Հաղարծին (Տավուշի մարզ)
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Հաղարծին | |||
Ընդհանուր տեսարան | |||
| 40°46′41″N 44°57′45″E / 40.77806°N 44.96250°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Տավուշ | ||
| Համայնք | Տավուշի մարզ | ||
| Գյուղապետ | Գևորգ Թամրազյան | ||
| Այլ անվանումներ | մինչև 1940 - Ջարխեչ մինչև 1992 - Կույբիշև | ||
| Մակերես | 36.7 կմ² | ||
| ԲԾՄ | 980 մ | ||
| Կլիմայի տեսակ | բարեխառն | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | 3842[1] մարդ (2014) | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Արադավան, Ավետարանական, Հայ Առաքելական | ||
| Տեղաբնականուն | հաղարծնեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Հեռախոսային կոդ | 37426895 | ||
| Փոստային ինդեքս | 3908 | ||
| Ավտոմոբիլային կոդ | 58 | ||
| Պաշտոնական կայք | tavush.mtad.am/about-communities/736/ (հայ.) | ||
|
| |||
Հաղարծին գյուղը (մակերես՝ 36.7 կմ քառակուսի) գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 23 կմ հարավ-արևմուտք, Երևանից՝ 110 կմ Աղստև գետի ափին, Իջևան-Հրազդան երկաթուղու վրա։ Ծովի մակերևույթից բարձրությունը 1050 մ է։ Գտնվում է բարեխառն գոտում՝ ամռանը միջին ջերմաստիճանը + 19 C է, ձմռանը՝ -2 C։ Հաղարծին գյուղը բնակչության քանակով Հայաստանի 953 գյուղերի ցուցակում զբաղեցնում է 23-րդ տեղը (1985 թ.֊ին 5-րդն էր)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է 1815 թվականի օգոստոսի 11-ին Ճար Արծրունի իշխանի կողմից։ Գյուղի տարածքը մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ։ Գյուղի անունը եղել է Ջարխեչ։ Ըստ Հրաչյա ԱՃառյանի «Հայերեն արմատական բառարանի»՝ ԽԵՉ-նշանակում է, նեցուկ, հենարան, Ջարխեչ-Ճար իշխանի հենարան։ 19-րդ դարի սկզբին ունենալով 35 ծուխ, մտել է ռուսական կայսրության կազմի մեջ։ Խորհրդային տարիներին գյուղը վերանվանվել է Կույբիշև, իսկ 1991 թվականի ապրիլի 3-ին վերանվանվել է Հաղարծին։ Գյուղից 2 կմ արլ. է գտնվում Քսանջուր գյուղատեղին, գյուղի կիսաքանդ Սուրբ Կարապետ վանքը և Սբ. Սարգիս մատուռը։ Աղստև գետի աջ ափին է գտնվում Անդրհող տարածքը, որտեղ կան մ. թ. ա. 4-րդ հազարամյակի հայկական գերեզմաններ։ Ոչ ստույգ տվյալներով Գագիկ Ա-ի կինը թագուհի Կատրամիդեն թաղված է Հաղարծին-Ջարխեչ տարածքում։ Հայոց թագավոր Սմբատ Ա կամ Սմբատ Նահատակ Բագրատունիների թագավորություն (ծն. 850 - մահացել է՝914 թվականի հունվարի 7-ին Երնջակ բերդ, թաղվել է՝ Հաղարծին վանական համալիրում:Առաջին բնակիչները տեղափոխվել են Աչաջուր գյուղից, նրանք 7 ընտանիք են եղել-Թամրազյաններ, Աղաջանյաններ, Հովհաննիսյաններ, Բեգլարյաններ և այլն։ Աչաջուր եկածների մի մասը եկել են արցախյան Դրմբոն, Վանք, Տիզակ (Դիզակ) գյուղերից։ Իջևանի տարածաշրջանը, որտեղ գտնվում է Հաղարծին գյուղը, բնակեցված է եղել դեռևս Բրոնզե դարում։ Արշակունիների թագավորության անկումից հետո Աղստևի հովիտն ընկնում է պարսիկների իշխանության տակ և վարչականորեն մտնում է Մեծ Հայքի Գուգարքի մարզի Կայեն աշխարհի (Սևորդյաց երկիր) մեջ։ 13-րդ դարում թաթար-մոնղոլները գրավում են Կայեն աշխարհը (Սևորդյաց երկիրը), քանդում բնակավայրերը, կոտորում կամ գերի են վերցնում բնակիչներին։ Կայեն (Սևորդյաց երկիր) աշխարհը մեծ ծաղկում է ապրում XII-XIV դարերում, երբ ամբողջ Աղստևի հովիտն անցնում է Արծրունիների և Զաքարյանների իշխանության տակ։ Այդ շրջանում կառուցվում և վերականգնվում են եկեղեցական համալիրները, առաջանում են նոր բնակավայրեր, կառուցվում են կամուրջներ, իջևանատներ։ Այդ շրջանի հուշարձանների թվին են պատկանում Հաղարծինի, Գոշավանքի, Մակարավանքի, Առաքելոց, Կիրանց, Ջուխտակ և այլ վանքային համալիրները, որոնք նաև առաջատար մշակութային օջախներ էին։ Հաղարծինի համալիրի հետ է կապված միջնադարի հոգևոր գործիչ` Խաչատուր Տարոնացու անունը, որի հիմնադրած եկեղեցական դպրոցում ուսուցանում էին ոչ միայն հոգևոր, այլև աշխարհիկ առարկաներ, այդ թվում երաժշտություն (հին հայկական նոտաներով` խազերով)։ Հաղարծին գյուղը գտնվում է Դիլիջանից 12 կմ և Իջևանից 23 կմ հեռավորության վրա։ Գյուղի հյուսիս արևելքում է գտնվում Միափորի լեռնաշղթայի Աբեղաքար լեռը բ.ծ.մ. 2050 մ.: Գյուղի տարածքում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները, որը կառուցվել է 1846 թ. և որի կառուցողներից է եղել Ոսկան քահանան։ Եկեղեցին վերանորոգվել է 2025թ. և այժմ գործող է:
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության մի մասն այստեղ է գաղթել Իջևանի Աչաջուր գյուղից 1815 թ., որոնք Արցախի Վանք, Տիզակ (Դիզակ) և Դրմբոն գյուղերից վերաբնակվածներ են։ Ըստ Դիլիջանի առողջարանային գոտու գլխավոր հատակագծի` Հաղարծին գյուղի հեռանկարային բնակչությունը 2010 թ. համար հաշվարկված էր 5600 մարդ։ Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հաղարծին գյուղի բնակչությունը կազմում էր 3791 մարդ[2]։ Բնակչության հիմնական զբաղմունքն է հանդիսանում անասնապահությունն ու հողագործությունը։ Հաղարծնի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
| Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1989 | 2001 | 2011 | 2012 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 371 | 1304 | 2136 | 2655 | 2811 | 3357 | 4497 | 3842 | 3791[2] | 3784 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղարծին գյուղական համայնքն ընդգրկված է «Դիլիջան» ազգային արգելոցի տնտեսական գոտում։ 2002 թ. «Դիլիջան» արգելոցը, դրան հարակից տարածքներն ընդգրկվել են «Դիլիջան» ազգային արգելոցի սահմաններում։ Արգելոցը գտնվում է Փամբակի, Արեգունու, Միափորի, Գուգարաց լեռնաշղթաների լանջերին, զբաղեցնում է 28002 հա տարածություն, այդ թվում անտառածածկ` 26010 հա։ Արգելոցում պահպանվում են կովկասյան տիպի մեզոֆիլ անտառները, հաճարենու և կաղնու համակցությունները, կենու եզակի պուրակը, անտառային հազվագյուտ ֆաունան և պատմաճարտարապետական և բնության եզակի հուշարձանները։ Արգելոցի տարածքը բաժանված է արգելոցային, հանգստի (ռեկրեացիոն), տնտեսական տարածագործառնական գոտիների։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խոզաբուծությամբ, դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ և բանջարեղենի մշակությամբ։ Գյուղի տնտեսությունը 1960-ականներին լավ զարգացած է եղել Մաթևոս Խաչատուրի Թամրազյանի ղեկավարման ժամանակ, իսկ վերընթաց է ապրել Բաբկեն Սերգոյի Արզումանյանի ղեկավարման (1972-1980 թթ.) ընթացքում, հատկապես անասնապահությունը, ծխախոտագործությունը և այգեգործությունը։
