Jump to content

Սրբոց Հակոբյանց մայր տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սուրբ Հակոբյանց վանքից)
Սրբոց Հակոբյանց մայր տաճար
Եկեղեցու ներսում
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի, վանք և տաճար
ԵրկիրԻսրայել Իսրայել
ՏեղագրությունՀայկական Թաղամաս, Երուսաղեմ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱռաքելական Աթոռ Սրբոց Յակովբեանց Յերուսաղեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Հիմնական ամսաթվերը1142
Ներկա վիճակԿանգուն
ԱռաջնորդՆուրհան արքեպիսկոպոս Մանուկյան
ՆվիրվածՀակոբոս առաքյալ
ԱնվանվածՀակոբոս առաքյալ
Ճարտարապետական տիպԳմբեթավոր բազիլիկա
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ12-րդ դար
Հիմնադրված1142
Քարտեզ
Քարտեզ
31°46′29″N 35°13′44″E / 31.774659°N 35.228912°E / 31.774659; 35.228912
 Cathedral of St. James, Jerusalem Վիքիպահեստում

Սրբոց Հակոբյանց մայր տաճար, գրաբարյան անվանումը Սրբոց Յակովբեանց Վանք Հայոց, Երուսաղեմի գլխավոր Եկեղեցին է։ Նվիրված է երկու Հակոբներին՝ Երուսաղեմի առաջին պատրիարքին եւ Զեբեդեսի որդի Հակոբ Առաքյալին ում գլուխը թաղված է Գլխադիր մատուռում Մարիամ Աստվածածնի ձեռամբ։

Գտնվում է Երուսաղեմի հարավարևմտյան մասում, Սիոն լեռան բարձունքում։ Սկսել է գործել Ա դարից, երբ հայ եկեղեցին մերժել է քաղկեդոնականությունը։ 7-րդ դարում Աբրահամ պատրիարքի օրոք Մուհամեդի ձեռամբ հաստատվել է Հայոց իրավունքները, ինչպես նաեւ Հայ եկեղեցու հետեւակ ժողովուրդների իրավունքները։

Նրա մատենադարանում պահվում են շուրջ 4000 ձեռագիր մատյան, դիվանագիտական փաստաթղթեր, հրովարտակներ, իսկ գանձատանը՝ հայ, մեծ մասամբ կիլիկյան, վարպետների պատրաստած ոսկյա, արծաթյա, փայտյա իրեր, ձեռագրակազմեր, կանթեղներ, վարդապետական և եպիսկոպոսական գավազաններ, այդ թվում՝ Հեթում թագավորի մականը, ձեռագործության հազվագյուտ նմուշներ։ Այստեղ է գտնվում Թորոս Ռոսլինի նկարազարդած ձեռագրերի զգալի մասը։

1833 թվականին հիմնադրվել է տպարանը։ Տպագրվել են հայագիտական, բանասիրական, կրոնական աշխատություններ։ 1843 թվականից գործում է հոգևոր ճեմարանը, որը հայտնի է «ժառանգավորաց վարժարան» անվամբ (հիմնադիր՝ Զաքարիա պատրիարք)։ 1850 թվականից Երուսաղեմաբնակ հայ երեխաների համար հիմնվել է «Թարգմաևչաց վարժարան»-ը։ 1866 թվականից լույս է տեսևում «Սիոն» հանդեսը։

Վանքը իր պատրիարքական աթոռով գործում է ցայսօր։


Սուրբ Յակոբ Եկեղեցու հիմնարկության ճշգրիտ թվականը չգիտենք, հավանաբար Սրբոց Յակոբյանց Վանքի Մայր տաճարի առաջին հիմնարկության ժամանակը հասնում է Դ․ դար՝ Ս․ Գրիգոր Լուսավորչի և Հայոց Տրդատ Գ թագավորի ժամանակաշրջանին («Անաստասայ Վարդապետի վասն վանորէից Հայոց որ է յԵրուսաղէմ», Վենետիկ, Ս. Ղազար, 1896, էջ 9։ «Գիրք Պատմութեան Սրբոյ եւ Մեծի Քաղաքիս Աստուծոյ Երուսաղէմի եւ Տնօրինական Տեղեաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի», Հովհաննես (Հաննէ) Վրդ․ Երուսաղէմացի, Կ. Պոլիս, 1807, էջ 77)։

