Jump to content

Տավուշի մարզ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տավուշ (այլ կիրառումներ)
Տավուշի մարզ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կարգավիճակմարզ
Մտնում էՀայաստան
Ներառում է5 քաղաք, 57 գյուղ
ՎարչկենտրոնԻջևան
ՄարզպետՀայկ Ղալումյան
Բնակչություն117 700
Տարածք2704 կմ²
Հիմնադրված էնոյեմբերի 7, 1995 թ.
ISO 3166-2 կոդAM-TV
Փոստային ինդեքսներ3901–4216
Անվանված էՏավուշ
40°53′00″N 45°08′00″E / 40.883333333333°N 45.133333333333°E / 40.883333333333; 45.133333333333
tavush.mtad.am
Գոշավանք վանական համալիր

Տավուշի մարզ, մարզ Հայաստանի հյուսիսարևելյան մասում։ Մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ Բնակչությունը՝ 117 700[1]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տավուշի մարզի ռելիեֆային քարտեզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի (նախկինում՝ Շամշադին), Նոյեմբերյանի, Դիլիջանի տարածաշրջանները և 5 քաղաքներ՝ Իջևան, Նոյեմբերյան, Բերդ, Դիլիջան և Այրում։

Մարզը հյուսիսում սահմանակից է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին։ Հայաստանի պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսում է Աղստև գետը։ Ամենացածր կետը գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ (380 մ), ամենաբարձր կետը՝ Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է (2993 մ)։ Հայաստանի Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռներ)։ Գտնվում է Հայաստանի չափավոր խոնավ տարածաշրջանում։

Գետերը պատկանում են Կասպից ծովի (Կուր գետի) ավազանին և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերից։

Մարզի ամենամեծ բնական լիճը՝ Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է։ 1970-1980 թթ կառուցվել են Խնձորուտի, Հախումի, Տավուշի, Այգեձորի, Բերքաբերի և Քոլագրի ջրամբարները։

Մարզը գտնվում է Երևանից 137 կմ հեռավորության վրա։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տավուշի մարզը կազմավորվել է Հայաստանի Ազգային Ժողովի հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքով, որը հաստատվել է Հայաստանի նախագահի կողմից 1995 թվականի դեկտեմբերի 5-ին։ Մարզպետարանն իր գործունեությունը սկսել է 1996-ի փետրվարի 20-ին։

Մարզի Տավուշ անունը պայմանական և կամայական է, քանի որ հայոց պատմության մեջ չի եղել նման անունով վարչատարածքային միավոր, որ երբևէ ընդգրկած լիներ ներկայիս մարզի ողջ տարածքը։ Պատմական աշխարհագրությունից հայտնի է, որ Ուրարտու պետության (Արարատյան թագավորություն) ժամանակաշրջանում (մ․թ․ա․ IX-VI դդ․) երկրի հյուսիս-արևելքը, մինչև Կուր գետը զբաղեցրել է Եթիունէ կամ Ուտիք նահանգը, որը նաև ընդգրկել է ներկայիս ողջ Տավուշի մարզը։ Պատմահայր Մովսես Խորենացու հաղորդմամբ և Աշխարհացոյցի տվյալների համաձայն՝ Արտաշեսյանների թագավորության ժամանակաշրջանում (մ․թ․ա II- մ․թ․ I դդ․) Տիգրան Բ-ի ստեղծած թագավորության մեջ են մտել մարզի կենտրոնական և արևմտյան հատվածները[2]։ Դիլիջանն իր շրջակայքով մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ, իսկ մարզի արևելյան հատվածը՝ Ուտիք նահանգի մեջ՝ կոչվելով Տուսքուստակ գավառ, որը նշանակում է Տուսի գավառ։ Տավուշ անվան ստուգաբանությունը հենց կապվում է այս Տուս անվան հետ, որի մասին հիշատակություններ են պահպանվել պատմիչներ Մովսես Խորենացու և Հովհաննես Դրասխանակերտցու աշխատությունների մեջ։

1990 թվականի նոյեմբերի 11-ին նախ Տավուշի շրջան կոչվեց 16-րդ դարից Շամշադին անվանվող շրջանը, իսկ Հայաստանի վարչատարածքային վերջին բաժանումից հետո՝ նորաստեղծ մարզը։

Տավուշի մարզը ներառում է Մեծ Հայքի 3 աշխարհների գավառներ ու գավառամասեր։ Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջան) հիմնականում համապատասխանում է Գուգարքի Կողբափոր գավառին, կենտրոնական և արևմտյան մասերը (Իջևանի տարածաշրջան)՝ Կայեն և Կանգարք գավառներին։ Հարավային մասը (Դիլիջանի տարածաշրջան) մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ, իսկ արևելյան մասերի (Բերդի տարածաշրջան) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են Ուտիք աշխարհի Աղվե և Տուչքատակ գավառներում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիրանց վանք
Տավուշի բերդ
Աղստև գետ

