Գորգագործություն
Գորգագործություն, գորգերի արտադրություն։ Հնուց տարածված է եղել Մերձավոր Արևելքում, Իրանում, Միջին Ասիայում, Կովկասում, Հայաստանում։ Գորգագործություն մեջ օգտագործվել է ոչխարի և ուղտի բուրդ, այծի փափուկ մազ, բամբակ, թանկարժեք գորգերում՝ նաև մետաքս, ոսկեթել ու արծաթաթել։
Դասական գորգը ստեղծվում է հանգուցավոր գործվածքով, որի թելերը երեք տեսակ են՝ հենքի թել(երկու կամ երեք տակ ամուր ոլորած), միջնաթել(երկու տակ ամուր ոլորած) և գործաթել(հին գորգերում՝ երկու, այժմյան գորգերում՝ մեկ, թույլ ոլորած, փափուկ թել)։ Առաջին երկուսը մնում են գործվածքի մեջ, իսկ երրորդը, որով կապում են առանձին հանգույցները, առաջացնում է գորգի թավշակերպ մակերեսը։ Գորգի թելերը հենում են տորքի վրա։ Հենքի մեկ կամ երկու թելի (հայկական գորգերում՝ երկու թելի) վրա կապվում է առանձին հանգույցը, որից հետո դանակով կտրում են հանգույցի թելերի ծայրը։ Գորգի լայնությամբ, կողք-կողքի, կապում են հանգույցները(վերջիններիս գույնը պայմանավորված է զարդանկարով և գորգի դաշտի գույնով), որոնց յուրաքանչյուր շարքը ավարտելուց հետո մատներով քաշում, նստեցնում են հանգույցները, հետո աջից ձախ և ձախից աջ անց են կացնում միջնաթելը հենքի մեկ ու մեջ թելերի միջոցով և կտուտիչով(կոփիչ, թելատու) կտուտում։ Մինչև 19-րդ դարի վերջը հենքի թելերի միջով մատի հաստության բրդյա պարան էին անց կացնում և փայտյա գործիքով(բեջ) նստեցնում հանգույցներն ու միջնաթելը, ապա պարանը հանվում և պահվում էր հաջորդ շարքի համար։ Այժմ չեն գործածում։ Ցանկացած բարձրությամբ, մկրատով հավասար խուզում են յուրաքանչյուր շարքի հանգույցների ծայրերը։ Որքան բարակ են գորգի թելերը, այնքան ավելի շատ են հանգույցները(1 մ² վրա 180000—300000 և ավելի)։ Հայկական գորգագործությունը զարգացել է երկու հունով՝ արհեստավորական և ժողովրդական։ Արհեստավորական շրջաններում գործել են թանկարժեք գորգեր՝ հմուտ վարպետների ու նկարիչների մասնակցությամբ։ Այդ գորգերի զարդանկարները նմանություններ ունեն մանրանկարչական զարդանկարների հետ։ 19-րդ դարի վերջից գորգերն արտադրում են մեքենաներով, որ ավելի արտադրողական է, սակայն ձեռքի գորգերը, գեղարվեստական արժեքով և ամրությամբ գերազանցում են մեքենայականին։
Հայաստանում թել ներկելու համար օգտվել են հանքային, կենդանական (որդան կարմիր) և հատկապես բուսական (տորոն, դեղնածաղիկ, ընկույզի, սոխի կեղև և այլն) ներկերից։ Գույներն ամրացվել են հանքային նյութերով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 165)։ |