Նորագույն շրջանի հայ գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նորագույն շրջանի հայ գրականություն (1918-2011), սկզբնավորումը համընկել է պատմաքաղաքական 2 խոշոր իրադարձությունների՝ Առաջին համաշխարհային պատերազմի (1914- 1918) ավարտի և Հայաստանի պետականության վերականգնման (1918) հետ։ 1918 թվականով է սահմանագծվում նաև արևտահայ գրականության անցումը սփյուռքահայ գրականության:

Նորագույն շրջանի հայ գրականության զարգացումը պայմանավորվել է Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920), ՀԽՍՀ (1920-1990), Հայաստանի երկրորդ հանրապետության (1991) հետ։

Պատմության զարգացման շուրջ 9 տասնամյակի ընթացքում նորագույն շրջանի հայ գրականությունն անցել է բարդ ու հակասական ուղի, որը, պայմանավորված երկրի հանրային-քաղաքական կյանքի օրինաչափություններով, ունեցել է և՛ վերելքի, ՛ անկման տարիներ։ Այն պատմական զարգացմամբ բաժանվում է 7 շրջափուլի:

Այս շրջափուլերը հաջորդել են միմյանց ներքին զարգացման անընդմեջ շղթայով ու փոխկապակցվածությամբ։

1918-40 թթ. կազմավորման և զարգացման ուղիների ճշտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլ Աղբալյան

1918 թվականին հայկական պետականության վերականգնմամբ սկիզբ է դրվել պատմամշակութային նոր ժամանակաշրջանի։ Հանրապետության հանրային կրթության ու արվեստի նախարար Նիկոլ Աղբալյանի ղեկավարությամբ հիմնվել է Հայ գրական ընկերությունը, կազմակերպվել են գրական և մշակութային միջոցառումներ, տպագրվել են գրքեր։ Առաջին հանրապետության անկման պատճառով շատ ծրագրեր չեն իրականացվել։

Գրիգոր Զոհրապ
Դանիել Վարուժան

ՀԽՍՀ-ի կազմավորման առաջին իսկ տարիներին՝ 1920-1930-ական թվականներին, նշվել են գրականության գեղարվեստական զարգացման ուղիները։ Բանավեճերի ընթացքում ճշգրտվել են և մշակվել գաղափարագիտական սկզբունքները։ Ավագ գրողներից ոմանք կա՛ մ հեռացել էին ասպարեզից, կա՛մ արտասահմանում էին (Հովհաննես Հովհաննիսյան, Նար-Դոս, Ավետիք Իսահակյան, Շիրվանզադե), 1915 թվականի Մեծ եղեռնի զոհ էին դարձել Գրիգոր Զոհրապը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը և ուրիշներ, կյանքից անժամանակ հեռացել էին Հովհաննես Թումանյանն ու Վահան Տերյանը:

Հայ գրականության պատմության այս շրջափուլն սկզբնավորվել է տնտեսական քայքայման, բարոյական հուսալքման և հոգևոր ամայության պայմաններում։

«Երեքի» դեկլարացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիշե Չարենց

1922 թվականին Եղիշե Չարենցը, Ազատ Վշտունու և Գևորգ Աբովի հետ, հետևելով համաշխարհային և ռուսական գրականանության զարգացման ընդհանուր օրինաչափություններին, «Խորհրդային Հայաստան» օրաթերթում հրապարակել է «Երեքի» դեկլարացիան (հռչակագիր)։ Պրոլետկուլտականների և ապագայապաշտների նման նա մերժել է անցյալի գեղարվեստական ժառանգությունը։ Հռչակագիրը թեև ունեցել է լուրջ թերություններ, սակայն մեծ դեր է կատարել՝ որպես գրական նոր շարժում սկզբնավորելու և ցաքուցրիվ ուժերը համախմբելու ուղեցույց-ծրագիր։

Այս շարժման ամենաբնութագրական հատկանիշները բովանդակությամբ ու ձևով նոր խոսք ասելու ցանկությունն էր, գեղարվեստական նոր լեզվամտածողություն արմատավորելու պահանջը, գրական զարգացման մեթոդ, նոր ուղիների որոնումը։ Այդ նպատակով նրանք նախ արմատապես ժխտել են դասական ավանդույթները, «արդիականության նավից» դուրս նետել անցյալի մեծություններին և հետո միայն, գիտակցելով իրենց սխալը, վերադարձել գրականության ազգային ավանդույթներին ու դասական օրինաչափություններին։

Նույն տարիներին ստեղծվել են այդպիսի գեղագիտական ծրագրեր, ինչպես օրինակ՝ Հայաստանի պրոլետական գրողների, Չարենցի և նրա համախոհների մշակած «Standard», «Նոյեմբեր» միության և «Երեքի» հրատարակած գրական «Բյուլետեն»-ները։

1920-ական թվականներին հանրապետությունում գործել են Հայ գրական ընկերությունը, «Երեքի» խմբակցությունը, Հայաստանի պրոլետական գրողների ասոցիացիան, «Նոյեմբեր», Հայ գեղարվեստական գրականության աշխատավորների, Հայաստանի աշխատավոր գրողների, (ուղեկիցներ) միությունները։ 1920-1930-ական թվականներին կազմավորվել են գրական հիմնական ուժերը՝ անընդմեջ բանավեճերի ընթացքում ճշգրտելով գեղարվեստական զարգացման հիմնական ուղեգծերը և մշակելով գեղագիտական ուղենիշային սկզբունքներ։

ԽՍՀՄ ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀամԿ(բ) կ կենտկոմի 1932 թվականների ապրիլի 23-ի որոշումով կազմավորվել է ԽՍՀՄ, իսկ նույն թվականի ՀԿ(բ) կ կենտկոմի մայիսի 9-ի որոշումով՝ Հայաստանի գրողների միությունը (ՀԳՄ), որը գործում է ցայսօր։

Ավետիք Իսահակյան

ՀԳՄ նախագահներ են եղել Դրաստամատ Տեր-Սիմոնյանը (1934-1936), Ավետիք Իսահակյանը (1946-1957), Էդուարդ Թոփչյանը (1957-1975), Վարդգես Պետրոսյանը (1976-1988), Հրաչյա Հովհաննիսյանը (1988-1990), Վահագն Դավթյանը (1990-1994), Ռազմիկ Դավոյանը (1994-1996), Հրանտ Մաթևոսյանը (1996-2001), 2001 թվականից գրող, հրապարակախոս, թարգմանիչ Լևոն Անանյանն է։

Շիրվանզադե

1934 թվականին գումարվել են ՀԽՍՀ և ԽՍՀՄ գրողների հիմնադիր համագումարները։ Հայաստանից Մոսկվա մեկնած պատվիրակներից ելույթ են ունեցել Շիրվանզադեն, Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցըը, Դերենիկ Դեմիրճյանը, Զապել Եսայանը, Նաիրի Զարյանը, զեկուցել է Դրաստամատ Տեր-Սիմոնյանը: Հայ գրականությունն աստիճանաբար ներքաշվել է համամիութենական գրական շարժման մեջ։

1920-1930-ական թվականներին հիմնադրվել են «Մուրճ», «Նորք», «Նոր ուղի», «Գրական դիրքերում», «Խորհրդային գրականություն», «Վերելք», «Նոր ակոս», «Գրական թերթ», «Երիտգրող» (բոլորն էլ՝ Երևանում), «Դարբնոց», «Հայարտուն», «Գրական շաբաթ», «Դիրքերում», «Լուսաբաց» (բոլորն էլ՝ Թիֆլիսում), «Վիշկա» (Բաքու), «Քուրա» (Մոսկվա) պարբերականները, որոնք իրենց շուրջն են համախմբել գրական ուժերը։

Գրականության խնդիրներին անդրադարձել է նաև կուսակցական մամուլը («Խորհրդային Հայաստան», «Մարտակոչ»)։

Նոր հարցադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ տարիների հայ գրականության գլխավոր հարցադրումները եղել են «հնի» և «նորի» սահմանաբաժանի, հանրապետության տնտեսական վերելքի, Արևելքի և Արևմուտքի աշխատավորության և քաղաքական վարչակարգերի (դաշնակցություն, բոլշևիկներ) հանդեպ ունեցած վերաբերմունքի, գյուղի և քաղաքի, նոր կենցաղի, մարդկային հարաբերությունների և երկրի սոցիալական վերափոխությունների հարցերը, որոնք անմիջական արձագանք են ունեցել պոեզիայում, արձակում և թատերագրության մեջ։ Բանաստեղծական նոր որոնումներն արտացոլվել են Եղիշե Չարենցի «Ամենապոեմ» (1920-1921), «Չարենց-Նամե», «Ռոմանսանսեր» պոեմներում, «Պոեզոզուռնա» (երեքն էլ՝ 1922), «Կոմալմանախ» (1924) ժողովածներում, Ա. Վշտունու «Հուզանք ու զանգ» (1923), “Neo orientalia“ (երկուսն էլ՝ 1923), «Սալամնամե» (1924), Գ. Աբովի «Միայն կինը» (1919), «Դանակը բկին» (1923), Գուրգեն Մահարու «1920-1923» (1923) , «Տիտանիկ» (1924), Վահրամ Ալազանի «Հրաբխապոեզիա: ժայթքում առաջին» (1923, «Աշխատանքային» (1924), Նաիրի Զարյանի «Հրանուշը» (1925), «Չին աղջիկ», «Ջրանցքի կապույտ երկրում», «Նոյեմբերյան օրերին» (երեքն էլ՝ 1926) գրքերում։

Այս ժողովածուները և առանձին շատ երկեր գեղարվեստական առումով թերի էին։ Սա, իհարկե, անցումային փուլ էր, և երկաթի ու արագության գովերգի մեջ, թեկուզ լեզվական անկատարությամբ ու ձևական խեղումներով, որոնվել է վաղվա երգի ճանապարհը։

Նույն այս շրջանում արձակի ձևավորմանը նպաստել են Եղիշե Չարենցի «Երկիր Նայիրի» վեպը (գրել է 1921-1924 թվականներին, տպագրվել է 1922-1925 թվականներին «Նորք» հանդեսում, առանձին գրքով՝ 1926 թվականին), Ստեփան Զորյանի «Ցանկապատ» (1923), «Պատերազմ» (1925), Ակսել Բակունցի «Մթնաձոր» (1927) պատմվածքների ժողովածները, Դերենիկ Դեմիրճյանի, Մովսես Արազու պատմվածքներն ու վիպակները։ Արձակագիրների գլխավոր խնդիրը նոր մարդու հոգեբանության պատկերումն էր, անձնական ու քաղաքացիական պարտավորությունների ճշգրտումը։ Երգիծանքի ասպարեզում մեծ հաջողությունների են հասել Լեռ Կամսարը («Անվավեր մեռելներ», 1924, «Ազգային այբբենարան», 1926, «Վրի պած արցունքներ», 1934), Մաթևոս Դարբինյանը («Կիկոսը», 1929

Թատերագրության առաջին փորձերն արել են Եղիշե Չարենցը («Կապկազ թամաշա», 1923), Դերենիկ Դեմիրճյանը («Քաջ Նազար», 1923), Գուրգեն Մահարին («3 ագիտօպերետ», 1924

Պայքար սխեմատիզմի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակսել Բակունց

1920-ական թվականների կեսերից կարևորվել է կյանքի խոր և բովանդակալի պատկերումը, պայքար է մղվել արդեն իսկ արմատավորված ու խորացող գաղափարական սխեմատիզմի դեմ։ Այդ հարցերի շուրջ ծավալվել են բանավեճեր, և գրապայքարի բովում ստեղծվել են հայ գրականության նորագույն շրջանի դասական արժեքները՝ Չարենցի «Խմբապետ Շավարշը» (1929) պոեմը, «էպիքական լուսաբաց» (1930), «Գիրք ճանապարհի» (1933-1934) ժողովածուները, 1935-1937 թվականներին գրած անտիպ ժառանգությունը, Մահարու «Բարդիներ» (1928) և «Մրգահաս» (1933) ժողովածուները, «Մանկություն» (1928) և «Պատանեկություն» (1930) վիպակները, Բակունցի «Սև ցելերի սերմնացանը» (1933) պատմվածքների ժողովածուները, «Կյորես» (1935) վիպակը, մամուլում հատվածաբար տպագրված «Կարմրաքար» և «Խաչատուր Աբովյան» (1935) վեպերը, Հովհաննես Շիրազի «Գարնանամուտ» (1935) ժողովածուն, Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» (1933), Զապել Եսայանի «Կրակե շապիկ» (1934), Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր» (1935), «Սիլիհտարի պարտեզները» (1935), Զորյանի «Մի կյանքի պատմություն» (1935-1939) վեպերն ու վիպակները, Շիրվանզադեի «Կյանքի բովից» (1932) հուշագրությունը։ Թատերագրությունը նշանավորվել է Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (1926), Դեմիրճյանի «Երկիր հայրենի» (1937-1939, հրատարակվել է՝ 1942), Թոթովենցի «Երկու սուր» (1930), «Մոխրակույտ» (1935), Մկրտիչ Ջանանի «Շահնամե» (1935), Վաղարշ Վաղարշյանի «Օղակում» (1935), «Սասունցի Դավիթ» (1938) դրա մատիկական երկերով։

Չարենցի, Բակունցի, Մահարու և մյուսների ստեղծագործություններով են պայմանավորվել նոր կյանքի գեղարվեստական սկզբունքները, գրողի և իրականության երբեմն հաշտության երբեմն ընդդիմադիր որոշումները։ Ձևավորվել է նորագույն ժամանակների գրողի նկարագիրը, և գեղարվեստական գրականությունը ձեռք է բերել զարգացման 2 հիմնական ուղղություններ՝ մի կողմում դնելով ազգային ավանդույթներին և արվեստի բարձր պահանջներին հավատարիմ գրողներին, մյուս կողմում՝ բոլոր նրանց, ովքեր գրականությունը դարձրին քաղաքական կամ սոցիալ-տնտեսական կարգախոսների արձակ ու չափածո պարզունակ շարադրանք։ Առաջինները տարբեր տարիների ու տարբեր պայմաններում բանադրվել են, բանտարկվել, աքսորվել և գնդակահարվել, երկրորդները՝ հովանավորվել են, պարգևներ ստացել։

Րաֆֆի

1933 թվականին դադարեցվել է Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուի տպագրությունը, գործածությունից հանվել հայ գրականության քրեստոմատիան, ժամանակակից գրողների այլ գրքեր, գրականության պատմությունից դուրս են մղվել միջնադարի, նոր շրջանի (Րաֆֆի, Ռաֆայել Պատկանյան և ուրիշներ), արևմտահայ գրողների մեծ մասը, նրանք, ովքեր ազգային դիմագիծ էին տվել հայ ժողովրդի հոգևոր կերպարին։

Այսպիսի պայմաններում խորացել են 1920-1930-ական թվականներին ի հայտ եկած խմբակային պայքարի արատավոր կողմերը, որոնք մեկը մյուսի դեմ ուղղված քաղաքական մեղադրանքներով ողբերգական հետևանքների են հասել 1930-ական թվականների 2-րդ կեսին, ապա կրկնվել հետագայում։

Հակադրվել են մի կողմից աշխարհաքաղաքացիությունը (կոսմոպոլիտիզմ), վերացական տեխնիցիզմը, գռեհիկ սոցիոլոգիզմը, մյուս կողմից՝ հայրենիքը, ազգային ավանդույթները, մարդու հոգեբանությունը։ Արդյունքում՝ մի կողմում երկրի ու գրականության այսպես կոչված գաղափարական «նվիրյալներն» էին, մյուսում՝ «ազգայնամոլները» և «ժողովրդի թշնամիները»:

Արհեստականորեն ընդհատվել է գրականության զարգացման բնականոն ընթացքը, և գրողների շարքերը համալրվել են սոցիալական շինարարները, կոլտնտեսային շարժումը, արտադրական հաջողությունները գովերգող երկրորդական կարգի գրողներով կամ անհատի պաշտամունքը գովերգող աշուղներով։

1941-45 թթ. Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Շիրազ

Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) տարիների գրականությունը դարձել է գաղափարական զենք, որի հիմնական ուղղվածությունը հայրենիքի պաշտպանությունն էր ու ազատագրումը, զենքը ձեռքին մարտնչող զինվորին հոգևոր նեցուկ լինելը, մաքառման ու սխրանքի պանծացումն ու հաղթանակի ապահովումը։ Առաջին իսկ բանաստեղծությունները գրվել են որպես մարտակոչ, որպես ուղերձ և պատգամ (Ավետիք Իսահակյան, «Ռազմակոչ», Նաիրի Զարյան, «Ձայն հայրական», Հովհաննես Շիրազ, «էքսպրոմտ»)։ Այդ ժամանակաշրջանում են ծնվել Շիրազի քնարերգության պսակը համարվող «Երգերի գիրք» (1942), «Լիրիկա» (1946) ժողովածուները, հանրահայտ «Բիբլիական» (1946) պոեմը:

Ռազմի դաշտ մեկնելու և վերադարձի սրտահույզ բանաստեղծություններ է գրել Գեղամ Սարյանը («Մարտիկի երգը», «Սերմնացանները չդարձան տուն»)։ Այդ օրերի շնչով հանդես են եկել Սուրեն Վահունին, Գուրգեն Բորյանը, Թաթուլ Հուրյանը, Սողոմոն Տարոնցին, Գևորգ էմինը, Սիլվա Կապուտիկյանը, Մարո Մարգարյանը, Համո Սահյանը, Պարույր Սևակը, Հրաչյա Հովհաննիսյանը, Վահագն Դավթյանը և ուրիշներ։ Պատերազմի տարիներին գրականության մեջ գերիշխողը հայրենասիրական ապրումներն էին, որոնք պահանջում էին հայրենիքի պատմության և հերոսական անցյալի ոգեկոչում։ Դրան առաջինն անդրադարձել է Դերենիկ Դեմիրճյանը, որը դեռևս 1937-1939 թվականներին գրել է «Երկիր հայրենի» պատմական դրաման, ապա 1943-1946 թվականներին՝ «Վարդանանք» պատմավեպը։ Պատմական թեմաներով հրատարակվել են Նաիրի Զարյանի «Արշակ և Շապուհ» (1941) պոեմը, «Արա Գեղեցիկ» (1946) դիցապատմական ողբերգությունը, Ստեփան Զորյանի «Սմբատ Բագրատունի» (1941) պատմվածքը, Թաթուլ Հուրյանի «Ֆրիկ» (1945) և Խաչիկ Դաշտենցի «Տիգրան Մեծ» (1945) դրամաները, որտեղ անցյալը ներկայանում էր թեև ողբերգական, բայց և հերոսական էջերով։ Վիգեն Խեչումյանը «Զվարթնոց» (1945) պատմվածքների ժողովածույում բացահայտել է հանիրավի մոռացված միջնադարի հերոսների՝ գրիչների ու զինագործների, տպագրիչների ու ծաղկողների մասին պատմող մի նոր աշխարհ, որոնց ներկայացրել է ստեղծագործ աշխատանքի մեջ։ Իր որդեգրած ուղղությամբ Վ. Խեչումյանը կենսունակ է պահել Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածույում զետեղված «Տաղեր և խորհուրդներ» շարքի, «Գովք խաղողի, գինու և գեղեցիկ դպրության» պոեմի, Ակսել Բակունցի միջնադարյան ժամանակագրությունների ոճավորումով գրած պատկերների և Դ. Դեմիրճյանի «Գիրք ծաղկանց» վիպակի ավանդույթները։ Հրաչյա Քոչարը, Գ. Բեսը, Վախթանգ Անանյանը և ուրիշներ եղել են զինվորական թղթակիցներ։

Այդ տարիներին առաջնահերթ նշանակություն ձեռք բերած հրապարակագրությամբ մամուլում հանդես են եկել Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Նաիրի Զարյանը և ուրիշներ։ Գրականության քննադատությունը մշակել է գրականության վերլուծության նոր մոտեցումներ, որի արտահայտությունը Խորեն Սարգսյանի «Հայրենական պատերազմը և գրականությունը» (1946) հոդվածների ժողովածուն է, ինչպես նաև մամուլում տպագրված բազմաթիվ գրականագիտ-քննադատական նյութեր։

1946-53 թթ. անկոնֆլիկտայնության և կյանքի գունազարդման[խմբագրել | խմբագրել կոդը]

1946-1953 թվականներին նախ շարունակվել է տասնամյակի առաջին տարիների վերելքը, ապա դրան հաջորդել է անկումը։ 1946 թվականից Հայաստան են ներգաղթել արտասահմանում իրենց գրական կյանքի ուղին սկսած շատ գրողներ՝ Աբիգ Ավագյանը, Աբրահամ Ալիքյանը, Կարպիս Սուրենյանը, ավելի ուշ՝ Կոստան Զարյանը և ուրիշներ։

1946 թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել Հայաստանի գրողների 2-րդ համագումարը, որը հռչակել է «Մեկ ժողովուրդ՝ մեկ գրականություն» կարգախոսը։ Համագումարի աշխատանքներին մասնակցել են նաև սփյուռքահայ գրողներ։

Պատերազմից հետո՝ 1946 թվականին, հրապարակվել են կուսակցական մի քանի որոշումներ («Զվեզդա» և «Լենինգրադ» ամսագրերի մասին», «Դրամատիկական թատրոնների խաղացանկերի և դրանց բարելավման միջոցառումների մասին», «Մեծ կյանք» կինոնկարի մասին»), որոնց հիման վրա ընդունվել է հատուկ բանաձև հետևյալ հրահանգով՝ ուշադրության կենտրոնում պահել արդիականութունը, չտարվել պատմական անցյալի գունազարդումով, ուժեղացնել գեղարվեստական խոսքի քաղաքացիական բովանդակությունը, ամրապնդել գրականության կապը կյանքի և իրականության հետ։ Կրկին բռնադատվել է գրականությունը, և արհեստականորեն խզում է առաջացել կյանքի ու գրականության միջև, այն, ինչ թույլատրելի էր պատերազմի տարիներին, արգելվել է, հայրենասիրությունը վերստին հեռացել է ազգային ակունքներից, անտեսվել են պատերազմում հաղթանակած մարդու ծանրագույն զրկանքների ու դժվարությունների դիմացած ժողովրդի ապրումներն ու հույգերը, կրկին առաջնային են դարձել սխեմատիկ կարգախոսներին հարմարեցված գաղափարները։ Աններելի հանցանք է համարվել գրականության ազգային բովանդակության և ձևի մասին խոսելը։ Տարիներ շարունակ, ինչպես արձանագրել է ժամանակի մամուլը, միակ բախումը

Aquote1.png
- «առաջավոր, շարքային նորարարների պայքարն էր գործարանների պահպանողական տնօրենների և կոլտնտեսության հետամնաց նախագահների դեմ»:
Aquote2.png

