանյան կայսրության և Սեֆյան տերության միջև կնքվեց Ստամբուլի պայմանագիրը, որով Պարսկաստանը կորցրեց Անդրկովկասը: Շահ Աբբասը հաստատված խաղաղությունն օգտագործեց ուզբեկներին ջախջախելու, իր իշխանությունը ամրապնդելու և կանոնավոր բանակ ստեղծելու համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ga ́bor A ́goston,Bruce Alan Masters. Encyclopedia of the Ottoman Empire Infobase Publishing, 1 jan. 2009 1438110251 p 282

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «История Востока» (в 6 т.). Т.III «Восток на рубеже средневековья и нового времени. XVI—XVIII вв.» — Москва: издательская фирма «Восточная литература» РАН, 1999. ISBN 5-02-018102-1
  • Кэролайн Финкель «История Османской империи. Видение Османа», — Москва, АСТ, 2010. ISBN 978-5-17-043651-4