Jump to content

Վարդան Անեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Անեցի
Ծնվել է10-րդ դար
Վախճանվել է11-րդ դար
Մասնագիտությունգրող
Լեզուհայերեն
Ժանրերպանեգիրիկ

Վարդան վարդապետ Անեցի (նաև՝ Վարդան Վարդանեց, 10-րդ դար - 11-րդ դար), հայ բանաստեղծ[1][2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Անեցու մասին եղած միակ վկայությունն իր ներբողն է, որի նախատառերը հոդում են իր անունը[2]։ Ձեռագրերից մեկում Վարդան Անեցին հիշատակված է որպես Վարդան Վարդանեց (Վարդանաց)։ Ըստ Ղևոնդ Ալիշանի նա ապրել է 12-րդ դարում[2], իսկ ըստ Բարսեղ Սարգիսյանի՝ 10-րդ կամ 11-րդ դարերում և համարում է Գրիգոր Նարեկացու ժամանակակիցը[2]։ Բարսեղ Սարգիսյանի կարծիքը հաստատվում է Մատենադարանում հայտնաբերված ձեռագրերում (ժողովածու (6617), ժողովածու (7085))։ Վարդան Անեցին եղել է վարդապետ[1]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Անեցուց պահպանվել է մի բացառիկ ստեղծագործություն՝ «Անեցի Վարդանա վարդապետի երգել ի կառս», ծայրակապ (աքրոստիկոս) խորագրով։ Ձեռագրում այն ունի նաև լրացուցիչ խորագիր․ «Վասն կառաց աստուածութեանն ներբող»[1][2]։

«Անեցի Վարդանա վարդապետի երգել ի կառս»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Անեցու ներբողը բաղկացած է երկու հիմնական մասերից՝ Բուն Ներբող և Լուծումք։ Լուծումքի մեջ հեղինակը ձգտել է մեկնաբանել իր ներբողի հիմքում ընկած աստվածաշնչային տեսիլի մանրամասնությունները։ Համարվում է, որ իսկական ստեղծագործությունը բուն Ներբողն է։ Այդ մասը պահպանված է ամբողջությամբ և բաղկացած է 28 տնից, որոնք գրավում են ծայրակապի հետևյալ մասը․ «Անեցի Վարդանա վարդապետի երգել ի կ»։ Մնացածը («առս») վերաբերվում է Լուծմունքին։ Ղևոնդ Ալիշանը, հիմք ունենալով իր ձեռքի տակ եղած պակասավոր օրինակը, ծայրակապի «երգել ի կ» տառերից ստեղծել է մի բառ «երգելիկ» և դա համարել նորօրինակ կոչում այդ ներբողի համար։ Այդպես են կարծել նաև Արշակ Չոպանյանը և Բարսեղ Սարգիսյանը[1]։

Ներբողի հայտնաբերում և հրատարակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ բանասերներից Վարդան Անեցուն առաջինը Միքայել Չամչյանն է նկատել և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի ձեռագրերից դեռևս 1800 թվականին ընդօրինակել նրա ներբողը[3]։ Հետագայում այդ ընդօրինակությամբ զբաղվել է Ղևոնդ Ալիշանը, բարձր գնահատել նրա արժանիքները և հրատարակել որոշ հոդվածներ[4]։ 1912 թվականին, օգտվելով Ղևոնդ Ալիշանից, Վարդան Անեցուն անրադարձել է Արշակ Չոպանյանը՝ վերատպագրելով նույն հոդվածները՝ Ալիշանի բնութագրմամբ հանդերձ՝ դարձյալ բարձր գնահատականի խոսք ասելով նրա մասին[5]։ 1919 թվականին Բարսեղ Սարգիսյանն Ալիշանի թղթերի միջից գտնելով՝ հարապարակում է նշված ներբողի ընդօրինակությունը[6], որը կատարել էր Միքայել Չամչյանը[1]։

Վերոհիշյալ բոլոր բանասերներն էլ ցավով են նկատել, որ Միքայել Չամչյանի ընդօրինակած այդ ներբողը վերջից պակասավոր է։ Արշակ Չոպանյանի ժամանակ նույնիսկ այդ պակասավոր օրինակն էր անհետացել, որի պատճառով նա խնդրում է Մկրտիչ Պոտուրյանին գտնել այն, որ չկարողացավ, Իսկ Արշակ Չոպանյանը գրում է․ «Անհունապես փափաքելի է, որ բանասեր մը գտներ այդ քերթվածքը և զայն ամբողջությամբ հրապարակեր[5]»։ Հավանաբար Չոպանյանը նաև դիմել էր Բ․ Սարգիսյանին, որը շատ ուշ գտավ և տպագրեց այն[1]։

1940-1941 թվականներին Մատենադարանի ձեռագրերի քարտագրական աշխատանքների ժամանակ, գեղարվեստակական նյութերի ցուցակներ կազմելիս ուշադրության են արժանանում Վարդան Անեցու նշված ներբողի ևս երկու ընդօրինակություններ։ Համեմատությունից պարզվում է, որ նորահայտ օրինակները վերջից ունեն երկուական տներ, որոնք չկան Միքայել Չամչյանի ընդօրինակության մեջ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 ««Անիի մեծ բանաստեղծ Վարդան Անեցին և նրա ներբողը», [[Ասատուր Մնացականյան]], Երևան, 1971․» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 82.
  3. «Բազմավեպ», 1919, էջ 164․
  4. «Շնորհալի և պարագայ իւր», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1873, էջ 128-130․
  5. 5,0 5,1 «Հայ էջեր», Արշակ Չոպանյան, Փարիզ, 1912, էջ 73-74․
  6. «Բազմավեպ», 1919, էջ 164-169․