Կենսազուրկ այս սխեմատիզմին հարել են և՝ հին, և՝ նոր գրական ուժերը, որոնք գունազարդել են պատկերվող կյանքը։ Այս ամենի հետևանքով ստեղծվել են գեղարվեստական արժեքից զուրկ մի շարք գոր ծեր (Նաիրի Զարյան, «Արմենուհի», 1950, Գ. Սարյան, «Հրաշալի սերունդ», 1950, Պ. Սևակ, «Անհաշտ մտերմություն», 1953, Վ. Դավթյան, «Պտուտակներ», 1953, և այլն)։ Վերստին հալածանքների, մեղադրանքների, զրպարտությունների, գրաքննության ծանր մթնոլորտն է իշխել գրականության, արվեստի ու գիտության վրա։

Սիլվա Կապուտիկյան

Բայց անգամ այսպիսի պայմաններում նույն և այլ հեղինակներ շարունակել են գրականության ընթացքը։ Հրատարակվել են Սիլվա Կապուտիկյանի «Օրերի հետ» (1945) և «Զանգվի ափին» (1947), Մ. Մարգարյանի «Բանաստեղծություններ» (1945), «Մոր ձայնը» (1951) և «Փշատենի» (1954) և «Խոսի՛ր, Հայաստան» (1952), Համո Սահյանի «Որոտանի եզերքին» (1946), Վ. Դավթյանի «Առաջին սեր» (1947), Պարույր Սևակի «Անմահները հրամայում են» (1948) և «Սիրո ճանապարհ» (1954), Հովհաննես Հովհաննիսյանի «Իմ կյանքի երգը» (1948) բանաստեղծությունների ժողովածուները, Սերո Խանզադյանի «Մեր գնդի մարդիկ» (1950) և «Հողը» (1954-1955), Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան» (1950), Վախթանգ Անանյանի «Սևանի ափին» (1951) և «Հովազաձորի գերիները» (1956), Lյուսի Թարգյուլի «Կոմիտաս» (1956) վեպերը։

Գրական երիտասարդ ուժերի հետ իրենց ստեղծագործական ուղին են շարունակել Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը, Մ. Արագին, Լեռ Կամսարը, Նաիրի Զարյանը, Գ. Սարյանը, Վախթանգ Անանյանը, Հովհաննես Շիրազը, Խաչիկ Դաշտենցը, Ս. Տարոնցին և ուրիշներ։

Արձակում ստեղծվել են նկարագրապատմողական ծավալուն վեպեր (Հ. Քոչար, «Մեծ տան զավակները», 1952, Քրիստափոր Թափալցյան, «Պատերազմ», 1946-1949, Հմայակ Սիրաս, «Արարատ», 1950, Մ. Արմեն, «Յասվա», 1953, Միքայել Շաթիրյան, «Զինվորներ», 1955, Աղավնի, «Շիրակ», 1954

Հետպատերազմյան տարիների գրականությունը, որի գլխավոր խնդիրը արդիականության գեղարվեստական պատկերումն էր, ի հայտ է բերել նյութի ընդգրկման նկատելի բազմազանություն։ Արձակագիրները գրականություն են բերել առօրեական փաստեր, դեպքերն ու իրադարձությունները զարգացել են զանգվածային ընդգրկումով և զուրկ են եղել հոգեբանական խորությունից։ Նույն սկզբունքով են ստեղծվել ոչ միայն պատերազմական, այլև պատմաագգագրական, կենցաղային, սոցիալ-բարոյական, արտադրական բնույթի երկերը։ Եվ այդ պարզունակությունն իր հետ բերել է չափանիշների անկում, կյանքի սխեմատիկ նմանակումը համարվել է գրականություն:

Բանաստեղծների համար նույնպես գլխավոր խնդիրը վավերական հավաստիություն ունեցող նյութն էր (որոշակի դեպք, փաստ, եղելություն, իրադարձություն, պատմություն), որը և չափածո խոսքին հաղորդել է ակնարկային բնույթ։

Այդ տարիների թատերգությունը նշանավորվել է Նաիրի Զարյանի «Աղբյուրի մոտ» (1949) և «Փորձադաշտ» (1950) կատակերգություններով, Գուրգեն Բորյանի «Բարձունքի վրա» (1948) դրամայով, Գրիգոր Տեր-Գրիգորյանի, Ալեքսանդր Արաքսմանյանի, Մելիք Քոչարյանի դրամատիկական երկերով։

1954-70 թթ.պատմահասարակական և կենսական ճշմարտությունների բացահայտման, վերելքի տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1954-1970 թվականներին հայ գրականությունն ապրել է ստեղծագործական վերելք։ 1954 թվականից երկրում կատարված արմատական փոփոխություններից հետո (գլխավորն անհատի պաշտամունքի հաղթահարումն էր) գրականության գեղարվեստական զարգացումը մտել է նոր փուլ։

Նախորդ տարիներին քաղաքական անհիմն մեղադրանքներով գրականությունւց դուրս էին մղվել հայ դասական, նոր և նորագույն շրջանների շատ նշանավոր անուններ, որոնք խորհրդանշում էին գեղարվեստական այնպիսի ժառանգություն, ավանդույթների այնպիսի կայուն հիմք, առանց որոնց՝ խաթարվել էր գրականության օրինաչափ, բնականոն ընթացքը։

Գրիգոր Նարեկացու մանրանկարը (1173 թ. ձեռագրից)

Հայ գրականության մեջ վերականգնվել են թե՝ հին ու միջնադարյան (Գրիգոր Նարեկացի, Ներսես Շնորհալի և ուրիշներ), թե՝ նոր (Ռաֆայել Պատկանյան, Րաֆֆի և ուրիշներ) գրականության արժեքները և թե՝ գրականությունից անհիրավի դուրս մղված Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի և մյուս գրողների երկերը։ Աքսորից վերադարձել և իրենց գրական ուղին են շարունակել Գուրգեն Մահարին, Վ. Նորենցը, Վ. Ալազանը, Լեռ Կամսարը: Տպագրվել են նրանց ստեղծագործությունները, գրվել մենագրություններ և ուսումնասիրություններ նրանց կյանքի ու գործունեության վերաբերյալ։ Վերականգնվել են արևմտահայ գրական արժեքները, Հայաստանի գրողների միության շենքը (1954, ճարտարապետ՝ Գևորգ Թամանյան) ավելի մեծ ուշադրություն է դարձվել սփյուռքահայ գրականությանը:

Այդ տարիներին ուժեղացել է քաղաքական և մշակութային շփումն արտաքին աշխարհի հետ, գրականության մեջ վերականգնվել են այնպիսի արմատական սկզբունքներ, ինչպիսիք են պատմականությունը, ժողովրդայնությունը, ազգային ավանդույթները, նորարարությունը, համակողմանիորեն ներկայացվել է բոլոր ժամանակների գլխավոր հերոսը՝ մարդը՝ իր անձնական ցավով և ուրախությամբ, ապրումներով ու խոհերով, ժամանակների կապն ու իր արյան ծագումնաբանությունն ի մի բերող հիշողությամբ։ Լայն ընդգրկումով ծավալվել է հայրեներգությունը, դարի ու անհատի երկխոսությունը։

ժամանակակից կյանքի և մարդու համակողմանիորեն պատկերման հետ մեկտեղ նոր հիմքերի վրա է դրվել գրողի քաղաքացիական պարտքի գիտակցումը, խոսքի հանրային ուղղվածությունը։ Այս բոլորը խարսխվել է իրական կյանքի և ժողովրդի պատմական ճակատագրի հետ։ Խնդիր է դրվել ժամանակի հանրային-քաղաքացիական կյանքը բացահայտել սոցիալան, հոգեբանական ու բարոյական շերտերի ընդգրկումով և խորությամբ։ Մամուլում («Գրական թերթ», 1965) ծավալվել են բանավեճեր, գրվել են հոդվածներ ավանդականի ու նորարարականի, ազգային ու համաշխարհային գրականությունների փորձի, անձնականի ու անանձնականի խնդիրների շուրջ (Սուրեն Աղաբաբյան, «ժամանակը և պոեզիան», Վ. Դավթյան, «ժամանակակից պոեզիան և «ռեալիզմի նախահիմքերը»», Պարույր Սևակ, «Հանուն և ընդդեմ «ռեալիզմի նախահիմքեր»-ի»)։

Գեղարվեստական արձակը նույնպես վերաթարմացման միտումներ է ի հայտ բերել։ Իրենց գրական գործունեությունը շարունակել են Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը, Մ. Արագին, Լեռ Կամսարը, Ս. Խանգադյանը, Վիգեն Խեչումյանը, Հովհաննես Ղուկասյանը, Ա. Ավագյանը և ուրիշներ։ 1960-ական թվականներին ասպարեզ է իջել նոր սերունդ (Հրանտ Մաթևոսյան, Վարդգես Պետրոսյան, Մուշեղ Գալշոյան, Պերճ Զեյթունցյան և ուրիշներ), որն առաջացրել է նոր խնդիրներ և նոր չափանիշներ։ Հրատարակվել են Ստեփան Զորյանի «Վարագդատ» (1967), Մ. Արագու «Իսրայել Օրի» (գիրք 1-3, 1959-1964) պատմավեպերը, Լեռ Կամսարի «Գրաբար մարդիկ» (1959) և «Մարդը տանու շորերով» (1965) երգիծական մանրապատումների գրքերը, Նաիրի Զարյանի «Արև և ստվեր» (1957) և «Սպասում եմ քեզ» (1968) բանաստեղծությունների ժողովածուները, «Արտավազդ և Կլեոպատրա» (1969) դիցապատմական ողբերգությունը, Գուրգեն Մահարու «Հնձաններ» (1958), «Լռության ձայնը» (1962) գրքերը, «Այրվող այգեստաններ» (1966) վեպը և «Ծաղկած փշալարեր» (1971-1972) վիպակը, Մ. Արմենի «ժիրայր Գլենց» (1967) վեպը։ Այդ ժամանակաշրջանում հատկապես մեծ ժողովրդականություն են ձեռք բերել Հովհաննես Շիրազը, Պարույր Սևակը, Համո Սահյանը:

Հավատարիմ մնալով հայ դասական գրականության ավանդույթներին՝ Հովհաննես Շիրազը շարունակել է հայ ժողովրդի պատմական ճակատագրի, փիլիսոփայական մտորումների, համամարդկային խոհերի, բնության և մոր պանծացման տրամադրությունները («Քնար Հայաստանի», 1958-1974, «Հուշարձան մայրիկիս», 1968, ժողովածուներ, «Հայոց դանթեականը», 1965, պոեմ

Պարույր Սևակի ստեղծագործության մեջ դրամատիկ, հարուստ ներաշխարհով իրական մարդն է՝ պատմական հիշողությամբ, ժամանակի հանդեպ ունեցած պատասխանատվությամբ, սիրով ու տագնապներով, այն ամենով, ինչով ապրում է ժամանակակից անհատը («Նորից քեզ հետ», 1957, «Մարդը ափի մեջ», 1963, «Եղիցի լույս», 1969-1971, ժողովածուներ)։ Պ. Սևակը խորապես իմաստավորել է և՝ պատմությունն ու հայ ժողովրդի անցյալը («Անլռելի զանգակատուն», 1958, «Եվ այր մի՝ Մաշտոց անուն», 1962, «Եռաձայն պատարագ», 1969), և՝ ժամանակակից կյանքը («Ուշացած իմ սեր», 1952-1953, հրատարակվել է՝ 1963, «Երգ երգոց», 1957-1960, հրատարակվել է՝ 1963, «Նահանջ երգով», 1961, հրատարակվել է՝ 1963, պոեմներ

Համո Սահյանը գեղարվեստական մտածողության նորարարական շունչն արտացոլել է ավանդական և բնաշխարհի երանգների մեջ («Մայրամուտից առաջ», 1964, «Քարափների երգը», 1968, ժողովածուներ)։

Պատմական անցյալի ոգեկոչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ դասական գրականության կենսունակ ավանդույթներով և նորարարական ստեղծագործություններով հանդես են եկել այդ սերնդի նաև մյուս բանաստեղծները՝ Գևորգ էմինը («Որոնումներ», 1955, «Երկու ճամփա», 1962, «XX դար», 1970), Սիլվա Կապուտիկյանը («Սրտաբաց զրույց», 1955, «Մտորումներ ճանապարհի կեսին», 1961, «Դեպի խորքը լեռան», 1971), Հովհաննես Հովհաննիսյանը («Հրաշալի այգեպան», 1956, «Ծովի լռությունը», 1964), Վահագն Դավթյանը («Լուսաբացը լեռներում», 1957, «Թոնդրակեցիներ», 1961, «Գինու երգը», 1966, «Ծուխ ծխանի», 1969), Մարո Մարգարյանը («Ձնհալից հետո», 1965) և ուրիշներ։

Գրականության մեջ առավել խորությամբ են անդրադարձել պատմական անցյալին (Վիգեն Խեչումյան, «Գիրք պանդխտության», 1959, «Գիրք լինելության», 1966-1971, Զարզանդ Դարյան, «Սայաթ-Նովա», 1960-1963, Սերո Խանզադյան, «Մխիթար Սպարապետ», 1961, Հ. Դուկասյան, «Ոսկան Երևանցի», 1962, Խաժակ Գյուլնազարյան, «Նռանի», 1971, Հայկ Խաչատրյան, «Տիգրան Մեծ», 1967-1972, «էրեբունի», 1968)։ Ավելի լայնորեն են արծարծվել Մեծ Եղեռնի տարիների վերաբերյալ, Արևմտյան Հայաստանի հայաթափման, Հայաստանի Հանրապետության ստեղծման և Հայաստանի խորհրդայնացման պատմությունները (Միքայել Շաթիրյան, «Գարունը նորից եկավ», 1960, Հրաչյա Քոչար, «Սպիտակ գիրք», 1965, Ստեփան Ալաջաջյան, «Եղեգները չխոնարհվեցին», 1966-1967, Մուշեղ Գալշոյան, «Կռունկ», 1969)։ Գրվել են Հայրենական մեծ պատերազմի՝ ճակատի և թիկունքի կյանքը պատկերող վեպեր, վիպակներ (Բաղիշ Հովսեփյան, «Սերմնացանները չվերադարձան», 1962, Մկրտիչ Սարգսյան, «Կյանքը կրակի տակ», 1963, «ճակատագրով դատապարտվածները», 1967 և «Սերժանտ Կարոն», 1970, Ռուբեն Հովսեփյան, «ճիչ», 1970, Զորայր Խալափյան, «Երիցուկի թերթիկներ», 1971, Հովհաննես Մելքոնյան, «Ցրոնք արվարձանը», 1971, Սերո Խանզադյան, «Երեք տարի 291 օր», 1972)։ Ստեղծվել են մարդկային ճակատագրեր պատկերող գեղարվեստական տարեգրություններ (Շահեն Թաթիկյան, «Նրա ճանապարհը», 1956-1962, Զորայր Խալափյան, «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», 1966), ուղեգրություններ (Սիլվա Կապուտիկյան, «Քարավանները դեռ քայլում են», 1964, Վ. Պետրոսյան, «Հայ կական էսքիզներ», 1969)։ Տպագրվել են գործեր ստալինյան ժամանակաշրջանի հալածանքների, սիբիրյան ճամբարների վերաբերյալ (Գուրգեն Մահարի, «Սև մարդը», «Արջը ծխամորճով», «Անմեղ մեղավոր ներ», «Գիշեր», 1971-1972, Մկրտիչ Արմեն, «Պատվիրեցին հանձնել ձեզ», 1964

