Ավագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ավագ (այլ կիրառումներ)
Picto infobox artiste.png
Ավագ
Ծնվել է 13-րդ դար
Վախճանվել է 14-րդ դար
Ազգություն հայ
Մասնագիտություն նկարազարդող, նկարիչ և մանրանկարիչ
Ակտիվ շրջան 13-14-րդ դարեր

Ավագ Ծաղկող (14-րդ դար), հայ միջնադարյան մանրանկարիչ, կիլիկյան դպրոցի ներկայացուցիչ։ Ստեղծագործել է Սիսում, Գլաձորում, Սուլթանիայում, Մարաղայում, Փայտակարանում, Կիլիկիայում։

13-14-րդ դդ. Արևելյան Հայաստանում կազմակերպված բարձր տիպի դպրոցները, կից նկարչական արվեստանոցներով անջնջելի հետք թողեցին հայոց մշակույթի պատմության մեջ։ Այդպիսի դպրոցներից մեկում էլ՝ Գլաձորի համալսարանում, խոշոր մանկավարժ ու գիտնական Եսայի Նչեցու մոտ իր կրթությունը ստացավ Ավագ Ծաղկողը։ Նա եղել է նաև դպիր, աշխատել է ոչ միայն Գլաձորում, այլ նաև Կիլիկիայում և Պարսկաստանում։ Հայտնի է որ Սարգիս Պիծակի հետ միասին նկարազարդել է 1336 թ-ի ավետարանը։

1337 թվականի հայկական մանրանկար՝ կատարված Ավագ Ծաղկողի կողմից Սուլթանիայում (Թավրիզ)։

Ավագի գեղանկարչական ժառանգությունից մեզ հասել է յոթ ձեռագիր։ Այդ ձեռագրերի մանրանկարչությունը բացահայտում է ավանդույթներով, նոր ճաշակի արտահայտմամբ, ինչպես նաև ինքնուրույն պրպտումներով հարուստ մի արվեստ։ Դասականի զգացողությունը Ավագի մոտ երևան է գալիս մերթ առանձին կերպարների մեկնաբանման, մերթ յուրօրինակ հավասարակշռություն հաղորդելու, մերթ էլ ներդաշնակ գունային ընդհանրացումների հասնելու ձգտման մեջ։ Բայց Ավագի արվեստի մեծ նվաճումը տարբեր դիտակետերից, տարբեր դիրքերում ու հարթություններում մարմնի պատկերումն է։ Սա է այն կարևոր նորույթը, որ բերեց հայ արվեստ ռոսլինյան գիծը շարունակող ու ամբողջացնող այս տաղանդավոր վարպետը։ Նորարարությունների մեջ նա համարձակ է ու համառ, նոր արվեստի թե՛ ներքին բովանդակությունը, թե՛ ոճական հիմքերն այնքան դինամիկ են, որ զուգահեռներ են առաջացնում ժամանակի հզոր գեղարվեստական ուղղություններից մեկի՝ պալեոլոգյան արվեստի հետ։

Պատկերազարդման գործունեությամբ և կատարման վարպետությամբ աչքի է ընկնում 1337 թ-ի ավետարանը։ Այս ձեռագիրը նա ընդօրինակել և նկարազարդել է պարսկաստանի Սուլթանիա քաղաքում։ Ձեռագիրը հարուստ է թեմատիկ նկարներով։ Ձեռագրում կան այնպիսիները, որոնք քիչ են հանդիպում։ Օրինակ՝ «Բարի Սամարացին», «Պիղատոսը լվանում է ձեռքերը», «Հուդայի մահը»։ Գունագեղ ու շքեղ են նրա նկարազարդված խորանները ու անվանաթերթերը։ Ավագի արվեստում համատեղվում են Գլաձորի և Կիլիկիայի մանրանկարչության առանձին տարրեր։

Իր ամբողջության մեջ Ավագի արվեստը խոշոր նշանակություն ունի ողջ հայ մանրանկարչության պատմության համար։ Այն վկայում է հայ մշակույթի ասպարեզում 13-րդ դարի վերջից սկսած ու 14-րդ դարում իր բարձրակետին հասած տեղաշարժերի ու քրիստոնյա աշխարհի արվեստների հետ նրանց համահունչ լինելուն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բ. Չուգասզյան, «ԱՒԱԳ»։ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան»: