Ջուջևան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ջուջևան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
Հիմնադրված է1874 թ.
Այլ անվանումներՃչեվանք
ԲԾՄ1100 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն514[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս4116
Ջուջևան (Հայաստան)##
Ջուջևան (Հայաստան)

Ջուջևան, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, մարզկենտրոնից 42 կմ հյուսիս-արևմուտք, Բաղանիս գետի վերնագավառում։ Գտնվում է Երևանից 180 կմ, իսկ Հայաստանի պետական սահմանից՝ 7 կմ հեռավորության վրա։

Գյուղը գտնվում է տարածաշրջանային կենտրոն Նոյեմբերյանից 8.0 կմ, մարզկենտրոն Իջևանից՝ 53,0 կմ, մայրաքաղաք Երևանից 190,0 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուջևանը գտնվում է Տավուշի մարզի հյուսիսային մասում, հյուսիսային լայնության 41 աստիճանի և արևելյան երկայնության 45 աստիճանի վրա, Գուգարաց լեռնաշղթայի արևելյան և հյուսիս-արևելյան վերջավորության վրա գտնվող Էլակ սարի /1361 մ/ հարավային  և հարավ-արևմտյան ստորոտին, ծովի մակերևույթից 1000-1100 մետր բարձրության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1874 թվականին։ Այն գտնվում է Բաղանիս գետի վերին հոսանքի շրջանում, Նոյեմբերյան քաղաքից 5 կմ հարավ-արևելք։

Այժմյան Ջուջևան գյուղի գտնվելու վայրը եղել է մարդկության կացության հնագույն վայր, որը գոյություն է ունեցել քարե դարից սկսած։ Քարե դարե կայանքներ են հայտնաբերվել «Պարու քար», «Պլոլիկ հող» կոչվող հանդամասերում։

Գյուղի շրջակա տարածքները որպես բնակատեղիներ անընդմեջ գոյություն են ունեցել բրոնզե դարից սկսած մինչև մեր օրերը։ Գոյություն ունեն բրոնզեդարյան կիկլոպյան կառույցներ։ Դրանցից նշանավոր են` «Արամի Բլուր», «Պոպլոզի բլուր», «Քոչոլի բլուր» և այլ գագաթները (տես` Ս.Ս. Չիլինգարյանի «Նոյեմբերյանի շրջանի կիկլոպյան կառույցները» պատմա-բանասիրական հանդես, թիվ 1, 1968 թ.): Նշվածներից կարևոր է «Արամի բլուրը», որի դամբարանադաշտը գտնվում է հնագույն բնակատեղիի հարավային մասում, ուր կյանքը չի դադարել վար բրոնզեդարից մինչև մեր թվարկության առաջին դարերը։ Նույն դամաբարանադաշտից գտնվել են բացառիկ հուշարձաններ, որոնք եզակի են Հայաստանում։

Հայտանաբերվել է մոտ երկու մետր երկարության կաղնե փայտից պատրաստված նավակի բեկորներ,որոնք վառ ապացույց են, որ Շորվանի գետը, որը հոսում է գյուղի մոտով, հնագույն ժամանակներում եղել է մեծ գետ և նավարկելի։ Հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մ.թ.ա. 7-1-րդ դարերում Ջուջևանի տարածքը եղել է վաղ հայկական դարաշրջանի նշանավոր բնակատեղի, որտեղից հայտնաբերվել են բրոնզե, արծաթյա և երկաթե զենքեր, զարդեր, կենցաղային զանանազան իրեր, այդ թվում մ.թ.ա. 2-րդ դարից 1-ին դարերը Միհրդատ և օրոտ թագավորների դրամները։ Հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, հետագա դարաշրջաններում Ջուջևանը որպես բնակատեղի շարունակել է գոյություն ունենալ բոլոր ժամանակներում, ընդ որում բնակատեղիները անընդհատ փոփոխվել են։ Միջնադարյան բնակատեղիներից են «Գյուղատեղը», «Մոշուտի նավը», «Խեչատեղը» և այլն։

Ուշ միջնադարում, ավարառու ցեղերի հարձակման հետևանքով տեղանքի բնակավայրը դադաել է գոյություն ունենալ։ Տեղաբնակները հարկադրաբար հեռացել են տարբեր վայրեր։ Երկար ժամանակ բնակավայրը դադարել է գոյություն ունենալ։

