Տիգրան Մեծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տիգրան Բից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Տիգրան արքա (այլ կիրառումներ)
Տիգրան Մեծ
Τιγράνης ὁ Μέγας
Tigranes the Great.png
Տիգրան Մեծը՝ Արտաշեսյան տոհմի արքայական թագով
Դրոշ
(4-րդ) Մեծ Հայքի թագավորության արքա
Դրոշ
մ․թ․ա․ 95 - մ․թ․ա․ 55
Նախորդող Տիրան Ա
Հաջորդող Արտավազդ Բ
Ասորիքի և Փյունիկիայի արքա
մ․թ․ա․ 83 - մ․թ․ա․ 63
Նախորդող Փիլիպոս II Ֆիլոռոմեոս
Հաջորդող Գնեոս Պոմպեոս
Պարթևստանի արքա
մ․թ․ա․ 87 - մ․թ․ա․ 66
Նախորդող Գոդերձ Ա
Հաջորդող Հրահատ Գ
Հայոց տիրակալության արքայից արքա
մ․թ․ա․ 85 - մ․թ․ա․ 55
Նախորդող չկա
Հաջորդող Արտավազդ Բ Աստվածային
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ազգություն Հայ
Դավանանք հեթանոսություն
Ծննդյան օր մ․թ․ա․ 140 թվական
Ծննդավայր Արտաշատ, Աղձնիքի նահանգ, Մեծ Հայք
Վախճանի օր մ․թ․ա․ 55 թվական
Վախճանի վայր Տիգրանակերտ, Մեծ Հայք
Թաղված Տիգրանակերտ
Դինաստիա Արտաշեսյանների արքայատոհմ
Հայր Տիրան Արտաշեսյան
Ամուսին Կլեոպատրա Պոնտացի
Զավակներ Արտավազդ Բ, Ատրպատականի թագավոր Միհրդատ I, Տիգրան Կրտսեր և Զարեհ

Տիգրան Բ Արտաշեսյան, առավել հայտնի է որպես Տիգրան Մեծ (հին հուն․՝ Τιγράνης ὁ Μέγας, մ․թ․ա․ մոտ 140, Արտաշատ, Աղձնիք, Արտաշեսյանների թագավորությունմ․թ․ա․ 55, Տիգրանակերտ, Աղձնիք, Մեծ Հայք), Մեծ Հայքի թագավորության արքա Արտաշեսյանների հարստությունից, ով կառավարել է մ․թ․ա․ 95 թվականից մինչև իր մահը՝ մ․թ․ա․ 55 թվականը։ Մ.թ.ա. 115 թվականին անժառանգ Արտավազդ Ա-ն, ով կարճատև պատերազմում պարտվել էր պարթևաց գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։ Վերջինս պատանդությունից վերադառնում է միայն մ․թ․ա․ 95 թվականին՝ հոր՝ Տիրան կամ Տիգրան Ա արքայի մահվամբ պայմանավորված։ Պատանդությունից ազատվելու դիմաց հայոց աշխարհաժողովը ստիպված է լինում Միհրդատ Բ-ին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։

Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի միջոցով էլ կարողանում է իրականացնել հայրենիքի հզորացման և աշխարհակալ տիրակալության ստեղծման իր արկածախնդիր ծրագրերը։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։ Օրեցօր բարգավաճող Հայոց թագավորության զարթոնքն արգելակելու նպատակով երբեմնի հակառակորդները դաշինք են կնքում և արյունարբու պատերազմներից հետո՝ մ․թ․ա․ 66 թվականին, պաշարում հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ, բանակցությունների արդյունքում կնքված Արտաշատի պայմանագրով Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճյալ հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատաբար խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում․ զարկ է տրվում տնտեսությանը, մշակույթին և քաղաքաշինությանը։ Հայոց արքայից արքան մահանում է մ․թ․ա 55 թվականին՝ գահը թողնելով որդուն՝ Արտավազդին։ Վերջինս դեռևս մի քանի առաջ դարձել էր հոր գահակիցը։

Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն կազմում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանը հելլենիստական պետություն էր, որտեղ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Աշխարհակալության ամենազարգացած շրջանը Անտիոքն էր, որը համարվում էր միջազգային առևտրական ուղի։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր, որից 120 հազարը կազմում էին բուն հայկական ուժերը։ Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսի ափին՝ Աղձնիք նահանգում, վերջինս հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։

Բովանդակություն

Աշխարհաքաղաքական իրադրությունը Տիգրանից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայքի մայրաքաղաք Արտաշատ և ոստանի միջնաբերդը՝ ժամանակակից վերակազմությամբ։ Հիմնադրվել է Արտաշես Ա-ի կողմից։ Այստեղ է ծնվել Տիգրան Մեծը։

Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից և Գավգամելայի ճակատամարտից հետո Հայաստանն իրեն հռչակել էր անկախ թագավորություն, որտեղ իշխում էին Երվանդունիները։ Մ.թ.ա. 190 Մագնեսիայի ճակատամարտից (որտեղ Սելևկյան թագավորությունը ջախջախվեց Հռոմի Հանրապետության կողմից) և Ապամեայի հաշտության պայմանագրի կնքումից հետո, Արտաշեսն ու Զարեհը իրենց վերջնականապես հայտարարում են անկախ թագավորներ, համապատասխանաբար՝ Մեծ Հայքում և Ծոփքում։ Արտաշեսի ձեռնարկումների շնորհիվ պատմական Հայաստանի մեծ մասը միավորվում է մեկ ընդհանուր պետության՝ Մեծ Հայքի թագավորության մեջ։ Այդ պատճառով է, որ Պոլիբիոսը վերջինիս անվանում էր «Արմենիայի մեծագույն մասի տիրակալ»։

Ստրաբոնը Արտաշեսի մասին գրել է հետևյալը․ «Հայաստանն աճել է Արտաշեսի ջանքերով, ուստի այստեղ բոլորը միալեզու են»։ Հայկական հողերի մեծ մասի միավորումով Մեծ Հայքի թագավորությունը վերածվում է Առաջավոր Ասիայում տարածաշրջանային ազդեցություն ունեցող զորեղ պետության։

Մ․թ․ա․ 185 թվականին Արտաշեսը, որին ժողովորդը տվել էր «Բարեպաշտ» պատվանունը, հիմնադրում է Արտաշատ քաղաքը, որը դառնում է հայոց նշանավոր մայրաքաղաքներից մեկը։

Aquote1.png Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Մեծամորը և Երասխը խառնվում են, և այնտեղ, բլուրը հավանելով, քաղաք է շինում։ Կառուցվեց մեծ և շատ գեղեցիկ մի քաղաք, որին թագավորը տվեց իր անունը և այն հռչակեց Հայաստանի քաղաքամայր:
- Արտաշատի հիմնադրման մասին
Aquote2.png

Արտաշեսը ստեղծում է զարգացած և հզոր պետություն։ Վերջինիս բարենորոգումների վրա հիմնվելով էր Տիգրանը կարողանում է իրագործել իր աշխարհակալական նկրտումները և ստեղծել «ծովից ծով Հայաստան»-ը։

Նախատիգրանյան ժամանակակաշրջանի առնչակից արքաների մետաղադրամներ
Արտաշես Ա-ն եղել է Մեծ Հայքի թագավորության Արտաշեսյան հարստության հիմնադիրը և աշխարհակալ արքա Տիգրան Մեծի պապը։ Իրագործել է ռազմավարչական և տնտեսական բնույթի բազմաթիվ բարենորոգումների, որի արդյունքում Հայաստանը դարձել է Առաջավոր Ասիայի (տարածաշրջանի) թիվ մեկ պետություններից մեկը։ Նրանից է սերվում Մեծ Հայքի Արտաշեսյան շառավիղը։ Միհրդատ Եվպատորը եղել է Պոնտոսի թագավորության երբեմնի ամենաուժեղ արքան։ Վերջինս ուղղակի ճանապարհով սերվում էր Ալեքսանդր Մակեդոնացուց և նպատակ ուներ Մակեդոնական կայսրության օրինակով ստեղծել հելլենիստական աշխարհակալ տիրակալություն։ Իր բաղձալի երազանքի իրագործման ճանապարհին վերջինս որոշում է դաշնակցել Մեծ Հայքի թագավորության հետ։ Մինչև Տիգրանի արքա դառնալը՝ Պոնտոսն արդեն իսկ տարածաշրջանի առաջադեմ երկրներից էր։ Տիրան կամ Տիգրան Ա-ն՝ Արտավազդ Ա-ի կրտսեր եղբայրն ու Արտաշես Բարեպաշտի որդին։ Տիգրան Մեծի հայրն է։ Արտաշեսի կառավարման տարիներին ղեկավարել է Մեծ Հայքի արևմտյան զորավարությունը։ Հաջորդիվ, Արտավազդի հետ միասին դավադրաբար սպանել է իրենց կրտսեր եղբորը։ Արտավազդ Ա-ի անժառանգ մահվանից հետո ստիպված է եղել ստանձնել Մեծ Հայքի թագավորության արքայական գահը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Արտաշեսյանը՝ Տիգրանի որդին, ծնվել է մ․թ․ա․ մոտ 140 թվականին[1]՝ Մեծ Հայքի մայրաքաղաք Արտաշատում[2]։ Տիգրանը սերում էր ազնվականական ընտանիքից, ով այդ ժամանակահատվածում իշխում էր Հայաստանում։ Նրա հայրը՝ Տիգրան կամ Տիրան Ա-ն, Մեծ Հայքի թագավորության արքան էր, ում մասին սակայն պահպանվել են բավականին սակավ և կցկտուր տեղեկություններ։ Նա եղել է Արտաշես Բարեպաշտ արքայի կրտսեր որդին և հոր կառավարման ժամանակահատվածում ղեկավարել է արևմտյան զորավարությունը[3]։

