Զարգացած միջնադարի հայ գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Զարգացած միջնադարի հայ գրականություն, արձակ և չափածո ստեղծագործությունների ամբողջություն, որոնք ստեղծվել են Միջնադարյան Հայաստանում։ Դա Հայ գրականության հերթական փուլն էր՝ հայ հին բանահյուսությունից ու վաղ միջնադարի հայ գրականությունից հետո։ Դա նպաստում է հայ երաժշտության, որը սկզբնավորում ու հետագա զարգացումն է ապրում նույն դարաշրջանում։

Բացի այդ, հայ գրականության այս շրջափուլը Հայաստանի քաղաքական, տնտեսական ու հասարակական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների արտահայտությունն էր։ Շարունակելով անցյալի ավանդույթները՝ այն սկսել է ավելի մոտենալ կյանքին։ Հումանիզմի, հայրենասիրության և մարդկային այլ բարձր գաղափարների տեսակետներից ու կրոնական թեմաներից հայ գրականությունն անդրադարձել է բնության, մարդու ներքին և արտաքին գեղեցկության, ուժի և առաքինության փառաբանմանը։

Պատմաքաղաքական իրադարձություններով պայմանավորված՝ զարգացած միջնադարի հայկական մշակույթի հետագա բարգավաճումը դանդաղել է։ Հայաստանում և Եվրոպայի ու Ասիայի հայ գաղթավայրերում գործել են ուսումնական ու մշակութային կենտրոններ, որոնք մեծ դժվարությամբ կարողացել են պահպանել նախորդ դարերի մշակութային ավանդույթները։

Ստեղծվել են դավանաբանական, փիլիսոփայական, քերականական, բնագիտական, կրոնական և այլ բնույթի աշխատություններ։ Խմբագրվել և նոր նյութերով համալրվել են Հայսմավուրքը, Գանձարանը, Շարակնոցը, Մաշտոցը, կազմվել են նոր քարոզագրքեր, ոսկեփորիկներ, ճառընտիրներ, տաղարաններ և այլն։ Ազգային մատենագրությունը հարստացել է նաև արաբերենից, պարսկերենից, հին ֆրանսերենից, լատիներենից կատարված թարգմանություն ներով։ Գրաբարի փոխարեն հետզհետե տիրապետող գրական լեզու է դարձել ժողովրդի խոսակցական լեզուն՝ միջին հայերենը։ Մեծացել է չափածո խոսքի կշիռն ու հասարակական-գաղափարական դերը։ Առաջընթաց ապրող աշխարհիկ քնարերգությունը կոչված է եղել բարոյապես ոգեշնչելու ժողովրդին՝ բոլոր տեսակի աղետներին դիմագրավելու համար։ Քնարերգությունն ավելի է մոտեցել բանահյուսությանը՝ ընդհանուր եզրեր փնտրելով ժողովրդական երգի պարզության, պատկերավորման ձևերի ու մտածելակերպի հետ։ Բանաստեղծության հաճախ գործածվող տեսակներն են եղել գովեստը, գանգատը, խրատը, ողբը, վարդի և սոխակի այլաբան, տաղը, հայերենը, կաֆան, որոնք արծարծել են սիրո, բնության, պանդխտության, ժողովրդի ու անհատի ողբերգության, հայրենասիրական թեմաներ, անդրադարձել կյանքի ու մահվան, հոգու ու մարմնի խոհափիլիսոփայական հարցերին։ Բանաստեղծության մեջ զարգացող աշխարհիկ գաղափարներն աստիճանաբար հետ են մղել դավանաբանական միտումները։

Պատմական արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական արձակը, որը վաղ միջնադարի հայ գրականության մեջ գլխավոր ժանրն էր, զարգացած միջնադարում սկսել է առաջնությունը զիջել չափածո խոսքի տեսակներին։

Թովմա Արծրունի[խմբագրել | խմբագրել կոդը]

10-րդ դարի առաջինին կեսի գրականության մեծարժեք կոթողներից է Թովմա Արծրունու «Պատմութիւն տանն Արծրունեաց» մատյանը, որտեղ պատմիչն արժևորել է ժողովրդի ուժն ու ազատասիրական ոգին։

Հովհաննես Դրասխանակերցի[խմբագրել | խմբագրել կոդը]

10-րդ դարի 20-ական թվականներին Հովհաննես Դրասխանակերտցին գրել է «Պատմութիւն Հայոց»ը. նա նույնպես մատյանն սկսել է հնագույն ժամանակներից և հասցրել մինչև իր օրերը։ Գիրքը գրված է գեղեցիկ ոճով, ճարտասան, և գեղարվեստական բազմաթիվ հնարանքներով, դեպքերի ընթացքը հաճախ ընդմիջվում է ողբերով։

Անանուն Արծրունի[խմբագրել | խմբագրել կոդը]

