Երերույքի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երերույքի տաճար
Երերույքի տաճարը

##Երերույքի տաճար (Հայաստան)
Set01-church1.svg
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Հայաստան Հայաստան Շիրակի մարզ, Անիպեզմա
Կոորդինատներ 40°26′22.99″ հս. լ. 43°36′33″ ավ. ե. / 40.439722, 43.60916740°26′22.99″ հս. լ. 43°36′33″ ավ. ե. / 40.439722, 43.609167
Թեմ Շիրակի
Տարածք Հայաստան
Մարզ Շիրակի մարզ
Հոգևոր կարգավիճակ չգործող
Ներկա վիճակ Կիսավեր
ժառանգության կարգավիճակում ՅՈւՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի թեկնածուների թվում է
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապ. տիպ Բազիլիկա
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 4-րդ դար
Կառուցման ավարտ 5-րդ դար
Առանձնահատկություններ
Բարձրություն 30.5 մ
Commons-logo.svg Վիքիպահեստում


Երերույքի տաճար, եռանավ բազիլիկ տիպին պատկանող հայկական քրիստոնեական եկեղեցի ՀՀ Շիրակի մարզում, Անիպեմզա գյուղի մոտ, Ախուրյանի ձախ ափին։ Կառուցվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում։ Պահպանվել է կիսավեր վիճակում։ Երերույք անվանումն առաջացել է մատաղ անելու հեթանոսությունից մնացած սովորությունից։ Իր տեսակի մեջ համարվում է Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկը։

Նկարագիր[խմբագրել]

Երերույքի տաճարը

Երերույքի տաճարը գտնվում է Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի մոտ, Անի մայրաքաղաքից 5 կմ հեռավորության վրա։ Ունեցել է վեց սյուն։ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ անվանումն առաջացել է այդ սյուների միջոցով ստացված ճարտարապետական լուծման հետևանքով, որի շնորհիվ հեռվից թվացել է, թե կառույցը երերում է։ Երերույքը Հայաստանի ամենաարժեքավոր կառույցներից մեկն է։ Մասնագետների գնահատմամբ՝ այն վաղ միջնադարյան մեզ հայտնի կառույցներից ամենամեծն է։ Տաճարը հսկա բազիլիկ է՝ կառուցված ստիլոբատի (աստիճանաձև հիմք) վրա։ Իր արժանիքներով այն զարգացած միջնադարի մեզ հայտնի հայկական ճարտարապետության հիմնասյուներից է։ Եկեղեցու շուրջ մի պարիսպ կա։ Նրանից դուրս՝ այլ շինություններ, ստորգետնյա սենյակներ։ Մի քիչ ներքևում՝ ձորակի մեջ մի տարօրինակ շինություն։ Իսկ ավելի հեռու, դեպի հարավ – արևելք՝ մի ջրամբարի պատնեշ կա և մի ամբողջ բնակավայր։

Տաճարը վաղ քրիստոնեական շրջանի շինություն է, որն իր մեջ պահպանում է անտիկ ճարտարապետության ավանդույթները։ Թվագրվում է մոտավորապես 5-րդ դարով։ Տաճարի մասին պատմիչները լռում են։ Գոնե մեզ հասած ձեռագիր մատյաններում նրա մասին որևէ հիշատակություն չի հանդիպում։ Նրա մուտքերից մեկի ձախ կողմում պահպանված արձանագրությունից տեղեկանում ենք, որ 11-րդ դարում Բարգրատունյաց Հովհաննես – Սմբատ արքայի կինը ներդրումներ է կատարել՝ տաճարի վերանորոգման համար։ 2010-2011-ին աշխատել են Շիրակի Երկրագիտական թանգարանի և Ֆրանսիայից՝ Պրովանսի համալսարանին կից գործող “Միջերկրականի շուրջ գտնվող երկրների միջնադարյան հնագիտության լաբորատորիայի” մասնագետները։

Եկեղեցին գտնվում է մի մեծ համալիրի կազմում, որտեղ բազմաթիվ բաղկացուցիչ կառույցներ կան։ Դրանք, ինչպես նաև դրանց կապը տաճարի հետ մասնագետներն առայժմ համարում են առեղծվածային։ Երերույքի տաճարի տարածքում չնայած նախկինում շուրջ մեկ դար աշխատել են հնագետները, սակայն նրանց ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփ հրատարակված չեն։

Տաճարի հարևանությամբ՝ գետնի վրա նկատելի են անցքեր, որոնց ներքևում բավականին ընդարձակ սրահներ կան։ Երկու քարայրների մուտքերը ավելի ցածրադիր մասում են։ Նրանցից մեկի մուտքը փլուզված է և դժվարությամբ կարելի է ներս մտնել։ Իսկ վերը նշված անցքերը երդիկի դեր են կատարել։

