Դեղձուտի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեղձուտի վանք
Դեղձնուտի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և վանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՏավուշի մարզ, Աճարկուտ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳուգարքի թեմ
Հոգևոր կարգավիճակխոնարհված
Ներկա վիճակկիսավեր
Մասն էԳյուղատեղի «Դեղձնուտ»
Կազմված էԳավիթ, Եկեղեցի, Եկեղեցի, Խաչքար և Խաչքար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ10-րդ դար
Կառուցման ավարտ17-րդ դար
Գմբեթ1
ՇինանյութԴեղնավարդագույն և բաց մոխրագույն կարծր, սրբատաշ քարեր
Քարտեզ
Քարտեզ
 Deghdznut Monastery Վիքիպահեստում

Դեղձուտի վանք, Հայ առաքելական եկեղեցու վանք Հայաստանի Տավուշի մարզի Կիրանց (Գետաշեն) գյուղից հարավ-արևմուտք, Աճարկուտ գյուղից 9 կմ հվ-ամ, անտառում, անտառի խորքում, Դեղձուտ սարալանջին։ Այստեղից բացվում է անտառածածկ լեռների համայնապատկերը, իսկ նրա դիմաց, անդնդախոր ժայռի ծերպերին վեր է խոյանում պատմական Բերդաքարը՝ Մահկանաբերդի իշխանների երբեմնի ամրոցը։ Հուշարձանախմբի կառուցման և անցյալի մասին պատմական և այլ տեղեկություններ մեզ չեն հասել, սակայն հուշարձանների ոճից ելնելով, կարելի է վերագրել 13-րդ դարին, այդ թվագրությունը հաստատում են նաև մի քանի նվիրատվական արձանագրությունները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղձուտի վանքը եղել է պատմական Հայաստանի Կայեն գավառի հոգևոր ու մշակութային նշանավոր կենտրոններից էր։ ճարտարապետական ձևերի կատարելությամբ, արտաքին հարդարանքի և զարդաքանդակների ճոխությամբ այս հուշարձանախումբը Մակարավանքի հետ միասին նշանավոր տեղ են գրավում հայ արվեստի պատմության մեջ։

Գլխավոր եկեղեցու դռան բարավորի վրա փորագրված է խաչ, որը զարդարված է բուսական ու երկրաչափական նուրբ քանդակներով։ Պողոս և Քաղաք վարպետների ստորագրությունը կրող մի յուրահատուկ խաչ֊քար կա վանքի մուտքի հյուսիսային կողմում։ Խաչքարը վաղուց ի վեր ընկել է պատվանդանից ու կոտրվել, բաժանվելով մի քանի մասի։ 1948 թվականին հուշարձանախումբը հետազոտող հնագետները բեկորները իրար միացնելով վերծանել են խաչքարի արձանագրության մեծ մասը, և պարզվել է, որ այն կանգնեցվել է վանքի շինարարության ժամանակ։ Վանքի հիմնադրման տեղեկություններում հիշատակված են երկու անուն առաջինը՝ սպասալար Աթաբեկ Սադունը (1260 - 1280 թթ.), իսկ մյուսը՝ Հաղբատի վանքի առաջնորդ Տեր-Հովհաննես Դ. (1257 - 1280 թթ.)։ Վանքի հիմնադիր Առաքել վարդապետի անունը Դեղձուտի այլ արձանագրությունների մեջ հիշատակվում է 1275 և 1292 թվականներին։ Նրա գերեզմանը գտնվում է եկեղեցու նախագավթում և թափված քարերի հարվածներից կոտրվել է շիրիմաքարը, բայց երկու տողանոց անթվակիր արձանագրությունը վերծանվում է լրիվ։ Դեղձուտի վանքը իբրև հոգևոր ու մշակութային կենտրոն իր ծաղկմանն է հասել հատկապես Մահկանաբերդի իշխան ամիրսպասալար Սադունի օրոք։ Հին ձեռագրերից հայտնի է, որ վանքը նաև գրչության օջախ էր Առաքել վարդապետի ժամանակ։ Ենթադրվում է, որ Դեղձուտը իբրև հոգևոր կենտրոն և. Գրչության օջախ շարունակել Է իր գոյությունը նաև հետագա դարերում։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղձուտի վանքը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, գավթից և երկրորդ եկեղեցուց։ Մոտակայքում գտնվում են բնակելի տների մնացորդները, մատուռը և գերեզմանատունը։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանախմբի իսկական անունը հայտնի չէ։ Դրա մասին պատմական որևէ հիշատակություն չի հայտնաբերվել։

Գլխավոր եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղձնուտի վանքի գլխավոր եկեղեցու մուտքը

Գլխավոր եկեղեցին կառուցված է կարծր, սրբատաշ, մոխրագույն և դեղնավարդագույն քարերից՝ կրաշաղախով։ Եկեղեցին փոքր չափերի կառույց է՝ դրսից 10.1 մետր x 8.5 մետր։ Պատերի հաստությունը 77-80 սմ է։ Ունեցել է կլոր թմբուկավոր գմբեթ։ Արտաքուստ - հարավային, արևելյան և հյուսիսային պատերի մեջ կան զույգ անկյուններով նիշեր, զարդաքանդակ գագաթներով, երկուական դեկորատիվ կիսասյուների շրջանակի մեջ:էԿիսասյուների խոյակներից բարձրացող կիսագլանները, ուղիղ անկյունավոր մի քանի բեկումներով մոտենում են իրար և միանում նիշերի գագաթներից վեր։ Շատ գեղեցիկ ձևավորված են արևելյան պատի հյուսիսային և հարավային պատերի հետ միացող անկյունները։ Այդ անկյուններում մեկ քառորդով պատերի կիցքին միացած գլան է դրված, երկու կողմից ձգվող կիսափուլակների շարանի մեջ։ Դրանցից քիչ հեռու, հարակից պատերի վրատեղավորված են մեկական դեկորատիվ կիսասյուներ, որոնց խոյակների վրայից բարձրացող կիսակամարներն ուղիղ անկյան տակ վեղարաձև միանում են իրար:Նման ձևավորում ունի Գոշավանքի Գրիգոր Լուսավորիչ անունը կրող եկեղեցին։ Դեղձնուտի վանքի միակ մուտքը արևմտյան կողմից է, որը վանքի արտաքին ձևավորման ամենագեղեցիկ մասն է։ Մուտքի բացվածքը երկու կողմից եզերում են կիսագլաններից կազմված կարճ, մեկական կիսասյուներ, որոնց խոյակների վրա է հենվում դռան կատաքարը շրջանցող եռաշերտ, ստալակտիտային քանդակներ ունեցող, երկկենտրոն կամարը։ Քանդակազարդ մի շերտ, բարձրանալով կիսասյուների խարիսխներից, ուղիղ անկյան տակբեկվելով, ծածկում է կիսասյուների խոյակների ճակատը։ Այս ամենը առնված է երկշերտ, բուսական և երկրաչափական նուրբ քանդակներ ունեցող, ուղղանկյուն մեծ շրջանակի մեջ։ Այդ քանդակազարդ շերտերից ներսի կողմինը վեցթևյան գեղաքանդակ աստղերի շարան է:Ներսից, հյուսիսային և հարավային պատերի մեջտեղից 1.5 մետր իրար դեմ և աբսիդի երկու կողմից ելնող ելուստները կամարներով միանում են իրար, իրենց վրա կրելով գմբեթի ծանրությունը։ Այդ ելուստների ճակատները, ինչպես և արևմտյան պատի վրա, մուտքից դեպի աջ և ձախ, անկյունավոր կիսասյուներով են զարդարված։ Արևմտյան պատի վրայի կիսասյուները ցածր կամարներով միացած են հյուսիսային և հարավային պատերին կից կառուցված ելուստներին, այդ պատերի մեջ կազմելով լայն խորշեր։ Շինարարական արվեստի տեսակետից ուշագրավ է այդ կամարների քարերի իրար միացումը։ Քարերի իրար կցվող կողերը Կ տառի ձևի հակադիր տաշվածք ունեն և հագցված են միմյանց մեջ։ Բեմը բարձր է և երկու կողքերից ունի երկհարկ խորաններ, որոնցից վերին հարկում եղածների մուտքը աստիճաններով բացված է բեմի մեջ։ Լուսամուտները թվով քիչ են, նեղ և երկար։

Գավիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղձնուտի վանքի գլխավոր եկեղեցու մուտքը

Գավիթը կկառուցված է կարծր, սրբատաշ, մոխրագույն և դեղնավարդագույն քարերից՝ կրաշաղախով։ Արտաքուստ 12 մետր x 11.5 մետր չափեր ունի։ Արևմտյան կողմից կից է գլխավոր եկեղեցուն։ Պատերին կից, 80 սմ -95 սմ դեպի դուրս դրված կարճ մույթերի վրայից բարձրացող չորս կամարներ կենտրոնում կազմում երդիկի բացվածքը։ Հյուսիսային և հարավային պատերի մույթերի մեջ եղած հատվածը, գծից վերև, ոչ թե հորիզոնական գծով է շարված, այլ կլորաձև, շարքերի ստորին եզրերը 1.5 սմ - 2 սմ դուրս են դրված ցածի շարքերի վերին գծից։

Գավիթը ունի երկու մուտք, որոնցից գլխավորն արևմտյան պատի կենտրոնում է, դրսից քանդակազարդ շրջանակի մեջ առնված, իսկ երկրորդը՝ հյուսիսային պատի մեջ, հյուսիս-արևմտյան մույթին կից, որը տանում է դեպի բնակելի շենքերը։ Հարավային պատի արևելյան կողմում կա մի լուսամուտ, մեջտեղից փոքրիկ, անկյունավոր սյունիկով, երկու մասի բաժանված։ Տանիքը կառուցված է երկու զույգ փոխադարձաբար խաչաձևվող կամարների վրա, որոնք կենտրոնում կազմում են երդիկով ցածրանիստ գմբեթը։ Հատակը և տանիքը սալարկած են։

Երկրորդ եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղձնուտի վանքի երկրորդ եկեղեցին

Դեղձուտի վանքի մյուս եկեղեցին գտնվում է հյուսիսային կողմում՝ գլխավոր եկեղեցուց 5 մետր հյուսիսային ուղղությամբ։ Կանգուն վիճակում։ 13-րդ դարի պարզ ձևերով հուշարձան է՝ մի քանի անգամ վերանորոգված։

Պավղոս և Քաղաք կազմողների խաչքար[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 47-50, էջեր 47-50 — 154 էջ։
  • Սարգսյան Գ․, Դեղձնուտի վանքը և նրա վիմագրությունը․ «Էջմիածին», 1953, N4։
  • Դիվան հայ վիմագրության, պրակ 6, Երևան, 1977։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 338