Գրիգոր Մարաշեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Մարաշեցի
Ծնվել է12-րդ դար
ԾննդավայրՄարաշ, Փիլարտոս Վարաժնունու պետություն
Վախճանվել է12-րդ դար
Վախճանի վայրՄարաշ, Զանգիների ամիրայություն
Մասնագիտությունգրող
Լեզուհայերեն
Ժանրերողբ և պանեգիրիկ
Գրիգոր Մարաշեցի Վիքիդարանում

Գրիգոր Մարաշեցի (նաև՝ Գրիգոր վարդապետ, Գրիգոր Իմաստասեր, Գրիգոր Յեսուանց, Գրիգոր Յեսուացի, 12-րդ դար, Մարաշ, Փիլարտոս Վարաժնունու պետություն - 12-րդ դար, Մարաշ, Զանգիների ամիրայություն), հայ բանաստեղծ, գիտնական[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործել է 12-րդ դարի առաջին կեսին և ժամանակակից է Ներսես Շնորհալուն[3]։ Եղել է Մարաշի մոտ գտնվող Հեսվանց վանքի (Յեսուանց մենաստան) հիմնադիրը[2]։ Նրա կենսագրության մասին տեղեկություններ չկան։ Մահացել է 1149 թվականից հետո։ Գրիգոր Մարաշեցին ճանաչված է եղել Կիլիկիայում և հարակից շրջաններում, ունեցել գիտնականի և իմաստասերի համբավ։ Նրան հաճախ անվանում են «Գրիգոր իմաստասէր Մարաշեցի»։ Իր գրական գործերից մեկի խորագրում գրված է․ «Վայք ողբոց մեղուցեալ անձին խոստովանայբար ասացեալ առաջի աստուծոյ Գրիգորի միայնաւոր ճգնաւորի Յեսուացոյ և անյաղթ գիտնականի՝ յանդիմանութիւ մեղեաց և ծուլութեան, որ է ի թվիս ՇՂԸ» (1149)[1]:

Նույնացումը Գրիգոր Մաշկևորի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Մարաշեցուն հայագետները նույնացրել են Մատթեոս Ուռհայեցու «ժամանկագրության» մեջ հիշատակվող Գրիգոր Մաշկևորի (Գրիգոր փառաւոր վարդապետ Մաշկևոր) հետ[3]։ Ըստ Ուռհայեցու՝ Գրիգոր Մաշկևորը մահացել է 1114 թվականին, Մարաշի շրջակայքում տեղի ունեցած երկրաշարժից։ Երկրաշարժի ժամանակ եկեղեցին (Մաշկևորի վանք) փուլ է եկել և Գրիգոր վարդապետը մյուսների հետ մնացել է փլատակների տակ և մահացել[4]։ Հրաչյա Աճառյանը նույնացնելով երկուսին՝ հարցականով գրել է, որ Գրիգոր Մաշկևորը մահացել է Մարաշի մեծ երկրաշարժի ժամանակ՝ մնալով Հեսվանց վանքի փլատակների տակ, ապա նշել, որ այս թվականը սխալ է, քանի որ հեղինակը «Վայգիրք»-ը գրել է 1149 թվականին[2][3]։ Թյուրիմացությունը պարզ ձևով լուծել է Հ․ Մելյանը, նկատելով, որ Մաշկևորը և Մարաշեցին տարբեր անձնավորություններ են[3][1]։ Գրիգոր Մարաշեցու կողմից գրված մի հիշատակարանում նկարագրվում է 1149 թվականին Հալեպի աթաբեկ և Զանգիների ամիրա Զանգիի կողմից կատարված ավերածությունները Մարաշում և ժողովրդի տառապանքները։ Հիշատակարանի վերջում գրել է, որ իրենք այդ ժամանակ գտնվում էին Հեսվանց վանքում, և փրկվել են ավերածություններից, քանի որ վանքի դիրքը անառիկ էր[3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Մարաշեցու ստեղծագործությանն առաջին անգամ անդրադարձել է Ղևոնդ Ալիշանը։ «Վայ գրքի» կապակցությամբ նա գրում է, թե այդտեղ «կան շատ հասարակ և սովորական զրուցվածք և կրկնաբանությունք, այլ կան և ընտիր նկարագրական բանք և խորհրդածությունք բարոյականք, որոնց համար կրնա Իմաստասէր կոչված ըլլալ, այլ թվի թե ուրիշ ավելի իմաստասիրական գործ մը գրած էր»[5]։ Հետագայում տարբեր առիթներով Մարաշեցուն հիշել են նաև այլ բանասերներ[6][7][1]։