Ժամանակակից կյանքը՝ արձակի կենտրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-1960-ական թվականների արձակի ուշադրության կենտրոնում եղել է նաև ժամանակակից կյանքը։ Այդ առումով առանձնանում է Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունը, որի հիմնական նյութը գյուղն է («Օգոստոս», 1967, պատմվածքների ժողովրդական)։ Գրականության մեջ հաստատուն տեղ է ունեցել նաև ժամանակակից քաղաքի կյանքը։ Հիշատակելի են Սերո Խանզադյանի «Քաջարան» (1964), Պերճ Ձեյթունցյանի «Կլոդ Ռոբերտ հզերլի» (1964), Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» (1970) և ուրիշներ (Գարեգին Բես, Մկրտիչ Խերանյան, Բենիկ Սեյրանյան, Գ. Սևան, Կարպիս Սուրենյան, Բագրատ Ուլուբաբյան) վեպերը, վիպակներն ու պատմվածքները։

Ակնարկ և հրապարակախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զորի Բալայան

Ակնարկի և հրապարակագրության ասպարեզում սուր քննադատական հոդվածներով հանդես են եկել Զորի Բալայանը, Մարգո Ղուկասյանը և ուրիշներ։

Թատերագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերագրությունը ներկայացել է Արամաշոտ Պապայանի «Կատակերգություններ» (1962), Գրիգոր Տեր-Գրիգորյանի «Գարնան անձրև» (1962), Գուրգեն Բորյանի «Երեք դրամա» (1963) և «Նույն հարկի տակ» (1972), «Տասը տարի» (1969) ժողովածուներով։ Թատերագրության մեջ իրենց ավանդն ունեն նաև Ազատ Շահինյանը, Գևորգ Հարությունյանը, Ժիրայր Անանյանը և ուրիշներ։

1971-85 թթ. գրական արժեքների շարունակություն, նոր միտումների ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1971-1985 թվականների հայ գրականությունը թեև հստակ սահմանագծով չի առանձնացել նախորդ շրջանի գրապատմական փուլից, այնուամենայնիվ, այդ տարիները հատկանշվել են մի շարք առանձնահատկություններով, առաջին հերթին՝ բարձր գեղարվեստի որոնմամբ և այն չափանիշներով, որը հետագայում բնորոշվել է որպես լճացման շրջան, շարժում և ընդդիմադիր շարժում։

Տնտեսական ու բարոյական անկմամբ սկիզբ է առել ամեն ինչ քողարկելու քաղաքականությունը. արգելվել է խոսել 1937 թվականի ու 1949 թվականի հալածանքների, աքսորների, գնդակահարությունների, պատմության և արդի շատ հարցերի մասին։ Կյանքի գունազարդումը պարտադրվել է գրականությանն ու արվեստին։ Մարդը՝ ներքին դրամատիզմով ու քննական հայացքով, նորից հետ է մղվել, քննադատությունն սկսել է խնկարկել պաշտոնյա գրողներին, ծայր են առել խմբակայնությունը, անառողջ պայքարը։

Գրական լուրջ արժեքների դեմ ուղղված պայքարն սկսվել է դեռևս 1969 թվականից, երբ դադարեցվել է Պ. Սևակի «Եղիցի լույս» ժողովածուի տպագրությունը, գիրքը կալանքի տակ է դրվել և որոշ կրճատումներից հետո միայն վաճառքի հանվել գրողի մահից հետո։

Աստիճանաբար գրոհի է անցել միջակությունը՝ հասնելով գրական ղեկավար դիրքի։ Իրենց դեմքն ու դիմագիծն ամրապնդած գրողները դիմացել են նաև այս փորձությանը։

Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձակում դարձյալ շարունակել է իշխող դիրք գրավել պատմական անցյալը, արմատավորվել ժողովրդագրական մոտիվը։ Լույս են տեսլ Հայկ Խաչատրյանի «Արտավազդ» և «Արտաշես» (1980) Սերո Խանզադյանի «Խոսե՛ք, Հայաստանի լեռներ» (1976), «Թագուհին հայոց» (1978), «Անդրանիկ» (1989), Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» (1979), Հովահաննես Ղուկասյանի «Բոգդան Սալթանով» (1980-1985), Միքայել Շաթիրյանի «Արծաթե դար» (1983-1986), Բագրատ Ուլուբաբյանի «Սարդարապատ» (1991) պատմավեպերը։

Գրականության մեջ առավել ուշադրություն է դարձվել Մեծ Եղեռնին, կորուսյալ հայրենիքին, ժամանակակից Հայաստանի կառուցմանը (Հ. Մելքոնյան, «Քարավան», 1971, «Իմ Մելքոն պապը», 1971, Անահիտ Սահինյան, «Կարոտ», 1974, Մուշեղ Գալշոյան, «Բովտուն», 1974, «Մարութա սարի ամպերը», 1981)։ Այդ տարիներին նշանակալի գործեր են ստեղծել միջին սերնդի գրողները, որոնք իրենց ստեղծագործական ուղին սկսել էին 60-ական թվականներին (Վահագն Գրիգորյան, «Թագավորի փոքր որդին», «Կարմիր ձյուն», երկուսն էլ՝ 1974, «Ադամամութ» 1984, Զորայր Խալափյան, «Ոսկե միջինը», «Մեռնող-հառնող», երկուսն էլ՝ 1975, «Եվ վերադարձնելով ձեր դիմանկարը», 1978, Հովհաննես Մելքոնյան, «Հարցաքննություն», «Ընթրիք հինգ հոգու համար», երկուսն էլ՝ 1977, Ռուբեն Հովսեփյան, «Որդան կարմիր», 1980, Վարդգես Պետրոսյան, «Վերջին ուսուցիչը», 1980, «Մենավոր ընկուզենի», 1981, Մանուկ Մնացականյան, «Պապը», 1988

Հայ արձակում, ի դեմս Աղասի Այվազյանի, նոր շունչ ու բովանդակություն են ստացել պատմվածքն ու նորավեպը՝ («Փառահամար», 1973, «Եռանկյունին», 1983, «Դիպլիպիտո», 1985, ժողովածուներ)։ Այվազյանը հայտնաբերել է մարդու մեջ ապրող ներքին մարդուն, որի հոգեբ. մանրակրկիտ վերլուծությունն էլ դարձրել է իր գլխավոր նպատակը («Ընտանիքի հայրը», 1968, «Արմինուս», 1968, «Սինյոր Մարտիրոսի արկածները», 1977, «Աղի կոմսը», 1985)

Հրաչյա Մաթևոսյանը, լինելով կյանքի խոր զգացողության արձակագիր, ստեղծել է վիպակների ու պատմվածքների շարքեր, որոնք, լրացնելով ու շարունակելով մեկը մյուսին, ի հայտ են բերել կյանքի խորքերում թաքնված իրական հարցադրումները և գեղարվեստական կատարյալ մարմնավորմամբ ներկայացրել ժամանակակից մարդու դատին («Ծառերը», «Աշնան արև», «Մեր վազքը», բոլորն էլ՝ 1978)։ «Տերը» (1983) վիպակում գրողը պատկերել է լճացման տարիների մարդու բարոյական անկումը։

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համո Սահյան

1970-ական թվականների և հետագա տարիների պոեզիայում բարձր նվաճումների է հասել Համո Սահյանը(«Սեզամ, բացվիր», 1972, «Իրիկնահաց», 1977, «Կանաչ-կարմիր աշուն», 1980, «Դաշտի ծաղիկ», 1986, ժողովածուներ)՝ զանգեզուրյան բնաշխարհի՝ իր հայտնաբերած գեղարվեստական իրականությամբ, դարի ու ժամանակի երկխոսությամբ։

ժամանակի բանաստեղծական դիմանկարը լրացրել է Վահագն Դավթյանը («Անկեզ մորենի», 1972, «Կապույտ գիրք», 1978, «Լույս առավոտի», 1984, «Անքնություն», 1987, ժողովածուներ)՝ ազգային ճակատագրի, մարդու և հավերժության հարաբերության մասին խորհրդածություններով։ Նոր ժողովածուներ են հրատարակել Սիլվա Կապուտիկյանը («Դեպի խորքը լեռան», 1972, «Ձմեռ է գալիս», 1983), Լյուդվիգ Դուրյանը («Եղեգան փող», 1973, «Արեգակն արդար», 1976, «Արևագիրք», 1980), Ռազմիկ Դավոյանը («Մեղրահաց», 1973, «Տաք սալեր», 1978, «Պղնձե վարդը», 1983), Գ. էմինը («ճամփաբաժան», 1979), Հովհաննես Հովհաննիսյանը («Արևոտ կղզու երգը», 1980) և ուրիշներ։ 20-րդ դարի 60-80-ական թթ. հայ պոեզիայի տաղաչափությունը, այս ժամանակաշրջանում ստեղծագործում և իր գրական վաստակն էր ամբողջացնում բանաստեղծական ավագ սերունդը, որը հիմնականում հավատարիմ է մնում բանաստեղծական խոսքի կառուցման դասական ավանդներին։ Միաժամանակ այդ սերունդը շարունակում է բանաստեղծության դասական ձևերը հարստացնել տաղաչափական նոր դրսևորումներով։

Այս շրջանում ակնհայտորեն տեսանելի է դառնում պոեզիայի ընթացքը կանոնավորությունից դեպի ազատականացում։ Խարխլվում են հանգի ու չափի ավանդական դասավորության և նշանակության հիմքերը։ Սա մի համընդհանուր միտում էր, դեպի որը շարժվում էր պոեզիան՝ պահպանելով հանդերձ իր ժանրին բնորոշ կառուցվածքային հատկանիշներ։ Պոետական նոր հնարանքների ամենալայն կիրառողն ու զարգացնողը դառնում է Պարույր Սևակը: Բանաստեղծական այս նոր կառույցը տարբերվում է կանոնավոր ռիթմական պարբերությունների, տների համաչափ ու նույնաձև կառուցվածքից։ Այս դեպքում պահպանվում է խոսքի միայն չափածո կառուցվածքը, և ստեղծվում է միանման չափական միավորների՝ անդամների կրկնություն։ Խոսքի չափական դասավորության ազատությունը հնարավորություն է տալիս հանգ ստեղծել առանց պարտադիր դադարների և համաչափ հեռավորության հաշվառման։ Փոխվում է նաև ստրոֆիկական կառույցների ընկալման չափանիշները՝ նախապատվությունը տալով ապատնային ոտանավորին։

20-րդ դարի 70-80-ական թթ. հայ իրականության մեջ ասպարեզ է գալիս բանաստեղծների մի նոր սերունդ, որը մի կողմից փորձում է սեփական գեղագիտական հավատամքը հաստատել, մյուս կողմից՝ կամուրջ գցել հայ և համաշխարհային գրականության միջև։ Այդ սերնդի շնորհիվ այս շրջանում լայն տարածում է գտնում ազատ ոտանավորի տաղաչափական համակարգը։ Տաղաչափական ազատ համակարգին անցնելու միտումը պայմանավորված էր նաև 20-րդ դարի օտարազգի գրողրիների խոր ազդեցությամբ։ Ազատ ոտանավորի ասպարեզում լավագույնս հանդես են գալիս Հովհաննես Գրիգորյանը[1], Հենրիկ Էդոյանը[2], Արտեմ Հարությունյանը, Արմեն Մարտիրոսյանը և ուրիշներ։ Տաղաչափական ազատ համակարգի կիրառումը մեծապես հարստացրեց մեր պոեզիայի գեղարվեստական և արտահայտչական հնարավորությունները։

20-րդ դարի 60-80 ական թթ. հայ պոեզիայում կիրառվել են մի շարք բանաստեղծական կայուն ձևեր: Համո Սահյանը կիրառել է մեր միջնադարյան պոեզիայում ընդունված հայրենի չափը[3]: Քառյակի ասպարեզում լավագույնս հանդես է գալիս Հովհաննես Շիրազը[4]: Սոնետներ են գրում Հրաչյա Հովհաննիսյանը[5], Պարույր Սևակը[6], իսկ ավելի ուշ՝ Հենրիկ Էդոյանը[7]: Սևակի սոնետները հիմնականում հակվում են դեպի քնարական խոհերն ու ապրումները, փիլիսոփայական մտորումներն ու անձնական կյանքի դրվագների իմաստավորումը։ Նա հիմնականում կիրառում է սոնետի ՙիտալական՚ տարբերակը, երբ քառատողերը հանգավորվում են օղակաձև, իսկ եռատողերն ունեն երեք հանգ՝ դասավորված տարբեր եղանակներով։ Հենրիկ Էդոյանը, ով նախապատվություն էր տալիս ազատ ոտանավորին, միաժամանակ գրում է նաև սոնետներ։ Մեր պոեզիայում Հ. Էդոյանն առաջինն է, որ գրում է սոնետների պսակ, ինչը բավական ուշագրավ երևույթ է արդի հայ պոեզիայում։ Բանաստեղծը նոր ժամանակների մարդու խոհերն արտահայտում է սոնետի ավանդական չափով ու ձևով։

Թատերագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերագրության մեջ ընդհանուր առմամբ զարգացել է կատակերգությունը. տպագրվել են Արամ Պապայանի («Աշխարհն, այո՝, շուռ է եկել», 1967, «Արտա սահմանյան փեսացու», 1972), «Հարսնացու հյուսիսից», (1973), «Խաչմերուկ», 1978), Ժիրայր Անանյանի («Տաքսի, տաքսի», 1973) պիեսները: Գրական մամուլում («Գրական թերթ», 1984-1985) ծավալվել են բանավեճեր, որոնք օգտակար դեր են կատարել չափանիշների վերականգնման և գորշ միջակության հաղթահարման գործում։ Այս շրջանում ավելի լսելի է դարձել 1960-1970-ական թվականներին ասպարեզ իջած գրողների ձայնը։ Նորանոր գրքերով հանդես են եկել Արևշատ Ավագյանը, Ալեքսանդր Թոփչյանը, Լիպարիտ Սարգսյանը, Թաթուլ Բոլորչյանը, Դավիթ Հովհաննեսը, Սլավիկ Չիլոյանը, Վարդան Վանատուրը, Անահիտ Պարսամյանը, Հրաչյա Սարուխանը, Հովհաննես Գրիգորյանը, Վահե Պողոսյանը, Լևոն Խեչոյանը, Արմեն Մարտիրոսյանը, Աշոտ Ավդալյանը, Հենրիկ Էդոյանը, Արտեմ Հարությունյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Հակոբ Մովսեսը և ուրիշներ։ Մանկագրության մեջ հաջողությունների են հասել Սուրեն Մուրադյանը, Յուրի Սահակյանը, Երվանդ Պետրոսյանը, էդվարդ Միլիտոնյանը, Սամվել Կոսյանը:

1985-90 թթ. վերակառուցում և հրապարակայնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երվանդ Օտյան