Համաձայն Պարգև Վրդ. Վրթանեսյանի, Սուրբ Յակոբյանց Մայրավանքը Մ․ Աղավնունու հիշատակած 70 վանքերից գլխավորը կարող է եղած լինել, քանի որ Հայ Արշակունի թագավորները վերաշինել և վերանորոգել են այն («Գրպանի Օրացոյց», Երուսաղեմ, 1951, հավելված, էջ 193)։ Տե՛ս նաև «Յաջորդութիւն Պատրիարքաց յԵրուսաղէմի», Բառնաբաս Վրդ․ Գանձակեցի, 1872, էջ 8։

Համաձայն պատմական և ճարտարապետական տվյալների՝ Մայր Տաճարի ամբողջական կառույցը ցույց է տալիս տարբեր դարերի ճարտարապետական կառուցողական ոճ։ Ինչպես Մկրտիչ Եպս. Աղավնունին իր «Հայկական Հին Վանքեր եւ Եկեղեցիներ Սուրբ Երկրին մէջ» (1981, էջ 251) գրքում գրում է․ «Մենք այն համոզումն ունենք, թե տաճարի սրբավայրերը միաժամանակ չեն կառուցվել»։

Գլխավոր սրբավայրերը՝ Ս․ Գլխադիր և Ս. Մինասի մատուռները, գոնե Ե. դարից սկսյալ գոյություն ունեին» (ընդգծումը իմն է՝ Բարսեղ Ծ․ Վ․ Գալէմտէրեան)։ Շարունակելով՝ Սրբազան հեղինակը ավելացնում է․ «… և պատմականորեն հաստատվում է, թե Ս. Յակոբյանց վանքն ու եկեղեցին Խաչակիրներից (որոնք Երուսաղեմի վրա իշխեցին 1099-1187) շատ առաջ արդեն կառուցված էին։ Վանքի արևմտյան պարսպի ճակատին խաչքար կա՝ հին ու կիսամաշ, որի թևերի անկյուններում չորս ուրիշ խաչեր են քանդակված, շրջանակի վերևի երկու խորշերում երկաթագիր՝ «Տր. ԱԾ» և խաչի պատվանդանի տակ՝ «ԹՎ․ ՆԵ․» (= 956) բառերն են» (նույն տեղում՝ էջ 251-252)։

Ճարտարապետական կառուցողական տեսակետից ևս այլ փաստեր կան, որ Ս․ Յակոբի մատուռները տարբեր ժամանակների կամ դարերի ոճեր ունեն, և Մայր Տաճարի պատերը համաչափ չեն։ Ուրեմն հետագայում եկեղեցին վերակառուցվել է հին եկեղեցու մնացորդների վրա։ Մաղաքիա Արքեպս․ Օրմանյանն այն կարծիքին է, թե «.. Տաճարի լայնքի այդ անկանոնությունը պետք է վերագրել նախնական կառույցին, որը երևում է, թե բռնադատված տարածության վրա է կառուցված եղել, և նույն հիմքերի վրա է բարձրացել այժմյան կառույցը» («Հայկական Երուսաղէմ», 1931, էջ 13)։