Բացի հիշատակարանից, Գրիգոր Մարաշեցին գրել է նաև՝ «Արդ եթէ կամիս խօսիմ մի անգամ ընդ քեզ սակաւ մի բանի» բառերով սկսվող պոեմը, «Վայ գիրք»-ը (կամ «Ողբ»-ը), «Մեղայ»-ների շարքը, «Աղօթք»-ը և երեք «Ներբող» Աստվածածնի մասին[3]։

Գրիգոր Մարաշեցու «Գիրք վայից և մեղայից» («Վայ գիրք») ողբից երկու էջ արտատպել է Ղևոնդ Ալիշանը[5][2]։ Այն կազմում է 250 տուն։ Մարաշեցին ողբում է մարդկային կյանիք ունայնությունը՝ շարունակ կրկնելով՝ «Վա՜յ քեզ անձն իմ»։ Երկը գրել է այն ժամանակ, երբ Մասուտ սուլթանը գրավել է Մարաշը՝ 1149 թվականին։ Ենթադրվում է, որ երկը իր ինքնակենսագրությունն է։ Նրա գրչին են պատկանում նաև «Խրատ խոստովանութեան», «Դաւանութիւն խոստովանութեան» և «Ով անձն և միտք և սիրտ, խօսիմ ընդ քեզ սակաւ մի» աշխատությունները։

«Ողբ»-ը (կամ «Վայ գիրք»-ը) գրված է «այլյաց երգերի» նմանողությամբ, իսկ «Աղօթք»-ը՝ Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» գրքի հետևողությամբ։

Աշխարհայացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունների աղբյուրները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ոսկեփորիկ» ԽԶ, թիվ 258։ Վենետիկի այս ձեռագիրը ընդօրինակվել է Փարիզի Ազգային մատենադարանի թիվ 184 (հին՝ թիվ 32) ձեռագրից Ղևոնդ Ալիշանի խնդրանքով։ Ընդօրինակությունը կատարվել է 1889 թվականին Հակոբ Տամադի կողմից, իսկ ձեռագիրը առաջին անգամ ընդօրինակվել է 1620 թվականին[8][3]։
  • «Ճառընտիր» Զ։ Ձեռագիրը հասել է 12-րդ դարից, սակայն հայտնի չեն որ գրիչը, ոչ էլ գրության թվականը[8][3]։
  • «Հավաքածո» աղոթագիրք։ Վենետիկի Միխիթարյան միաբանության այս ձեռագիրը գրվել է Թեոդուպոլսում, Ասլան դպիրի կողմից։ Ենթադրվում է, որ գրվել է 15-16-րդ դարերում։ Հիշատակարան չունի։ Գրիգոր Մարաշեցու գործի բովանդակությունը գտնվում է 166ա - 270ա էջերում։ Գործի վերնագիրն է՝ «Սկիզբըն խոստովանութեան և յայտնութիւն գաղտնեաց, պատմուիւն յանցանաց, Գրիգոր ի Յեսուանց Մարաշոյ ասացեալ մեղա[յ]իւ առաջի ծածկագիտին Աստուծոյ, որով զամենայն տեսանէ յառաջ քան զլիել նոցա»[9][3]։
  • Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանը հիշատակում է Երուսաղեմի ձեռագրերից երկուսը, որոնց մեջ գոյություն ունեն Մարաշեցու գործերից: Այդ ձեռագրերն են՝ թիվ 1110, որի գրիչն է եղել Ստեփանոսը և ընդօրինակվել է 1355 թվականին և թիվ 807, ընդօրինակված թիվ 209-ից[10][3]։
  • Բոդլեյան գրադարանի թիվ 249 ձեռագրում ասվում է, թե Գրիգոր Մարաշեցին ունի թուրքերի արշավանքի պատմություն, գրված 1149 թվականին[2]։ Սակայն պարզվում է, որ դա «Վայ գրքի» հիշատակարանն է (Բ 1014 ձեռագրի Վենետիկում դրված հատված): Մարաշեցուն են պատկանում նաև «Խրատ խոստովանութեան» և «Ով անձն և միտք և սիրտ, խօսիմ ընդ ձեզ սակաւ մի» գործերը (Վենետիկի թիվ 1000 ձեռագիր)։

Այս աղբյուրներից բացի, Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանը ունի 9 ձեռագիր, որոնց մեջ կան Գրիգոր Մարաշեցու գործերը․

  • Ժողովածու (108), 1322 թվականից։ Գրիգոր Մարաշեցու գործը բովանդակվում է 44բ-183ա էջերում[3]։
  • Ժողովածու (2335), 1476 թվականից։ Գրիչն է Կարապետ քահանան, գրչության վայրը անհայտ է։ Մարաշեցու գործի բովանդակությունը՝ 293ա-294ա էջերում[3]։
  • Ժողովածու (1475), 1539 թվականից, «Ոսկեփորիկ», քառածալ, բոլորգիր, նյութը՝ թուղթ։ Հիշատակարանում գրված է․ «Ի հայրապետութեան Տ․ Սիմէօնի կաթողիկոսի, ի Գաբրիէլ գրչէ, յազգական թուին ՋՁԸ և Փրկչական 1539»։ Մարաշեցու գործի բովանդակությունը՝ 168ա-178բ էջերում, «Գրիգոր միայնաւոր ճգնաւորի ասացեալ ի Վայ գրոցն» տողերով[3]։
  • Ժողովածու (7013), 1645 թվականից, գրիչը և վայրը անհայտ։ Մարաշեցու գործի բովանդակությունը՝ 20ա-71բ էջերում։ Սկսվում է այսպես՝ «Սկիզբն խոստովանութեան յայտնութիւն գաղտնեաց և պատմութիւն յանցանաց Գրիգորի անյաղթ գիտնականի և յոգեմատեան հռետորի»[3]։
  • Ժողովածու (2251), 1694 թվականից, քառածալ, նոտրգիր, գրիչը՝ Գրիգոր երեց, վայրը՝ «ի քաղաքն Կոստանդին, ի դրան Սուրբ Հրեշտակապետի»։ Այս ձեռագրի 52ա էջում կա Գրիգոր Մարաշեցու նկարը։ Նա բազմած է աթոռին, վանականի սքեմով, ձեռքում՝ վարդապետական գավազան, իսկ նրա առաջ ծնկի են եկած մի խումբ վանականներ, որոնք խորը երկյուղածությամբ լսում են նրան[3]։
  • Ժողովածու (8172), 17-րդ դարից, նոտրգիր, վատ որակով, գրիչը՝ Հովհաննես աբեղա, վայրը՝ Սպահան։ Այս ձեռագիրը կոչվում է «Կանոնագիրք»։ Մարաշեցու գործը բովանդակում է 40ա-107բ էջերում։ Վերնգագիրը՝ «Սկիզբն խոստովանութեան Գրիգոր մենաւոր ճգնաւոր, Յեսուանց Մարաշոյ ասացեալ»։ Ժամանակը՝ ՇՂԸ (1149)[3]։
  • Ժողովածու (8323), 1624 թվականից, նոտրգիր-շեղագիր, նյութը՝ թուղթ, գրիչը՝ Խեչում, վայրը՝ անհայտ։ Մարաշեցու գործի բովանդակությունը՝ 169ա-221բ էջերում։ Սկիզբը՝ «Վայք ողբոց մեղուցեալ անձին խոստովանաբար ասացեալ առաջի Աստուծոյ Գրիգորի Յեսուացոյ և անյաղթ գիտնականի, յանդիմանութիւն հոգոյ և մտաց և մարմնոյ ․․․ ի զգուշութիւն բարուց և ուղղութիւն սխալաց, ի բխումն արտասուաց և ի խայտառակութիւն մեղաց և ծուլոըթեան, որ է ի թվիս ՇՂԸ» (1149): Այս գործի սկզբի մասը նման է Ժողովածու (7013)-ի գործին, սակայն երկրորդ մասում բովանդակությունը փոխվում է[3]։
  • Ժողովածու (724) (հին՝ ժողովածու 621), 1736 թվականից, նոտրգիր, նյութը՝ բամբակի թուղթ, գրիչը և վայրը՝ անհայտ։ Այս ձեռագրին կցված է նաև տպագրված մի մաս՝ «Համառօտ պատմութիւն տէրունական տեղից, որ յԵրուսաղէմ» և «Թուղթ միաբանութեան և սիրոյ Կոստանդիանոսի և Տրդատայ և սրբոց Սեղբեստրոսի և Գրիգոր Լուսաւորչի։ Այս գործերը նման են 1475 ձեռագրի գործերին։ Մարաշեցու գործի բովանդակությունը՝ 146ա-158ա էջերում։ Սկսվում է՝ «Վայք ողբոց մեղուցեալ անձին խոստովանաբար Գրիգորի միայնաւոի ասացեալ»[3]։
  • Ժողովածու (38) (հին՝ ժողովածու 19), 1760 թվականից։ Մարաշեցու գործի բովանդակությունը՝ էջ 61բ-104բ՝ «Աղօթագիրք Բայենիկ Աղուանից կաթողիկոսի»։ Ութածալ, նոտրգիր, թղթի վրա գրված։ Գրիչը՝ Դավիթ վարդապետ «Թիփլիզեցւոյ, ի Գանձաւոր, յամի ազգին ՌՄՂ և Փրկչին 1760 թ․»։ 61բ էջում գրված է՝ «Նորին Գրիգորի միայնաւոր ճգնաւորի Յեսուացւոյ և անյաղթ գիտնականի, ասացեալ է վասն յանդիմանութեան մեղաց անձինն որպէս ըստ հոգւոյ կամ ըստ մարմնոյ զղջման հանապազ վա՜յ տալով անձինն»։ Այս «Վայ»-երը մեծ մասամբ նման են 7013 ձեռագրի «Վայ»-երին։ 69բ էջում գրված՝ «Նորին Գրիգորի ասացեալ աղօթք, որ ի խորհրդեանն սուրբ և մեղսաքաւիչ պատարագին, մատուցանի Քրիստոսի Աստուծոյ մերայ» աղոթքը ապացուցում է, թե ինչպիսի խոր ազդեցություն է Գրիգոր Նարեկացին Մարաշեցու վրա։ Նաև այս աղոթքը, չնայած իր վրա կրում է ազդեցություն, սակայն պահպանում է իր ինքնուրույն կողմերն ու արժեքը։ 41-րդ և 55-րդ էջերում են «Ներբող»-ները[3]։

