Կիրանց (Տավուշի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կիրանց (այլ կիրառումներ)
Գյուղ
Կիրանց
Kirants-raffi kojian-DCP 4582.JPG
Կիրանց վանքը
Կոորդինատներ: 41°03′01″ հս․ լ. 45°06′05″ ավ. ե. / 41.05028° հս․. լ. 45.10139° ավ. ե. / 41.05028; 45.10139
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Տավուշ
Այլ անվանումներ Կունեն, Գետաշեն
Մակերես 5.9 կմ²
ԲԾՄ 720 մ
Կլիմայի տեսակ մերձարևադարձային
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 298[1] մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն կիրանցեցի
Ժամային գոտի UTC+4
##Կիրանց (Տավուշի մարզ) (Հայաստան)
Red pog.png

Կիրանց, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, մարզկենտրոնից 24 կմ հյուսիս-արևմուտք, Քարահան (Կիրանց) գետի ձախ ափում։ Գտնվում է Երևանից 168 կմ հեռավորության վրա։

Գյուղը Կիրանց է վերանվանվել 1967 թ.-ին։ 1935 թվականից մինչեւ 1967թ. կրել է Գետաշեն անունը, իսկ մինչ այդ, դարեր շարունակ, գյուղը կրել է Կունեն անվանումը:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռը կարճատև է։ Կիրանցը գտնվում է չոր մերձարևադարձային կլիմայական գոտում։ Հաստատուն ձյունածածկույթ լինում է հազվադեպ։ Հունվարի միջին ջերմաստիճանը մոտ է 0 աստիճանին։ Ամառը երկարատև է, չոր, շոգ եղանակների գերակշռությամբ։ Հուլիս-օգոստոսի միջին ջերմաստիճանը 25 աստիճան է։ Առավելագույնը հասել է 39 աստիճանի։ Աշունը մեղմ է, արևոտ, տաք, հիմնականում չոր։ Անսառնամանիք օրերի միջին թիվը 250 է։ 0-ից բարձր ջերմաստիճանի գումարը 4750 աստիճան։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը տատանվում է 350-400 մմ սահմաններում։ Կիրանցի կլիման նպաստավոր է թզենու, նռնենու, դեղձենու, արքայանարնջի մշակության համար։

