Հակոբոս առաքյալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Dijon fine arts museum mg 1626.jpg

Հակոբոս առաքյալ, Սուրբ Հակոբոս առաքյալ Զեբեդյան (հուն.՝ Ιάκωβος , լատ.՝ Iacobus, իսպ.՝ Santiago), - համաձայն Նոր Կտակարանի` Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկը, Հովհաննես առաքյալի ավագ եղբայրը, Զեբեդեոսի որդին։

Հակոբոս առաքյալը Նոր Կտակարանում[խմբագրել]

Համաձայն Ավետարանի՝ Հակոբոս (եբր.` «գարշապարից բռնող», փխբ.` «խարդախ») առաքյալը հոր և եղբոր հետ զբաղվում էր ձկնորսությամբ (Մատթ. 4։21)։ Միևնույն ժամանակ Զեբեդյան եղբայրները գործակիցներն էին Պետրոս և Անդրեաս եղբայրների (հմմտ. Ղուկ. 5։10), որոնց հետ էլ կանչվեցին Հիսուսի կողմից (Մատթ. 4։20-21) և Հիշատակվում է 12 առաքյալների շարքում (Մատթ. 10։3, Մարկ. Ղուկ. 6։14)։ Հատկանշական է, որ Հակոբոս առաքյալը միշտ հիշատակվում է եղբոր՝ Հովհաննեսի հետ և միշտ ներկա է Քրիստոսի ամենավստահելի աշակերտների եռյակում (տես, Մատթ. 17։1, Մարկ. 5։37, 13։3, 14։33)։ Առհասարակ այս առաքյալի կերպարը գրեթե աննկատ է մնում Նոր Կտակարանում և իր լույսը կարծես ստանում է Հովհաննես առաքյալի միջոցով։ Գոյություն ունի ավետարանական երկու դրվագ, որտեղ Հակոբոսի կերպարը թեև ոչ Հովհաննեսից առանձին, սակայն առավել ընդգծված է.

  • «Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոսը և Հովհաննեսը, գնացին նրա մոտ և ասացին նրան. «Վարդապե՛տ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք, որ անես մեզ համար»։ Եվ նա նրանց ասաց. «Ի՞նչ էք կամենում ինձնից, որ անեմ ձեզ համար»։ Եվ նրանք ասացին նրան. «Շնո՛րհ արա մեզ, որ նստենք մեկս՝ քո աջում և մյուսս՝ ձախում, քո փառքի մեջ»։ Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Չեք իմանում, թե ինչ էք խնդրում. կարո՞ղ եք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես մկրտվելու եմ»։ Եվ նրանք ասացին նրան. «Կարող ենք»։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Այն բաժակը, որ ես խմելու եմ, կխմէք, և այն մկրտությունը, որով ես մկրտվելու եմ, նրանով կմկրտվեք, բայց իմ աջում և ձախում նստեցնելը ես չէ, որ պիտի տամ, այլ տրվելու է նրանց, որոնց համար պատրաստված է»։ Այդ լսելով՝ տասը առաքյալները սկսեցին բարկանալ Հակոբոսի և Հովհաննեսի վրա» (Մարկ. 10։35-40)։

Համաձայն Մատթեոսի Ավետարանի Զեբեդեոսի որդիների փոխարեն խնդրանքը Քրիստոսին ներկայացրել է նրանց մայրը՝ Սաղոմեն (տես. 20։20-24)։

  • «...իրենից առաջ պատգամավորներ ուղարկեց, որոնք, երբ գնացին, մտան սամարացիների մի գյուղ՝ նրա համար պատրաստություն տեսնելու։ Բայց սրանք չընդունեցին նրան, որովհետև նա ուղևորվում էր դեպի Երուսաղեմ։ Երբ նրա աշակերտները՝ Հակոբոսը և Հովհաննեսը, այդ տեսան, ասացին. «Տե՛ր, կամենո՞ւմ ես, որ ասենք, և երկնքից կրակ իջնի ու բնաջինջ անի նրանց»։ Նա դարձավ սաստեց նրանց և ասաց. «Չգիտեք ի՛նչ հոգուց եք դուք. որովհետև մարդու Որդին չեկավ մարդկանց հոգիները կորստյան մատնելու, այլ՝ փրկելու» (Ղուկ. 9։52-56)։

Այս դրվագը առիթ է հանդիսացել, որպեսզի Քրիստոս եղբայրներին անվանի Բաներեգես՝ Որոտման որդիներ (հմմտ. Մարկ. 3։17)։

Վերջին վկայությունները Հակոբոս առաքյալի մասին առկա են Գործք առաքելոցում, որտեղ նա հիշատակվում է առաքյալների շարքում (1։13), ինչպես նաև հիշատակվում է առաքյալի նահատակությունը (առաքյալների շարքում նահատակության միակ հստակ հայտնի դեպքն է). «Այդ ժամանակներում Հերովդես թագավորը ձեռնարկեց եկեղեցուց ոմանց չարչարելու գործին և Հովհաննեսի եղբորը՝ Հակոբոսին, սրով սպանեց» (Գործք. 12։1-2)։ Երուսաղեմում նրա սպանության թվականը շուրջ 44թ. է։

Հակոբոս առաքյալը Ավանդության մեջ[խմբագրել]

Հակոբոս առաքյալի գլխի ամփոփման վայրը

Տարբերակելու համար Հակոբոս Զեբեդյանին Աստվածաշնչի և հատկապես առաքելական շարքի մի քանի Հակոբոսներից, շատ հաճախ նրան անվանում են «Մեծ Հակոբոս», իսկ հայ հեղինակների շրջանակում «Գլխադիր Հակոբոս»։ Վերջինս կապված է այն ավանդության հետ, թե Հակոբոսի գլուխը սրով կտրելուց հետո, այն ընկնում է Հիսուսի եղբոր՝ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբոր ձեռքը, ով էլ թաղում է պատվական գլուխը իր պարտեզի մեջ։ Հետքագայում այդ պարտեզի տեղում կառուցվում է ներկայիս Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող Սրբոց Հակոբյանց Մայր տաճարը (12-րդ դար), որի հյուսիսային պատի մեջ բացված մատուռում ցույց է տրվում առաքյալի գլխի ամփոփման վայրը։ Մեկ այլ ավանդություն վկայում է, որ Հակոբոսին սրամահ անելուց հետո, նրա մարմինը նետում են Յաֆայի ծովը, և ալիքները այն դուրս են բերում Իսպանիայի ափամերձ շրջաններ և ի վերջո ամփոփվել է Սանտյագո դե Կոմպոստելա անվանված վայրում, որն այսօր շատ հայտնի ուխտատեղի է։

Հիշատակության օրը[խմբագրել]

Սուրբ Հակոբոս Զեբեդյան առաքյալը Ընդհանրական Եկեղեցու սուրբ է։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է նրա տոնը 12 առաքյալների հետ և տարեվերջին՝ Սուրբ Ծննդյանը նախորդող Ավագ Տոների շարքում՝ Հովհաննես առաքյալի հետ միասին նույն օրը։ Հույն Եկեղեցին տոնում է ապրիլի 30-ին, Լատին Եկեղեցին՝ Հուլիսի 25-ին։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004։
  2. Մաղաքիա արք. Օրմանյան, Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997։
  3. Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997։
  4. Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010։
  5. Новый библейский словапь, часть 1, Санкт-Петербург, 1999г.
  6. Иисус и Евангелия, Словарь, Москва, 2003.

Այցելեք նաև[խմբագրել]