Ավագ եղբոր՝ Արտավազդի անժառանգ մահվանից հետո Տիրանը դարձել էր Մեծ Հայքի գահակալը և կառավարում էր հարաբերական անդորրի ժամանակահատվածում։ Մանկահասակ Տիգրանի ստացած ուսման մասին մեզ քիչ բան է հայտնի, թեպետ հետազոտողները հավաստում են, որ հայոց ապագա արքան դաստիարակվել և կրթություն է ստացել ժամանակի լավագույն ուսուցիչների կողմից՝ սովորել հունարեն և ասորերեն[4]։

Արքայազն Տիգրանի պատանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարթների Միհրդատ Բ Մեծ արքայի դիմապատկերով և հունարեն մակագրության մետաղադրամներ։ Տիգրանը պարթևական արքունիք պատանդության է տեղափոխվել Արտավազդ Ա-ի նկատմամբ Միհրդատ Բ-ի վարած հաղթական պատերազմից հետո։

Արտաշեսի նզովյալ որդի Արտավազդ Ա-ի կառավարման ընթացքում՝ մ․թ․ա․ 120-115 թվականներին, պատերազմ է բռնկվում Մեծ Հայքի և Պարթևստանի միջև, որն ավարտվում է հայերի պարտությամբ։ Այնուամենայնիվ, այդ իրադարձությունը ռազմավարական որևէ էական նշանակություն չի ունենում կողմերի համար, թեպետ պարթևները պատանդ են պահանջում հայերից։ Անժառանգ Արտավազդը ստիպված է լինում պարթևաց արքունիք գերության տալ 20-25-ամյա Տիգրանին՝ եղբորորդուն, ով այդ տարիքում արդեն բավականին հմտորեն տիրապետում էր զենքի արվեստին։ Տիգրանին պատանդ վերցնելով կրակապաշտներն ունեին հեռահար նպատակներ․ նախ և առաջ այդ քայլով նրանք բացառում էին հայերի կողմից պատերազմական գործողությունների սանձազերծման հնարավոր ռիսկերը և երկրորդ՝ ապագա գահակալին փորձում էին դարձնել իրենց պետությանը համակիր քաղաքական գործիչ։ Հայքի թագավորության գահին արևելամետ ղեկավարի առկայությունը Մարաստանը և Բաբելոնիան ռազմակալած պարթևների համար ուներ կենսական նշանակություն, քանի որ այդ ժամանակաշրջանում իր հզորության գագաթնակետին էր հասնում վերջիններիս վաղեմի և մշտնջենական թշնամին՝ Հռոմեական հանրապետությունը։ «Անպարտելի լեգեոնները» նպատակ ունեին իրենց ազդեցությունը սփռել նաև արևելյան հողերում, իսկ Մեծ Հայքի թագավորության դիրքորոշումն այդ մրցակցության մեջ ուներ կարևոր ռազմաքաղաքական նշանակություն։ Պարթևների մղած կարճատև պատերազմն իր հերթին վատթարացրել էր Արտավազդի՝ ըստ Մովսես Խորենացու՝ հայոց թուլամորթ արքայի, աչքում Պարթևստանի հեղինակությունը և Տիգրանին պատանդի կարգավիճակում պահելով վերջիններս նպատակ ունեին նաև սանձել հարևան երկրի պոռթկումները։

Այնուամենայնիվ, Տիրանի որդի Տիգրանը պարթևական արքունիքում ուներ հատուկ կարգավիճակ, որն ուսումնասիրողները շատ հաճախ անվանում են «պատվո պատանդություն»։ Դրա մասին վկայում է այն փաստը, որ նրա բաստարդուհի-դուստր Արիազատա-Աուտոման ամուսնացել էր Միհրդատ Բ Մեծի հետ և դարձել պարթևաց թագուհին։

Վերադարձ պատանդությունից և թագադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվ վերադարձավ Տիգրան արքան պատվո պատանդությունից՝ ոտքի կանգնեցնելով ամեհի Աղձնյաց աշխարհի մեջ։ Տիրեց նա աշխարհին հայոց՝ մաքրարյուն Արտաշեսյանի իրավունքով

- Տիգրանի վերադարձը պատանդությունից

Մ․թ․ա․ 115 թվականին հայոց գահն անցել էր Տիգրանի հորը՝ Տիրանին (Տիգրանին)՝ Արտաշեսյան հարստության հիմնադիր Արտաշես Ա Բարեպաշտ արքայի կրտսեր որդուն։ Ապահովելով երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ զարկ է տվել տնտեսական զարգացմանը, հատել դրամներ։ Մ․թ․ա․ 95 թվականին ճանապարհորդության ընթացքում վախճանվում է զառամյալ Տիրան արքան և հայոց գահը մնում է թափուր։ Հայոց աշխարհաժողովը քայլեր է ձեռնարկում հայոց գահի իրական ժառանգորդին՝ Տիգրանին, Հայաստան վերադարձնելու համար, թեպետ միևնույն ժամանակահատվածում հազարապետի առաջնորդությամբ երկրում սկսվում է պալատական երկպառակտչություն, որը վերածվում է արքայի վերադարձի կողմնակիցների դեմ դավադրության։ Տևական բանակցություններից հետո՝ մ․թ․ա․ 95 թվականին, հայերը կարողանում են պատանդությունից ազատել Տիրանի որդուն՝ փոխարենը Պարթևական թագավորությանը զիջելով Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ»-ը՝ Կասպքը, Պարսպատունիք և Պարսկահայքը, որոնք Արտաշես Բարեպաշտը նվաճել էր մարաց արքայից: Տիգրանը հայոց գահին բազմում է 45 տարեկան հասակում։ Նա իր կյանքի մի մասն անցկացրել էր հայոց արքունիքում, իսկ մյուս մասը՝ Պարթևական տերությունում։ Նա հմտորեն տիրապետում էր զենք կրելու արվեստին, պալատական ծիսակատարություններին, ինչպես նաև ռազմավարությանը։ Գալով Հայաստան՝ Տիգրանը թագադրվում է մի վայրում, որը ոչ մի կերպ չէր նշանավորվում հայոց պատմությունում և որտեղ մինչ այդ չէր եղել որևէ խոշոր բնակավայր։ Հետագայում այդտեղ վեր է խոյանում աշխարհակալ Մեծ Հայքի վեհաշուք մայրաքաղաքը, որի մասին ակնածանքով էին խոսում նույնիսկ օտար հեղինակները։ Ամենայն հավանականությամբ նա արդեն իսկ կանխորոշել էր իր տիրակալության արտաքին սահմանները՝ դրանց կենտրոնական հատվածում էլ ընտրելով մայրաքաղաքի տեղանքը։

Կառավարման սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծոփքի միացումը Մեծ Հայքին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմելով հայոց գահին՝ Տիգրանը նախ և առաջ իր առջև խնդիր է դնում ամրացնել երկրի արտաքին սահմանները։ Մեծ Հայքի նահանգների մեծ մասը հայկական թագավորության կազմի մեջ էր մտցրել դեռևս Տիգրանի պապը՝ Արտաշես Բարեպաշտը, որի ստեղծած կենտրոցված պետությունն էլ ժառանգել էր ապագա աշխարհակալ արքան։ Այնուամենայնիվ, Մեծ Հայքի թագավորության սահմաններից դուրս էր մնում Ծոփքը, որը թեպետ հայոց հնագույն նահանգներից էր, սակայն Զարեհ արքայի շնորհիվ Մագնեսիայի ճակատամարտից հետո ձեռք էր բերել անկախ թագավորության կարգավիճակ։

Զարեհի հետ ունեցած սերտ հարաբերությունների պատճառով Արտաշեսը չէր կարողանում նվաճել պատմական Հայաստանի այդ նահանգը և այդ գործը ստանձնում է Տիգրանը։ Մ․թ․ա․ 150 թվականից ի վեր այստեղ իշում էր Երվանդունիների արքայական շառավղից սերվող Արտանես I-ը՝ Մորֆիլիգի որդին և Զարեհի թոռը։ Մ․թ․ա․ 94 թվականին հայկական զորքերը շարժվում են Ծոփք և գրեթե առանց լուրջ ռազմական գործողություններ իրականացնելու պարտության մատնում Արտանես Երվանդունի արքային․ Ծոփք աշխարհը («Չորրորդ Հայք») միացվում է Հայոց թագավորությանը։ Հայերը փոքր ինչ դժվարության են հանդիպում Արկաթիասի կողմից հիմնադրված և Ծոփաց թագավորության մայրաքաղաքը համարվող Արկաթիակերտ (Կարկաթիակերտ) քաղաքի պաշարման ժամանակ, քանզի Արտանեսն այստեղ էր կենտրոնացրել իր հատընտիր զորախմբերը։ Կարկաթիոկերտի մասին, իբր Ծոփաց թագավորության արքայանիստ քաղաքի, առաջին վկայությունը պատկանում է Ստրաբոնին։ Հայ պատմագիրները այս քաղաքի վերաբերյալ հիշատակություններ ամենևին չունեն և դժվար է ուրվագծել նրա հետագա շրջանի պատմությունը։ Քաղաքի աշխարհագրական դիրքը վերջնականապես ճշտված չէ։ Ոմանք այն նույնացնում են հետագայի Անգղ բերդի հետ (Չորրորդ Հայքի Անգեղտուն գավառի գլխավոր բերդը), ոմանք Զինթա ամրոցի, ոմանք՝ Խարբերդի, ոմանք՝ Ամիդ-Դիարբեքիրի, իսկ որոշներն էլ էլ Տիգրանակերտ-Մարտիրոսապոլսի հետ։ Դրանցից ամենահավանականն այն վարկածն է, ըստ որի Կարկաթիոկերտը գտնվել է Անգեղտուն գավառի Անգղ բերդի տեղում կամ նրա շրջակայքում։ Իսկ վերջինիս ավերակներն ընկած են Արևմտյան Տիգրիս գետի վերին հոսանքից ոչ հեռու՝ ստորին Արածանիի ձախ կողմում։