351 թվականի մայիսի 7-ին, Երուսաղեմի Կյուրեղ Ա․ Հայրապետի օրոք, տեղի է ունենում հսկայական լուսեղեն խաչի երևումը, որը իր պայծառությամբ խափանում էր արևի լույսը և որը ձգվում էր Գողգոթայից մինչև Համբարձման (Ձիթենյաց) լեռ՝ տարածվելով Գեթսեմանի ձորի վրա։ Հայրապետը այս հրաշալի դեպքը հատուկ թղթով հաղորդել է ժամանակի Կոստանդ Կայսրին։ Երուսաղեմի քրիստոնեական համայնքը հատուկ կրոնական պաշտամունքներ էր մատուցում Աստծուն այս բացառիկ հայտնության առթիվ։ Պատմվում է, թե խաչի հրաշալի երևման առթիվ Ս. Կյուրեղը բազմաթիվ (1000-5000 անձ) նորադարձ հավատացյալների մկրտություններ է կատարել, և ավազաններից մեկը գտնվում է Ս. Յակոբյանց Մայր Տաճարի Ս. Ստեփանոս մատուռում՝ Ս․ Կյուրեղ Հայրապետի Ավազան Սեղանի տակ («Ս․ Երկրին Սրբավայրերուն Աւանդութիւնները», Մ․ Եպս. Աղավնունի, Երուսաղեմ, 1936, էջ 120)։

Ավանդությունների համաձայն, Ս․ Կյուրեղ Հայրապետի օրոք, այս շրջանում՝ Դ․ դարում, Ս․ Յակոբ Տեառնեղբոր նշխարները (ոսկորները) գտնվել և Սիոն են փոխադրվել՝ մեր այժմյան Ս․ Յակոբայ եկեղեցու տեղը, ինչպես հայտնում են վկայաբանությունները։ «… Ս․ Տեառնեղբոր գերեզմանի վրա կառուցվում է մի վկայարան , և նշխարներից մի մասը փոխադրվում է այնտեղ» («Հայկական Հին Վանքեր եւ Եկեղեցիներ …», Մ․ Եպս․ Աղավնունի, էջ Ժ)։ ԺԸ․ դարի պատմագիր Հովհաննես (Հաննէ) Վրդ․ն իր «Պատմութիւն Երուսաղէմի …» երկում, էջ 83, գրում է․ «Իսկ Սուրբ Սեղանի ներքո ամփոփված է Սրբոյն Յակոբայ Տեառնեղբոր ամենամաքուր մարմինը»։

Յակոբ Տեառնեղբոր մարմինը իր նահատակությունից մինչև Դ․ դար թաղված էր Երուսաղեմի Տաճարի մերձակայքում գտնվող մի վայրում, հավանաբար «Սելովմայի կողմը՝ Հայոց Սահառունյաց Վանքի տեղում, որը «Բարուվանք» են կոչում, ուր Տեառնեղբայրը վեմը ընդունեց (թաղվեց)» («Վասն Վանորէից որ ի Ս․ Քաղաքն յԵրուսաղէմ», Անաստաս Վարդապետ, Վենետիկ, Ս. Ղազար, 1896, էջ 7)։

Ս. Յակոբ եկեղեցին Սիոն Լեռան վրա շարունակել է իր գոյությունը հայ կրոնավորների պահպանության ներքո։

Ս. Յակոբ (Ս. Մինաս) Եկեղեցու մասին տեղեկություններ չունենք։ Բյուզանդական տիրապետության ժամանակ (380-638) Ս. Յակոբը ճանաչված է նաև Ս. Մինաս անունով («Historical Atlas of Jerusalem», Dan Bahat, Jerusalem, 1986, էջ 37, քարտեզ)։ Ս. Մինաս մատուռը հանդիսանում է այս վայրի առաջին աղոթարանը։ Ս. Մինասը եգիպտացի նահատակ էր, իսկ մատուռը կառուցվել է Պասսա ազնվական տիկնոջ կողմից, որը 444 թվականին իր բարեկամուհու հետ գալիս է Երուսաղեմ։ Նա բնակվում է մոտակա կանանց վանքում և դառնում է դրա մեծավորուհին («The Holy Land», Jerome Murphy-O’Connor, Oxford University Press, 1980, էջ 49)։

