Jump to content

Գլաձորի համալսարան

Գլաձորի համալսարան
University of Gladzor
University of Gladzor
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1282 թ.
Լուծարված է1338
ՌեկտորԵսայի Նչեցի[1]
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԶաքարյան Հայաստան Գլաձոր եկեղեցի (ներկայիս Հայաստան Հայաստան)
39°46′42″N 45°20′52″E / 39.77833334°N 45.34777779°E / 39.77833334; 45.34777779
Գլաձորի համալսարան (Հայաստան)##
Գլաձորի համալսարան (Հայաստան)
Գլաձորի համալսարան, Հայաստան
 Gladzor University Վիքիպահեստում

Գլաձորի համալսարան, 13-14-րդ դարերի նշանավոր հայկական կրթօջախ, իր ժամանակի կրոնական, հասարակական, քաղաքական, փիլիսոփայական, նաև ստեղծագործական մտքի զարգացման կենտրոն։ Ժամանակակիցների կողմից անվանվել է «Երկրորդ Աթենք պանծալի», «Մայրաքաղաք իմաստության», «Գերահռչակ համալսարան»։ Միջնադարյան Հայաստանի հոգևոր, գիտական և հասարակական կյանքում ունեցել է մեծ դեր ու նշանակություն։ Այստեղ են բարձրագույն կրթություն ստացել, գործել և ստեղծագործել այդ ժամանակի անվանի հայ մտավորականներ Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Հովհաննես Օրբելը, Մխիթար Սասնեցին, Ստեփանոս Տարսայիճը, Մանուշակ Նոր Կյանքցին, Հովհաննես Որոտնեցին, Խաչատուր Կեչառեցին, Թորոս Տարոնացին, Ավագը, Մոմիկը և այլք։

Այս նշանավոր հայ միջնադարյան ուսումնագիտական կենտրոնի պատմության և նշանակության բազմաթիվ հարցերի ուսումնասիրմամբ և վերհանմամբ զբաղվել են անվանի գիտնականներ Ղևոնդ Ալիշանը, Գ. Հովսեփյանը, Լ. Խաչիկյանը, Ա. Մովսիսյանը, Ա. Ավետիսյանը, Լ. Խաչերյանը, Փ. Անթաբյանը, Էմ. Պիվազյանը, Ս. Բարխուդարյանը, Ա. Աբրահամյանը, Ա. Մաթևոսյանը, Ի. Ղարիբյանը։ 1970-1971 թվականներին Երևանի պետական համալսարանի հնագիտության, աղբյուրագիտության և ազգագրության ամբիոնի նախաձեռնությամբ և Ի. Ղարիբյանի ղեկավարությամբ պեղումներ կատարվեցին Վայոց ձորի Սբ. Ստեփանոս վանքի մոտակայքում, որի ընթացքում բացվեցին Գլաձորյան համալսարանի հետքերը։

Գլաձորը որպես «Աթենք պանծալի» հիշատակվում է Մատթեոս գրչի կողմից 1283-1284 թվականների (Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանի № 571) ձեռագրում։ Սակայն մի շարք հիշատակություններում ուսումնական կենտրոնի հիմնադրումը կապում են 1279-1281 թվականների ժամանակահատվածի հետ՝ Թանահատի վանքի հիմնադրման (1279 թվական), ապա նաև համալսարանի առաջին ուսուցչապետ Ներսես Մշեցու Մշո Առաքելոց վանքից տեղափոխվելու և գլաձորյան դպրության կենտրոնը հիմնադրելու թվականի հետ (1280 թվական)։

Հայաստանում «համալսարան» բառը կար վաղնջական ժամանակներից ի վեր։ Այն գրանցված էր մեսրոպատառ առաջին մատյանների էջերում և պիտի իրականանար։ Համալսարանատենչ հայ երիտասարդներն այլ երկրներում էին կրթություն ստանում։ Սակայն գալով հայրենիք, ջանում էին իրենց գիտելիքներով մայր հողում ստեղծել կրթական օջախներ։ Սովորեցնում էին այն գրքերով, որ բերել էին իրենց հետ, և նրանցով, որ ստեղծել էին իրենք՝ մեր պատմահայր Մովսես Խորենացին, նրա դասակից Դավիթ Անհաղթը, հանրագիտակ Անանիա Շիրակացին և այլք։ Սակայն դարերով փայփայած համալսարան անվան համար բախտը ստեղծեց մի դպրոց, որը պիտի բացվեր թաթար-մոնղոլների տիրապետության դժնդակ տարիներին։ Դա Սյունիք նահանգի Վայոց ձորում հիմնադրված դպրոցն էր, որը հետագայում պիտի կոչվեր Գլաձորի համալսարան։ Նրա օրրանն էր Գլաձորի կամ Աղբերց վանքը, հիմնադիրը՝ Ներսես Մշեցին, Մուշ քաղաքից, որը շնորհաշար Վարդան Արևելցու սանն էր։ Այն բացվել է 1280-ական թվականներին և գոյատևել է 60 տարի։ Դասավանդման լեզուն հայերենն էր, և ուսումնառությունը սերտորեն կապված էր հայրենի մշակույթի հետ։ Գլաձորի հովանավոր եղավ Վայոց ձորի նահանգապետ Պռոշ Իշխան Խաղբակյանը։ Համալսարանը գտնվում էր Պռոշի իշխանանիստ Արկղունք ավանի մոտ։ Երբ 1284 թվականին իր մահկանացուն կնքեց համալսարանի հիմնադիր և տնօրեն Ներսես Մշեցին, Պռոշի հորդորներով տնօրեն դարձավ Եսայի Նչեցին։ Գլաձորի բարձր դպրոցը ուներ երեք լսարան՝