Միհրդատ Եվպատորի հետ դաշինքի կնքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ Հայքից միացումից հետո Հայոց թագավորության կազմից դուրս էին մնում միայն պատմական Հայաստանի անքակտելի մաս կազմող երկու կենսատարածքներ՝ Փոքր Հայքն ու Կոմմագենեն։ Դեռևս մ․թ․ա․ 112 թվականին Փոքր Հայքի անժառանգ արքա Անտիպատրոս Երվանդունին այդ տիրույթները կտակել էր Միհրդատ Եվպատորին, որը կտակը ստանձնելուց հետո սկսել էր կրել «թագավոր Պոնտոսի և Փոքր Հայքի» տիտղոսը։ Այսպիսով, մ․թ․ա․ 111 թվականին Միհրդատը ստանձնել է նաև Փոքր Հայքի («Արմենիա Մինոր») ղեկավարումը, իսկ աշխարհաքաղաքական նման պայմաններում Տիգրանի համար ձեռքնտու չէր պատերազմական գործողություններ հրահրել գրեթե նույնանման սփռվածության հետաքրքրություններ ունեցող և օրօրի զարթոնք ապրող հարևան պետության հետ։

Միհրդատ Զ Եվպատորը, նույնիսկ նախքան Տիգրանի գահակալումը, Սև ծովի ափին ստեղծել էր Պոնտոսի ընդարձակ թագավորությունը և նպատակ ուներ Հռոմին դուրս մղել Փոքր Ասիայից և Հունաստանից։ Այսինքն՝ նրա ծրագրերը կապված էին արևմուտքի հետ, որտեղ Տիգրանը անելիքներ չուներ։ Մեծ Հայքի թագավորությունն առանձնակի հետաքրքրություն էր տածում արևելյան հողերի հանդեպ, որոնք չէին խանգարում Միհրդատ Եվպատորին ի կատար ածել սեփական աշխարհակալական նկրտումները։ Այնուամենայնիվ, երկու պետություններին էլ անհրաժեշտ էր հզոր դաշնակից տարածաշրջանում՝ Հռոմեական և Պարթևական գերտերությունների վերահաս վտանգներից ապահովագրվելու համար։ Այսպիսի պայմաններում մ․թ․ա․ 93 թվականին կնքվում է հայ-պոնտական դաշինքը, որն էլ ավելի է ամրապնդվում խնամիական հարաբերությունների հաստատմամբ։ Այսպիսով, հաջորդիվ տեղի է ունենում Տիգրան Արտաշեսյանի ամուսնությունը Միհրդատի տասնվեցամյա դստեր՝ Կլեոպատրայի հետ։ Տիգրան արքան և հայոց թագուհի Կլեոպատրա Պոնտացին իրենց համատեղ կյանքի ընթացքում ունենում են երկու դուստր և երեք որդի՝ Զարեհը, Արտավազդը, Տիգրան Կրտսերը։

Կապադովկիական արշավանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․թ․ա․ 93 թվականին հայ-պոնտական զորքերը իրագործում են դաշնակցային պայմանագրի առաջին գործնական քայլը՝ համատեղ կերպով ներխուժելով Կապադովկիայի թագավորություն։ Կապադովկիան հելլենիստական թագավորություն էր, որը շարունակաբար կառավարվում էր Արիարաթես անունը կրող գահակալների կողմից։ Այսպիսով, հայ-պոնտական ներխուժման պահին երկրում իշխում էր Արիարաթես IX-ը, ով իր չափազանց արտահայտված արևմտամետ քաղաքականության շնորհիվ ստացել էր «Հռոմեասեր» (Ֆիլոպատոր) մականունը։ Ինքնին, Կապադովկիայի թագավորությունը գտնվում էր հանրապետական Հռոմի ազդեցության ոլորտում, իսկ վերջինիս արքան Հռոմի գահակալի անմիջական կամակատարն էր։ Այպիսի պայմաններում Տիգրանին ձեռնտու էր Պոնտոսի միջոցով փակել Հռոմի հետ անմիջական սահմանը, քանզի նշյալ ժամանակամիջոցում աշխարհակալ կայսրության հետ առճակատումը բոլորովին չէր բխում Մեծ Հայքի թագավորության շահերից։ Ըստ պայմանավորվածության՝ Կապադովկիայի նվաճումից հետո ռազմավարական միջանցիկ նշանակության այս տարածքը պետք է անցներ Միհրդատյան Պոնտոսին, իսկ երկրի ամբողջ շարժական ու անշարժ գույքին պետք է տիրապետեին հայերը։ Այսպիսով, արշավանքը տեղի է ունենում պլանավորվածի պես․ կապադովկիական պաշտպանական ամրություններն ու զորախմբերը չկարողանալով դիմակայել պոնտական փաղանգի կայծակնային, սրընթաց հարձակումներին ու Մեծ Հայքի ծանր հետևակի ջախջախիչ հարվածներին անձնատուր են լինում, իսկ Միհրդատ Եվպատորը հայտարարում է Պոնտոսի կողմից Կապադովկիայի ռազմակալման փաստի մասին։

Կապադովկիան պաշարելով, մոտ 30 բյուր մարդ տեղահանեց ու տեղափոխեց Հայաստան և նրանց, այլոց հետ միասին, համաբնակեցրեց մի վայրում, որտեղ նա առաջին անգամ կրեց Հայաստանի թագը և այդ վայրն իր անունով կոչեց Տիգրանակերտ կամ Տիգրանապոլիս։

- Ապպիանոս Ալեքսանդրիացի, 2-րդ դարի հույն պատմիչ

Շատ վերլուծաբաններ պնդում են, որ Միհրդատը շատ ժամանակ Տիգրանին օգտագործել է իր արկածախնդրությունների համար՝ շահադիտական նկատառումներով, թեպետ հայոց արքան նման քայլով ուներ սեփական պլանները։ Հայկական ուժերը ներխուժում են Կապադովկիայի քաղաքներ՝ թալանում հարստություններն ու գերեվարում մարդկանց։ Հայկական կողմը Կապադովկիական արշավանքից վերադառնում է մեծ ավարով։ Տիգրան հեռահար քաղաքականության պտուղներն ի հայտ են գալիս մ․թ․ա․ 92 թվականին, երբ պարզ է դառնում, որ Արիարաթես IX-ը Կապադովկիայից փախչել էր Հռոմ և օգնել «անպարտելի լեգեոնների» օժանդակությունը։ Այդ տարում արևելք է ժամանաում ականավոր հռոմեացի զորավար Լուցիոս Կոռնելիուս Սուլլան, ով ետ է գրավում Կապադովկիան․ Պոնտոսը համատեղ արշավանքի արդյունքում մնում է ձեռնունայն։ Կապադովկիայի դեմ հայ-պոնտական հաջորդ արշավանքը տեղի է ունենում մ․թ․ա․ 91 թվականին։ Հայերն առանց խոչընդոտի ջախջախում են սահմանային ողջ երկայնքով պատնեշած հռոմեական պաշտպանական ուժերին՝ ընդհուպ պաշարելով «Գեղեցիկ ձիերի երկրի» քաղաքամայր-ոստան Մաժակը։ Նախորդ անգամվա Տիգրանը Կապադովկիայի Մեծ Հայք է տեղափոխում հսկայական մարդկային և նյութական ռեսուրսներ, որի միջոցով էլ հետագայում կարողանում է հարստագույն տեսքի բերել Աղձնիքում կառուցվելիք Տիգրանակերտ քաղաքը։ Նույն ժամանակահատվածում Միհրդատը նախապատրաստվում էր նոր տարածքներ նվաճել արևմուտքում՝ ծրագրելով Հունաստանի ազատագրման իր բաղձալի երազանքը։

Վիրքի և Աղվանից թագավորության հպատակեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրքում հայոց գերիշխանության հաստատման գործընթացը հանգամանալից կերպով ներկայացրել է վրաց պատմահայր Լեոնտի Մրովելին՝ «Քարթլիս ցխովրեբա» աշխատությունում։ Մ․թ․ա․ 109 թվականից ի վեր Վիրքի (Իբերիայի) թագավորությունում իշխում էր Փառանջոմ I-ը՝ Փառնավազի տոհմից։ Ըստ վրաց պատմիչի՝ վերջինս առավել հակված էր դեպի պարթևական արքունիքը և սիրում էր կրակապաշտական կրոնը։ Վիրքում ներքաղաքական պայքարը վերստին սրվում է այն բանից հետո, երբ Փառանջոմ արքան պարթևաց երկրից կանչում է կրակի սպասավորներին ու մոգերին, նրանց հաստատում Մծխեթում և Մողվթա և սկսում բացահայտորեն պաշտել կուռքերին։ Արքայի դավաճանական քայլը զայրույթի տեղիք է տալիս բնակչության և ազնվականության շրջանում, որի արդյունքում էլ ավագանին որոշում է թագավորին գահընկեց անելու համար դիմել հարևան երկրի՝ Հայաստանի օգնությանը։ Փառանջոմը, լինելով պարթևների կամակատարը, երկիրը տանում էր խորին լճացման, թեպետ ի շնորհս կրակապաշտների զինակցության՝ Վիրքում ուներ խոր արմատներ։ Փորձելով փրկել իրավիճակը, վրաց իշխանները ձևավորում են ավագանի և դիմում ուղարկում Տիգրան արքային, ով համարվում էր տարածաշրջանի զորեղագույն տերություններից մեկի գահակալը։ Նամակում իշխանները գրում են հետևյալը․ «Մեր թագավորն ուրացավ հայրական կրոնն ու չի պաշտում վրաց պահապան աստվածներին: Նա ընդունեց հայրենի կրոնն ու մոռացավ մայրենին, արդ նա արժանի չի այլևս մեզ թագավոր լինելու: Տուր մեզ քո որդի Արշակին, որի կինը մեր Փառնավազյան թագավորների սերնդից կլինի, և հասցրու քո զորքը, որպեսզի քշենք նոր կրոն ընդունող Փառանջոմին ու մեզ թագավոր լինի քո որդի Արշակը, իսկ թագուհի` նրա կինը, մեր թագավորների զավակը»: Տիգրանը հավանություն է տալիս վրաց մեծամեծների խնդրանք-առաջարկին և քայլեր ձեռնարկում Վիրքի գործող արքա Փառանջոմին գահընկեց անելու ուղղությամբ։