Երուսաղեմի Հայոց Աբրահամ Ա. Պատրիարքը Ս. Տեղյաց ազգային սեփականությունների համար անձամբ մեկնում է Մեքքա և 629 թվականին Մուհամմեդից՝ իսլամների մարգարեից, ստանում է հրամանագիր (charter) («Սաղիմական», Նորայր Արքեպս. Պողարյան, Երուսաղեմ, 1998, էջ 1), որի մեջ հաստատվում են Հայոց իրավունքները Երուսաղեմում և Ս. Երկրում։ Հայոց սեփական եկեղեցիների և վանքերի շարքում հիշատակվում է նաև «… Ս. Յակոբ (Մար Եագուպ) կոչված մեծ եկեղեցին, որ Ս. Քաղաքի հարավային կողմում է և Սիոնի վանքի մոտ» (Տիգրան Հ. Թ. Սավալանյանց, «Պատմութիւն Երուսաղէմի», թարգմ.՝ Մեսրոպ Եպս. Նշանյան, Ա. հատոր, 1931, էջ 261)։

Տիգրան Հ. Թ. Սավալանյանցը նույն գրքում, էջ 260, գրում է․ «Այն ժամանակ Հայոց Եկեղեցու պատրիարքն էլ Աբրահամն էր, որի հիշատակությունը գտնում ենք Զեքէլտին արաբ պատմագրի «Յաղթութիւն Երուսաղեմի» գրքում՝ Սալահեդդինի հրովարտակի մեջ, ուր հիշվում է, թե Մուհամմեդը դաշնագիր է տվել Աբրահամ պատրիարքին»։

Երբ Օմար Իպն էլ Խաթթաբը՝ Մուհամմեդի հաջորդը, 636 թվականին գրավում է Երուսաղեմը, օրվա Գրիգոր Պատրիարքին տրված հրամանագրով վերահաստատում է Հայոց իրավունքները Երուսաղեմում և Ս. Երկրում՝ Մուհամմեդի այն հրամանագրի հիման վրա, որի վկան ինքը՝ Օմարը, եղել էր (Սավալանյանց, «Պատմութիւն Երուսաղէմի», էջ 262)։

Ս. Յակոբ Առաքյալի (Գլխադիր) և Ս. Յակոբ Տեառնեղբոր շիրիմներից բացի, այստեղ թաղված է նաև Ս. Մակար Հայրապետը՝ Դ. դարի Երուսաղեմի Պատրիարքը (335 թվականից) և 325 թվականին Նիկիայի Ա. Տիեզերական ժողովի 318 հայրապետներից մեկը («Յաջորդութիւն Պատրիարքացն Երուսաղէմի», Բառնաբաս Վրդ. Գանձակեցի Տէր Յովսէփեան, Կ. Պոլիս, 1872, էջ 15)։

1957 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նորոգվում է Սրբոց Յակոբյանց Մայր Տաճարի հատակի սալապատումը։ Այս առիթով, մինչև սալարկումը, կատարվում են պատահական պեղումներ։ Պեղումների ընթացքում եկեղեցու հատակից ի հայտ են գալիս հին գերեզմաններ՝ մարդկային կմախքներով, «… որոնք թաղված էին գլուխը դեպի արևմուտք և ոտքերը դեպի արևելք, այնպես, ինչպես քրիստոնյաներս սովոր ենք թաղել»։ Պատահական պեղումների ընթացքում սալաքարերի տակից երևացած հատակը հավանաբար նախկին հին գավթի կամ եկեղեցու հատակի մի մաս է եղել։ Ինչպես գիտենք, կարևոր բարձրաստիճան եկեղեցական դեմքերը թաղվում էին եկեղեցու գավթում կամ ներսում։

Պեղումների ընթացքում գտնվում են նաև հին կառույցների մնացորդներ, ինչպես՝ հատակով ավազան մը, ջրանցք մը, հին արձանագրություն մը՝ հյուսիսային որմասյան բացված մասի հյուսիսային անկյունում՝ «ՊԿԳ» (= 1414) թվականով։ Մանրամասների համար տե՛ս «Սալարկում Ս. Յակոբայ Տաճարին եւ պատահական պեղումներ այդ առթիւ», Շնորհք Եպս. (Գալուստյան), «ՍԻՈՆ», 1958, էջեր 194, 282։