Ֆլորա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրանց գյուղի հարևանությամբ գտնվող անտառում գերակշռում են կաղնին, հաճարին և բոխին։ Տարածված է նաև թեղին, հացենին և լորին, բայց սահմանափակ տարածքով։ Մեծ նշանակություն ունի արջատխլին, որն անցյալում լայն տարածում է ունեցել, բայց հիմա հազվադեպ է հանդիպում։ Հանդիպում է նաև սոսի։ Տարածված է նաև ընկուզենին, ընդ որում բուն գյուղի տարածքում։ Ընկուզենու հետ մեկտեղ լայն տարածում ունի նաև թզենին, հոնին, թթենին։ Գյուղում տարածված է նաև խնձորենին, բալենին, տանձին։ Մշակվում է նաև արքայանարինջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրանցը հիմնադրվել է առնվազն IV դարում (ավելի վաղ հիշատակումներ չկան)։ Գյուղը գտնվել է ներկայիս Կիրանցի վանքի շրջակայքում և եղել է խոշոր բնակավայր՝ Կունեն անվանումով։ Այն հանդիսացել է գավառային կենտրոն։ Այնուհետև գյուղը տեղափոխվել է Կիրանց գետի հովտի միջին հատվածներ՝ Առաքելոց վանքի մոտ։ Կիրանցը իր ներկայիս տեղում հիմնվել է 19-րդ դարի վերջերին, բնակիչներն այստեղ են եկել Կունենից և մասամբ էլ շրջանի այլ գյուղերի։ Կունենը տարածվել է Կիրանց գետի երկու կողմերում։ Կունենը վերահիմնվել է 1600-ականների սկզբներին և գրավել բավականին ընդարձակ տարածություն։ Պահպանվել են հինգ եկեղեցական շենքի (որոնցից երկուսը կանգուն են, իսկ երեքի միայն պատերն են մնացել), բաղնիքի և բազմաթիվ բնակելի տների մնացորդներ։ Կանգնուն եկեղեցին կառուցել են Մելիք Շահնազար և Խանզադե ամուսինները՝ 1675 թվականին։ Կառուցողն է վարպետ Հակոբը, որն այդ մասին թողել է արձանագրություն։ Եկեղեցու շուրջը տարածվում է ընդարձակ գերեզմանոց, որը հարուստ է տապանաքարերով և խաչքարերով։ Դրանց մի մասն ունեն 13,17 և 19-րդ դարերերի արձանագրություններ, որոնք հուշում են, թե Կունեն գյուղը մեծապես տուժել է 1236-1243 թվականների մոնղոլական արշավանքների ժամանակ, բայց եկեղեցիներից երկուսի վրայի արձանագրությունները հուշում են, որ արշավանքներից արդեն մոտ երեսուն տարի անց կունենցիները նոր եկեղեցիներ են կառուցել։ Այսպես, եկեղեցիներից մեկը կառուցվել է 1276 թվականին Գրիգոր քահանայի կողմից, իսկ մյուսը՝ 1274 թվականին, Ավետիս և Մլքան ամուսինների կողմից։ Եկեղեցիները գտնվում են գյուղատեղի առանձին թաղամասերում, բոլորն էլ քարաշեն են, ունեն միջին մեծություն։ Եկեղեցիների մոտ պահպանվել են նաև 8-րդ դարի արձանագրություններ։ Կունենի երկու թաղամասերն իրար հետ կապված են մինչ օրս կանգուն լայնաթռիչք, միակամար, քարե կամրջով, որը հայտնի է նաև Սրանոցի կամուրջ անվանումով։ Արևելյան կողմում պահպանված է միջնադարյան իջևանատուն։ Պահպանվել է նաեւ երկու մեծ գերեզմանատուն, բազմաթիվ խաչքարերով ու խաչարձաններով, որոնք վերաբերում են առնվազն 10-13-րդ դարերին։ Առաքելոց վանքը գտնվել է Կունենի գրեթե կենտրոնում, մի բարձունքի վրա։ Այն բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից, բնակելի և կոմունալ շենքերից, որոնք պատկանում են 12-14-րդ դարերին, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ գյուղը գոյատևել է նաև մոնղոլական արշավանքներից հետո։ Շենքերի ամբողջ խումբը շրջապատված է բարձր բրգավոր ու հաստ պարիսպներով։ դեպի վանքի բակը տանող գլխավոր դարպասը գտնվում է պարիսպների հարավարևելյան անկյան մոտ։ Եկեղեցու գավթի դռան քարի վրա արձանագրված է՝ «1245 թվին Բարերար Աստծո կամքով և ողորմածությամբ Աթաբեկ եւ ամիրսպասալար Խութլու Փուղին, ես Գրիգոր, թոռն Խաչենանց միաբանեցա Սուրբ Առաքելոյս իմ հալալ արդյունքով...»։ Այս արձանագրությունը ևս մեկ անգամ վկայում է, որ մոնղոլական արշավանքից կարճ ժամանակ անց քաջ կունենցիները կարողացել են վերականգնել բնականոն կյանքը և անգամ մեծ եկեղեցական համալիր կառուցել։ Կունենը մեծապես տուժել և թուլացել է կովկասյան ցեղերի արշավանքներից։ Ըստ որոշ աղբյուրների, թուլացած գյուղից շատերը ստիպված են եղել բնակություն հաստատել Կուր գետի ավազանի թյուրքախոս գյուղերում։

Կունենի կյանքն աշխուժացել է 1800-ականների սկզբներին, երբ այստեղ բնակուրթյուն են հաստատել Արցախից եկած ընտանիքներ, որից հետո գյուղ են վերադառնում թրքախոս գյուղերում ապաստանածների որոշ սերունդներ։ Այսուհանդերձ, գյուղն արդեն նախկին նշանակությունը և հոծ բնակչությունը չուներ։ Ոմանք սխալմամբ կարծում են, որ 19-րդ դարի վերջին եպիսկոպոս Մակար Բարխուդարյանցը այցելել և նկարագրել է Կունենը, բայց նա այցելել է Արցախի Կիրանց գյուղ և նկարագրել տեղի Սուրբ Աստվածածին փայտաշեն եկեղեցին։