Այսպիսով, մ․թ․ա․ 92 թվականին Տիգրանը պատանդներ է վերցնում վրաց իշխաններից և զորք նախապատրաստում՝ Քարթլի ներխուժելու համար։ Վրաստանի գործող թագավորին զինակցում էին պարթևները, որոնք սակայն չեն կարողանում դիմագրավել Մեծ Հայքի բանակի ռազմական ներուժին։ Վճռական ճակատամարտը տեղի է ունենում Գուրգարք նահանգում՝ Տաշիր բնակավայրի շրջակայքում։ Այդ կապակցությամբ վրացի պատմիչը գրում է․

Aquote1.png Նրանց միջև սաստիկ պատերազմ տեղի ունեցավ և երկու կողմերից էլ անհամար մարդիկ կոտորվեցին: Ի վերջո Փառանջոմը հաղթվեց հայերի ու վրացիների կողմից և սպանվեց, նա սպանվեց, իսկ նրա զորքը կոտորվեց: Փառանջոմի որդի Միհրանը, որը մեկ տարեկան երեխա էր, վերցվեց իր դայակի կողմից, որը տարավ նրան Պարսկաստան, իսկ Հայոց թագավորը վրացիներին զիջեց իր որդուն
- Լեոնտի Մրովելի, «Քարթլից ցխովրեբա»
Aquote2.png

Այսպիսով, Մեծ Հայքի թագավորությունը իր տիրապետությանն է ենթարկում Վիրքի թագավորությանը՝ տեղի իշխանների խնդրանքով։ Արդյունքում՝ հարևան երկիրը հայտնվում է հայոց ազդեցության ոլորտում․ վասալական Վիրքում հաստատվում է հայ Արտաշեսյանների ժառանգական իշխանությունը (տե՛ս՝ Վիրքի Արտաշեսյաններ): Մովսես Խորենացին հավաստում է, որ Վիրքը նվաճելու հետ մեկտեղ, Տիգրան արքան ձեռնամուխ է լինում նաև Աղվանից թագավորության և վերջինիս մայրաքաղաք Կապաղակի գրավմանը։ Սակայն այս կապակցությամբ մանրամասն փաստեր պատմագիտությանը հայտնի չեն։

Տիգրանյան աշխարհակալության ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս Տիգրան Արտաշեսյանի կառավարման սկզբնամասում Մեծ Հայքի թագավորությունը գտնվում էր իր հզորության գագաթնակետին, այնինչ հայոց արքան դեռևս իրագործելու բազմաթիվ արկածախնդիր ծրագրեր ուներ՝ «ծովից ծով Հայաստանի» ստեղծման մտապատկերով։ Փորձելով կանխել օրեցօր զորեղացող Հայոց թագավորության վերելքը՝ երբեմնի թշնամիներ Պարթևստանն ու Հռոմը գալիս են ընդհանուր հայտարարի և բանակցություններ սկսում։ Մ․թ․ա․ 92 թվականին Եփրատի ափին կնքվում է հռոմեա-պարթևական դաշնագիր՝ ուղղված Պոնտոսի և Մեծ Հայքի թագավորությունների դեմ։ Գերտերությունները նպատակ ունեին ծնկի բերել Տիգրանին և Միհրդատին՝ իրենց ազդեցությանը ենթարկելով Հայքն ու Պոնտոսը։ Այս պայմանագրով հանրապետական Հռոմը նպատակ ուներ ձերբազատվել իր աշխարհակալությանը սպառնացող երկու խնդիրներից, մինչդեռ Պարթևստանի մտավախությունները կապված էին բացառապես Հայաստանի հետ, քանզի Պոնտոսը որևէ կերպ վտանգ չէր կարող հանդիսանալ պարթևների պետության համար (վերջինս արևելքում չունեներ որևէ հավակնություն կամ շահագրգռվածություն)։

Պարթևական մեծ արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարթևական մեծ արշավանքի ավարտին «արքայից արքա» Տիգրան Մեծի հանդիսավոր մուտքը Պարթևստան։

Արդյունավետ ռազմական բարեփոխումներից հետո, մ․թ․ա․ 87 թվականին Մեծ Հայքի թագավորության զորախմբերը սկսում են ասպատակել Պարթևստանի սահմանները։ Ոչ վաղ անցյալում Եկբատանում բռնկված գժտությունների և առճակատումների արդյունքում Միհրդատ Բ Պարթևը մահացել էր և երկիրը ժառանգել էր «թուլամորթ» (այսպես են բնորոշել վերջինիս պարսիկ պատմիչները) արքա Գոդերձը՝ Հրահատ Ա Արշակունու որդին։ Այդ երկրում տիրում էր ներքաղաքական ծանր իրադրություն, որն էլ նպաստավոր նախապայման էր Տիգրանի համար։ Վերջինս դեռևս մ․թ․ա․ 91 թվականին Բաբելոնում իրեն հռչակել էր «պարթևների արքայից արքա» և նպատակ ուներ բռնազավթել բացարձակ իշխանությունը։ Աշխարհաքաղաքական նման իրավիճակում էլ սկսվում է Տիգրան Բ-ի Պարթևական մեծ արշավանքը։ Մովսես Խորենացին հավաստում է, որ օգոստոս ամսին՝ երբ Տիգրանյան բանակը շարժվում էր Պարթևստանի ուղղությամբ, հայոց երկնակամարում առկայծում է «Հալեյի գիսաստղը», որը այդ ժամանակների պատկերացումներով հաջողության նախանշան էր։ Հայ քրմերն այս հանգամանքը մեկնաբանում են, որպես հայոց տիրակալի հաջողությունների երկնային համաձայնություն և Մեծ Հայքի աշխարհակալության ստեղծման գաղափարի իրագործման կարևոր երաշխիք։ Այս դեպքի առթիվ Տիգրան Բ-ն հատում է մի քանի տասնյակ դրամներ, որոնց վրա արքայի թագին ավանդական ութաթև աստղի և երկու արծիվների փոխարեն տեղի է գտել նաև հաջողության խորհրդանիշ գիսավոր աստղը։

Արշավանքի սկզբնամասում հայկական ուժերն ազատագրում են «Յոթանասուն հովիտներ»-ը և ապա հարձակվում հարավային ուղղությամբ՝ դեպի Ատրպատական և Կորդուք։ Հպատակ այս թագավորությունների գահակալներ Միհրդատն ու Զարբիենոսը արյունահեղությունից զերծ մնալու համար ընդունում են Տիգրանի իշխանությունը և հաստատվում իրենց պաշտոններում։ Ավելի ուշ Ատրպատականում իշխող Միհրդատ I-ը ամուսնանում է Տիգրանի և Կլեոպատրա Պոնտացու դստրերից մեկի հետ՝ մինչև կյանքի վերջը հավատարիմ մնալով հայոց արքային։ Զարգացնելով ռազմավարական հաջողությունները՝ հայոց այրուձին սլանում է Միջագետքի ուղղությամբ․ այնտեղ էին կենտրոնացված Գոդերձի հատընտիր զորախմբերը։ Շուտով Մեծ Հայքի բանակը նվաճում է նաև «մնացյալ Միջագետքը» և որպես թիրախակետ ընտրում մարերի երկիրը։ Մարաստանը համարվում էր պարթևաց «երկրի թագն ու պսակը» և կարևորագույն նշանակություն ուներ թագավորության համար։ Բացի այդ, Մարաստանում էր գտնվում նաև պարթև արքաների ամառային մայրաքաղաք Եկբատանը։ Դեպի Եքբատան տանող ճանապարհին հայկական զորքերը պաշարում են Ադրաբանա ամրոցը, որտեղ պահվում էին պարթև Արշակունիների տոհմական գանձերը։ Տիգրանը կողոպտում է ամրոցը և հիմնահատակ հրկիզում այն։

Հռոմեացի պատմիչ Պլուտարքոսը՝ Տիգրան Մեծի և վերջինիս ուղեկցորդ չորս վասալ-թագավորների մասին
Aquote1.png
Երբ Տիգրանը նոր միայն սկսում էր, նրա ծրագրերն ու հնարավորությունները խիստ համեստ էին, իսկ այժմ նա հպատակեցրել էր բազում ժողովուրդների, խորտակել է, ինչպես դեռևս չէր հաջողվել ուրիշ մեկին, պարթևների հզորությունը, իսկ Միջագետքը հեղեղել է հելլեններով, որոնց նա ամբողջ բազմություններով գաղթեցրել էր Կիլիկիայից ու Կապադովկիայից։ Այլ ժողովուրդներից նա արաբական քոչվոր ցեղերին քշեց իրենց նախկին վայրերից և բնակեցրեց իր մայրաքաղաքի մոտ, որպեսզի նրանց օգտագործի առևտրական կարիքների համար։ Նրա մոտ շատ թագավորներ կային սպասավորի դրությամբ, իսկ նրանցից չորսին նա մշտապես պահում էր իր մոտ, որպես ուղեկից կամ թիկնապահ․ երբ նա գնում էր ձիով, նրանք, կարճ խիտոններ հագած, վազում էին րա կողքից, իսկ երբ նստած էին լինում և զբաղվում պաշտոնական գործերով, նրանք կանգնում էին նրա շուրջ, ձեռքերը կարծքերին․․․
Aquote2.png

«Զուգահեռ կենսագրություններն», Պլուտարքոս, 1-2-րդ դարերի հռոմեացի պատմիչ

Փորձելով կանխել թագավորանիստ Եկբատանի պաշարումը՝ Գոդերձ Պարթևը ստիպված է լինում հաշտություն խնդրել հայոց արքայից։ Այպիսով, մ․թ․ա․ 87 թվականին Արտաշատում կնքովում է հայ-պարթևական համաձայնագիր, որով «Արյաց երկիրը» ճանաչում էր Մեծ Հայքի թագավորության գերիշխանությունը, պարթների արքան Տիգրան Մեծին և Արտաշեսյանների շառավղին էր շնորհում «արքայից արքա» փառավոր տիտղոսը, ինչպես նաև ճանաչում էր իր տարածքային կորուստները։ Այսպիսով, Հայոց տերությանը միանում են Օսրոյենեն (Միջագետք Ասորվոց), Ադիաբենեն, Միգդոնիան (Արուստան), Կորդուքը և հյուսիսային Միջագետքը։ Հայկական աշխարհակալության մեջ կամովի մտնում է նաև Կոմմագենեի հայոց թագավորությունը, որտեղ իշխում էին Հայկազուն-Երվանդականների արքայատոհմի կրտսեր ճյուղի ներկայացուցիչները։

Սելևկյան թագի նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալմիրայի սեմիտական հնավայրը Սիրիայում։ Հայտնի է «անապատի հարսնացու» անվանմամբ։

Այսպիսով, հյուսիսային Միջագետքի նվաճումից հետո Հայքի հաջորդ թիրախը պետք է դառնար Ասորիքը, որը նախկինում հսկայածավալ Սելևկյանների կայսրության «սիրտն էր»։ Ներքին երկպառակտչություններն ու գահակալական կռիվները հյուծել էր այս երկիրը և վերջինիս ավագանին այլ տեսլական ուներ Ասորիքի գահի հաջորդ ժառանգորդի հետ կապված։ Վերջիններս բավականին լավ գիտակցում էին, որ այդ ամենի շարունակականությունը միանշանակ կերպով երկիրը տանելու էր կործանման և որոշում են Սելևկյան գահը վստահել մեկ այլ երկրի թագավորին։

Ի վերջո այդ ընտրությունը կանգ է առնում Տիգրան Մեծի վրա և հայոց արքան մ․թ․ա․ 84 թվականին հրավիրվում է Ասորիք՝ իշխելու։ «Արքայից արքային» սելևկյան ավագանին ընդունում է մեծ ցնծությամբ և քաղաքի դարպասները բացում նրա զորքի առջև։ Այդ կապակցությամբ 1-2-րդ դարերի հռոմեացի պատմիչ Պոմպեոս Տրոգոսը գրել է․

Aquote1.png Եղբայրների փոխադարձ ատելությունը, ապա և նրանց որդիներին ժառանգաբար անցած թշնամությունը, անընդհատ պատերազմներ ծնեցին, որոնք ծայրահեղ թուլության հասցրեցին Ասորիքն ու նրա թագավորներին։ Ի վերջո ժողովուրդը դիմեց օտարի օգնությանը և սկսեց փնտրել օտարերկրացի թագավոր։ ․․․ Բոլորը համաձայնություն եկան Հայաստանի թագավոր Տիգրանի շուրջը, որը սեփական ռազմական ուժ ունենալուց բացի, պարթևների թագավորության դաշնակիցն էր ու Միհրդատի խնամին։ Ես այսպես հիրավիրված լինելով Ասորիքի գահին բազմելու, նա 17 տարի շարունակ կառավարում էր ամենայն անդորրությամբ, չէր խանգարում պատերազմներով ուրիշների հանգիստը, և ոչ ոք նրան չէր անհանգստացնում, այնպես որ պատերազմելու անհրաժեշտություն չկար։
- Պոմպեոս Տրոգոս
Aquote2.png

Տիգրան Մեծը Անտիոքում իշխում է 17 տարի։ Ըստ վերլուծաբաններից մեկի՝ Մեծ Հայքի գերիշխանության տարիներին «Սիրիան ազատ շունչ քաշեց, և թեպետ ենթարկվեց նվաստացուցիչ օտարի իշխանությանը, սակայն ունեցավ խաղաղություն, ապահովություն և բարեկեցություն»։ Ասորիքից բացի, Տիգրանին է անցնում նաև առևտրային կարևորագույն նշանակություն ունեցող Փյունիկիան։ Այն Չինաստանն ու Հնդկաստանը կապում էր Միջերկրական ծովի ավազանի երկրների հետ և հայտնի էր «Մետաքսի մեծ ճանապարհ» անվանումով։

Կիլիկիայի միացում և դաշնակցություն ծովահենների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը՝ Ստրաբոնի խոսքերով

Բուն Հայաստանում կան շատ լեռներ և լեռնադաշտեր, որտեղ որթատունկը հեշտությամբ չի աճում․․․ շատ հովիտներ, մի մասը՝ միջակ, մյուսները՝ խիստ բերրի, ինչպես Արաքսի դաշտը ...Ասում են, թե այնտեղ լեռնանցքներում հաճախ ամբողջ քարավաններ բուքի ժամանակ մնում են ձյան տակ։ Նման վտանգների համար նրանք գավազաններ ունեն, որոնք հանում են ձյան մակերեսից դուրս, շնչառության, ինչպես նաև անցորդներին նշան տալու համար, որպեսզի օգնության հասնեն, դուրս հանեն և փրկեն իրենց:

Սելևկյան գահին տիրելուց հետո, Տիգրան Մեծի ազդեցությունը տարածվում է նաև Կիլիկիայում՝ Միջերկրական ծովի հարավարևելյան ափին։ Որոշ օտարալեզու աղբյուրներ հաղորդում են այն մասին, որ հայկական զորքերը ինչպես Կիլիկիայի, այնպես էլ Անտիոքի և Փյունիկիայի համար ստիպված են եղել պայքարել։ Ամենայն հավանականությամբ այն պայմանավորված է եղել Սելևկյանների իշխանության ներքո գտնվող և ազգայնական քաղաքական հայացքներ ունեցող ապակառավարական ուժերի առկայությամբ (հենց վերջիններս էլ հրաժարվել են ենթարկվել Սելևկյան թագի դրածո ժառանգորդին՝ Տիգրան Մեծին): Այնուամենայնիվ, մ․թ․ա․ 84 թվականին հայկական իշխանությունը հաստատվում է Լեռնային և Դաշտային Կիլիկայում։ Մ․թ․ա․ 1-ին դարում Միջերկրական ծովի ափին սփռված Կիլիկիան առավել հայտնի էր ծովահենների զանազան հարձակումներով, որը այս տարածաշրջանում Տիգրանյան տերության կայունության առջև առկախ գերակա խնդիր էր։ Նախքան այդ, հայկական ուժերը որևէ կերպ դուրս չէին եկել միջերկրածովյան ավազան և այդ իսկ պատճառով հայկական ռազմածովային նավատորմն այստեղ բացակայում էր և ծովից Կիլիկիան խոցելի էր։

Գիտակցելով այս ամենը, Տիգրան Մեծը դիմում է հեռահար քայլի և բանակցություններ սկսում ծովահենների հետ։ Մ․թ․ա 83 թվականին Տիգրան Արտաշեսյանը դաշինք է կրում Կիլիկիայի ափամերձ շրջանների ծովահենների հետ, որով վերջիններս անցնում էին հայկական աշխարհակալության ազդեցության շրջանակներ, իսկ հայոց արքան գործողությունների ազատություն էր շնորհում վերջիններիս։ Ստրաբոնն իր հեղինակավոր «Աշխարհագրություն» պատմաաշխարհագրական երկում այս կապակցությամբ գրում է, որ «հայերը ծովը հանձնեցին կիլիկիացիներին»։ Փոխշահավետ «դաշինքից» հետո վերջիններս անթաքույց կերպով օժանդակություն էին ցուցաբերում իրենց հանդեպ նմանօրինակ բարյացակամ վեարբերմունք ցուցաբերած «օտար արքային»։ Դրա վառ օրինակն է մ․թ․ա․ 73 թվականին վերջիններիս կողմից Հռոմի հակահայկական գործողությունների արգելակումը։ Այդ տարում հանրապետական սենատը՝ հաշվի չառնելով Ասորիքի ավագանու իրավարար որոշումը, Անտիոքոս Եվսեբես մեռած արքայի որդիներին ճանաչում է որպես Սիրիայի արքաներ և շնորհում «Հռոմի դաշնակից և բարեկամ» ձևական կոչումները։ Շուտով վերջիններս ուղարկվում են Անտիոք՝ Սելենե-Կլեոպատրա թագուհու մետ միասին իրականացնելու իրենց դավադիր ծրագրերը, սակայն Միջերկրական ծովում նրանց ճանապարհը նրանց դիմավորում են Տիգրանի «դաշնակից» ծովահենները։ Վերջիններս ստիպված են լինում փոխել իրենց ուղղությունը և դավադրությունը ձախողվում է։

Ներքոնշյալ պատկերում՝ Կոռիկոսի հայկական ծովային բերդը Կիլիկիայում
Korykos Land Castle 6959 panorama.jpg

Միջերկրածովյան «ազատ քաղաքների» առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքային նվաճումների արդյունքում ձևավորված Հայաստանի աշխարհակալ թագավորությունն առևտրային տեսանկյունից հայտնվել էր շահեկան դիրքում։ Նախ վերջինիս ենթակայության տակ էր անցել Ասորիքը, Փյունիկիան և գրեթե ամբողջ Արևելյան Միջերկրականը, և ապա՝ հայկական ազդեցության սահմանները հասնում էին մինչև Հնդկաստան։ Առևտրային հարաբերություններն ու տնտեսական վերելքը խրախուսելու համար Տիգրան Մեծ արքան Փյունիկիայի քաղաքների նկատմամբ կիրառում է հինաշխարհյան արևմտյան հասարակայնության՝ հատկապես հունական և հռոմեական, շրջանում լայնորեն կիրառություն ստացած «ազատ քաղաքների» ինստիտուտը։ Այսպիսով, ազատ քաղաքները ճանաչում էին Մեծ Հայքի թագավորության գերիշխանությունը, թեպետ ունեին ներքին ինքնավարություն և իրենց ներքին գործերը սեփական տրամաբանության շրջանակում կանոնակարգելու բացառիկ իրավունք։ Այդ քաղաքների թվին էին պատկանում Բիբլոսը, Սիդոնը, Տյուրոսը, Լաոդիկեն, Բերիթը, Արադոսը, Տրիպոլիսը, Ապամեան և այլն։ Ինքնավարության շնորհումը խրախուսական քայլ էր նախ և առաջ այդ տարածքների բնակչության, ազնվականության, մեծանուն առևտրականների և քաղաքային իշխանությունների համար, քանզի Սելևկյանների օրոք վերջիններս նման իրավասություններից զուրկ էին։

Ազատություն ստացած քաղաքներից Լաոդիկեն և Բերիթը (ներկայիս Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը), ի նշան երախտագիտության և հավատարմության, իրենց քաղաքային նոր տոմարը սկսում են հաշվել այդ տարում՝ մ․թ․ա․ 81 թվականից։

Փյունիկիայի գլխավոր վաճառաշատ քաղաքները
Բիբլոսը համարվում է աշխարհի հնագույն մշտապես բնակեցված քաղաքներից մեկը։ Բիբլոսի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակին։ Այս շրջանով է թվագրվում Բիբլոսում կառուցված ամենահայտնի ճարտարապետական շինություններից մեկը՝ Բաալի տաճարը։ Հայտնի է նաև, որ քաղաքը հիմնադրել է փյունիկեցիները։ Սիդոնը եղել է հարավային Փյունիկիայի ամենահարուստ և կարևոր նշանակություն ունեցող նավահանգստային քաղաքներից մեկը։ Քաղաքի անվանումն ունեցել է հրեական ծագումնաբանություն։ Ժամանակի ընթացքում մշտապես մրցակցային դիրքի մեջ է եղել Բիբլոսի և Տյուրոսի հետ՝ հավակնելով դառնալ Փյունիկիայի (ներկայիս Լիբանան) «մետրոպոլիսը» (մայր քաղաքը): Տյուրոսը՝ Լիբանանի ներկայիս Սուր քաղաքը, ամենայն հավանականությամբ առաջացել է մ.թ.ա. 4-րդ հազարամյակում։ Մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներում եղել է առևտրաարհեստավորական կարևոր կենտրոն։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջին և 1-ին հազարամյակի սկզբին դարձել է դեպի արևմուտք փյունիկեցիների գաղութաբնակեցման կարևոր կանտրոններից մեկը։

Աջակցություն Պտղոմեոսյան Եգիպտոսին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Բ Մեծի և Պոնտոսի թագավոր Միհրդատ Եվպատորի ջանքերով Եգիպտոսի գահին բազմած Պտղոմեոս XII-ը։

Հռոմեացիների դավադրությունների հետևանքով մ․թ․ա․ 88 թվականին Եգիպտոսից հեռանում է գահի օրինական ժառանգորդ արքայազն Պտղոմեոս Դիոնիսոսը, ում փոխարեն Սենատը այս երկրի ղեկավարի պաշտոնում ճանաչում է նույնանուն արյունարբու ռազմական գործիչի, որը դառնում է Հռոմի «բարեկամն ու դաշնակիցը», ինքնին՝ կամակատարը։ Վտարանդված արքայազնը ուղևորվելով արևմուտք՝ ապաստանում է Պոնտոսի թագավորությունում։ Հայոց արքայի դաշնակից Միհրդատը Եգիպտոսի նկատմամբ որևէ հավակնություններ և շահագրգռվածություն չուներ, մինչդեռ Տիգրան Մեծն իր պլաններն ուներ այդ երկրի հետ կապված։ Սակայն իրադարձություններն էլ ավելի պարզորոշ և շահեկան հանգուցալուծում են ստանում, քանզի Պտղոմեոս XVI-ն իր կառավարման սկզբնամասում Եգիպտոսը կտակում է Հռոմին։ Արքայի դավաճանական քայլին հաջորդում է համաժողովրդական ընդզվում, որի արդյունքում էլ տեղի է ունենում իշխանափոխություն։ Պտղոմեոս Դիոնիսոսը բազմում է հայրենյաց գահին և կառավարում որպես բարեպաշտ ղեկավար։

Հայոց Տիգրան Մեծ արքայի քաղաքականության խորաթափանց դիտորդներից մեկը՝ հռոմեացի հռետոր Ցիցերոնը, հավաստում է, որ նախքան Եգիպտոս մուտք գործելն արքայազն Պտղոմեոսը եղել է Սիրիայում, որտեղից էլ հայ օգնական զորքերի օժանդակությամբ ներխուժել և ծնկի է բերել Հռոմի դրածոյին։ Տիգրանի կառավարման տարիներին Պտղոմեոսյան Եգիպտոսը դառնում է հայամետ պետություն։ Այսուհանդերձ, հետագայում իրադարձությունները բավականաչափ անհավասարակշիռ զարգացումներ են ունենում․ հայոց արքայի հավատարիմ դաշնակից Պտղոմեոս XII-ի դուստրը՝ Կլեոպատրան, Եգիպտոսի ապագա թագաժառանգը, հաջորդ տասնամյակում բարեկամական հարաբերություններ է հաստատում Հռոմեական հանրապետության հետ և Մարկոս Անտոնիոսի հետ միասին սպանում Տիգրանի որդուն՝ Մեծ Հայքի գործող գահակալ Արտավազդ Արտաշեսյանին։

Նաբաթեայի և Հրեաստանի նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմելով Սելևկյան գահին՝ Տիգրան Մեծի տերությունը հարավում սկսում էր անմիջականորեն հարել Նաբաթեայի և Հրեաստանի թագավորություններին։ Վերջիններս հայտնի էին իրենց ակնհայտ հռոմեամետ քաղաքականությամբ և հայոց արքային համարում էին իրենց տերությունների արտաքին անվտանգությանը սպառնացող վտանգ։ Բացի այդ, Նաբաթեայի թագավոր Արետաս (Հարիթաթ) I-ը չէր հաշտվում հայերի կողմից Փյունիկիայի նվաճման հետ և ամեն կերպ ցանկանում էր գրավել Ներքին Ասորիքը (Կոյլե-Սիրիա)՝ Դամասկոս կենտրոնով։ Նշյալ պայմաններում Մեծ Հայքի արքան գտնվում էր բավականաչափ շահեկան դիրքում, քանզի Փյունիկիայի որոշ բնակավայրերին «ազատ քաղաքների» կարգավիճակ շնորհելուց հետո վերջիններս բարյացակամորեն էին տրամադրվել Տիգրանյան իշխանության նկատմամբ, իսկ Կոյլե-Սիրիայի ենթակա արքա Պտղոմեոս Մեննայոսն ինքնին իր հավատարմության երդումն էր տվել Տիգրան Մեծին։ Մ․թ․ա․ 73 թվականին Հռոմի ներգործությամբ տարածաշրջանային իրադրությունը ծայրահեղ սրվում է։

Այս անգամ Հայոց թագավորության դեմ պատերազմելու որկոչներով հանդես էր գալիս Սենատի հերթական կամակատարը՝ Պտղոմեոսյան Եգիպտոսի արքայադուստր Սելենե-Կլեոպատրան, ով սպանելով ամուսնուն՝ ամուսնացել էր վերջինիս ավագ որդու՝ գահի ժառանգորդ Անտիոքոս VIII-ի հետ։ Շուտով եգիպտացի թագուհին հակահայկական կոալիցիայի մեջ է ներգրավում նաև Հրեաստանի (Հուդայի) և Նաբաթեայի թագավորություններին, ովքեր միասնաբար նպատակ ունեին Արտաշեսյան Մեծ Հայքից նվաճել Սելևկյանների կայսրության նախկին տիրույթները։ Այս հակամարտության հրահրումը հեռահար քայլ էր Հռոմի կողմից, քանի որ այս կերպ նա ցանկանում էր բացառել հռոմեա-պոնտական նոր պատերազմի շեմին Տիգրան Մեծի և Միհրդատ Եվպատորի հերթական դաշնակցային մերձեցումն ու փոխօգնության պայմանագրի կնքումը։ Մ․թ․ա․ 72 թվականին նաբաթեացիների և հայկական զորքերի միջև Դամասկոս քաղաքի շրջակայքում տեղի է ունենում արյունարբու ճակատամարտ, որտեղ Տիգրան Մեծի բանակը տանում է փայլուն հաղթանակ։ Արետաս I-ի զորքերի օգնության շտապող հրեական բանակը՝ արքայազն Արիստոբուլոսի գլխավորությամբ, Նաբաթեայի պարտության լուրը ստանալուց հետո հայտնվում է անելանելի դրության մեջ և ապա շրջափակվում հայկական կայազորների կողմից։