Անանուն Արծրունու «Պատմութիւևը» հիմնականում նվիրված է Գագիկ Արծրունու թագավորության վերջին շրջանի դեպքերին։ Մատյանը՝ Գրիգոր Դ Երենիկի սպանության և այդ կապակցությամբ նրա կնոջ կազմակերպած սգահանդեսի նկարագրությամբ ու միջավայրի գունեղ, առարկայական վերարտադրությամբ, գեղարվեստական արձակի իսկական նմուշ է։

Գիտական և գեղարվեստական արձակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

10-րդ դարի 2-րդ կեսից պատմության մեջ սկսվել է գիտական և գեղարվեստական արձակների սահմանազատումը։

Ուխտանես[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության գեղարվեստական կողմի անկման բնորոշ արտահայտություն է Ուխտանեսի «Պատմութիւնը», որը վաղ շրջանի պատմիչներից քաղված հայտնի տվյալների և 7-րդ դարի սկզբի հայվրացական եկեղեցիներ հարաբերությունների առիթով ստեղծված վավերագրերի ամփոփում է և զուրկ է գեղարվեստական արժեքից։ Այս միտումը մասամբ առկա է նաև Ստեփանոս Տարոնեցու «Պատմութիւն տիեզերական» երկում։ Մատյանը շարադրված է ժամանակագրությանը հատուկ սեղմ ոճով, փաստերի և գործող անձանց զուսպ թվարկումով։

Արիստակես Լաստիվերցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմագրության գիտագեղարվեստական միասնությունը վերստին ի հայտ է եկել Արիստակես Լաստիվերցու «Պատմութիւն» մատյանում, որտեղ իրադարձությունների մեծ մասի ժամանակակից պատմիչը նկարագրել է 10-րդ դարի Հայաստանի իրադրությունը՝ բյուզանդական նվաճումները և սելջուկների արշավանքները։ Երկը հայ միջնադարյան գեղարվեստական արձակի մեծագույն գործերից է։

Դասական պատմագրությունից արմատապես տարբերվում է Անանուն Զրուցագրի «Պատմութիւնը». այն պատմական զրույցների ժողովրդական է, ստեղծվել է արաբական տիրապետության ու Բագրատունյան թագավորության շրջաններում ձևավորված բանահյուսական պատումների հիման վրա։

Ժամանակագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

11-12-րդ դարերը առատ են ժամանակագրություններով. հայտնի են Հակոբ Սանահնեցու, Հովհաննես Սարկավագի, Մատթեոս Ուռհայեցու, Գրիգոր Երեցի, Սամվել Անեցու և ուրիշներ երկերը։ Առավել ուշագրավը Մատթեոս Ուռհայեցու «ժամանակագրութիւն» երկն է, որտեղ պատկերված են Բագրատունիների թագավորության կործանումը, սելջուկ թուրքերի արշավանքներն ու նվաճումները։

Չափածո գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս շրջանում աննախադեպ վերելք է ապրել չափածո գրականությունը։ Երբեմն չափածո են ստեղծվել ներբողը, խրատը, վկայաբանությունը, քարոզը, թուղթը, հիշատակարանը և այլն։ Ձևավորվել են տարատեսակներով հարուստ ծավալուն քերթվածը, որը պոեմի նախօրինակն է հայ միջնադարյան գրականության մեջ, իմաստասիրական բանքը, հայրենը, կաֆան, հանելուկը։

Գրիգոր Նարեկացի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Նարեկացու մանրանկարը (1173 թ. ձեռագրից)

Բանաստեղծության վերելքը պայմանավորված է Գրիգոր Նարեկացու ստեղծագործությամբ։ Նրա ներբողները նախապատրաստել են չափածո ներբողի երևան գալը։ Ռիթմական արձակի նմուշ ներ են նրա քարոզները, որոնք անվանվելեն գանձեր։ Նարեկացին հայ քնարերգության մեջ արմատավորել է իրական կյանքի, ապրած ընկալումների գեղագիտական սկզբունքները, սկզբնավորել է սիրո և բնության թեմաները։ Նրա տաղերը մտահղացմամբ կրոնական են, արտացոլված նյութով՝ աշխարհիկ։ Սբ Կույսին, Հիսուս Քրիստոսի ծնունդն ու հարությունը գովերգելով՝ հեղինակը իրականորեն փառաբանել է կնոջ մարմնական բարեմասնությունները, տղամարդու դու կորովի կազմվածքը, արժեքավորել բնության գեղեցկությունները։ Նրան է պատկանում բաղաձայնույթի և առձայնույթի տաղաչափ, գյուտը։