Այդ շրջանում նորոգություններ են կատարվում նաև Ս. Մինասի մատուռում։ Համաձայն հնագիտական և պատմական տվյալների՝ Ս․ Մինաս (Ս․ Սարգիս) մատուռը եղել է առաջին և նախնական վանական եկեղեցին, որի շուրջ աստիճանաբար կառուցվել է Ս. Յակոբյանց Տաճարի ներկայ բարդ և փառավոր կառույցը (Շնորհք Եպս., «ՍԻՈՆ», 1958, էջ 289)։ Այս մատուռի կառուցման շրջանը Ե. դարն է համարվում ըստ հնագետ գիտնականների։ Ս. Մինաս մատուռում կատարվել են մասնակի պեղումներ, և գտնվել են հին պատերի վրա հյուսված փոքր «դուռ մը, որ այստեղ պատուհանի մը դիրքին կը բարձրանայ»։ Գտնվել են նաև հին մոզայիկի և խեցեղենի բեկորներ։

1957 թվականին Ս. Յակոբի և Ս. Մինասի մեջ կատարված պատահական և մասնակի պեղումների ընթացքում գտնված կմախքները և հին շինարարական կառույցները ցույց են տալիս, թե այս վայրերը իսկապես եղել են հին տան տեղ՝ իր պարտեզով միասին և ջուր ամբարելու համակարգով։ (Այս տեսակետը հաստատվում է նաև եկեղեցու մեջ ջրհորի գոյությամբ՝ արևմտյան կողմում, Քառասուն Մանկանց պատկերի դիմաց, հյուսիսային կողմում՝ «Ս. Մակարի Դուռ»ի մոտ)։ Ուրեմն բոլոր տեղեկագրական, հնագիտական, պատմական և հետագա ուղեգրական գրությունները հաստատում են այս տեսակետը։

Շատ հավանական է, որ 614 թվականին, պարսկական արշավանքների ժամանակ, Ս. Յակոբի նախկին եկեղեցին մասամբ ավերված է եղել, և հետագայում ավելի մեծ ու փառավոր եկեղեցի է կառուցվել (Shu Kevork Hintlian, History of the Armenians in the Holy Land, Jerusalem, 1976, էջ 52։ Տե՛ս նաև Dan Bahat, Carta’s Historical Atlas of Jerusalem, Jerusalem, 1986, էջ 55)։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան հատվածում կա հիանալի զարդարված, 17-րդ դարի փայտյա դուռ։ Եկեղեցում է նաև գտնվում 94-րդ Երուսաղեմի հայոց պատրիարքի` Կյուրեղ Իսրայելյան պատրիարքի և Սալահ ադ Դինի ժամանակակցի` Աբրահամ պատրիարքի գերեզմանները։

Եկեղեցու մոտ կա երեք փոքր զանգակատուն։ Առաջինում թաղված է 4-րդ դարի Երուսաղեմի պատրիարքը՝ Մակարիան, իսկ երրորդ զանգակատունը գտնվում է Հակոբի թաղման վայրում։

Եկեղեցում գտնվում է երեք զոհասեղան, որոնցից կենտրոնականը նվիրված է Հակոբին, աջը - Հովհաննես Մկրտչին, իսկ ձախը - Մարիամ Աստվածածնին։ Սուրբ սեղանից ոչ հեռու գտնվում է աթոռ-գահ - ավելի համեստ զարդարվածը՝ Պատրիարքի համար, իսկ ավելի լավ զարդարվածը՝ անձամբ Հակոբ Տեառնեղբոր անվանբ, քանի որ նա էր Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը Գործք 15 գլուխ։

Սբ. Հակոբյանց հայկական տաճարը և նրա շրջակայքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբոց Հակոբյանց վանքը երբեք պատշաճ կերպով չի ուսումնասիրվել։ Գտնվելով Սիոն լեռան վրա, Հայկական թաղամասում՝ Հին քաղաքի պարիսպների մեջ, Սրբոց Հակոբյանց վանքը ծառայում է որպես Երուսաղեմի գլխավոր հայկական եկեղեցի[1]։