  1. Եկեղեցական և աշխարհիկ դպրության լսարան
  2. Գրչության արվեստի լսարան
  3. Խազագիտության և երաժշտության լսարան

Հայտնի էր, որ Գլաձորի համալսարան ընդունվում էին այսօրվա բառով` միջնակարգ կրթություն ունեցող երիտասարդներ, ովքեր 7-8 տարի ուսանելուց հետո պատրաստում էին քննաճառ և պաշտպանում գիտական աստիճան։ Գլաձորն այդ ժամանակ անմրցակից էր, այն կոչում էին «Երկրորդ Աթենք Պանծալի»։ Այստեղ էին գալիս սովորելու Հայաստանի հեռավոր շրջաններից և անգամ Կիլիկիայից։ Այստեղ էին դասավանդում հռչակավոր ուսուցիչներ՝ Եսայի Նչեցին, Դավիթ Սասնեցին, Թորոս Տարոնացին, հռչակավոր գրիչ, նկարիչ և ճարտարապետ Մոմիկը։ Մեր միջնադարյան մշակույթում հռչակված է Գլաձորի համալսարանի գրչական մանրանկարչության դպրոցը, որը ճանաչվել է որպես ինքնուրույն հոսանքի՝ բուն Գլաձորյան դպրոց, որտեղ իշխում էր սևի և ոսկեգույնի համադրությունը։ Գլաձորի նշանակալի արժեքներից է այն, որ այստեղից սկզբնավորվեցին նոր դպրոցներ։ Գլաձորում է կրթություն ստացել պատմիչ Ստեփան Օրբելյանը, Հովնան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Խաչատուր Կեչառեցի բանաստեղծը, գրական գործիչ Հովհաննես Երզնկացին, տաղանդավոր վարդապետներ Հովհաննես Արճիշեցին, Մխիթար Սասնեցին և այլն։ Գլաձորի մայրամուտից հետո Եսայի Նչեցու աշակերտ Հովնան Որոտնեցին փոխադրվելով Տաթևի վանք այնտեղ համալսարանական կարգ ու կանոն ստեղծեց։

Գլաձորի հիշատակարանների առանձնահատկությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլաձորի հիշատակարանների հատկանշական կողմերից է այն, որ դրանց հեղինակները շատ հազվադեպ են նշում իրենց ազգականների, հատկապես ծնողների անունները։ Ծնողներին առավելագույնը հիշատակում են ընդհանրական ձևով՝ առանց կոնկրետ անունների նշման։ Օրինակ՝ րաբունապետ Եսայի Նչեցու բազմաթիվ հիշատակարաններում, ինչպես նաև նրա մասին գրված մեծարական և հիշատակ հայցող գրառումներում (որոնց թիվը կարող է հասնել մոտ 100-ի), ծնողների անունները չեն նշվում։ Նման մոտեցումը վերաբերում է նաև մյուս րաբունապետերին՝ Ներսես Մշեցուն և Տիրատուր Կիլիկեցուն, թեև նրանց մասին հիշատակությունները սակավաթիվ են։ Այս երևույթը վկայում է Գլաձորի դպրոցի միօրինակ ձեռագրային ավանդույթի մասին, ըստ որի՝ անձնական տվյալների արտահայտումը ցանկալի չէր, ինչը հետևողականորեն պահպանվել է գրեթե բոլոր գլաձորցիների կողմից՝ չնչին բացառություններով։