Նարեկացու բանաստեղծական հանճարի ամենակատարյալ արտահայտությունը «Մատեան ողբերգութեան» քնարական, փիլիսոփայական պոեմն է, որտեղ մարդկության բացասական գծերը մարմնավորող քնարական հերոսը բանաստեղծն է։ Պոեմում գործողությունը զարգանում է կյանքի ու մահվան, անկման ու փրկության, հուսալքության և ինքնահուսադրման իրարամերժ գաղափարներրի ու ապրումների բախումով։ Աստված բարձրագույն, ամենակարող և անթերի այն էությունն է, որի հետ, ըստ բանաստեղծի, պետք է ձգտի նույնանալ մարդը։ Աստված անառարկելի ճշմարտություն է, և դա ապացուցման կարիք չունի։ Պոեմը հումանիստական բովանդակությամբ և ինքնատիպ արվեստովով հայ և համաշխարհային պոեզիայի եզակի երկերից է։ Նարեկացին, յուրացնեով ժողովրդական ողբասացության արվեստը, «Մատեան»-ի որոշ հատվածներ գրել է նույնահանգ տողերով։ Բայց հանգի գործածությունը, որպես ռիթմական անհրաժեշտ գործոնի, կապվել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու անվան հետ։ Նրա «Թղթեր»-ում պահպանվել են աշխարհիկ ու կրոնական բնույթի տաղեր՝ ներբողներ, խրատներ։ Պահլավունու նշանավոր երկը «Առ Մանուչէ» («Հազարտողեան») պոեմն է՝ բաղկացած 1016 տողից, որն Աստվածաշնչի համառոտ բովանդակության չափածո վերաշարադրանքն է։ Պոեմը նախանշել է ազգային բանաստեղծության ընթացքը և առանձնանում է տողի, անդամավոր կազմության կանոնավորությամբ ու միահանգությամբ։

Վարդան Անեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Նարեկացու բանաստեղծական ավանդների հետ սերտորեն առնչվել է 10-11-րդ դարերի բանաստեղծ Վարդան Անեցու «Վասն կառաց աստուածութեանն» պոեմը, որտեղ քրիստոնեության հետ միաժամանակ արծարծել է նաև դիցաբանական ըմբռնումներ։

Վարդան Հայկազուն[խմբագրել | խմբագրել կոդը]

11-րդ դարի վերջի և 12-րդ դարի սկզբի Վարդան Հայկազնի «Տաղ գերեզմանական վասն փոխման երանեալ եւ սուրբ կաթողիկոսին Հայոց Գրիգորի Վկայասիրի» ծավալուն քերթվածով (նվիրվել է Գրիգոր Վկայասերի հիշատակին) սկզբնավորվել է կենսագրական պոեմի տեսակը։

Հովհաննես Սարկավագ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Սարկավագի բանաստեղծական հարուստ ժառանգությունից մեզ են հասել քիչ գործեր՝ ողբ, մի քանի շարական և «Բան իմաստութեան ի պատ ճառս զբօսանաց առ ձագ որ գաղօթանոցաւնորա ճռոտղէր քաղցրաձայն, որ կո չի սարեկ» 188-տողանոց պոեմը, որտեղ նա շարադրել է իր գեղագիտական ուսմունքը։ Ըստ նրա՝ ճշմարիտ արվեստի աղբյուրը բնությունն է, և բանաստեղծը պետք է հետևի բնությանը, սովորի նրանից։

Ներսես Շնորհալի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսես Շնորհալի

Թե՝ բովանդակությամբ և թե՝ ձևով նոր խոսք է Ներսես Շնորհալու ստեղծագործությունը։ Ընդարձակելով շարականի, գանձի, աղոթքի թեմատիկ սահմանները, փառաբանելով անցյալի պետական երևելի գործիչներին, երկրի ազատության համար նահատակված հերոսներին՝ նա առաջինն է այդ ժանրերով արծարծել հայրենասիրական ու հումանիստական գաղափարներ։ Հայ բանաստեղծության մեջ իրենց նախօրինակը չունեն նրա ուսուցողական, մանկավարժական, բնույթի բանաստեղծությունները, ուղերձները, խրատները, ոտանավորներն ու պոեմները («Առ եղբօրորդին իւր Ապիրատն», «Տաղագս երկնի ու զարդուց նորա» և այլն)։ Հանելուկի՝ իբրև գրական առանձին ժանրի ստեղծումը կապված է Շնորհալու հետ. նրանից մեզ է հասել ավելի քան 300 հանելուկ։ Շնորհալու «Վիպասանութիւն...» (1121), «Ողբ Եդեսիոյ» (1145), «Բան հաւատոյ» (1151) և «Յիսոա Որդի» (1152) քերթվածներով հայ գրականության մեջ սկզբնավորվել են վիպերգության ու վիպաքնարական պոեմի տարատեսակները։ «Ողբ Եդեսիոյ» պոեմը բանաստեղծի գլուխգործոցն է և հայ քաղաքական պոեզիայի անդրանիկ երկը։ Պոեմում, որտեղ 1144 թվականի դեպքերն են (Եդեսիայի պաշարումը, գրավումը, կոտորածն ու կողոպուտը), առավել հստակ են դրսևորվել հայրենասիրական գաղափարները։ «Յիսոա Որդի» պոեմն առանձնա նում է թե՝ բանաստեղծ, մտքի թռիչքներով և թե՝ ժամանակի մարդու հոգեբանության խոր պատկերումով։ Շնորհալին ստեղծագործել է հայկական չափերի գրեթե բոլոր տեսակներով, որոնց մեծ մասի առաջին կիրառողն ինքն էր։

Գրիրգոր տղա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծական մշակույթի բարձրարժեք գործեր են Գրիգոր Տղայի «Ողբ Երուսաղէմի» (1189) մոտ 3000-տողանոց վիպաքնարակա պոեմը, որն արտացոլում է Կիլիկյան Հայաստանի քաղաքական ինքնուրույնության ծրագիրը։

Ներսես Լամբրոնացին ըստ 1643 թվականի ձեռագրի

Գրիգոր Մարաշեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

13-րդ դարի բանաստեղծ Գրիգոր Մարաշեցին իր գովեստները, մեղաները, աղոթքները («Ողբ» («Վայ գիրք»), «Մեղաների շարք», «Աղօթք») գրել է ժողովրդական «լալյաց երգեր»-ի և Գրիգոր Նարեկացու «Մատեան»-ի ազդեցությամբ։

Ներսես Լամբրոնացի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսես Շնորհալու լավագույն ավանդույթներն է շարունակել Ներսես Լամբրոնացին, որի չափածո վաստակի մեջ առանձին տեղ ունեն 2 տասնյակից ավելի շարականները և «Գովեստ ներբողական պատմագրական բանիւ...» 938-տողանոց փաստագրական քերթվածը՝ նվիրված Ներսես Շնորհալու կյանքին ու գործունեությանը։

Մխիթար Գոշի պատկերը Գոշավանքում

Վարք և վկայաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարանջատվելով պատմագրութունից՝ գեղարվեստական արձակը գլխավորապես զարգացել է վարքի, վկայաբանության, զրույցի և առակի ժանրերով։ Վարքը և վկայաբանությունը կենսագրական բնույթի պատմվածքներ են՝ դրական, սրբացված հերոսների մասին՝ ծննդից մինչև վախճանը։ Վարքագրության և վկայաբանության գործեր են գրել Ներսես Լամբրոնացին (Գրիգոր Նարեկացու վարքը), Սամվել Սկևռացին (Ներսես Լամբրոնացու վարքը), Գրիգոր Սկևռացին (Գրիգոր Նարեկացու և Ներսես Լամբրոնացու վարքերը) ու Մխիթար Գոշը։

Ստեղծվել են նաև կենցաղային ու պատմական բազմաթիվ զրույցներ, առօրյա կյանքն ու մարդկային փոխհարաբերություններն արտացոլող խրատական պատմություններ, զավեշտական մանրապատումներ, որոնք մշակել և գրառել են գրիչներն ու մատենագիրները (Մատթեոս Ուռհայեցի)։

Մխիթար Գոշի առակներով գեղարվեստական արձակը ձեռք է բերել ինքնակա բնույթ։ Գոշից մեզ է հասել 190 առակ, որտեղ արտացոլվել է 12-րդ դարում պետական ինքնուրույնության հասած Հայաստանի սոցիալ-քաղաքական կացությունը։

13-16-րդ դարերում նշանակալի գանձեր են ստեղծել Խաչատուր Տարոնացին, Վարդան Արևելցին, Հակոբ Կլայեցին, Մխիթար Այրիվանեցին, Հովհաննես Պլուզ Երզնկացին, Գևորգ Սկևռացին, Կիրակոս Երզնկացին, Գրիգոր Խլաթեցին։

Ժամանակաշրջանի չափածո գրականության զգալի մասն են կազմել նաև վիպական, վիպաքնարական և ուսուցողական պոեմները՝ նվիրված հայոց պատմության հերոսական դրվագներին ու դեմքերին, Սուրբ Գրքի որոշ թեմաների։ Հովհաննես Պլուզ Երզնկացին, որ հայտնի է քերականական, կանոնական, խրատական, մեկնողական և այլ բնույթի արձակ երկերով, գրել է նաև կրոնական և աշխարհիկ բանաստեղծություններ։ Աստվածածնին և դրախտից արտաքսված Ադամին, Գրիգոր Լուսավորչին, Ներսես Մեծին և մյուս սրբերին նվիրված նրա ողբերն ու շարականներն իրականում պատկերում են մեծ կորուստներ ապրած մարդու հոգու դրաման, փայփայում աշխարհի խաղաղության, ազգային վերածնության երազը։

Ուշ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհիկ բովանդակությամբ տաղերը՝ հայրեններն ու խրատները, պանդխտության, կյանքի ու մահվան, իմաստության, մարդկային ճակատագրի և այլ խնդիրների վերաբերող փիլիսսոփայական խորհրդածություններ են, բարության, առաքինության, հոգու գեղեցկության ձգտելու մարդասիրական հորդորներ։ «Բան յաղագս երկնային զարդուց» պոեմը հիմնավոր տեղեկություններ է տվել երկնային մարմինների, երկրի բնական մի շարք երևույթների մասին։