1985-1990 թվականների վերակառուցման և հրապարակայնության ալիքը հնարավորություն է ընձեռել անտիպ գրական ժառանգության շատ էջերի համար։ Լույս են տեսել Երվանդ Օտյանի «Ընկ. Բ Փանջունի» վեպի ամբողջական տարբերակը, Ե. Չարենցի անտիպ բանաստեղծություններն ու պոեմները, Ա. Բակունցի անհայտ էջե րը, Լեռ Կամսարի «Դեպի պրոլետգրականության հեգեմոնիան» երգիծական թատերակը և օրագրերը, Պ. Սևակի «Անցյալը վերադարձած» ինքնակենսագրությունը, «Եղիցի լույս» գրքից դուրս մնացած և այլ բանաստեղծություններ։

Հնարավորություն է ընձեռվել վերանայելու գրականության պատմությունից տարբեր պատճառներով դուրս մնացած գրող ների ժառանգության հրատարակության հարցերը։ Լույս են տեսել Լևոն Շանթի, Համաստեղի, Արամ Հայկագի, Ավետիս Ահարոնյանի, Նիկոլ Աղբալյանի, Մուշեղ Իշխանի, Հակոբ Կարապենցի և ուրիշներ գրքերը, գրվել են Հակոբ Օշականին, Ռուբեն Վարդանյանին (Ռեն), Կոստան Զարյանին և ուրիշներ նվիրված ուսումնասիրություններ։

1991-2011 թթ. անկախության տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականից հայ գրականությունը թևակոխել է նոր փուլ՝ անկախության շրջան։ Անկախության և ազգային գաղափարների վերազինմամբ պահպանվել է գրական նախկին կառույցը՝ ՀԳՄ-ն։ Այս տարիներին հայ գրականությունն ապրել է փորձությունների շրջան՝ երբեմն խորությամբ չգիտակցելով ու չգնահատելով ստեղծագործական ազատությունը։

Լևոն Անանյան, Երևան, 2010

Լևոն Անանյանի նախաձեռնությամբ Հ. Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, հայտարարվել է Գիրք նվիրելու օր, 2002-ին հիմնվել է ՀԳՄ հրատարակությունը, 2010 թվականին՝ «Լևոն-Ջավեն Սյուրմելյան» տպարանը։ ՀԳՄ հովանավորությամբ լույս են տեսնում «Գրական թերթ», «Նորք», «Արտասահմանյան գրականություն», «Լիտերատուրնայա Արմենիա» (ուսումնական), «Գրեթերթ», «Ցոլքեր» և այլ պարբերականներ։ Վերականգնվել են մի շարք ավանդական միջոցառումներ՝ մանկապատանեկան գրականության շաբաթը, երիտասարդ գրողների ծաղկաձորյան հավաքները, Թարգմանչաց տոնի նշումը Օշականում, ՀԳՄ ամենամյան մրցումները և այլն։

ժամանակի գրական պատկերըներ կայացրել են ավագ և երիտասարդ սերունդների բազմաթիվ գրողներ։ Լույս են տեսել Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» (1998, հետմահու), Հրանտ Մաթևոսյանի «Նա և իշխանուհու կամուրջը» (1963, հրատարակված՝ 2006) գրքերը։ Գրական ուղին շարունակել են Աղասի Այվազյանը («Ամերիկյան աջաբսանդալ», 1997, «Ալիբի», 2000, «Մանչեչարենցյան ընթերցումներ Երևանում՝ բանաստեղծի հուշահամալիրումը», 2001, «Տռիփ», 2003), Ռ. Դավոյանը («Եթե Աստված կամենա», 2005, վեպ

Պատմվածքներ, վեպեր ու վիպակներ և հրապարակախոսական ժողովածուներ են հրատարակել Նորայր Ադալյանը, Հրաչյա Մաթևոսյանը, Վանիկ Սանթրյանը, Լ. Խեչոյանը, Վահագն Մուղնեցյանը, Վանո Սիրադեղյանը, Արմեն Շեկոյանը, Նելլի Շահնազարյանը, Ռաֆայել Նահապետյանը, Լևոն Անանյանը, Ալեքսանդր Հարությունյանը. , Գուրգեն Խանջյանը, Սամվել Խալաթյանը, Վրեժ Իսրայելյանը, Հովհաննես Երանյանը, Պերճ Զեյթունցյանը, Վարուժան Այվազյանը և ուրիշներ։

Բանաստեղծությունների ժողովածուներով հանդես են եկել Հ. Սարուխանը՝ «Աստծո առավոտը» (1990), «Այլ ժամանակներ» (1997), Ալեքսանդր Հարությունյանը՝ «Նամակ Նոյին» (1995), Դ. Հովհաննեսը՝ «Քրոնիկոն» (1996), «Requiem Aetemam Չարենցի հիշատակին» (1997), Սոնա Վանը՝ «Հուդայի արձակուրդը» (2003), «Ես ձայն եմ լսում» (2006), «Չառա անունով թռչունը» (2011), Հովհաննես Գրիգորյանը, Հենրիկ էդոյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հակոբ Մովսեսը, Հրաչյա Թամրադյանը, Բագրատ Ալեքյանը, Ռոլանդ Շառոյանը, Ֆելիքս Բախչինյանը, Հովիկ Հովեյանը, Խաչիկ Մանուկյանը, Անատոլի Հովհաննիսյանը և ուրիշներ։

Ասպարեզ է մտել գրական նոր սերունդ (Հուսիկ Արա, Մհեր Բեյլերյան, Արամ Պաչյան և ուրիշներ)։

Արցախյան շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովիկ Վարդումյանը

Հայ գրականությունը նոր դրսևորումներ է ունեցել Արցախյան շարժման և պատերազմի, ինչպես նաև զինադադարի հաստատման շրջանում։ Արցախյան ազատամարտն արտացոլվել է գրականության մեջ։ Դեռ պատերազմի տարիներին գրականության մեջ ի հայտ են եկել ստեղծագործական զարգացման նկատելի առանձնահատկություններ՝ Դարաբաղյան պատերազմի գեղարվեստական պատկերում, նյութի ընդգրկման որոշակիություն և այլն։ Զինադադարից հետո ստեղծվել են գոյապայքարի տարիները, ազատամարտիկների, բժիշկների, օդաչուների, ուսանողների, կանանց սխրագործությունները, ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի առանձին դրվագներ պատկերող վավերագրական, կենսագրական, պատերազմ, իրականությունը բնութագրող գործեր (Հովիկ Վարդումյան, «Գրոհայինների հրամանատարը», 1999, «Աստվածների կանչը», 2004, «Շուշիի ազատագրումը», 2007, «Կանթեղ», 2010, «Բաժանարար գիծ», 2011, Լ. Խեչոյան, «Սև գիրք, ծանր բզեզ», 1999, Արա Նազարեթյան, «Ռազմավար պատմվածքներ», 2001, և այլն)։ Այս շարքում իրենց տեղն ունեն Մաքսիմ Հովհաննիսյանի, Բակուր Կարապետյանի, Նվարդ Սողոմոնյանի պատմավավերագրական և գեղարվեստական երկերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Գրիգորյան, Բոլորովին ուրիշ աշուն, Եր., 1979:
  2. Հենրիկ Էդոյան, Անդրադարձումներ, Եր., 1977:
  3. Համո Սահյան, Երկեր երկու հատորով, հատ. 2, Եր., 1984, էջ 373:
  4. Հովհաննես Շիրազ, Յոթնապատում, Եր., 1977:
  5. Հ. Հովհաննիսյան, Ծովի լռությունը , Եր., 1964:
  6. Պ. Սևակ, Մուտք, Եր., 1985:
  7. Հենրիկ Էդոյան, Հարյուր սոնետ, Եր., 1993
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png