Առաջինը Եվրոպացի ճանապարհորդը, ով հիշատակել է հայկական գործունեությունը Սբ. Հակոբյանցում, Հովհաննես Վուրցբուրգիցն էր 1165 թվականին։ Եկեղեցու ամենավաղ հայերեն արձանագրությունները թվագրվում են 1151–1153 թվականներին։ Երկուսն էլ մակագրված են հուշաքարային խաչերի վրա, որոնք հայտնաբերվել են 1835 թվականի վերանորոգման ժամանակ։ 2016 թվականին հայտնաբերվել է ավելի վաղ խաչքար, որը ներառված է վերին հարկի պատի մեջ և թվագրվում է 1112 թվական։

Փաստաթուղթը, որը հաստատում է Սալահ Ադ դինի կողմից հայ համայնքին տրված վանքի իրավունքները պահվում է պատրիարքարանի արխիվում։ Վանքը վերակառուցվել է հայերի կողմից 12-րդ դարում, այնուհետև վերանորոգվել 17-րդ և 18-րդ դդ. որոշ կառուցվածքային փոփոխություններով։ Համալիրը պահպանում է նաև մի քանի բյուզանդական մնացորդներ[2]։

Կառույցի ամենահին հատվածը հայտնի Սուրբ Մինաս փոքրիկ մատուռն է, որը այսօր հայտնի է որպես Սբ. Սարսի մատուռ։ Այն կցված է Սբ. Հակոբյանց տաճարին։ Ք. Քենյոնի հնագիտական արշավախմբի աշխատանքների ընթացքում 1960-ական թվականներին տարածքում հայտնաբերվել է բյուզանդական բազիլիկ եկեղեցի՝ երեք աբսիդներով (ներկայիս Հայկական թաղամասի ավտոկայանատեղում)։ Գտածոները ներառում էին զարդարված խճանկարային հատակ ծաղկային նախշեր, նապաստակ, այլ կենդանիներ և հունարեն ձոնագրություն։

5-րդ դարով թվագրված եկեղեցական կառույցը նույնականացվել է որպես Բասայի կուսանոց, որը հայտնի է բյուզանդական աղբյուրներից։

Մ. Բրոշիի կողմից իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են բյուզանդական շերտեր Հայկական ճեմարանի և օսմանյան քաղաքից դուրս գտնվող Հայկական թաղամասի տարածքում։

Վերջերս փոքրածավալ պեղումներ են իրականացվել Հայկական թաղամասի պատերի ներսում` IAA-ի կողմից՝ հայտնաբերվել է մոնումենտալ շինության մի հատված, որը ըստ կերամիկական գտածոների թվագրվում է 5–7-րդ դարեր։ Հին Երուսաղեմի գրավոր աղբյուրներում պահվում են Սբ. Մենաս եկեղեցում իրականացվող ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ։

Հնագույն մատուռի մակերեսային ուսումնասիրությունը բերեց Լ.Հ.Վինսենթին և Ֆ.-Մ. Աբելին այն եզրահանգմանը, որ հայկական տաճարում պահվել են բյուզանդական նահատակ Սուրբ Մենասի մնացորդներ թվագրված 5–6-րդ դարեր։

Սուրբ Մինասի մատուռ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինսենթի և Աբելի արձանագրությունների համաձայն, սկզբնական մատուռի հատակագիծը գրեթե քառակուսի է` դրսից 7,05 x 7,15 մ, երկու փոքր փորագրված աբսիդներով։ Սինայի Սուրբ Եկատերինա եկեղեցու մատուռի ճակատին կա գրառում, որ այն կատարվել է Սինայում Հուստինիանոս կայսրի կողմից 548-565 թվականներին։ Կրաքարե շերտը, հավանաբար դեռ ծածկված է եղել 1920-ական թվականներին, և, հետևաբար, Դոմինիկյան հայրերի կողմից չի նշվում, զարդարված է tabula ansata-ով։ Այն չի կրում մակագրության նշաններ, հնարավոր է ջնջվել են, բայց կողքերին կան զարդարված երկու խաչեր[3]։

