Առաքելոց վանք (Կիրանց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առաքելոց վանք (այլ կիրառումներ)
Առաքելոց վանք
Առաքելոց վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՏավուշի մարզ, Աճարկուտ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի[1]
ԹեմԳուգարքի թեմ
Մասն էԳյուղատեղի «Առաքելոց»
Կազմված էԳավիթ, Գերեզմանոց, Եկեղեցի, Եկեղեցի, Զանգակատուն, Ընդունարան-դահլիճ, Խաչքար «Սբ. Կարապետ», պարիսպ և սեղանատուն
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[2]
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ13-րդ դար
Կառուցման ավարտ14-րդ դար
Գմբեթ1
Շինանյութկաթնագույն, դեղնագույն և կապտագույն սրբատաշ քարեր
Քարտեզ
Քարտեզ
 Arakelots Vank, Tavush Վիքիպահեստում

Առաքելոց վանք, Հայ առաքելական եկեղեցու վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզի Կիրանց (Գետաշեն) գյուղից 3 կմ արևմուտք, Աճարկուտ գյուղից 2 կմ արևմուտք, Կիրանց գետակի ափին, անտառապատ լեռների լանջերին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավերված գյուղատեղեր ու բնակատեղեր շատ կան Աղստևի հովտում. դրանք պատկանում են մեր պատմության ամենատարբեր ժամանակաշրջաններին։ Այդպիսի խոշոր բնակավայրերից են Առաքելոց վանքը և գյուղատեղն՝ իր հոգևոր ու աշխարհիկ բազմաթիվ շինություններով։ Դրանք գտնվում են Կիրանց (Գետաշեն) գյուղից 3 կմ արևմուտք, անտառապատ լեռների լանջերին։ Միջնադարում այս ձորը և լեռնալանջերը խիտ էին բնակեցված։ Այդ են հաստատում մի շարք բնակավայրերի, ճարտարապետական կոթողների, կամուրջների, կարավանատների և այլ կառուցվածքների բազմաթիվ մնացորդները։ Կայեն գավառի այս շրջանը իր աշխարհագրական հարմար դիրքով յուրահատուկ դարպաս էր հարևան երկրների՝ Վրաստանի և Աղվանքի առևտրական ճանապարհների համար, որոնցով այդ երկրները կապվում էին կենտրոնական Հայաստանի տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոնների հետ։ Մատենագիտական հիշատակություններ չեն պահպանվել այս նշանավոր բնակավայրերի ու ճարտարապետական կոթողների մասին։ Դրանց պատմական կյանքի միակ վկաները վիմական արձանագրություններն են։ Առաքելոց վանք-ամրոցի պարսպապատ տարածքում և նրա շրջակայքում պահպանվել են մի շարք հուշարձաններ։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմված է երկու եկեղեցիներից, փոքրը պատկանում է միանավ բազիլիկ տեսակին իսկ մեծը՝ գմբեթավոր սրահ տիպին։ Մոտավորապես 80 մ ներքև գտնվում է քարվանսարա։ Երկու կմ հյուսիս-արևելք գտնվում է Խնձորուտ փոքր եկեղեցին։

Գլխավոր եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաքելոց վանքի գլխավոր եկեղեցին

Կառուցված է ամրոցի հյուսիսային ծայրին, կից կանգուն պարսպին։ Փոքր չափերի կառույց է[3], արտաքուստ պատած կաթնագույն, դեղնագույն և կապտագույն սրբատաշ քարերով, իսկ ներսից՝ կրով սվաղված։ Արտաքին չափերն էն՝ 10.25 մետր x 7.45 մետր։ Ունի բարձր, կլոր թմբուկ և սրածայր վեղար ունեցող գմբեթ։ Արտաքուստ և ներքուստ որևէ զարդաքանդակ կամ արձանագրություն չունի։ Լուսամուտները փոքր են, ընդամենը վեց հատ, որոնցից չորսը գմբեթի վրա, չորս գլխավոր ճակատներին, մեկը եկեղեցու հարավային պատի մեջտեղում, իսկ վեցերորդը՝ աբսիդի ճակատին, արևելքից։ Ներքուստ, արևելյան կողմում, ունի մեծ և խորն ընկած աբսիդ։ Բեմը բարձր է, սանդուխքը հարավից, երեք աստիճանով։ Խորաններ (ավանդատներ) չունի։ Աբսիդի եզրից մոտավորապես 0,5 մետր ներս և հյուսիսային և հարավային պատերին կից տեղավորված որմնասյուների վրա են հիմնված գմբեթակիր կամարները։ Եկեղեցին հյուսիսից սեփական պատ չունի, դրա փոխարեն օգտագործված է ամրոցի պարիսպը։ Միակ մուտքը բացվում է արևմուտքից, հետագայում կառուցված ժամատան ներսից։ Հատակը և տանիքը սալպատված են եղել։ Պահպանվել են որմնանկարների մնացորդներ։

Եկեղեցու շինարարական առանձնահատկություններից գլխավորն տանիքի մեկ սագ (թեքություն) լինելն է։ Սագի հյուսիսային կողը արհեստական ձևով բարձրացված է և կցված է պարսպին, որտեղից սկսվում է տանիքի աստիճանական թեքությունը, մինչև հարավային պատի եզրը։ Այդ հանգամանքը նկատելի է ցածից, եկեղեցու արևելյան ճակատից։ Հյուսիսային սագի տեղում, տանիքի վրա, պարսպի գծի երկարությամբ, շիված է թաղապատ մի անցք, ծածկված խրամատի ձևով, այն նկատառումով, որ հյուսիսից սագի բարձրացման հետևանքով առաջացած բեռնավորումը եկեղեցու թաղի վրա, ըստ հնարավորին թեթևանա։ Հյուսիսային սագի վերացման պատճառներից մեկն էլ այն է, որ անձրևի և ձյան ջրերը րծծվեն պարսպի և եկեղեցու արանքը, որ տեղի կունենար տանիքի երկսագ շինելու դեպքում։

Եկեղեցին կանգուն է, սակայն երկրաշարժերից ճեղքեր են բացվել արևելյան և հարավային պատերի մեջ, լուսամուտների գծով, նաև արևմտյան պատի մեջ, մուտքից վերև։ Թափված և խախտված ենգմբեթի վեղարի ծածկը, տանիքի սալերը և հարավային ու արևելյան պատերի վերին շարքերի քարերը։

Ժամատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաքելոց վանքի ժամատան գմբեթը ներսից

Ժամատունը Առաքելոց վանքի առավել կարևոր և միջնադարյան հայ ճարտարապետության ուշագրավ հուշարձաններից մեկն է։ Քառակուսի, միջին չափերի մի պարզ շենք է, եկեղեցու կառուցումն ավարտելուց հետո, կից վերջինիս արևմտյան պատին։ Չափերն է՝ 10,4 մետր x 9,5 մետր։ Կառուցված է կաթնագույն, դեղնագույն և կապտագույն սրբատաշ քարերով։ Սյուներ չունի։ Վրանաձև տանիքը գոտկում են իրար խաչաթևող կամարները, որոնց կրունկները նստած են պատերին կից մույթերի, կիսամույթերի և կալունակների վրա, որոնք դասավորված են հետևյալ կարգով. զույգ մոյքեր կցված են արևմտյան պատին, մի զույգ կիսամույթեր՝ հարավային, իսկ մյուս երկու պատերին երկուական կալոինակներ, որոնցից մեկը, եկեղեցու մուտքից աջ ընկած է։ Պատերի քարերի վերին շարվածքն աղեղնաձև է, նման Դեղձուտի վանքի ժամատան պատերի շարվածքին՞ Ժանատան պատերը ներսից և դրսից սրբատաշ քարերով են պատված։

Ժամատունը նշանավոր է սողոմաքաղ երդիկով։ Իրար հատող կամարների վերևում առաջացած կենտրոնական քառակուսի բացվածքի անկյունները կտրված են դրանց վրա շարված, 20 սմ հաստություն ունեցող մեծ սալերով. ստացված անկյուններն իրենց հերթին կտրվում են հաջորդ շարքի սալերով և այսպիսով անցքը աստիճանաբար նեղանում և բարձրանում է վերև։ Բացի երդիկից ժամատունը լույս է ստանում արևմտյան պատի մեծ բացված, միջին մեծության, մի թաղապատ, ցածրադիր լուսամուտից, որն նայում է հեղեղատի խորն ընկած ձորի և դիմացի սարալանջում փռված բնակատեղիի վրա։

Ժամատան մուտքը բացվում է հարավային պատի արևելյան կեսի մեջից, այդ դռան առաջ կառուցված գավթի մեջ։ Ժամատան շենքը սեփական միայն մեկ պատ ունի՝ հարավային և արևելյան պատի մի փոքրիկ հատվածը։

Արձանագրություն 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանագրություն ժամատան մուտքի բարավորի վրա

Գավթի հարավային դռան ճակատակալ կիսակլոր բարավորի վրա Ստեփան գծողի ձեռքով փորագրված է նվիրատվական արձանագրություն, որում հիշատակվում է Խաչենիսենց Գրիգորի անունը։

  1. Ի ԹՎ. ԿՆԻՍ...
  2. ԿԱՄՒ ԲԱՐԵՐԱՐԻՆ ԱՅ ՈՒ ՈՂՈՐՄՈՒԹԲ ԱԹԱ-
  3. ԲԱԿ ՈՒ ԱՄԻՐՍՊԱՍԱԼԱՐ ԽՈՒԹԼՈՒԲՈՒՂԻՆ ԵՍ ԳՐԻԳՈՐ ԹՈՌՆ Խ(Ա)Չ-ԷՆ-
  4. ԻՍԵԱՆՑ ՄԻԱԲԱՆԵՑԱ ՍԲ ԱՌԱՔԵԼՈՑՍ ԻՄ ՀԱԼԱԼ ԱՐԴԵ(Ա)Մ(Բ)Է ԵՒ ԲՆԱԿԻՉՔ
  5. ՈՒԽՏԻՍ ԵՏՈՒՆ Բ ՊԱՏԱՐԱԳ Ի ՏԱՒՆԻ ՍԲ ԳՐԻԳՈՐԻ ԳԻՒՏ ՆՇԽԱՐԱՑՆ ԿԱՏ-
  6. ԱՐԻՉՔՆ ԱՒՐՀՆԻՆ ՅԱՅ ԵՒ ԽԱՓԱՆՈՂՔՆ ԴԱՏԻՆ Ի ՏԷ ՍՏԵՓ[ԱՆ] ԳԾ[ՈՂ]

Գավիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաքելոց վանքի գավիթը

Մի փոքրիկ, քառակուսի, անհավասար կողերով կառույց է, շինված ժամատան մուտքի առաջ։ Եղել է կամարակապ և թաղակապ, հարավ-արևելյան անկյունում ունեցել է մի սյուն, որը կրել է հարավային և արևելյան կամարների ոտքերը։ Արևմտյան պատն ամբողջովին բռնված է կամարակապ մի լայն խորշով։

Արձանագրություն 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավթի արևմտյան կամարի հարավային կրունկի և դրա տակի մույթի խոյակի վրա։

  1. ՅՈՒՍՈՎՆ ԱՅ ՏԻԿԻՆՍ
  2. [ՄԻ]ԱԲԱՆԵՑԱ Ի ՍԲ ԱՌԱ-
  3. [Ք]ԵԼՍ ԵՒ ՄԻԱԲԱՆՔՍ ԵՏՈՒ-
  4. Ն :Ա: ԺԱՄ Ի ՏԱՒՆԻ ՀՌԵՄ-
  5. ՍԻՄԷ ԽԱՓԱՆԻՉՔՆ ԴԱՏԻՆ

Արձանագրություն 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավթի արևմտյան կամարի հարավային կրունկի և դրա տակի մույթի խոյակի վրա, նախորդի տակ։

