Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մաստարա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մաստարա)
Եկեղեցի

Սուրբ Հովհաննես եկեղեցին 2008 թ.

Տեղադրություն Հայաստան Հայաստան Արագածոտնի մարզ, Մաստարա
Աշխարհ Այրարատ
Երկիր Հայաստան Հայաստան
Պատմական երկիր Մեծ Հայք Մեծ Հայք
Կրոնադավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Կարգավիճակ Կանգուն
Ճարտարապ. տիպ Խաչաձև հիմք
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 5-րդ դար
##Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մաստարա) (Հայաստան)
Set01-church1.svg
##Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մաստարա) (Արագածոտնի մարզ)
Set01-church1.svg


Սուրբ Հովհաննես եկեղեցի, կանգուն հայկական եկեղեցի է Հայաստանի Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում, միջնադարյան Հայաստանի հնագույն ու ամենակատարյալ կառույցներից մեկը: Եկեղեցին առանձնանում է իր ճարտարապետական ոճով և նրա նման եկեղեցիներին կոչում են «մաստարայատիպ» եկղեցիներ:

Ճարտարապետություն[խմբագրել]

Հատակագիծ

Եկեղեցու աղոթասրահը քառանկյունի է (12 մ X 11,20 մ), անկյուններում ձգված հսկա տրոմպները այն վեր են ածում ութանկյան, երկրորդ շարք տրոմպները՝ տասնվեցանկյան, որի վրա բարձրացող թմբուկն ավարտվում է 16 փոքր տրոմպների շարքով, դառնալով գմբեթի հիմքը: Թմբուկը դրսից ութանիստ է, անկյունները հատված են եռանկյունաձև խորշերով: Գմբեթածածկ քառանկյունի ծավալի նիստերին կցված են խորաններ՝ ներսից պայտաձև, դրսից հնգանիստ: Արևելյան խորանի երկու կողմում, խորանի ծավալից զգալի ցածր, փոքր սենյակներ են:

Եկեղեցու վեղարը կոնաձև է, սալածածկ (նախնականը եղել է կղմինդրյա, կորագիծ նկարվածքով), ունի մուտքեր արևմտյան և հարավային խորաններից, ութ լուսամուտ թմբուկի, ինը՝ աղոթարանի ծավալի վրա:

Սուրբ Հովհաննես եկեղեցին բացառիկ է իր ներսի տարածության լուծմամբ, առավել ամբողջական է, ընդարձակ, գմբեթի և ցածի ծավալների կատարյալ հավասարակշռությունը աղոթարանի կերպարին հաղորդում է վեհ անդորրություն, իսկ լայնաթոիչք գմբեթն ու այն կրող զորեղ տրոմպները՝ հզորություն և առնականություն: Եկեդեցու կառուցվածքը պլաստիկ մակերեսներով ստեղծված մոնոլիտ համակարգ է՝ իրականացված քարով, աշխատում է որպես շրջված զանգ, որի ծանրության կենտրոնը բարձրության 1/3-ի վրա է: Կառուցվածքի այս համակարգով է պայմանավորված եկեղեցու բացառիկ կայունությունն ու սեյսմակայունությունը, որը միաժամանակ նրա գեղարվեստական արտահայտչականության հիմնական միջոցն է: Մաստարայատիպ են Ոսկեպարի (VI դ.), Արթիկի Մեծ (VII դ.), Հառիճի վանքի (VII դ.) և Կարսի Առաքելոց (X դ.) եկեղեցիները:

Վերանորոգումներ[խմբագրել]

Մաստարայի եկեղեցին բազմիցս վերանորոգվել է, հատկապես մեծ վերանորոգում է եղել VII դարում: Եկեղեցու նախնական շարվածքը իրականացված է շագանակամանուշակագույն մեծ չափերի քարերով (շարքի բարձր.՝ 0,62 մ -0,77 մ), վերանորոգվել է նարնջադեղնավուն ոչ մեծ չափի քարերով (շարքի բարձր.՝ 0,47 մ–0,60 մ): Եկեղեցին վերանորոգվել է նան X-XIII դարերում: XVIII դարում եկեղեցին շրջապատված է եղել բարձր պարիսպներով, որը 1889 թ.-ին գյուղի քահանան քանդել է տվել և վերանորոգել հուշարձանը (արձանագրությունը ավագ խորանի հարավային մույթի սվաղի վրա է):

Թվագրման որոշում[խմբագրել]

Եկեղեցու վրա պահպանվել են ոմն Գրիգորաս վանականի երեք արձանագրությունները, որոնցում նա իրեն անվանում է եկեղեցու շինող: Արձանագրությունները թվագրված են VII դար, ըստ որի թվագրվել է նաև եկեղեցին: Սակայն եկեղեցու ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիշյալ արձանագրությունները վերաբերում են նրա VII դարվա վերանորոգմանը, և որ այն կառուցվել է V դարում, որի ապացույցն են ճարտ. խիստ արխաիկ հատկանիշները՝ պատերի մեծ հաստությունը (1,30 մ), խորանների, կամարների ու գմբեթի պայտաձևությունը, նախնական քարերի մեծ չափերը, անկյունային սենյակների մուտքերի բարավորների հավասարաթև արխաիկ խաչերը, քերովբեների գծաքանդակները, արևմտյան ճակատի խաչքանդակը զույգ թռչուններով, կամարակապ պսակն ավարտող աղավնիների բարձրաքանդակները և այլն, որոնք բնորոշ են IV-V դարերին: Այս թվագրումը հաստատում է նաև հուշարձանի հնագույն շարքի վրա պահված հունարեն արձանագրությունը: Եկեղեցու թվագրման վերաբերյալ կան նան այլ տեսակետներ (VI դ., VII դ.):

Պատկերներ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Թորամանյան Թ. Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, (հ.) 1-2, Ե.,1942-48
  • Токарский Η. Μ, Архитектура Армении ΙV-XIV вв, Е., 1961; Еремян А
  • О взаимоотношениях армянской и византийской архитектуры IV-VII вв., Е, 1978
  • Strzygowski J., Die Baukunst der Armenier und Europa.., t. 1-2, Wienn, 1918.

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png