Ուսուցիչների և աշակերտության քանակի վերաբերյալ որոշ պատկերացում կարելի է կազմել ըստ այն տվյալների, որ րաբունապետության ողջ ընթացքում Եսայի Նչեցին վարդապետական աստիճան է շնորհել 360 հոգու։ Ներկա հայտնաբերված անունների ցանկը ընդգրկում է 73 հոգի։

Առաքել Հաղբատեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաքել Հաղբատեցին Գլաձորի համալսարանի նշանավոր վարդապետներից էր։ Նա առաջին անգամ հիշատակվում է 1313 թվականին Գլաձորում՝ իր մտերիմ Ավետիսի պատվերով ընդօրինակված ձեռագրի՝ «Հաւաքումն մեկնութեան մարգարեութեան Եզեկիէլի Եսայեայ»-ի հիշատակարանում։ Այդ հիշատակագրում նա նշում է նաև գրչության ժամանակ իրեն աջակցած Պողոսին՝ «զբարեմիտ գործակալ տեղոյս», ինչպես նաև թուղթ կոկող պատանյակներ Ավագին և Սարգսին։ Հիշատակվում է նաև մի կենցաղային դրվագ՝ Սյունյաց առաջնորդ Ստեփանոս Տարսայիճի Գլաձոր կատարած անակնկալ այցի մասին, ով ըստ հիշատակարանի՝ բերել է «միրգ եւ ջուր ցուրտ», ինչի կապակցությամբ հեղինակը նրա մասին գրի է առել՝ «տացէ Քրիստոս նմա զջուրն կենդանի»։

1328 թ. Գլաձորում Առաքել Հաղբատեցին ստացել է Աստվածաշունչ (պահպանվել է միայն հիշատակարանը), որի գրչության աշխատանքները իրականացրել է Դավիթ Գետկեցին։ Այդ հիշատակարանում Առաքելն առանձնանում է գրելու ընթացքի մանրամասն նկարագրությամբ՝ նշելով աշխատանքի սկիզբն ու ավարտը, ինչպես նաև ներկայացնելով արժեքավոր տեղեկություններ Գլաձորի կյանքի վերաբերյալ։ Այդ ընթացքում նա արդեն ղեկավարում էր Տփխիսի (Թիֆլիսի) դպրոցը։ Այս փաստի մասին վկայում է ձեռագրի ծաղկող Թորոս Տարոնացու քառյակներից մեկը․

«Առաքեալ Հաղբատեցի

Եւ րաբունի ես Թֆլիսի,

Աղօթք արա դու Թորոսի,

Որ զգիրքս ծաղկեցի»։

Առաքել Հաղբատեցին եզակիներից է Գլաձորի միջավայրում, քանի որ հիշատակարանում հիշատակում է իր ծնողների՝ հայրը Խոցադեղ, մայրը՝ Խաթութ, և քրոջ՝ Խորիշահի անունները։ Համալսարանական ուսուցումը ավարտելուց հետո նա վերադարձել է հայրենի Հաղպատ՝ ուսուցչական գործունեություն ծավալելու նպատակով։

Վարդապետ Գլաձորում, իր համերկրացի Իսրայել վարդապետի հետ, հետևելով Հովհաննես Քռնեցուն, միարարների շարքն է անցել։ Վերջիններիս ցանկում նրանց մասին նշվում է՝ «Առաքել եւ Իսրայէլ վարդապետք ի գաւառէն Արտազու»[2]։

Ավագը եղել է ճանաչված գրիչ և մանրանկարիչ, Գլաձորի համալսարանի սան։ Նրա անունը առաջին անգամ հիշատակվում է 1313 թվականին՝ Առաքել վարդապետի հիշատակարանում, որում վերջինս նշում է նրան որպես օգնական և թուղթ կոկող պատանի՝ Ավետիսի պատվերով ընդօրինակած ձեռագրի կապակցությամբ․

«Եւ զսիրելի եւ զուշիմ համբակքս մեր եւ զշնորհագով աշակերտել մանկունքս, որ բազում աշխատեցան ի սպասաւորութիւն եւ ի կոկել քարտիզիս տէր Աւագ եւ Սարգիս»։

Ժամանակի ընթացքում Ավագը դարձել է հայտնի նկարիչ-ծաղկող, հիշատակվում է նաև որպես «դպիր» և «սարկավագ»։ 1334 թվականին Սուլթանիայում գրված Ավետարանում, որի գրիչն էր Մխիթար Անեցին, իսկ ծաղկողը՝ Ավագը, վերջինս հիշատակվում է որպես «քաջ քարտուղարն եւ անհամեմատ նկարողն՝ Ավագ վարդապետն»։