Ֆրիկի արձանը Երևանում՝ Մատենադարանում

Աշխարհիկ բանաստեղծության բարձրարժեք գործերից են 13-րդ դարի բանաստեղծ Ֆրիկի ստեղծագործությունները, որոնցից մեզ են հասել 5 տասնյակ տաղեր՝ ողբ, խրատ, գանգատ։ Ֆրիկի քնարական հերոսը ժողովրդասեր, անարդարությունների հետ չհաշտվող, ազգային ու հասարակական խնդիրներով այրվող անհատն է, որն արտահայտում է ընչազուրկ խավերի շահերը։ Հայ քաղաքացիական քնարերգության ցայտուն նմուշներ են Ֆրիկի «Գանգատ», «Ընդդեմ Ֆալաքին...», «Վասն Դալեհի եւ Բրջի», «Վասն Արաղուն-Ղանին եւ Բուղային» բանքերը, որոնցով ազգային բանաստեղծության մեջ սկզբնավորվել է սոցիալական թեման։ Օգտագործելով հակադրության և հարակրկնության հնարանքները՝ Ֆրիկը պատկերել է կյանքի, ազգերի քաղաքական և իրավական անհավասարությունները, ըմբոստացել սոցիալական կեղեքման, օտար նվաճողների դեմ։ Ֆրիկը գրել է նաև կրոնաբարոյախոսական և խոհային տաղեր («Գեղեցիկ պատկերք ու հեր», «Մինչ ածէ զմահն ու մոտ է եւ անողորմ գըրօղն գայ», «Ի՜մ սիրտ, վատին մի՜ լսեր...», «Պատգամն, որ երետ Աստուած...» և այլն), որտեղ փառաբանել է աստվածային արարչագործությունը, խոսել հոգու և մարմնի հակամարտության, այսաշխարհային և հանդերձյալ կյանքի մասին և այլն։

Հայերեն ձեռագիր

Ստեղծվում են դավանաբանական, փիլիսոփայական, քերականական, բնագիտական և այլ բնույթի աշխատություններ։ Խմբագրվում և նոր նյութերով համալրվում են Հայսմավուրք, Գանձարան, Շարակնոց, Մաշտոց ժողովածուները, կազմվում են նորանոր քարոզագրքեր, ոսկեփորիկներ, ճառընտիրներ, տաղարաններ և այլն։ Ազգային մատենագրությունը հարստանում է նաև արաբերենից, պարսկերենից, հին ֆրանսերենից, լատիներենից կատարված թարգմանական այլաբնույթ երկերով։ ժամանակաշրջանի հայ մշակութային կյանքի մեծագույն իրադարձություններից է տպագրության սկզբնավորումը (1512)։

Պատմական ծանր հանգամանքներում, երբ մտավոր ողջ շարժումը ուղղված էր ժողովրդի ազատագրական․ մաքառումների, ազգապահպանման գործի ծառայությանը, գրականությունը առավել քան երբևէ, մոտենում է իրականությանը, ձեռք բերում նոր որակ։ Մեռնող գրաբարի փոխարեն հետզհետե տիրապետող գրական լեզու է դառնում ժողովրդի խոսակցական լեզուն՝ միջին հայերենը։

Արտացոլելով կյանքը, գրակությունը․ ոչ միայն պահպանում է նախորդ շրջանի գեղարվեստական ավանդույթները, այլև առավել լայնահուն ընթացքով բռնում աշխարհականացման ուղին։ Մեծանում են չափածո խոսքի տեսակարար կշիռն ու հասարակական–գաղափարախոսական դերը։ Առաջընթաց ապրող աշխարհիկ քնարերգությունը կոչված էր բարոյապես ոգեշնչելու ժողովրդին՝ բոլոր տեսակի աղետներին դիմագրավելու գործում։ Դառնալով լայն զանգվածների սեփականություն՝ քնարերգությունն ավելի է մոտենում բանահյուսությանը, ընդհանուր եզր գտնում ժողովրդական երգի ոգու, պարզության, պատկերավորման ձևերի ու մտածելակերպի հետ։

Բանաստեղծության հաճախ գործածվող տեսակներն են գովեստը, գանգատը, խրատը, ողբը, վարդի և սոխակի այլաբանական տաղը, հայրենը, կաֆան, որոնք արծարծում են սիրո, բնության, սոցիալական, պանդխտության ու բարոյադաստիարակչական թեմաներ, արտահայտում ժողովրդի և անհատի ողբերգությունը, հայրենասիրական տրամադրությունները, անդրադառնում հասարակական դրվածքի, կյանքի, մահվան, հոգու և մարմնի խոհափիլիսոփայական․ հարցերին։

Աշխարհիկ գաղափարների զարգացմանը հակընթաց աստիճանաբար բանաստեղծության մեջ երկրորդական տեղ են մդվում դավանաբանական միտումները։14-րդ դարից հետո հորինվում են անգամ այնպիսի տաղեր, որոնցում ի հակադրություն քրիստոնեական վարդապետության սկզբունքների, նախապատվությունը տրվում է մարդու երկրային ձգտումներին։ Աստվածածնին, առաքյալներին, համաքրիստոնեական, ազգային սրբերին ու սրբավայրերին ձոնված տաղերն արտացոլում են ավելի շատ այսաշխարհային, քան կրոն, երևույթներ։ Միտումը մասամբ նկատելի է նույնիսկ եկեղեցական արարողության համար նախատեսված այնպիսի տեսակներում, ինչպիսիք են գանձերն ու շարականները։

