Զաքարյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Զաքարյան-Մխարգրձելիներ
ზაქარიანი-მხარგრელიები
Երկիր Վրացական թագավորություն
Ծագել են Արծրունիներից
Տիտղոսներ Շահնշահ Հայոց
Հիմնադիր Սարգիս Զաքարյան
Մեծագույն ներկայացուցիչ Զաքարե Բ
Հիմնում 12–րդ դար
Ազգային պատկանելիություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն
Կրտսեր
ճյուղեր
Արղությաններ

Զաքարյաններ, իշխանական տոհմ Հայաստանում 11-14-րդ դարերում։ Հայաստանի ինքնակալ թագավորական գերդաստան 1200-/1350-ական թթ-ին (մոնղոլների տիրապետության շրջանում Հայաստանի իշխանության պատասխանատուներ 1236-1350-ական թթ-ին)։

Զաքարյանների ծագումը[խմբագրել]

Ծագում են Մեծ Հայքի Կորճայք նահանգից Հյուսիսային Հայաստան գաղթած Արծրունիների ճյուղից։

Զաքարյանների գործունեությունը[խմբագրել]

1048 թ-ին Մեծ Զավ գետի կիրճում, սելջուկների դեմ բյուզանդական զորքի տարած հաղթանակից հետո, Զաքարյանների նախնի Խոսրովը իր տոհմով անցել է Գուգարք և ճանաչել Լոռու Բագրատունի թագավոր Կյուրիկե Ա-ի գերիշխանությունը։ 1118-ին, Լոռին ժամանակավորապես Վրաստանին միացվելուց հետո, Զաքարյանների նախնիները դարձել են վրաց թագավոր Դավիթ Շինարարի վասալներ։ 1120-ական թվականներից Զաքարիան և իր որդի Սարգիս Մեծը դարձել են Լոռիի նոր տերերի՝ Օրբելիների վասալ ֆեոդալներ։ 1185-ին Թամար թագուհին Զաքարյաններին դասել է խոշոր ֆեոդալների շարքը, իսկ Սարգիս Մեծին հանձնել ամիրսպասալարի (գլխավոր հրամանատար) պաշտոնը՝ Օրբելիների նախկին կալվածքներով հանդերձ։ Զաքարյանների ազդեցությունը հատկապես մեծացել է 1190-ական թվականներին, Սարգիս Մեծի որդիներ Զաքարե Բ ամիրսպասալար և Իվանե Ա աթաբեկ եղբայրների օրոք, որոնք իբրև գլխավորում էին հայոց ու վրաց զորքերը։

Զաքարյանները Հայաստանի թագավորներ[խմբագրել]

Զաքարե Բ-ն և Իվանե Ա-ն շուրջ քսան տարի պատերազմներ են վարել սելջուկների դեմ և ազատագրել կենտրոնական և հարավային Հայաստանը, որով և ստեղծվել է Զաքարյանների անկախ պետությունը՝ Զաքարյան Հայաստանը, որը դաշնակցային հարաբերությամբ Վրաստանի հետ պետական ունիա է հաստատել՝ մնալով Զաքարյաններին ենթակա տարածք։ Զաքարյանների ինքնիշխան պետությունը գրեթե ընդգրկում էր Բագրատունյաց թագավորության տարածքը՝ Մեծ Հայքի Այրարատ և Սյունիք նահանգները, Գուգարք, Արցախ, Ուտիք նահանգների մի մասը։ Զաքարյան Հայաստանը ճանաչվել է Կիլիկյան Հայաստանի պետության, Խլաթի էմիրության, Բյուզանդական կայսրության կողմից։ Պետության մայրաքաղաքն էր 1199-ին ազատագրված Անի քաղաքը։ Զաքարյանները պետական-վարչական բարեփոխումներ իրականացրեցին, անցկացրեցին երկրի վարչական բաժանում, ստեղծեցին կողմնակալություններ (Արարատյան կողմնակալությունը Վաչուտյանների գլխավորությամբ, Սյունյաց կողմնակալությունը Օրբելյանների գլխավորությամբ և Վայոց ձորի կողմնակալություը Խաղբակյան-Պռոշյանների գլխավորությամբ), հաստատեցին ֆեոդալական նոր ընտանիքներ, շնորհեցին ազնվական տիտղոսներ։ Զաքարյան Հայաստանը կառավարում էր Զաքարյան տոհմի ավագ ներկայացուցիչը (Զաքարե Բ, Իվանե Ա, Զաքարե Բ-ի որդի Շահնշահ Ա, Իվանե Ա-ի որդի Ավագ և ուրիշներ)։ Զաքարե Բ-ն իր ստեղծած պետությունը համարելով Բագրատունիների իրավահաջորդը կրել է նրանց «շահնշահ» տիտղոսը։ Հայկական հիշատակարաններում և վիմագրերում նրան կոչել են նաև ինքնակալ, թագավոր, կեսար։ Զաքարյան պետության ղեկավարը նստել է Անիում և Վրաստանի հետ հաստատված ունիայի համաձայն վրաց Բագրատունիների պետության մեջ թագավորից հետո համարվել է առաջին անձը։ Զաքարե Բ-ն Թամար թագուհուց ստացել է նաև մանդատորթուխուցեսի՝ պետության կնքապահի և թագուհու թիկնազորի պետի պաշտոնը։ Իվանե Ա1191-ին ստացել է մսախուրթուխուցեսի պաշտոնը, իսկ Զաքարե Բ-ի մահից հետո, 1212 թ-ին, դարձել է արքունի խնամակալ՝ աթաբեկ։ 1236 թ-ից հետո, մոնղոլ-թաթարական տիրապետության ժամանակ, Զաքարյաններն անկում են ապրել, սակայն որոշակիորեն պահպանել են իրենց դիրքը թե Հայաստանում, թե վրաց արքունիքում՝ մրցակցության մեջ լինելով Մահկանաբերդի Արծրունիների և Սյունիքի Օրբելյանների հետ։