Մատուռի ներքին չափ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալուստյանի արձանագրած՝ 4,65 x 3,75 մ էականորեն տարբերվում է Վինսենթի և Աբելի չափումներից` մոտ 1.5մ-ով։ Երեք տարածքներ են պեղվել՝ մատուռի հնագույն հիմքերը բացահայտելու համար նրա հյուսիսային, արևմտյան և հարավային պատերին մոտ։ Արևելյան կողմը մնացել է անձեռնմխելի, զոհասեղանը չվնասելու համար։ Հյուսիսային պատի հիմքը ներկայիս մակարդակից 1,8 մ ցածր է, այն կառուցված է մշակված խոշոր քարերով ։ Այդ հատվածներում հայտնաբերվել են ցրված խճանկարներ։ Հարավային պատի տակ, որը սահմանակից է Սբ Դամբարանի մատուռին, հայտնաբերվել են միայն դրա հիմքերը (հնարավոր է, հնագույն հարավային մուտք)։ Ավելի խորը պեղելով՝ բանվորները գտել են գունավոր գաջի և խճանկարի բազմաթիվ բեկորներ՝ մեծ և միջին չափերի սպիտակ, կարմիր և սև գույնի խորանարդներ։ Պեղումները շարունակվել է մոտ 15–20 սմ ավելի խորության վրա, մինչև հասել են «ոսկորների մնացորդների շարքերին»։ Այս փուլում որոշվել է դադարեցնել պեղումները, ապագայում՝ 2011 թվականին, պատշաճ հնագիտական աշխատանքները շարունակելու հույսով։

Գալուստյանը եզրակացնում է, որ հնագույն մատուռը ավերվել է երկրաշարժից կամ «բարբարոսների» կողմից, և որմնադրության վերին շարքերը փլուզվել են՝ փշրելով խճանկարի հատակը։ Միջնադարյան վերանորոգումների ժամանակ այս հին կառույցը չի ապամոնտաժվել, այլ ընդգրկվել է նոր եկեղեցու մեջ. բարձրացվել են պատերը և կառուցվել նոր հատակ։ Խեցեղենի, խճանկարի և որմնանկարների բեկորները պահվում էին Հայոց պատրիարքարանում այլ փոքրիկ գտածոների հետ միասին[3]։

Պեղումներ գլխավոր եկեղեցու ներսում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնորհք եպիսկոպոսը գլխավոր տաճարի տարածքում հայտնաբերել է հավելյալ հնագույն մնացորդներ, որտեղ փոխարինվել են հատակները։ Ընդհանուր առմամբ պեղվել է 1–1,3 մ խորությամբ երեք հատված։ Փորվել է հարավային պատին զուգահեռ եկեղեցին և Սուրբ Էջմիածին մատուռի շեմքը՝ բացահայտելով վեց թաղված մադկանց կմախքներ, այդ թվում՝ երեխայի կմախք և յոթ գերեզման[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bishop Shnorhk (Kaloustian). “Salargum Surp Hagopay Dajarin yev badahagan beghumner ayt artiv” (Pavement Works at St. James Cathedral and Excavations on that Occasion). {{cite book}}: line feed character in |title= at position 67 (օգնություն)
  2. Dikran Sawalaneants, Badmut‘iwn Erusaghēmi (1931). from Classical Armenian by Mesrob Nshanean. Jerusalem: St. James Press.
  3. 1 2 3 Yana Tchekhanovets, Fr. Pakrad Berjekian. https://www.academia.edu/36932690/Excavating_the_Armenian_Cathedral_of_St_James_in_Jerusalem_The_Unknown_report_from_the_1950_s_JSAS_26_2017_pp_119_134. {{cite book}}: External link in |title= (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 644