Որոշ ձեռագրերի մեջ (Ժողովածու (7013)), «Վայ»-երն ու «Մեղայ»-ները միացվել են, իսկ ուրիշ ձեռագրերում նույնիսկբովանդակության որոշ մասերը ենթարկվել են փոփոխության։ Այս փոփոխությունների և սխալ միացումների պատճառով էլ Ղևոնդ Ալիշանն իր «ՇՆորհալի և պարագայ իւր» գրքում Գրիգոր Մարաշեցու գործերը շփոթում է[5][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Գրիգոր Մարաշեցի», Արշակ Մադոյան
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 557-558.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 «Գրիգոր Մարաշեցին և նրա ստեղծագործությունները», Հ Մելյան, 1960
  4. «Ժամանակագրութիւն», Մատթեոս Ուռհայեցի, 1898, գլուխ ԽԷ, էջ 333․
  5. 5,0 5,1 5,2 «Շնորհալի եւ պարագայ իւր», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1873, էջ 217-220.
  6. «Հայկական հին դպրություն», Գարեգին Զարբանալյան, Վենետիկ, 1897, Գ տիպ, էջ 662․
  7. «Հայկական նոր մատենագիտություն և հանրագիտարան հայ կյանքի», Արսեն Ղազիկյան, Վենետիկ, 1909-1912, էջ 471․
  8. 8,0 8,1 «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ», Բարսեղ Սարգիսյան, Վենետիկ, 1904․
  9. «Ցուցակ ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա», Հակովբոս Տաշյան, Վիեննա, 1895․
  10. «Հիշատակարանք ձեռագրաց», Գարեգին Ա Հովսեփյան, Անթիլիաս, 1951, էջ 360․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 218 CC-BY-SA-icon-80x15.png