  1. ԿԱՄԱՒ ԱՅ Ե-
  2. Ս ՄԱՐԷՄՏՈՒՐ։ ՄԻԱԲ-
  3. ԱՆԵՑԱ ԱՌԱՔԵԼՈՑ ՍԲ ՈՒ-
  4. ԽՏԻՍ ԻՄ ՀԱԼԱԼ + ԱՐԴԵ(Ա)Մ(Բ)Ք ՈՒ [ՄԻ]-
  5. ԱԲԱՆՔՍ ԵՏՈՒՆ :Բ: ՊԱՏԱՐ-
  6. ԱԳ Ի ՏԱՒՆԻ ՍԲ ԳՐԻԳՈՐ[Ի]
  7. ԽԱՓԱՆԻՉՔՆ ԴԱՏԻՆ ՅԱՅ

Զանգակատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգակատունը կիսավեր, քառակուսի հատակագծով, թաղակապ ծածկ ունեցող շինություն է, կից է գավթի հարավարևմտյան անկյանը։ Պահպանվել են որմնասյուներն ու կամարները։ Հարավ-արևմտյան որմնասյան վրա փորագրված են նվիրատվական արձանագրություններ։

Երկրորդ եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ եկեղեցին գտնվում է ամրոցի գլխավոր մուտքից հարավ, արևելյան պարսպին կից։ Փոքր, երկարավուն քառակուսի հատակագծով, միանավ բազիլիկ տիպի թաղածածկ և երկթեք կտուր ունեցող շինություն է։ Մուտքը հարավային պատի միջից, հարավ արևմտյան կողմին մոտիկ։ Ունի չորս փոքր և նեղ լուսամուտներ, որոնցից երկուսը արևմտյան պատի մեջ, մեկը մյուսի տակ։ Կառուցված ՝ խոշոր ավազաքարից։ Տանիքը հողածածկ է։ Եկեղեցին կանգուն է։ Նրանից մի քանի մետր հարավ, ընդարձակ շինության ավերակներ են։ Ենթադրվում է, որ դա եղել է Առաքելոց վանքի սեղանատուն-խոհանոցը։ Մի ուրիշ շինություն ծառայել է որպես ընդունարան-դահլիճ։

Ամրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաքելոց վանքի պարիսպը

Առաքելոց ամրոցը կառուցված է գյուղատեղիի արևելյան թաղամասում գտնվող, հեղեղատին զուգահեռ, հյուսիսից հարավ ձգվող մի նեղ և երկար քարաժայռի հարթ գագաթին և իր բարձր դիրքով իշխում է բնակատեղիի վրա։ Քարաժայռի հյուսիսային ծայրը, քիչ ցածրադիր ու թմբուկաձև նեղ պարանոցով, միանում է բնակատեղուն ու ամրոցը հյուսիսից շրջանցող լեռանը։ Այդ կողմից ամրոցը պաշտպանված է բարձր պարսպով և իրար մոտ տեղադրված բուրգերով։ Պարսպի այդ մասը կանգուն է (բացառությամբ արևելյան ծայրի) շնորհիվ այն հանգամանքի, որ դա միաժամանակ վանքի գլխավոր եկեղեցու և ժամատան հյուսիսային պատերին է փոխարինում։ Արևմտյան ընդերկայնական ճակատը կախված է քարաժայռի ստորոտում խորն ընկած հեղեղատի վրա։ Այդ կողմից ամրոցը միանգամայն անառիկ է։ Ամրոցի քարաժայռի հարավային սուր ծայրը մեծ բարձրությունից զառիթափ իջնելով խրվում է բնակատեղի մեջ։ Ամրոցի արևելյան ընդերկայանական ճակատը, որը նրա ամենադյուրամատչելի և խոցելի մասն է, նայում է քարաժայռի և այդ կողմից իջնող լեռան փեշերի մեջ տեղավորված մի երկար, դեպի գետակն իջնող հովտի վրա։

Ամրոցի երկարությունը 135 մետր, իսկ լայնքը 32 մետր է։ Ունեցել է հաստ և ամուր պարիսպներ, որոնցից կանգուն են մնացել՝ հյուսիսային և հյուսիս-արևմտյան անկյունի մասերը իրենց չորս բուրգերով։ Պարիսպների մնացած մասերից շատ քիչ բան է մնացել։