Մարզը զբաղեցնում է Հայաստանի տարածքի 9.1%-ը, 1 քառ. կմ-ի վրա ապրում է 50 մարդ։ Բնակչության զգալի մասը բնիկ տավուշցիներ են. կան նաև Արցախից և Գարդմանքից տեղափոխվածների (տարհանվածների) սերունդներ։ 17-19-րդ դարերում հայության զգալի քանակի ներհոսք է եղել Արցախից դեպի Տավուշ։ Տեղափոխվածները կամ հիմնել են նոր գյուղեր կամ էլ վերականգնել նախկինում լքված կամ ավերված հայկական բնակավայրերը։

Տավուշի մարզի բնակչությունը կազմում է հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակի 4.2%-ը։ Բնակչության 62.3%-ը ապրում է գյուղական վայրերում։ Մարզը հանրապետության վառ արտահայտված գյուղատնտեսական շրջաններից է։

Տավուշի մարզկենտրոնը Իջևան քաղաքն է (մինչև 1919 թվականը՝ Քարվանսարա), որի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 19.4 հազար բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզկենտրոն Իջևանը Հայաստանի հյուսիսարևելյան հատվածի վարչական, արդյունաբերական, կրթամշակութային կենտրոնն է և տրանսպորտային հանգույցը։ Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է (մասնավորապես՝ փայտամշակումը, մետաղամշակումը, սննդամթերքի, հանքային ջրի և գինու արտադրությունները)։ Իջևան քաղաքը հայտնի է նաև գորգագործությամբ։

Մարդկային ներուժի զարգացման ինդեքս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի փոփոխությունը ըստ տարիների[3]։ Այն մարզի կրթական մակարդակի, կյանքի սպասվող տևողության և մեկ անձին ընկնող տարեկան եկամուտների համախառն ցուցանիշն է։

Տարի 1990 1995 2000 2005 2010 2015 2017
Ցուցանիշ 0.611 0.583 0.626 0.677 0.719 0.73 0.734
Սրանոցի կամուրջ

Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները (մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդ, հանքային բուժիչ ջրեր, անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ) չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգման և միջազգային տուրիզմի ծավալման համար։

Հայաստանի Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ։ Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծնի ու Մակարավանքի համալիրները, Տավուշի բերդը և այլն։ Հայտնի են նաև Ջուխտակ վանքերը, Մաթոսավանքը, Առաքելոց եկեղեցին, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սրանոցի կամուրջը, Մորո Ձորո վանքը, Լաստիվերի անապատը, Գոշի լիճը և այլն։

Տավուշ մարզի ուղղաձիգ գոտիականությունը կանխորոշում է մարզի կլիման։ Այն գտնվում է հանրապետության չափավոր խոնավ տարածաշրջանում։ Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է։ Հանրապետությունում առավելագույն անարև օրերը դիտվում են Իջևանում՝ մինչև 65 օր։ Գարունը լինում է տևական և հաճախ ուղեկցվում ցրտահարություններով, ամառը չափավոր տաք է, ձմեռը՝ մեղմ։

Լեռների բարձրության և դիրքադրման հետ կապված՝ մարզի լեռնային հարավն ու հովտային հյուսիսը զգալիորեն տարբերվում են կլիմայական պայմաններով։ Հարավի բարձրադիր լեռներում նվազագույն ջերմաստիճանը կարող է հասնել -38°C-ի, իսկ առավելագույն ջերմաստիճանը հյուսիսի ցածրադիր հովիտներում՝ 38-40°C-ի։ Տարեկան տեղումների քանակը 550-600 մմ է, առավելագույնը՝ ապրիլ-մայիս ամիսներին, որի պատճառով ծառերը հաճախ ծաղկավիժում են։ Ձյունածածկույթի հզորությունը միջին գոտիներում սովորաբար 10-15սմ է, իսկ անսառնամանիք օրերի քանակը՝ 100-240։ Ձմռանը մարզի հարավային սարերում, ձյան առատության և բքի պատճառով դժվարանում է մայրուղիների երթևեկությունը։ Մարզում, ընդհանրապես, և Աղստևի հովտում հաճախակի երևույթ է կարկտահարությունը։

Վերջին տասնամյակներում մարզում անսովոր շոգեր գրանցվել են 1996 և 2000 թվականներին, երբ Նոյեմբերյանում, Բերդում և Իջևանում ջերմաստիճանը հասել է 42-43°C-ի, ընդ որում անսովոր շոգը ուղեկցվել է երաշտով, որի հետևանքով վնասներ են կրել գյուղացիական տնտեսությունները։ Հակառակ երևույթը, երբ սովորականից շատ տեղումներ են գրանցվել, տեղի է ունեցել 2002 թվականի ամռանը։

Բնապահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարզ լիճ

Մարզի բնությունը գեղատեսիլ է։ Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։ Բնության նախաստեղծ վիճակի պահպանության, առավել հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով Աղստևի ավազանում ստեղծվել են Դիլիջանի պետական արգելոցը և Իջևանի անտառային այգին՝ դենդրոպարկը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ / Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե». armstat.am. Վերցված է 2026-08-25-ին.
  2. ↑ Սիմոնյան Ռ․, Տավուշի մարզ, էջ 6-7 http://ijevanlib.ysu.am/wp-content/uploads/2018/03/Tavushi-Marz.pdf (չաշխատող հղում)
  3. ↑ Subnational Human Development Index

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]