1985 թ. «Հայպետնախագիծ» ինստիտուտում մշակված «Դիլիջանի առողջարանային գոտու գլխավոր հատակագծում» հաշվի է առնված նաև Հաղարծին (Կույբիշև) գյուղը` որպես առողջարանային գոտու հեռանկարային զարգացման տարածք։ 1985 թ. Կույբիշև գյուղի բնակչությունը կազմել է 6940 մարդ (Թեղուտի հետ միասին), տարածքը` 143.5 հա։ Գետի ողողահունում կառուցված են եղել արդյունաբերական կետեր, մաքրման կայան։ Աղստև գետի ձախ ափով անցնում էր երկաթգիծը` «Կույբիշև» կայարանով։ Երկաթգծի օտարման գոտով անցկացվել է Դիլիջան-Իջևան մայրուղին:

Եղանակային պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղարծնի գյուղական համայնքի տարածքը (ՀՀՇՆ II-7.01.96 շինարարական նորմերի) գտնվում է «չափավոր» շինարարակլիմայական գոտում` տաք ամառով և չափավոր ցուրտ ձմեռով։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ձյան կայուն և խորը շերտով։ Միջին տվյալներով ձմեռը սկսվում է դեկտեմբերի երկրորդ կեսին և ավարտվում մարտի առաջին տասնօրյակում։ Հունվարի միջին ջերմաստիճանը -1.70C, ձմռան բացարձակ նվազագույնը` -230C: Ձմեռային եղանակները փոփոխական են։ Գերակշռում են չափավոր ցուրտ և ձնհալքային եղանակները։ Գարունը չափավոր խոնավ է, երկարատև, տեղումների միջին քանակը կազմում է 49-110 մմ։ Գարնանային ցրտահարություններն ավարտվում են ապրիլի 2-րդ և 3-րդ կեսերին։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Հարաբերական խոնավությունը տատանվում է 76-79%։ Հուլիսի միջին ջերմաստիճանը հասնում է 120C, ամռան բացարձակ առավելագույնը հասնում է 380C, տեղումների քանակը տատանվում է 49-110 մմ։ Ամպամած եղանակները մեծ տոկոս են կազմում։ Աշունը չափավոր է, երկրորդ կեսում` խոնավ։ Առաջին աշնանային ցրտահարությունները սկսվում են հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին (ամենավաղը` հոկտեմբերի սկզբին)։ Անսառնամանիք օրերի թիվը տատանվում է 240-265 օր։ Տեղումների տարեկան քանակը կազմում է 500-650 մմ։
Հաղարծին գյուղի տարածքի հանքահումքի հեռանկարները
[խմբագրել | խմբագրել կոդը]1. Հաղարծինի հանքային դաշտ` տիտան-մագնետիտային ավազաքարերի ֆորմացիա, որն ընդգրկում է Հաղարծին գետի ավազանը։ 2. Մայմեխի հանքային դաշտ` ոսկի-բազմամետաղային ֆորմացիա, որը տեղադրված է Մայմեխ լեռան լանջերին։ 3. Գետիկի հանքային դաշտ` ոսկի-պղնձահանքային ֆորմացիա, որն ընդգրկում է համանուն գետի ջրավազանի ստորին հոսանքները։ Հանքային միներալները ներկայացված են մագնետիտով, տիտանամագնետիտով, հեմատիտով, մարտիտով, լիմոնիտով, ռուտիլով, իլմենիտով և պիրիտով:Հաղարծինի հանքային դաշտի տիտան-մագնետիտային ավազաքարերը համարվում են արտակարգ հանքային հումք բազմանպատակ օգտագործման համար և, ըստ վերջին տվյալների, պարունակում են ոսկի, արծաթ և պլատինի խմբի մետաղներ, որոնց առկայությունը նոր հեռանկարներ է բացում հանքավայրի շահագործման համար։ Հանքային միներալները ներկայացված են սֆալերիտով (Zn - 5.3%), գալենիտով (Pb - 1.34%) և խալկոպիրիտով (C ~ 1%):Ավելի խորը հորիզոններում հանքայնացումը ներկայացված է քվարց-մոլիբդենային, շեելիտային և պղինձ-հրաքարային հանքատեսակներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1.Արմեն Սարենց- Ծանոթություն Հայաստանի հետ 2000թ.
- ↑ Տավուշի մարզի մարդահաշիվ (անգլ.)
- 1 2 2. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 116» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 14-ին.
| |||||||||||||||||||||||||||||||||