Զաքարեի որդու՝ Շահնշահի սերունդը բուն Զաքարյանների տոհմն էր։ Շահնշահի ժառանգ Վահրամի Աբուլ-Զաքարե որդուց առաջացավ Վահրամյան-Գագեցի տոհմը, իսկ մյուս որդին՝ Սարգիսը, Թամարից ստացավ Ջավախք գավառի հյուսիսային մասը՝ Թմոգվի (Թմկաբերդ) բերդաքաղաքով։ Սարգսի տոհմը դառնալով քաղկեդոնական եկեղեցու հետևորդ՝ վրացիացավ և հայտնի է Թմոգվելի տոհմանունով։ Իվանեի դուստր Թամթան 1245 թվականից դարձավ Խլաթի ամիրայության կառավարիչ։ Զաքարյանների տոհմը խնամիական կապերով կապված էր իրենից վասալական կախման մեջ գտնվող հայկական ավատատիրական տների հետ։ Մոնղոլ-թաթարական տիրապետության ժամանակ Զաքարյանները մրցակցության մեջ էին Մահկանաբերդի Արծրունիների և Սյունիքի Օրբելյանների հետ՝ պահպանելով իրենց դիրքը վրաց արքունիքում։ Զաքարե Մեծի որդի Շահևշաևը մսախուրթուխուցես էր, իսկ Իվանեի որդի Ավագը՝ ամիրսպասալար ու աթաբեկ։ Աբուլ-Զաքարեի որդի Վահրամը դարձավ մսախուրթուխուցես (1213-40), Շահնշահի որդի Զաքարեն՝ ամիրսպասալար (1230-63)։ Այս պաշտոնը ժառանգեց նրա որդի Շահնշահը, իսկ վերջինիս եղբայր Իվանեն դարձավ մսախուրթուխուցես։ 14-րդ դարի առաջին կեսին այս Շահևշահի որդի Զաքարեն դարձավ ամիրսպասալար, իսկ նրա եղբայր Իվանեի որդի Վահրամը՝ աթաբեկ։ Զաքարյաններից վերջին ամիրսպասալար է հիշվում Զազան (1345-1380)։ Այնուհետն մինչն 18-րդ դարը հիշատակություն չկա Զաքարյանների մասին։

Մոնղոլ-թաթարական (Հուլավուների) տիրապետության ժամանակ Զաքարյանների տոհմը իլխանների արքունիքում կոչվում է «Արղութ», որը հոմանիշ է Մխարգրձելի (վրաց.՝ მხარგრძელი) տոհմանվան ն նշանակում է «երկայնաբազուկ»։ 18-րդ դարի վերջին, երբ Սանահինի կալվածատեր Մխարգրձելիները մտան ռուսական ազնվականության շարքերը, ստացան Արղության-Երկայնաբազուկ (ռուս.՝ Аргутинский Долгорукий) ազգանունը։ Նրանց կենտրոն Սանահին գյուղի վանքում էր Զաքարյանների տոհմական դամբարանը։

Գրականություն[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png