Մաքենյաց վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաքենյաց վանք
Makenis.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ վանք
Երկիր Հայաստան Հայաստան
Տեղագրություն Հայաստան Հայաստան Գեղարքունիքի մարզ, Մաքենիս
Ժառանգության կարգավիճակ ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 9-րդ դար
Կառուցման ավարտ 13-րդ դար
Մաքենյաց վանքը գտնվում է Հայաստանում
Մաքենյաց վանք
Կոորդինատներ: 40°7′30.216000099992″ հս․ լ. 45°36′47.732400099998″ ավ. ե. / 40.12506000002777284° հս․. լ. 45.61325900002777445° ավ. ե. / 40.12506000002777284; 45.61325900002777445

Մաքենյաց վանք, Մաքենոցաց վանք, միջնադարյան հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի եզրին: Հիշատակվում է վաղ միջնադարից, եղել է Հայաստանի նշանավոր կրոնական և կրթական կենտրոններից:

Ըստ Ստեփանոս արք. Օրբելյանի՝ Մաքենյաց վանքի առաջնորդ, «Հայրերի հայր» Սողոմոն վարդապետը 701 թվականին կազմել է Տերունական տոների լուսաբանությունը և նահատակների հիշատակարանը՝ Տոնացույցը («Վարք սրբոց» և Հայսմավուրք): 8-9-րդ դարերում Մաքենյաց վանքի դպրոցում ուսանել են Ստեփանոս Սյունեցին (Ստեփանոս Քերթող), Վահան Գողթնացին, կաթողիկոսներ Սողոմոն Ա Գառնեցին, Մաշտոց Ա Եղիվարդեցին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

728 թվականին Ատրպատականից պարսիկ Բաբանի հրոսակները ներխուժել են Գեղարքունիք գավառ, սպանել 15 հզ. հոգու, կողոպտել Մաքենյաց վանքը, այրել ու ավերել վանքի բոլոր շինությունները: Մինչ այդ, խույս տալով վտանգից, Մաքենյաց վանքի միաբանության կեսը, Սողոմոն վարդապետի գլխավորությամբ, տեղափոխվել է Զրեսկ վանքը, մյուս կեսը՝ Արցախի Եղիշե առաքյալի վանքը: Լքված և ավերված վանքը 788 թվականին վերականգնել է Սողոմոն Գառնեցին: 855 թվականին Մաքենյաց վանքում է թաղվել Հովհաննես Դ Ովայեցի կաթողիկոսը, որը վախճանվել էր Գեղարքունիք հովվական այցելության ժամանակ: 9-րդ դարի վերջին Սյունյաց իշխան Գրիգոր Սուփանը Մաքենյաց վանքի միանավ բազիլիկ եկեղեցուն հյուսիս-արևելքից կից սրբատաշ տուֆով կառուցել է Ս. Աստվածածին եկեղեցին, վանքը շրջապատել բարձր պարիսպով: Նա Մաքենյաց վանքին նվիրել է այգիներ՝ Գառնիում, Երևանում, Եղեգիսում, 5 կրպակ՝ Անիում, նախիրներ և այլն:

Մեքենյաց վանքը, հզորանալով, անկախացել է Սյունյաց մետրոպոլիտությունից և իշխել ու հոգևոր ղեկավարություն իրականացրել ողջ Գեղարքունիք գավառում՝ միայն 1513 թվականին ընդունելով Տաթևի վանքի գերակայությունը: 16-րդ դարում այն նորոգել է Մելիքբեկը, 1666 թվականին՝ վանահայր Խաչատուր Ջուղայեցին: 18-րդ դարում Մեքենյաց վանքի թեմում եղել են Գեղարքունիքի 50 գյուղ և 5 անապատ: Վանքում պահվել է «Մաքենյաց ս. Նշան» խաչը՝ Կենաց փայտի մասունքով (բերվել է 11-րդ դար, Եդեսիայից):

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ս. Աստվածածին եկեղեցին գմբեթավոր, արտաքուստ՝ ուղղանկյուն, ներքուստ՝ խաչաձև, եռախորան, արևելքում և հյուսիսարևմտյան անկյունում ավանդատներով հորինվածք ունի: Վանքի հարավարևելյան կողմում կանգուն են միմյանց կից երկու թաղածածկ եկեղեցիներ (10-րդ դար): 1170 թվականին Ներսես Շնորհալին Մեքենյաց վանքում վերցրել է այնտեղ մշակված եկեղեցական կանոնակարգը՝ հայկական մյուս վանքերում կիրառելու համար[2]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Monuments database — 2017.
  2. Հասրաթյան Մուրադ (2002)։ Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան։ Երևան: Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ.։ էջ 711 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1986:
  • Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893:
  • Սմբատյանց Մ., Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գաւառի..., Վաղարշապատ, 1895:
  • Մնացականյան Ս., Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Ե., 1960:
  • Դիվան հայ վիմագրության, պր. 4, Ե., 1973: