Հին շրջանի հայկական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հին շրջանի հայկական թատրոն, առաջին վկայությունները թատրոնի մասին Հայկական լեռնաշխարհում՝ Երվանդունիների թագավորության շրջանում (մ.թ.ա. 6-3-րդ դարեր)։ Այն շարունակեց զարգանալ Մեծ Հայքի թագավորության (մ.թ.ա. 331- մ.թ. 428) կամ հելլենիզմի դարաշրջանում։ Հանդիսանում է հայկական թատրոնի առաջին փուլը։

Թատրոնի առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ մ.թ.ա. 1-ին հազարամյակում, Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրվում էին թատերական ծիսակատարություններ։ Հայկական պրոֆեսիոնալ թատրոնն առաջացել է հելլենիստական դարաշրջանի հայկական միապետություններում՝ հունական ողբերգությունից և ժողովրդական կատակերգությունից։Պլուտարքոսը հայտնում է, որ Տիգրանակերտում կազմակերպվել է թատրոնի, իսկ Արտաշատում բեմադրվել են թատերական ներկայացումներ[1]։ Այդ փաստերը ճիշտ ըմբռնելու համար անհրաժեշտ է որոշ պատկերացում կազմել դասական և հելլենիստական շրջանի թատրոնի գեղարվեստական բարձր արժեքից բացի, նաև նրա հասարակական-քաղաքական դերի մասին։

Հունական թատրոնի բնորոշ գծերից էին նրա պաշտամունքային ծագումը, որի դրոշմն էր թողել բեմադրության ձևերի վրա, և սոցիալական ու քաղաքական այն կարևոր նշանակությունը, որ նա ուներ քաղաքային համայնքի կյանքում։ Թատրոնը իշխող դասակարգի խոսափողն էր, որի միջոցով նա իր գաղափարախոսությունն էր քարոզում քաղաք-պետության բնակչությանը։ Չի կարելի պատկերացնել որևէ հունական քաղաք առանց սեփական թատրոնի։ Թատրոնը քաղաքի նույնիսկ անբաժանելի մասն էր կազմում, որպիսիք էին նրա տաճարները։ Թատրոնին տրվում էր պետական նշանակություն. ներկայացումների կազմակերպումը հանձնարարվում էր բարձրագույն պաշտոնյաների և ամենապատվավոր քաղաքացիներին։ Թատրոն հաճախելու համար պետությունը հատուկ նպաստ էր ընձեռում քաղաքացիներին։

Հին հայկական թատրոնում զարգացել է նաև մնջախաղը։ 2-րդ դարից արդեն հայտնի է մնջախաղի հայ դերասանուհի Նազենիկը։ 2-3-րդ դարերում հայ ողբերգակ դերասանները (ձայնարկու գուսանները և ողբերգու գուսանները) խաղում էին հունական և հայկական ներկայացումներում, իսկ 4-րդ դարի կեսերից ներկայացումներ էին բեմադրվում Արշակ Բ թագավորի պալատում[2]։

Հույն պատմաբան Պլուտարքոսի վկայությամբ՝ մ.թ.ա. 69 թվականին Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) արքան պատմական Հայաստանի հարավային մայրաքաղաք Տիգրանակերտում[2][3][4] կառուցել է Սիրիայի հելլենիստական ամֆիթատրոնների նման մի շինություն, որտեղ ներկայացումներ էին բեմադրվում։ Հայտնի է նաև, որ Տիգրանի որդի Արտավազդ Բ-ն (մ.թ.ա. 56-34), ով ողբերգություններ էր գրում Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք Արտաշատում, ստեղծել է հելլենիստական ոճի թատրոն։[2]

Պատմական աղբյուրների համաձայն այստեղ ելույթ է ունեցել ողբերգակ-կատակերգակ Յազոնի գլխավորությամբ մի թատերախումբ, իսկ մ.թ.ա. 53 թվականին բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը։ Սկսած մ.թ.ա. 1-ին դարից բազմաթիվ պատմական փաստեր վկայում են հայկական բազմաժանր և բազմատեսակ պրոֆեսիոնալ թատրոնի գոյության մասին[2] Օրինակ՝ Արմավիրում՝ հայկական հնագույն մայրաքաղաքում, գտել են հույն հեղինակների կամ Արտավազդ Բողբերգություններից հատվածներ՝ գրված հունարեն լեզվով։[5]։

Հելլենիստական շրջանում թեև շատ բան փոխվեց և առավել շեշտվեց թատրոնի ժամանցային հանգամանքը, բայց և այնպես այն չկորցրեց իր սոցիալական ու քաղաքական դերը. որի կարիքը մեծապես շարունակում էր զգալ տիրող դասակարգը։ Արևելքում հիմնադրված բոլոր քաղաքաներն ունեին իրենց թատրոնները։ Թատրոնի շենքը (բացօթյա ամփիթատրոնը) ծառայում էր ոչ միայն ներկայացումների համար, այլև այնտեղ էին հավաքում քաղաքացիների բազմամարդ ժողովները։ Հելլենիստական թատրոնների շենքերի տարողությունը պետք է ապահովեր քաղաքային համայնքի բոլոր անդամների ներկայությունը և այդ շենքերը հաճախ հսկայական չավերի էին հասնում (5-6 հազարից մինչև 40-50 հազար հանդիսատեսի տեղերով)։

Տիգրանակերտի և Արտաշատի թատրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրանակերտի թատրոնի հետ է կապված հայ թատրոնի գոյության վերաբերյալ ամենահին հիշատակությունը։ Հայկական աշխարհակալ տերության հզորությունն ու տնտեսությունն ամրապնդելուն զուգընթաց՝ Տիգրան Մեծը հոգացել է նաև մշակույթի զարգացման մասին։ Տարբեր երկրներից նա Տիգրանակերտում հավաքել է արհեստների և արվեստների որակյալ մասնագետներ, այդ թվում՝ դերասաններ, կառուցել թատրոնի շենք։

Տիգրանակերտի թատրոնը հելլենիստական տիպի թատրոն էր՝ հունարեն խաղացող դերասանական խմբով։ Խաղացանկը կազմված էր հույն դրամատուրգների գործերից։ Լուկուլլոսը մ.թ.ա. 69 թվականին, գրավելով Տիգրանակերտը, իր հաղթանակը տոնել է Տիգրանակերտի թատրոնում, ապա ազատ արձակել ամենքին՝ վերադառնալու իրենց վայրերը։ Տիգրանակերտի թատրոնի մասին միակ աղբյուրը հույն պատմիչ Պլուտարքոսի «Զուգակշիռք» աշխատությունն է։

Տիգրանակերտի թատրոնից հետո հայ թատրոնը գոյատևել է Արտաշատում։

Արտաշատի թատրոնը հիմնադրվել է մ.թ.ա. 1-ին դարում։ Ծաղկում է ապրել հայոց թագավոր Արտավազդ Բ-ի օրոք, որը թատերգությունների և այլ գրական գործերի հեղինակ էր։ Առայժմ հայտնի է Արտաշատի թատրոնի մեկ բեմադրություն՝ Եվրիպիդեսի Բաքոսուհիները ողբերգությունը, որ խաղացվել է հունարեն, մ.թ.ա. 53 թվականին։

Ներկայացման ժամանակ, ինչպես վկայում է միակ աղբյուրը՝ հույն պատմիչ Պլուտարքոսը, ասպարեզ է բերվել այդ նույն ժամանակ Խառանի ճակատամարտում սպանված հռոմեական զորավար Մարկոս Կրասոսի գլուխը։ Հույն դերասան Յասոնը, վերցնելով այն, ոգևորված արտասանել է ողբերգության համապատասխան հատվածը՝ Բերում ենք սարից նոր կտրած բաղեղը, որսի երջանիկ արդյունք է։ Ենթադրվում է, որ այդ տեսարանը նախապատրաստել է Արտավազդ Բ՝ նշանավորելով իր և պարթևաց թագավոր Որոդեսի դաշինքն ու հռոմեական բանակի դեմ տարած պարթևների հաղթանակը։ Պլուտարքոսի վկայության որոշ մանրամասներ հուշում են, որ Արտավազդ Բ-ի ժամանակ Արտաշատի թատրոնն ունեցել է պալատական-ազնվականական բնույթ։

301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց, ինչպես նաև ավատատիրական կարգերի ամրապնդվելուց հետո նկատվեց եկեղեցու հակազդեցությունը թատերական արվեստի վրա։ Հայտնի են օրինակ կաթողիկոս Հովհաննես Մանդակունու (5-րդ դար)[2] քարոզները՝ ուղղված թատերական արվեստին[6]։

Հայկական հելլենիստական մշակույթը կարևոր դեր ունեցավ վաղ միջնադարի հայկական մշակույթի վերելքի համար[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Г. Гоян, 2000 лет армянского театра
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Театральная Энциклопедия, М., издательство Советская энциклопедия, 1961, том I
  3. История Древнего мира, издание 2-е, Под ред. И. М. Дьяконова, В. Д. Нероновой, И. С. Свенцицкой, М., 1983, том 2 стр. 399-414
  4. Плутарх, Сравнительные жизнеописания, Лукулл, 29
  5. Камилла Васильевна Тревер, Очерки по истории культуры древней Армении (II в. до н. э. — IV в. н. э.), М. Л., 1953, стр. 122-128
  6. Յովհաննու Մանդակունիոյ, Հայոց հայրապետի ճառք,. «Վասն աղօթից», էջ 42, «Վասն քահանայից», էջ 87, «Վասն անօրէն թատերաց դիւականաց», Վենետիկ, 1860, էջ 131—137
  7. Թատրոնը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png