Ջուջևան գյուղի անունը ամենայն հավանականությամբ առաջացել է Ջիջիվան անունից։

1874 թվականին «Ծակ քար» կոչվող հանդամասից բնակիչները ավարառու ցեղերի և թավադբեգերի հալածանքների հետևանքով հեռացել են և բնակություն հաստատել Լճկաձոր, Արճիս գյուղերում և Ջուջևանի այժմյան տարածքում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ջուջևանի մշտական բնակչությունը կազմել է 514, առկա բնակչությունը՝ 466 մարդ[1]։ Հիմնադրվել է 1874 թ.՝ հիմնականում Արցախից տեղափոխվածների կողմից։ Նախնիների մի մասը եկել են Այրումից, Հաղպատից և Լճկաձորից։

Ջուջևանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 73 172 328 380 481 547 520 583 581 514[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականին Ջուջևանում կազմակերպվում է «Կալինինի» անվան կոլտնտեսությունը։ Կոլտնտեսությունը հիմնականում զբաղվում էր տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, բանջարանաբոստանային կուլտուրաների մշակությամբ և կերարտադրությամբ։ 1961 թվականին ստեղծվում է Ղոշխոթանի միացյալ խորհտնտեսությունը, որի կազմի մեջ է մտնում նաև Ջուջևանի տեղամասը։ 1967 թվականին այն առանձնանում է, որպես առանձին խորհտհնտեսություն։ Այժմ ջուջևանցիները զբաղվում են 1991 թվականին տեղի ունեցած սեփականաշնորհումից իրենց բաժին հասած հողակտորը մշակելով, անասնապահությամբ, գյուղում զարգացած է նաև մեղվաբուծությունը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը հիմնադրվել է 1924 թվականին, որը գործել է Իսրայելյան Հմայակի տան նկուղում։ Առաջին ուսուցիչը եղել է Գերասիմ Իսրայելյանը, գյուղի տերտերի՝ Ղուկաս Իսրայելյանի որդին։ 1924-1925 թվականներին գործել է հիմնական դպրոցը, որի տնօրենն է եղել Լևոն Բարսեղյանը Կողբից, ով ունեցել է 7-ամյա կրթություն։ 1928-1933 թվականներին դպրոցի տնօրեն է աշխատել Վասիլ Ղուշչյանը՝ Դոստլուից /այժմ Բարեկամավան/: Մինչև 1941 թ. դպրոցը եղել է տարրական, իսկ 1941-ից դարձել է յոթնամյա։ Հետագա տարիներին դպրոցի տնօրեններ են աշխատել Անիկ Շաքարի Հարությունյանը, Մարուսյա Սերգոյի Չիլինգարյանը, Սիրուշ Ավագյանը /մինչև 1954թ,/, Լևոն Ղազարյանը /Ղալաչայից/, Վահան Երվանդի Իսրայելյանը /1956-1978թթ/, Անուշ Գրիշայի Ալեքսանյանը /1978-1990թթ./, Վալերիկ Սերյոժայի Վարդանյանը /1990-2018թթ./: 2018-ից դպրոցի տնօրենն է Վասիլ Վերանի Չիլինգարյանը։ 1991 թվականին դպրոցը դարձել է միջնակարգ։ Դպրոցի նոր շենքի բացումը կատարվել է 2002թ. սեպտեմբերի 28-ին, 2006-ին կառուցվել է նոր մասնաշենք հանդիսությունների ու մարզական դահլիճներով։

Հողատեսքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարելահողեր՝ 111.0 հա, խոտհարքներ՝ 351.0 հա, արոտավայրեր՝ 794 հա, բնակավայրի կառուցապատման տակի հողեր՝ 39 հա, այլ օբյեկտներ՝ 1.4 հա, չօգտագործվող հողեր՝ 12,4 հա։ Սեփականաշնորհված մեկ հողաբաժնի չափը՝ վարելահող՝ 0.33 հա, խոտհարք՝ 0,7 հա.

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անասնապահություն՝ խոշոր եղջրավոր անասուններ 645 հատ, որից կովեր՝ 268 հատ, ոչխարներ 5 հատ, որից մայրեր՝ 5 հատ, խոզեր 256 հատ, որից մայրեր՝ 28 հատ, ձի՝ 55 հատ, մեղվաընտանիք՝ 125 հատ, թռչուն՝ 850 թև

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30 °C է, ձմռանը՝- 2 °C։

Պատմամշակույթային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուջևանում են գտնվում Սուրբ Գրիգոր և 19-րդ դարի “Ջուջեվանք” եկեղեցիները, “Խեչ” սրբատեղին և XII-XIV դարերի մատուռը։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում է միջնակարգ դպրոց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 162» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 24-ին.