Սրանց լավագույն նմուշները կապվում են XIII–XIV դդ․ հեղինակներ Խաչատուր Տարոնացու (ծնվելու և մահվան թվականները․ անհայտ են մոտ 13-րդ դար), Վարդան Արևելցու (1200– 1271), Հակոբ Կլայեցու (1200–1286)Մխիթար Այրիվանեցու (13-րդ դար), Հովհաննես Պլուզ Երզնկացու (1230–1293), Գևորգ Սկևռացու (մոտ 1246–1301), Կիրակոս Երզնկացու(1270-ական թթ․–1356), Գրիգոր Խլաթեցու (1349–1425) անունների հետ։

15-րդ դարից սկսած, բացի ծիսական կարգի Շարակնոց և Գանձարան ժողովածուներից գրականության այդ ասպարեզներում լուրջ արժեքներ չի ստեղծել։ ժամանակաշրջանի չափածո գրականության զգալի բաժինն են ներկայացնում նաև վիպական, վիպաքնարական և ուսուցողական պոեմները, որոնք նվիրված են հայոց պատմության հերոսական դրվագների ու դեմքերի պատկերմանը, Սուրբ գրքի որոշ թեմաների բանաստեղծական մշակմանը և գիտության առանձին հարցերի գեղարվեստական վերարտադրմանը։Հովհաննես Պլուզ Երզնկացին, որ հայտնի է քերականական, կանոնական, խրատական, մեկնողական և այլ բնույթի արձակ երկերով, գրել է կրոնական և աշխարհիկ բանաստեղծություններ։ Աստվածածնի և դրախտից արտաքսված Ադամի անունից հորինված նրա ողբերը, Գրիգոր Լուսավորչին, Ներսես Մեծին և մյուս սրբերին նվիրված շարականները, որ աչքի են ընկնում հուզականությամբ, ապահով ու անվտանգ կյանքի ծարավով, իրականում մարմնավորում են մեծ կորուստներ ապրած մարդու հոգու դրաման, փայփայում աշխարհի խաղաղության, ազգային վերածնության երազը։

Հովհաննես Պլուզ Երզնկացու մի քանի հայրենում առաջին անգամ արծարծվում է պանդխտության թեման։«Բան յաղագս երկնային զարդուց» ուսուցողական պոեմը, որն ունի տիեգերագիտական բովանդակություն հիմնավոր տեղեկություններ է տալիս երկնային մարմինների, երկրի բնական մի շարք երևույթների մասին։ Աշխարհիկ բանաստեղծության մեծարժեք մասն է կազմում Ֆրիկի (մոտ 1230– 1310-ական թթ․) ստեղծագործությունը։ Նրանից մնացել են մոտ 5 տասնյակ տաղեր, որոնք մոնղոլական շրջանի հայկական․ կյանքի քնարերգության դրսևորումներն են՝ ողբ, խրատ, գանգատ:Ֆրիկի քնարական հերոսը ժողովրդասեր, անարդարությունների հետ չհաշտվող, ազգային․ ու հասարակական խնդիրներով այրվող անհատն է, որն արտահայտում է ճնշվող ու հարստահարվող ընչազուրկ խավերի շահերը։ Նույնիսկ ողբերն ու խրատները, որոնց մեշ հեղինակը միստիցիզմի դիրքերից շոշափում է մահվան, աշխարհի ունայնության, հանդերձյալ կյանքի խնդիրներ, տոգորված են ժողովրդի տրամադրություններով։

Հայ քաղաքական քնարերգության ցայտուն նմուշներ են նրա «Գանգատ», «Ընդդեմ ֆալաքին», «Վասն Թալեհի և Բրջի» տաղերը, որոնցով ազգային բանաստեղծության մեջ սկզբնավորվում է սոցիալական․ թեման։ Օգտա– գործելով հակադրության և հարակրկնության հնարանքները, Ֆրիկը գեղարվեստական արտակարգ ուժով պատկերել է կյանքի ծայրաբևեռները, դասակարգերի տնտեսական, ազգերի քաղաքական, իրավական անհավասարությունները, ըմբոստացել սոցիալական կեղեքման, օտար նվաճողների դեմ։ Աշխարհաբարով ստեղծագործելուփաստը նրա պոետիկայի համակարգում լիովին գիտակցված միտում է։ Ուշագրավ երկ է Ստեփանոս Օրբելյանի (ծնվելու թվականը․ անհայտ․մահվանը՝․ 1305) «Ողբ ի դիմաց Կաթուղիկէին» քնարական պոեմը։«Ողբ»-ը, որն ստեղծվել է 1300-ին, արտահայտում է հայրենասիրական գաղափարներ և ավարտվում է Հայաստանի քաղաքական ապագայի պայծառ լավատեսությամբ։