Նրա գործունեության հետքերը հանդիպում են տարբեր վայրերում՝ մասնավորապես Սուլթանիայում և Կիլիկիայում։ Ավագը իր հիշատակարաններում հաճախ մեծարանքով է հիշատակում Գլաձորի րաբունապետ Եսայի Նչեցուն[3]։

Վարդապետ, Գլաձորի համալսարանի րաբունապետներից, Ներսես Մշեցու և Եսայի Նչեցու գործակիցը, որը միաժամանակ եղել է Վերին Նորավանքի առաջնորդը և գլխավորել տեղի դպրոցը։ 1295 թ. Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանի կազմած ՝ Հայոց կաթողիկոս Գրիգոր Անավարզեցուն ուղղված պատասխան նամակի տակ, Եսայի Նչեցուց հետո, ստորագրել է. «Ես Դաւիթ՝ նուաստոգի քարոզի բանի և վարդապետ Հայաստանս եկեղեցւոյ, համախոհ եւ միաբան եմ այսմ ուղղադաւան թղթոյս, որ ունի ճշմարտիւ զսուրբ հարցն աւանդութիւնն...»։ Իսկ 1314 թ. նմանատիպ մի նամակում Դավթի անունը հիշատակված է Սյունյաց երկու եպիսկոպոսներից անմիջապես հետո և Եսայի Նչեցու անունից առաջ։ 1302 թ. Սյունյաց մետրոպոլիտ Հովհաննես Օրբելը այցելել է Վերին Նորավանք և միաբանության գործունեությունը խրախուսելու համար չորս գյուղ է նվիրել վանքին, որի մասին նշված է Վերին Նորավանքում վանահայր Դավթի ստացած մի ձեռագրի հիշատակարանում։ Գլաձորում Դավիթը Եսայի Նչեցու հետ հիշատակվում է առանձնակի մեծարանքով, մասնավորապես՝ 1309 թ.՝ «ի վարժապետութեան մեծիս Եսայեայ եւ եռամեծին Դաւթայ», 1321 թ. հիշատակարանում՝ «ի հայրապետութեան սուրբ և բազմերջանիկ հռետորաց Հայոց՝ երկուց ամոլաց ճշմարիտ հաւատոյ մերոց՝ Դաւթի և Եսայեա»։ Վերին Նորավանքում Դավթի գործակիցն է եղել նրա եղբորորդի Կարապետը, որի մասին է վկայում Բեներ գրչի 1312 թ. հիշատակարանը՝ «ի վանս, որ Վերի Նոր[ավ]անս կոչի... յառաջնորդութեան սուրբ րաբունապետիս Դաւթի եւ եղբաւրորդոյ իւր՝ Կարապետի»։ Նույն թվականին նա ստացել է Խաչատուր գրչի ընդօրինակած մի ձեռագիր՝ «Մեկնութիւն սաղմոսաց Ներսիսի Լամբրոնացւոյ» (ՄՄ 4679)։ 1321 թ. Դավիթը Գլաձորում Կյուրոն վարդապետի ընդօրինակած մի Ավետարան (Բրիտանական գրադարան 14) ընծայել է Ս. Աստվածածին վանքին, որի առաջնորդ Մկրտչին իր հոգևոր որդին է համարում՝ «Նուաստս ի շարս ուսուցչապետաց՝ Դաւիթ, շնորհեցի զսուրբ Աւետարանս Սուրբ Աստուածածնին եւ առաջնորդի սուրբ անապատին Մկրտչին՝ հոգեւոր որդեկին իմոյ»։ Դավիթ րաբունապետը 1329 թ. արդեն մահացել էր, քանի որ որպես Վերին Նորավանքի րաբունապետ հիշատակվում է նրա աշակերտ Կյուրոնը, որը հիշատակարանում կոչվում է սպասավոր «սուրբ գերեզմանի րաբունապետին Դաւթի»: Վերին Նորավանքում պահպանվել է նրա տապանաքարը (Օրբելէան, 1910, 462, ԺԴ, Ա, 22-23, 156, 216-217, 412-413, ԺԴ, Բ, 49)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 215 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
  2. ↑ «Bibliography». Scientific American. 221 (3): 284–287. 1969-09. doi:10.1038/scientificamerican0969-284. ISSN 0036-8733.
  3. ↑ Դեմիրճյան, Պետրոս (2025 թ․ ապրիլի 17). «Եվա Մնացականյան. Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները ժամանակի գրաքննադատական մտքի գնահատմամբ, Երևան,«ՎՄՎ-ՊՐԻՆՏ» հրատ., 2024, 464 էջ + 16 էջ ներդիր». Historical-Philological Journal: 270–275. doi:10.54503/0135-0536-2025.1-270. ISSN 3045-302X.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլաձորի համալսարան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 91)։