Քարանձավային սենյակներ Երերույքի տաճարի մոտ

Դրանց շնորհիվ այրերի ներսում բավականին լուսավոր է։ Պատերի վրա փորվածքներ են արված այնպես, որ կարելի է նստել կամ ինչ որ առարկաներ դնել։ Սրահներից մեկում իրար դեմ դրված են քարի կտորներ, որոնք արտաքնապես նման են սեղանի և թիկնակներով երկու աթոռի։ Սակայն, հավանաբար, սրանք ինչ–որ շինության բեկորներ են եղել։

2011-ին կատարված պեղումների ժամանակ (պեղվել են եկեղեցու հարավային եզրի տարածքը) նկատվել էին վաղ քրիստոնեական Հայաստանի համար բացառիկ մի երևույթ։ Դա շատ ընդարձակ մի դամբարանադաշտ է, որտեղ 7-8 պատվանդան կա։ Դրանք քառակուսի են, որոնց վրա հավանաբար եղել են բարձր հուշարձաններ՝ սյան կամ կոթողի ձևով, այսինքն ամեն մի պատվանդանի վրա պետք է պատկերացնել խորանարդ հիմք, որի վրա բարձրանում է քառակող մի կոթող կամ ութանիստ սյուն։ Դրա վրա ևս մի խոյակ կա՝ ծայրին քարե նախշ։ Դեռևս հայտնի չէ, թե ինչի համար են դրանք կանգնեցվել՝ արդյոք մահարձանայի՞ն հուշարձաններ են, թե՞ խորհրդանշական։ Հայտնի չէ նաև դամբարանադաշտի ու բազիլիկի ժամանակագրական և գործառութային կապը։

Երերույքի տաճարը

Տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ նորածինների թաղումներ։ Նորածինների գերեզմանների մեծ քանակը ենթադրել է տալիս, որ այն կապված է հավանաբար ինչ–որ աղետի հետ։ Պրովանսի համալսարանի հայագիտության դասախոս, հնագետ Պատրի Տոնապետյանը, 2011-ի պեղումներից հետո կարծիք է հայտնել, որ դա կապ է ունեցել եկեղեցու բնույթի հետ. Երերույքի տաճարը նվիրված է եղել սուրբ Հովհաննես Մկրտչին, որը շատ սիրված է եղել Հայաստանում։ Լինելով Հիսուսի մկրտիչը՝ գուցե մարդկանց պատկերացման մեջ թույլ է տվել այստեղ թաղել նորածին երեխաներին, ովքեր դեռ մկրտված չեն եղել։ Ամենայն հավանականությամբ՝ այս թաղումները կատարվել են 5-6-րդ դարերում։ Իսկ ֆրանսիացի մարդաբան Պոլ Բելեն նշել է, որ լավ պահպանված կմախքները և ընդհանուր գերեզմանները հարուստ նյութեր են տալիս՝ թաղման հայկական ծեսերի մասին պատկերացում կազմելու, ինչպես նաև թվագրման համար։ Մի քանի թաղումներում գտնվել են երեխաների կմաղքներ, որոնք փաթաթված են եղել պատանով։ Թաղման կարգը նույնն է, ինչ Ֆրանսիայում՝ երեխաները պառկած են մեջքի վրա, գլուխը դեպի արևմուտք, ձեռքերը՝ կրծքի վրա խաչված, կամ մեկը դեպի վիզը, մյուսը՝ դեպի որովայնը ձգված։ Դա ընդհանուր քրիստոնեական երևույթ է։ Ավելի խոր, հետևաբար՝ երևի ավելի հին շերտում հայտնաբերվել են մեծ դամբարաններ՝ հավանաբար մեծահասակների։ Դատելով շարվածքից ու քարերի դասավորությունից՝ ենթադրվում է, որ այնտեղ թաղվածները հասարակ մարդիկ չեն։

Այս ու այնտեղ սփռված քանդակազարդ քարերը ցույց են տալիս, որ այստեղ բացառապես վաղ քրիստոնեական շրջանի մնացորդներ են։ Այսինքն միջնադարյան և ուշ միջնադարյան հետքեր շատ քիչ կան։ Կարելի է ասել, որ այս համալիրն ապրել ու զարգացել է վաղ քրիստոնեական, նախաարաբական շրջանում։ Հետագայում ևս իր գործունեությունը ծավալել է հատկապես Անի մայրաքաղաքի ծաղկման շրջանում՝ 10-11-րդ դարերում, նաև ավելի ուշ՝ 13-րդ դարում, սակայն նվազ աշխուժությամբ։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Երերույքի տաճարի մասին մանրամասն