Ունեցել է երեք դուռ, որոնցից երկուսը կանգուն են։

  1. Առաջին դուռն արևմտյան պարսպի մեջտեղից բացվում է ցածում գտնվող հեղեղատի վրա և շատ փոքր է։ Ծառայել է ցաժում գնտվող բնակատեղիի հետ կապ պահպանելու համար։ Այդ դռան առաջ, ներսից, նկատելի են տաշած քարից շինված, քառակուսի հատակագծով, գավթի նման մի շենքի մնացորդներ։
  2. Երկրորդը, միջակ մեծությամբ դուռը գտնվում է ամրոցի հարավ-արևմտյան ծայրին գտնվող երկու մեծ շենքերի անկյունները միացնող, ոչ շատ բարձր պատի մեջ։ Պարսպի հիմնական դուռը չէ, որովհետև հիշյալ պատի և պարսպի մեջ, այդ դռան առաջ, մի փոքրիկ, եռանկյունաձև արտաքին բակ կա։ Այդ դռան դիմաց, պարսպի մեջ եղել է արտաքին դուռ, որը այժմ չի պահպանվել՝ պարսպի քանդված լինելու պատճառով։
  3. Երրորդ` ամենամեծ դուռը, արևելյան պարսպի մեջտեղում, հեղեղատ բացվող դռնակի դիմաց, աննկատելի է։ Այդ դռան տեղը ծածկված է խիտ աճած ծառերով և մացառներով։

Խաչքար[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաքելոց վանքի Սուրբ Կարապետ խաչքարը

Գտնվում է գլխավոր եկեղեցու հարավային կողմում, պատին կից։ Խաչքարը կանգնեցված է պատվանդանին։ Կարմիր տուֆից է, քանդակները՝ բուսական և երկրաչափական։ Խաչից վերև, բուսական քանդակների մեջ Քրիստոսի քանդակն է, կողքերից մեկական հրեշտակ։

Արձանագրություն 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի երեսին, խաչի թեք մակերեսներին, շուրջանակի, սկսած խաչի ձախակողմի ստորին մասից, մեկ տողով, չափածո.

ՈՎ, ՔԱՌԱԹԵՒ ՍԲ ՊԱՆԾԱԼԻ, ՓՐԿԱԳՈՐԾՈՂ, ՄԱՐԳԿԱՆ ԱԶԳԻ, ՏԵՍԻԼ ՓԱՌԱ8 ԱՆՃԱՌԵԼԻ, ՅՈՐԺԱՄ ՓԱՅԼԵՍ ԸՆԳ ԱՄԲՍ ԵՐԿՆԻ, ԼԵՐ ՐԱՐԵԽԱՒՍ Տ[ԵԱՌ]Ն Յ[ԻՍՈԻՍ]Ի, ԿԱՐԱՊԵՏԻՆ՝ ՔՈ ԿԱՆԳՆՈՂԻՆ. ԱԼՄԿԱՆՆ՝ ԻԻՐ ԿԵՆԱԿՑԻՆ, ԵԻ ԶԱՒԱԿԱՑՆ ԳՈՎԵԼԻ, ՀԱՄԱՅՆ ԱԶԳԱՑՆ, ՈՐ Ի ԿԱՐԳԻ, ՔԱԻԻԶ ՄԵՂԱՑ ԼԵՐ ԱՄԵՆԻ։

Արձանագրություն 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի կենտրոնական մասի աջ և ձախ կողմերին, հորիզոնական մեկ տողով.

ՍԲ ԽԱԶՍ ՍԲ ՍԲ ԽԱԶՍ ԱՒԵՏԵՑ[Ն] Է։

Արձանագրություն 3[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի ճակատին, Քրիստոսի բարձրաքանդակի ձեռքի վրա և կլոր շրջանակին, 1 տողով.

ԵՍ ԵՄ ԼՈՅՍ ԸՆԴ ՀԱԻՐ ԲԱՐԱՐԵԼՈ ԱՆԸՍԿԸՍԲԱՆ։ ԿԱՐԱՊԵՏԻՆ ԼԵՐ ԱԻԳՆԱԿԱՆ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի. Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 62-65, էջեր 62-65 — 154 էջ։
  • Դիվան հայ վիմագրության, պրակ 6, Երևան, 1977։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաքելոց վանք (Կիրանց)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 537