Միջնադարյան անհատի հոգեկան տվայտանքները լավագույնս մարմնավորել է Խաչատուր Կեչառեցին (մոտ 1260–մոտ 1331)։Խմբագրելով «Պատմութիւն Աղեքսանդրի» արձակ երկի հին թարգմանությունը, նա առաջինը դրա առանձին դրվագների համար գրեց հարյուրից ավելի կաֆաներ, որոնք հայրենի չափով և աշխարհիկ բովանդակությամբ քնարական ութնյակներ են։ Ողբերն ու խրատները հեղինակի կրոնական պատկերացումների, կյանքի վաղանցիկության ու մահվան նկատմամբ ունեցած սարսափի, հայրենասիրական ու մարդկային վեհ ձգտումների քնարական արտացոլքն են։ Նրա տաղերն աչքի են ընկնում բնությունից առնված գունեղ պատկերներով, արծարծած նյութի որոշակիությամբ, հակիրճ ծավալով։

Բանաստեղծական արվեստի բարձր որակն է հավաստում Կոստանդին Երզընկացու (մոտ 1250–1314-28-ի միջև) ստեղծագործությունը։ Գանգատներն ու խրատները, որ հաճախ կրում են կրոնական բարոյախոսության դրոշմ, իրական ապրումների արգասիք են և մարմնավորում են տիրող բարքերից դժգոհ, շրջապատի թշնամանքից դառն հալածանքներ ճաշւսկած անհատի ներքին խռովքը, հոգու լույսն ու գեղեցկի երազանքը։ Նրա մի շարք տաղերով հայ գրականությանան մեջ սկզբնավորվում է սիրային քնարերգությունը։

Վարդի և սոխակի սիրավեպի այլաբանական մշակումները, անկախ դրանց հիմքում դրված կրոնական նկատառումներից, տոգորված են սիրո հաղթանակի, ուրախության ու վայելքի գաղափարներով։ Մյուս տաղերը փառաբանում են կնոջ գեղեցկությունն ու հմայքը։ Բանաստեղծը, որի երգերում կարևոր տեղ է գրավում գարնան նկարագրությունը, կրոնական, առանձին այլաբանություններով ևս անդրադառնում է բնությանը։Հովհաննես Թլկուրանցու (14-րդ դարի երկրորդ կես–15-րդ դարի առաջին կես) տաղերում արդեն այլաբանություն չկա, և սեոը երգվում է ինքնամոռաց նվիրումով, անկաշկանդ պոռթկումներով, համարվելով այնպիսի երևույթ, որից ազատ չէ ոչ ոք, նույնիսկ կուսակրոնը։ Ըստ բանաստեղծի՝ սիրո զգացմունքը ուժեղ է դավանանքից։ Բնության գովքը, որ երբեմն ներհյուսված է սիրո երգին, կրում է աշխարհիկ ընկալման բնույթ։

Կենսասիրության արդյունք են նաև խոհախրաաական տաղերը։ Թլկուրանցու անունով մնացել է սիրային մի քանի հայրեն։ Հայ միջնադարյան քնարերգության պսակը կազմող հայրենները, որոնց թիվը հասնում է մոտ 500-ի, և որոնք նոր ժամանակներում վերագրվել են Նահապետ Քուչակին, ճնշող մեծամասնությամբ պահպանվել են իբրև անանուն հեղինակների տաղաշարքեր։ Դրանք 13-15-րդ դարերում ստեղծված, հիմնականում սիրային բովանղակությամբ քառյակներ են։ Այս գողտրիկ բանաստեղծությունները, արժանանալով լայն ընդունելության, նախապես անցնելով բանավոր ուղի, կորցրել են հորինողների անունները և այդպես մտել ձեռագիր ժողովածուների մեջ։ Հայրեններում կինը հանդես է գալիս ոչ միայն որպես սիրո առարկա, այլև որպես քնարական բնավորություն իր հոգեկան կերտվածքով, խառնվածքի որոշակի դրսևորումներով։

