Կիրանց վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրանց վանք
Kirants-raffi kojian-DCP 4582.JPG
Կիրանց վանքը
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Տավուշի մարզ, Կիրանց
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԿանգուն
Կազմված էԳավիթ, Սեղանատուն, Գավիթ, Գերեզմանոց, Սուրբ Երրորդություն եկեղեցի (Կիրանց), Եկեղեցի, Եկեղեցի, Խոհանոց-մառան, Մատուռ և Պարիսպ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման ավարտ13-րդ դար
Map
Map

Կիրանց վանք, Հայ առաքելական եկեղեցու վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզի Կիրանց գյուղից մոտ 12 կմ արևմուտք, Կիրանց-ջուր վտակի ձախ ափին ընկած հարթավայրում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրանց վանքը կառուցվել է 13-րդ դարում։ Բաղկացած է աղյուսաշեն, սրբատաշ քարե մանրամասներով երեք եկեղեցուց, սրահ-գավիթներից, սեղանատնից, բնակելի և տնտեսական շենքերից, կամարակապ մեծ դարպասով պարսպից։

Վանքի հարակից տարածքում էլ գտնվել է Մեծ Կունեն բավական խոշոր բնակավայրը։ Վանքի ստեղծման ժամանակ այստեղ բնակվել են քաղկեդոնություն ընդունած հայեր։ Վանքի գրեթե բոլոր կառույցները աղյուսաշեն են և այդ տեսակետից հայկական միջնադարյան ճարտարապետության եզակի հուշարձաններից են։ Եկեղեցու հատակագծային ձևերը, համաչափությունները և դեկորատիվ-գեղարվեստական միջոցները թույլ են տալիս պնդել, որ վանքային համալիրը կառուցվել է 1200-ական թվականներին։ Գլխավոր եկեղեցու հարևանությամբ գտնվող երկու այլ եկեղեցիները նույնպես աղյուսաշեն են, նույնատիպ, բայց ավելի փոքր չափերով։ Բոլոր երեք եկեղեցիների դռները բացվում են արևմտյան կողմի կամարակապ սրահից։

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարագործ վարպետն ունենում է մի շատ ընդունակ աշակերտ։ Նա մեն-մենակ կառուցում է այս վանքը։ Վերջացնելուց հետո կանչում է վարպետին իր առաջին աշխատանքը գնահատելու։ Վանքն այնքան փառահեղ է լինում, որ անվանի վարպետը նախանձում է աշակերտին։ Նա ամեն կերպ աշխատում է թերություն գտնել, բայց չի կարողանում։ Երկար մտածելուց հետո ասում է՝ «Կիրը անց է կացրել»։ Այստեղից էլ վանքի անունը մնում է Կիրանց վանք[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, սեղանատնից և մի քանի տնտեսական շենքերից՝ բոլորը շրջապատված պարիսպներով։ Վանքի համարյա բոլոր կառույցները աղյուսաշեն են և այդ տեսակետից հայկական միջնադարյան ճարտարապետական եզակի հուշարձաններ են։ Ժողովրդական մի ավանդության համաձայն՝ հուշարձանը կառուցող քարագործ վարպետն ունենում է շատ ընդունակ աշակերտ։ Նա մեն-մենակ է կառուցում այս վանքը։ Ավարտելուց հետո կանչում է վարպետին իր առաջին աշխատանքը գնահատելու։ Վանքն այնքան փառահեղ է լինում, որ անվանի վարպետը նախանձում է իր աշակերտին և աշխատում է որևէ թերություն գտնել, բայց չի կարողանում։ Երկար մտածելուց հետո, ասում է. «Կիրը անց ես կացրել»։ Վանքը անվանում են Կիրանց։

Գլխավոր եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր եկեղեցին ունի քառանկյուն հատակագիծ, արևելյան կողմում կիսաշրջան աբսիդով և մեկական ավանդատնով։ Ծածկը իրականացված է երկու մույթերը և ութ որմնամույթերը միմյանց կապող կամարների միջոցով, որոնց վրա վեր է խոյանում գմբեթի ութանիստ բարձր թմբուկը՝ պսակված սրածայր վեղարով։ Արտաքին ու ներքին ճարտաւրապետության մեջ իշխում են ուղղաձիգ համաչափությունները, որոնց նպաստում են նաև ծածկերի սլաքաձևությունը, գմբեթի թմբուկի և վեղարի ձգվածությունը և այլն։ Գլխավոր եկեղեցին բնորոշ է նաև իր գեղարվեստական հարդարանքներով։ Պատերը ներսից սվաղված են կրաշաղախով, որոնց վրա պահպանվել են հոյակապ որմնանկարներ՝ վրացատառ և հունատառ մակագրություններով, որը վկայում է եկեղեցու հայ քաղկեդոնականներին պատկանելը։ Թմբուկի միջին հարթությունը և պատուհանների շուրջը երեսապատված են երկնագույն շքաղյուսներով։ Եկեղեցու հատակագծային ձևերը, համաչափությունները և դեկորատիվ գեղարվեստական միջոցները վերագրվում են 13-14-րդ դարերին։

Երկրորդ և երրորդ եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուս երկու եկեղեցին նույնպես աղյուսաշեն են, նույնատիպ, բայց ավելի փոքր, գտնվում են գլխավոր եկեղեցու հյուսիսային և հարավային կողմերում։ Բոլոր երեք եկեղեցիների դռները բացվում են արևմտյան կողմի կամարակապ սրահից։

Սեղանատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեղանատունը վանքի ուշագրավ աշխարհիկ հուշարձաններից է, կառուցված է եկեղեցիների խմբից արևմուտք, հյուսիսային պատով կից է սարալանջին, կառուցված է անձև գետաքարերից և ավազաքարերից՝ շարված կրաշաղախով։ Նույն շինանյութերով է կառուցված նաև նրա թաղածածկը։ Բավականաչափ ընդարձակ մի դահլիճ է, որն արևելյան կողմից ունի մեկ դուռ։ Դահլիճը լուսավորվում է հարավային և արևելյան պատերի մեջ բացված պատուհանով։ Սեղանատան ներսը նույնպես սվաղված է եղել կրաշաղախով և ծածկված որմնանկարներով, որոնք տեղ-տեղ պահպանվել են։ Թաղակապ մի քանի օժանդակ սենյակներ արևմտյան կողմից կից են սեղանատանը։

Պահպանվել են միաբանության բնակարանների մնացորդները, գերեզմանատունը տապանաքարերով և այլն։ Վանքը շրջապատող պարիսպների դարպասը գտնվել է հարավարևմտյան կողմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Արամ Ղանալանյան (1969)։ Ավանդապատում։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսկանդար Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 67-68, էջեր 67-68 — 154 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 452 CC BY-SA icon 80x15.png