19-րդ դարի վերջերին կունենցիները իջնում են Կիրանց գետի հոսանքի ուղղությամբ եւ գյուղատեղի հիմնում գյուղի ներկայիս տարածքում։ Ցավոք, չի պահպանվել կոնկրետ տարեթիվը, թե երբ է կառուցվել գյուղի առաջին տունը, բայց ենթադրաբար տեղափոխությունը տեղի է ունեցել 1860-1870-ական թվականներին։ Խորհրդային կարգերի հաստատումից որոշ ժամանակ անց գյուղը վերանվանվում է Գետաշեն, իսկ 1967թ.-ից Կիրանց վանքի անունով վերանվանվել է Կիրանց։

Գյուղում 19-րդ դարի վերջերին կառուցվել է քարաշեն փոքրիկ եկեղեցի։ Խորհրդային տարիներին խնդիր էր դրվել եկեղեցին ավերել կամ վերածել անասնագոմի կամ ակումբի, սակայն գյուղի այն ժամանակվա նախագահ Աբգար Նազարյանի ջանքերով եկեղեցին չավերվեց, իսկ որմնանկարները պահպանվեցին։ Նույն Աբգար Նազարյանի ջանքերով Կիրանցը Հայաստանի այն եզակի բնակավայրերից է, որից ստալինյան բռնապետության տարիներին չի աքսորվել և ոչ մի մարդ։

Գյուղի բնակիչները ակտիվորեն մասնակցել են 20-րդ դարի 90-ականների սկզբին սկսված ինքնապաշտպանական մարտերին, աչքի ընկել հերոսությամբ։ Այս փոքրիկ գյուղը տվել է մեկ տասնյակից ավելի զոհ։ Կիրանցեցիների ջանքերով վնասազերծվել են ադրբեջանական բազմաթիվ կրակակետեր, ինչը հնարավորություն է տվել գյուղը համեմատաբար հեռու պահել ադրբեջանցիների գնդակոծություններից և ռմբակոծություններից։ Մարտերի ժամանակ աչքի են ընկել Սուրիկ Դավթյանը, Հրայր Ավալյանը, Սոս Դավթյանը, Գագիկ Վարդանյանը, Աշոտ Սիմոնյանը, Գագիկ Նազարյանը և այլք։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրանցի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 171 273 227 336 265 335 310 295 329 295

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է պտղաբուծությամբ, ծխախոտագործությամբ և անասնապահությամբ։

Գյուղն ունի 590 հա տարածք, որից՝ 85 հա արոտներ 243.1 հա վարելահողեր 2 հա այգիներ 76 հա անտառ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրանցն ունի 1675 թ.-ի Սբ. Աստվածածին եկեղեցի։ Գյուղի մոտ է գտնըվում 13 դարի Կիրանց վանքը։

Գյուղից մի քանի կմ հեռավորության վրա գտնվում են նաև կիսավեր վիճակում գտնվող Դեղձնուտի և Սամսոնի վանքային համալիրները, ինչպես նաև Առաքելոց վանքային համալիրը։

Գյուղում 19-րդ դարի 70-ական թվականներին կառուցվել է քարաշեն փոքրիկ եկեղեցի։ Խորհրդային տարիներին խնդիր էր դրվել եկեղեցին ավերել կամ վերածել անասնագոմի կամ ակումբի, սակայն գյուղի այն ժամանակվա նախագահ Աբգար Նազարյանի ջանքերով եկեղեցին չավերվեց, իսկ որմնանկարները մասամբ պահպանվեցին։

Գյուղում 2010 թ. ծագումով Կիրանցեցի փորձարկող օդաչու Վալենտին Նազարյանի ջանքերով կառուցվեց մատուռ։ Գյուղացիների հանգանակությամբ, 20-րդ դարի 90-ականների պատերազմական գործողությունների ավարտից կարճ ժամանակ անց կառուցվել է զոհված գյուղացիների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, որի հարեւանությամբ էլ գտնվում է Երկրորդ աշխարհամարտի զոհերին նվիրված հուշակոթողը, որը կառուցվել է 1950-ականներին։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի դպրոց և բուժկետ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա.Ա. Գյուրջինյան, «Շամշադին (Տավուշ): Պատմաաշխարհագրական և կրթալուսավորական ակնարկներ», Երևան, ««Լույս»», 1989 — 237 էջ. — 4000 հատ։
  • Ի. Բ. Էլլարյան, «Աղստեւի հովտի պատմական հուշարձանները», Երևան, ««Հայաստան»», 1968 — 96 էջ. — 5000 հատ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]