Սիրո բերկրանքն ու տառապանքը նկարագրող տաղիկները պատկերում են մարդկային ապրումների բազմազան վիճակներ։ Հայրեններում իշխում է աշխարհիկ առողջ ոգին, մերժվում է ծախու սերը, փառաբանվում են վայելքի, անմնացորդ նվիրումի, սիրեցյալին երջանկություն պարգևելու ձգտումները։Առաքել Սյունեցին (մոտ 1350–1431-ից հետո) հեղինակելով քերականական Փիլիսոփայական և դավանաբանական արձակ երկեր, թողել է նաև չափածո հարուստ ժառանգություն։ Պաշտպանելով քրիստոնեական․ բարեպաշտության ոգով մարդու վերադաստիարակման և այդ կերպ երջանկության հասնելու գաղափարը, նա կրոնական նյութի հենքի վրա արտացոլել է իրականությունը։ Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում վառ երևակայությամբ, առարկայական մտածելակերպով ու գեղարվեստ, հնարանքների բազմազանությամբ։ Գովասանական ու խրատական տաղերով Առաքել Սյունեցին հանդես է գալիս իբրև ակրոստիքոսի չգերազանցված վարպետ։ Միջնադարի մարդու հոգու տվայտանքները լավագույնս արտահայտել է 13-րդ դարի վերջի-14-րդ դարի սկզբի բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին։ «Վասն աւերման տանս արեւելեան» պատմաքաղաքական ողբում, ինչպես նաև մյուս տաղերում անդրադարձել է ժամանակի հրատապ խնդիրներին։ Նրա ողբերն ու խրատները հեղինակի կրոնական պատկերացումների, կյանքի վաղանցիկության ու մահվան նկատմամբ վախի, հայրենասիրական ու մարդկային վեհ ձգտումների մասին են։ Կեչառեցին խմբագրել է Կեղծ Կալիսթենեսի «Պատմութիւն Աղէքսանդրի Մակեդոնացտյ» միջնադարյան արձակ երկը, որի առանձին դրվագների համար գրել է հարյուրից ավելի կաֆաներ։ Նույն ժամանակաշրջանում է ստեղծագործել Կոստանդին Երզնկացին, որի տաղերով հայ գրականության մեջ սկզբնավորվել է սիրային քնարերգությունը։ Վարդի և սոխակի այլաբանական մշակումները, անկախ դրանց հիմքում դրված կրոնական պատկերացումներից, տոգորված են սիրո հաղթանակի, ուրախության ու վայելքի գաղափարներով։ Հայ գրականության մեջ Երզնկացին է առաջին անգամ ստեղծագործության նյութ դարձրել կնոջ ոչ միայն արտաքին գեղեցկությունը, այլև ներաշխարհը։ Բանաստեղծը, որի երգերում կարևոր տեղ է գրավում գարնան նկարագրությունը, կրոնական առանձին այլաբանություններով նույնպես անդրադարձել է բնությանը («Մեծ գոհութիւն հարիւր հազար», «Այսօր եղել պայծառ գարուն», «Գարունն լինի ուրախութիւն»)։

Առաքել Սյունեցի

Բանաստեղծ Հովհաննես Թլկուրանցին (14-րդ դարի 2-րդ կես-15-րդ դարի 1-ին կես) բնության և սիրո տաղերում, ի տարբերություն նախորդ բանաստեղծների (Գրիգոր Նարեկացի, Կոստանդին Երզնկացի), առանց այլաբանության է փառաբանել սերն ու բնությունը («Տաղ գարնան»)։ Բնության գովքը, որ երբեմն ներհյուսված է սիրո երգին, կրել է աշխարհիկ բնույթ։ Հայ միջնադարյան տաղերգության մեջ բացառիկ արժեքավոր են Թլկուրանցու վիպական տաղերը։ Նա առաջին հայ տաղերգուն է, որ մշակել է ժողովրդական բանահյուսությունից վերցրած թեմաներ, այդպիսիք են կիլիկյան հայ զորավար Լիպարիտի, Գրիգոր Նարեկացու և Ալեքսիանոսի վերաբերյալ ժողովրդական զրույցներն ու ավանդությունների մշակումները։

Հայ միջնադարյան քնարերգության պսակը հայրեններն են (500), որոնք նոր ժամանակներում վերագրվել են Նահապետ Քուչակին, մեծ մասը պահպանվել է իբրև անանուն հեղինակների գործեր։ Հայրենները, որոնք ստեղծվել են 13-16-րդ դարերում, հիմնականում սիրո, ուրախության, խրատական գողտրիկ քառյակներ են հորինվել են միջին հայերենով, նախապես փոխանցվել են բանավոր, ապա մոռացվել են ստեղծողների անունները, մտել են ձեռագիր ժողովուրդների մեջ։ Հայրեններում պատկերվել են աշխարհիկ սիրո բերկրանքն ու տառապանքը, մերժվել է «ծախու սերը», փառաբանվել են վայելքի, անմնացորդ նվիրումի, սիրած էակին երջանկություն պարգևելու ձգտումները։

14-րդ դարի վերջին և 15-րդ դարի սկգբին է ապրել Առաքել Սյունեցին, որը, հեղինակելով քերականական, փիլիսոփայական և դավանաբանական արձակ գործեր, թողել է նաև չափածո հարուստ ժառանգություն։ Պաշտպանելով քրիստոնեական բարեպաշտության ոգով մարդու վերադաստիարակման և այդ կերպ երջանկության հասնելու գաղափարը՝ նա կրոնական հենքի վրա արտացոլել է իրականությունը։ Գովասանական ու խրատական տաղերով Սյունեցին համարվել է ակրոստիքոսի չգերազանցված վարպետ։ Նրա լավագույն գործը «Ադամգիրք»-ն է՝ կազմված 3 պոեմից, գիրքը կորուսյալ դրախտի մասին արևելահայերեն տարբերակներից է։ Մշակելով Ադամի ու Եվայի դրախտից արտաքսվելու թեման՝ հեղինակն արծարծել է մարդկության կորցրած երջանկության խնդիրը, որը համահունչ էր հայ ժողովրդի քաղաքական կացությանը։ Սյունեցին «Դրախտագիրք» քնարական պոեմում պատկերել է անդրշիրիմյան աշխարհը, որը հիշեցնում է Դանթեի երկի կառուցվածքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png