Դավադիր թագուհին՝ Սելենե-Կլեոպատրան, Տիգրան Մեծի հրամանով ձերբակալվում է և ապա մահապատժի ենթարկվում։ Մ․թ․ա․ 71 թվականին հայկական զորքերը ռազմախուժում են Պաղեստին և պաշարում Մեծ Հայքի թագավորության ամենահարավային եզրակետը՝ Պտղոմայիսը (գտնվում է ներկայիս Իսրայելի Աքքա քաղաքի տեղում): Հովհաննես Դրասխանակերտցին իր «Հայոց պատմություն» աշխատությունում հավաստում է․ «Տիգրանը հարձակվում է Պաղեստինի վրա և գերում է շատ հրեաների»։ Դեպքերն ու իրադարձություններն այս հատվածում սեղմ կերպով ներկայացրել է անտիկ շրջանի հրեա պատմիչ Հովսեփոս Փլավիոսը՝ իր «Հրեական պատերազմի մասին» հեղինակավոր աշխատությունում։

Aquote1.png Այդ ժամանակ էլ լուր է հասնում, թե Հայոց թագավոր Տիգրանը 30 բյուր զորքով ներխուժել է Ասորիք և գալիս է Հրեաստանի դեմ: Այս, բնականաբար, ահաբեկեց թագուհուն և ժողովրդին: Ուստի նրանք բազում և արժանավայել ընծաներ ուղարկեցին նրան և դեսպաններ, երբ նա դեռևս պաշարում էր Պտղոմայիս քաղաքը, որովհետև Սելենե թագուհին, որը կոչվում էր նաև Կլեոպատրա, այդ ժամանակ տիրում էր Ասորիքին և հորդորել էր բնակիչներին՝ դռները փակել Տիգրանի առաջ: Ուստի դեսպանները, հանդիպելով նրան, խնդրում էին բարենպաստ պայմաններ շնորհել թագուհուն և ժողովրդին, իսկ նա, գնահատելով այն, որ նրանք ժամանել են այդքան հեռու տարածությանից, լավագույնս հուսադրեց, բայց հազիվ էր Պտղոմայիսը գրավվել, երբ լուր հասավ Տիգրանին, թե Լուկոլլոսը, հետապնդելով Միհրդատին, չի կարողացել նրան բռնել, քանի որ վերջինս փախել է իբերների երկիրը, և, ասպատակելով Հայաստանը, պաշարել է մայրաքաղաքը: Տիգրանն այս մասին իմանալով, վերադարձավ իր սեփական երկիրը Aquote2.png


Հայ-հռոմեական պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այպիսով, Տիգրանյան նվաճումների արդյունքում Մեծ Հայքի թագավորությունը դառնում է աշխարհակալ տիրակալություն, որն Առաջավոր Ասիայում հակակշիռ էր հանրապետական Հռոմին։ Մասնավորապես, հայկական տերության սահմանները։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Հռոմի՝ Պոնտոսի դեմ մղած հաղթական պատերազմներից և Տիգրան Բ-ի կողմից Դաշտային Կիլիկիայի նվաճումից հետո երկու տերությունները սկսում են սահմանակցել միմյանց՝ դառնալով հարևաններ։ Այսպիսով, Միջերկրական ծով դուրս եկած և ընդհուպ մինչև Եգիպտոսին մոտեցած Հայոց թագավորությունը Հռոմի առջև փակում էր արևելյան նվաճումների գրեթե բոլոր հեռանկարները և դեմ կանգնում Սելևկյան թագի նկատմամբ հռոմեացիների հավակնություններին։ Աշխարհաքաղաքական նման պայմաններում Հռոմի և Հայաստանի միջև առճակատումը անխուսափելի էր և կանխատեսելի։

Լուկուլլոսի ներխուժումը Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 71 թվականին հռոմեական զորավար Լուկուլլոսը գլխովին ջախջախել էր Տիգրան Բ-ի դաշնակից Միհրդատ Եվպատորին։ Վերջինս մազապուրծ փախել էր Մեծ Հայք և քաղաքական ապաստան ստացել։ Լուկուլլոսը հատուկ դեսպան ուղարկեց Տիգրանի մոտ և պահանջեց Միհրդատին հանձնել իրեն։ Հայոց արքան, մերժեց հռոմեացիների պահանջը։ Պատերազմի առիթը պատրաստ էր[5]։

Մ.թ.ա. 69 թվականի գարնանը հռոմեական բանակները, անցնելով սահմանային Եփրատ գետը, ներխուժեցին Մեծ Հայք։ Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը։

Լուկուլլոսը մշակել էր կայծակնային պատերազմի ծրագիր, որի հիմնական սկզբունքներն էին հանկարծակիությունն ու շեշտակի հարվածը։ Լուկուլլոսը գրավեց Ծոփքը և սրընթաց շարժվեց Աղձնիք՝ գրավելու Տիգրանակերտը։ Այն անակնկալ գրոհով գրավելու ծրագիրը ձախողվեց։ Հունական վարձկան կայազորը, զորավար Մանկայոսի հրամանատարությամբ, քաղաքը պաշտպանում էր հմտությամբ։ Գրոհի ձախողումից հետո Լուկուլլոսն ստիպված եղավ պաշարել այն։ Անցնում էին ամիսները, իսկ Տիգրանակերտը շարունակում էր հերոսաբար դիմադրել։

Հռոմեական բանակի Մեծ Հայք ներխուժման լուրը Տիգրան Բ-ն իմացավ հեռավոր Պաղեստինում, (կան տեսակետներ, համաձայն որոնց Տիգրանը Արտաշատում էր)ուր կենտրոնացված էին հայկական բանակի գլխավոր հարվածային ուժերը։ Հայոց արքան թիկնապահ գնդով շտապ վերադարձավ Մեծ Հայք, իսկ բանակի հիմնական ուժերը՝ Բագարատ զորավարի հրամանատարությամբ, հետևեցին արքային։ Մինչև Մեծ Հայք հասնելը Տիգրան Բ-ն Լուկուլլոսի դեմ ուղարկեց Մեհրուժան զորավարի փոքրաթիվ, սակայն մարտունակ զորաջոկատը։ Վերջինս հռոմեացիների գերակշիռ ուժերի հետ ընդհարման ժամանակ պարտվեց, իսկ Մեհրուժանն էլ զոհվեց։

Սեպտեմբերի կեսերին Տիգրանի գլխավորած հայկական բանակը մոտեցավ պաշարված Տիգրանակերտին։ Հայկական մի զորամաս հանկարծակի ու խիզախ գրոհով մուտք գործեց քաղաք և այնտեղից դուրս բերեց արքայից արքայի ընտանիքն ու գանձերի մեծ մասը։ Ըստ Ապպիանոսի, Տիգրանին ռազմաջոկատներ էին տրամադրել նաև ենթակա երկրները՝ Ատրպատականը (Մարաստանը), Աղվանքը, Վիրքը, Կորդուքը, Ադիաբենեն և անգամ Պարսից ծոցի արաբները։ Հայկական բանակի թիվը, Պլուտարքոսի վկայությամբ, 300 հազար զինվոր էր։ Այլ պատմիչներ խոսում են ընդամենը 70-80 հազար զինվորների մասին, այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան հռոմեական բանակի զինվորների թիվն էր՝ դաշնակից զորաբանակների հետ միասին։

Հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան սկսվեց Տիգրանակերտի ճակատամարտը։ Շրջանցելով Տիգրանի բանակը՝ նա հայոց զորքի թիկունքում կենտրոնացրեց նշանակալից ուժեր, որոնք էլ վճռեցին ճակատամարտի ելքը։ Հռոմեացիների հաղթանակը որոշեց նաև Տիգրանակերտի ճակատագիրը։ Կայազորի հույն վարձկանները՝ կաշառվելով Լուկուլլոսի կողմից, հոկտեմբերի վերջերին ապստամբություն բարձրացնելով, քաղաքի դարպասները բացեցին հակառակորդի առջև։ Նորակառույց ու հարուստ քաղաքը քարուքանդ եղավ ու թալանվեց[6]։

Լուկուլլոսը՝ ռազմական գործողությունները համարելով ավարտված, բանակը տարավ ձմեռելու Կորդուքի տաք շրջաններ։ Օգտվելով դրանից՝ Տիգրան Մեծն անմիջապես օգտագործեց դադարը և սկսեց եռանդուն նախապատրաստվել ապագա ռազմական գործողություններին։ Ձմեռվա ամիսներին նա վերակառուցեց բանակը, որի հարվածային գլխավոր ուժը դարձավ հեծելազորը։ մ.թ.ա. 68 թվականի գարնան վերջերին Լուկուլլոսը դուրս եկավ Կորդուքից և բռնեց Արտաշատ տանող ճանապարհը։ Հայկական բանակը անսպասելի, այդ թվում գիշերային հանդուգն հարձակումներով ջլատում էր հռոմեացիների ուժերը՝ նրանց նշանակալից կորուստներ պատճառելով։

Լուկուլլոսի հյուծված և մարտունակությունը կորցրած բանակը միայն սեպտեմբերի 22-ին հասավ Արածանիի գետանցին։ Առջևում Հայկական Պար լեռնաշղթան էր։ Սակայն հռոմեական բանակն այնքան էր ջլատված, և կորուստներն այնքան շատ էին, որ զինվորները հրաժարվում էին շարունակել ռազմերթը դեպի «Հայկական Կարթագեն»։ Արածանիի ճակատամարտում հռոմեական բանակը լիակատար պարտություն կրեց։ Հույն պատմիչ Դիոն Կասսիոսը վկայում է, որ «հայերը նետահարելով հռոմեացիներին շատերին սպանեցին, իսկ շատերին էլ վիրավորեցին, իսկ վերքերը ծանր էին և դժվար բուժելի, քանզի հայերը գործածում էին երկծայր նետեր»[7]։

Լուկուլլոսն ստիպված էր թողնել Մեծ Հայքի սահմանները։ Տիգրան Մեծի հանձնարարությամբ Միհրդատ Եվպատորը հայկական մի զորամասով անցավ Պոնտոս և սկսեց երկրի ազատագրումը։ Հռոմեացիների առաջին գրոհը դեպի Արևելք լիովին ձախողվեց։ Լուկուլլոսի պարտության հետևանքով վերականգնվեց Հայկական տերության խարխլված հեղինակությունը։ Մ.թ.ա. 67 թվականի կեսերին հայկական բանակները ներխուժեցին Կապադովկիա՝ պատրաստվելով վերականգնել հայկական իշխանությունը Ասորիքում (Սիրիայում), ինչպես նաև Միջերկրական ծովի ափերին։ Հռոմեական սենատն արտակարգ միջոցներ ձեռք առավ։ Լուկուլլոսը հեռացվեց գլխավոր հրամանատարի պաշտոնից։ Նրա փոխարեն հրամանատար նշանակվեց հմուտ զորավար և քաղաքական գործիչ Գնեոս Պոմպեոսը։ Ժամանելով Արևելք, նախապես պարթևների հետ դաշինք կնքեց ընդդեմ Տիգրան Մեծի և Միհրդատ Եվպատորի։ Նույն տարվա վերջերին Պոմպեոսը պարտության մատնեց Միհրդատ Եվպատորին և գրավեց Պոնտոսը, որով Մեծ Հայքը զրկվեց իր միակ դաշնակցից։ Հռոմեական բանակը պատրաստվում էր ներխուժել Մեծ Հայք[8]։

Մեծ Հայքի համար այս ճակատագրական պահին երկրում սկսվեցին ներքին երկպառակություններ։ Տիգրան Մեծի դեմ ընդվզեց նրա կրտսեր որդի Տիգրան Կրտսերը։ Վերջինս գտնում էր, որ պետք է պատերազմը շարունակել մինչև հաղթական ավարտ։ Տիգրան Մեծը ճնշեց ընդդիմադիր հայ ավագանու շահերը ներկայացնող Տիգրան Կրտսերի խռովությունը, որն իրեն հռչակել էր հայոց թագավոր։ Խռովությանն անմասն չէին նրա մայրը՝ Կլեոպատրան, և պապը՝ Միհրդատ Եվպատորը։ Վերջինս հույս ուներ թոռան գահակալությամբ Մեծ Հայքը ծառայեցնել Պոնտոսի քաղաքական շահերին։ Ստեղծված իրավիճակում Տիգրան Մեծն ստիպված եղավ զորքը դուրս բերել Կապադովկիայից և վերադառնալ Մեծ Հայք։ Հորից պարտված Տիգրան Կրտսերը փախավ Պարթևաստան։ Պարթևական թագավոր Հրահատ Գ-ն անմիջապես օգտագործեց պահը և որոշեց օգնել ապստամբ արքայազնին՝ նրան կնության տալով դստերը։ Տիգրան Կրտսերը պարթևական բանակով ներխուժեց Մեծ Հայք և պաշարեց Արտաշատը։ Սակայն հայկական բանակը հակահարված տվեց պարթևներին, որոնք նահանջեցին իրենց երկիրը, իսկ Տիգրան Կրտսերը փախավ Պոնտոս։ Կես ճանապարհին լուր ստանալով, որ պապը՝ Միհրդատ Եվպատորը, պարտություն է կրել Պոմպեոսից և փախել Բոսպորի թագավորություն, նա այս անգամ որոշեց դիմել Պոմպեոսի օգնությանը։ Պոմպեոսն անմիջապես օգտագործեց բախտախնդիր արքայազնին՝ փորձելով ազդել Տիգրան Մեծի քաղաքականության վրա[9]։

Արտաշատի պայմանագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 66 թվականի ամռանը Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ Պոմպեոսի հռոմեական բանակը ներխուժեց Մեծ Հայք։ Տիգրան Մեծի դիրքերը բավականին թուլացել էին՝ պարթևների թշնամական գործողությունների, որդու խռովության և հռոմեական բանակի Մեծ Հայք ներխուժման պատճառով։ Հաջողության հասնելու հույսերը փոքր էին, ուստի ավելի խոհեմ կլիներ Մեծ Հայքին ձեռնտու զիջումների գնով հաշտվել նրա հետ և հենց Հռոմի օգնությամբ էլ պայքար մղել մյուս երկուսի դեմ։ Մեծ Հայքը կարող էր կորցնել իր անկախությունը, ուստի անհրաժեշտ էր գնալ զիջումների ոչ կենսական խնդիրներում, գլխավորը՝ անկախությունը, պահպանելու համար։

Պոմպեոսը մ.թ.ա. 66 թվականի սեպտեմբերին մոտեցավ Արտաշատին և ճամբար դրեց քաղաքից ոչ հեռու։ Անմիջապես սկսվեցին հայ-հռոմեական հաշտության բանակցությունները։ Այն, ինչին ձգտում էր Հռոմը, ստանում էր առանց ռազմական գործողությունների և զոհերի։ Տիգրան Կրտսերի փորձերը՝ խոչընդոտելու բանակցությունները, արդյունք չտվեցին[10]։ Ընդհակառակը, նա հայտնվեց «խաղից դուրս» վիճակում։ Կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, ըստ որի՝

  • Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում էր առանձին պետություն։ Այստեղ թագավոր էր հաստատվում Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան Բ-ի մահից հետո Մեծ Հայքն ու Ծոփքը դարձյալ միավորվելու էին մեկ պետության մեջ՝ Տիգրան Կրտսերի գահակալության ներքո։
  • Մեծ Հայքը Հռոմին պետք է վճարեր 6 հազար տաղանդ ռազմատուգանք, մոտավորապես այդքան էլ արշավանքին մասնակցած զինվորներին և սպաներին։ Հատկանշական է, որ ռազմատուգանքի գումարը վճարվելու էր Ծոփքի արքայական գանձարաններից։
  • Մեծ Հայքը հայտարարվում էր «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»։

Մեծ Հայքը պահպանեց իր լիակատար անկախությունը։ Հռոմը արտաքին քաղաքականության բնագավառում խրախուսում էր Տիգրան Բ-ի հակապարթևական բոլոր ձեռնարկումները։ Պարթևները դաշնակից Հռոմից ավելին էին սպասում, բայց Պոմպեոսը Տիգրանի հետ կնքած հաշտությունից հետո մտադիր չէր նպաստել Պարթևաստանի ուժեղացմանը։ Արևելքում ուժերի հավասարակշռությունը պահանջում էր պաշտպանել Տիգրան Բ-ին։

Արտաշատի պայմանագրից հատկապես դժգոհ մնաց Տիգրան Կրտսերը։ Տենչալով Մեծ Հայքի գահին՝ նա այժմ պետք է բավարարվեր ֆինանսական միջոցներից զրկված Ծոփքի գահով։ Հասկանալով իր վիճակի անհեթեթությունը՝ Տիգրան Կրտսերն ընդվզեց Պոմպեոսի դեմ և վիրավորեց նրա արժանապատվությունը։ Ի պատասխան նրա հանդուգն ելույթի՝ Պոմպեոսի կարգադրությամբ Տիգրան Կրտսերը ձերբակալվեց և ընտանիքի հետ գերեվարվեց Հռոմ։

Տիգրան Բ-ն՝ օգտագործելով հռոմեա-պարթևական հակամարտությունները, կարողացավ Պոմպեոսի միջամտությամբ մ.թ.ա. 64 թվականին Մեծ Հայքին վերադարձնել Կորդուքն ու Հյուսիսային Միջագետքը։ Պոմպեոսն անգամ ճանաչեց Տիգրան Մեծի «արքայից արքա» տիտղոսը։ Տիգրան Բ-ի կյանքի վերջին տասը տարիները Մեծ Հայքի համար խաղաղության ու տնտեսական բարգավաճման տարիներ էին

Տիգրան Մեծի քաղաքաշինական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրանակերտ մայրաքաղաքի հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական ներխուժումը Մեծ Հայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրանի կերպարը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Մեծի մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ասատրյան Հ., Քաղաքական վերաբերութիւններ ընդ մէջ Հայաստանի եւ Հռովմայ, Վնտ., 1912:
  • Մանանդյան Հ., Տիգրան Բ և Հռոմը, Երկեր, հ. 1, Երևան, 1977:
  • Մանասերյան Ռ., Տիգրան Մեծ. Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևստանի դեմ մ.թ.ա. 96-94 թթ, Երևան, 1987:
  • Մանասյան Ռ., Տիգրան Մեծ, տես «Պատմություն», ժող., Երևան, համար 1, 2002:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տիգրան Մեծի 2150-ամյակը կնշվի մի շարք միջոցառումներով | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2019-05-15 
  2. «Տիգրան II Մեծ՝ Հայաստանի թագավոր»։ «Բրիտանիկա» հանրագիտարան (անգլալեզու հանդես)։ Վերցված է 2019-05-15 
  3. «Հովհաննիսյան Պ. | historyofarmenia.am.am»։ www.historyofarmenia.am։ Վերցված է 2019-05-15 
  4. Արտակ Մովսիսյան (2010)։ Տիգրան Մեծ՝ թագավորներից մեծագույնը («Նա ցույց տվեց աշխարհին, որ կարելի է դառնալ արքայից արքա ու մնալ բարեպաշտ»)։ Երևան, Հայաստան: ԵՊՀ հրատարակչություն։ էջեր 10–11, ենթավերնագիր՝ «Արքայազն Տիգրանը»։ ISBN 978-5-8084-1307-8 
  5. Հռոմեական հանրապետության արևելյան քաղաքականությունը, Լուկուլլոսի արշավանքը Հայաստան
  6. Պատերազմի սկիզբը, Տիգրանակերտի ճակատամարտը
  7. Արածանիի ճակատամարտը և հռոմեական բանակների պարտությունը
  8. Պատերազմի երկրորդ փուլը. իրադրությունը Արածանիի ճակատամարտից հետո
  9. Տիգրան Կրտսերի խռովությունը
  10. Պոմպեոսի արշավանքը Հայաստան