Արշակ Մադոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արշակ Մադոյան
Ծնվել է հուլիսի 1, 1938(1938-07-01) (80 տարեկան)
Ախալքալաք, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն գրականագետ և թարգմանիչ
Հաստատություն(ներ) Գևորգյան հոգևոր ճեմարան
Անդամակցություն Հայաստանի գրողների միություն
Ալմա մատեր Երևանի պետական համալսարան
Տիրապետում է լեզուներին հայերեն և գրաբար
Երեխա(ներ) Գևորգ Մադոյան[1]


Արշակ Գևորգի Մադոյան (հուլիսի 1, 1938(1938-07-01), Ախալքալաք, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան), հայ հայագետ, թարգմանիչ, խմբագիր, բանասեր: Բանասիրական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1994):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1938 թ. հուլիսի 1-ին Ախալքալաք քաղաքում, մտավորականի ընտանիքում (Արշակ Մադոյանի (Սեյլան) թոռն է, Գևորգ Արշակի Մադոյանի որդին)։ 1945-1953 թթ. սովորել է ծննդավայրի՝ Հովհաննես Թումանյանի անվան հայկական միջնակարգ դպրոցում, ապա շարունակել է Երևանում՝ 1954-1955 ուսումնական տարում ավարտելով Ղազարոս Աղայանի անվան դպրոցը։

Ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, որն ավարտել է 1961 թվականին։ Այնուհետև աշխատանքի է անցել նույն համալսարանում, պաշտոնավարել իբրև ԵՊՀ հրատարակչության խմբագիր, բանասիրական ֆակուլտետի մեթոդիստ, «Բանբեր Երևանի համալսարանի» գիտական պարբերականի խմբագրության գրական աշխատող, պատասխանատու քարտուղար, գլխավոր խմբագրի տեղակալ։ 1971 թվականից տեղափոխվել է Համալսարանի հայագիտական կենտրոն, նախ աշխատելով որպես ավագ գիտաշխատող, իսկ 1986 թվականից՝ լաբորատորիայի վարիչ, 2001 թվականից առաջատար գիտաշխատող։ 2007-2009 թթ. համատեղությամբ աշխատել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտում։ 2009-2015 թթ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիրն է եղել։

1970 թ. «Առաքել Սյունեցի» ատենախոսության համար ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1985 թվականին պաշտպանել դոկտորական ատենախոսություն՝ «Միջնադարյան հայկական պոեմը (ԺԱ-ԺԶ դարեր)» թեմայով։ Այդ թվականից բանասիրական ֆակուլտետում կատարել է նաև դասախոսական աշխատանք, 1994 թ. մրցույթով ընտրվել է ժուռնալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր և դասավանդել «Հայ գրքի պատմություն» առարկան։ Հայ մատենագրության պատմություն է դասավանդել Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում և ԷԷջմիածնի Գևորգյան ճեմարանում։

1962 թվականից հայոց հին գրականության պատմությանը նվիրված հոդվածներով, հրապարակումներով, գրախոսություններով հանդես է եկել Հայաստանի և սփյուռքի գիտական և գրական-հասարակական պարբերականներում՝ հատուկ ուշադրություն հատկացնելով հին գրականության ժանրային համակարգի ուսումնասիրությանը։ Հրատարակել է մենագրություններ, կազմել, առաջաբաններով ու ծանոթագրություններով օժտել է տարբեր բնույթի ժողովածուներ, թարգմանել (գրաբարից և ռուսերենից), խմբագրել բազմաթիվ գրքեր։

Հայաստանի գրողների միության անդամ է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թ. Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ պարգևատրվել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ»[2] շքանշանով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Միջնադարյան հայկական պոեմը, Եր., 1985,
  2. Հայ-ռուսական գրական փոխառնչություններ, Եր., 1985,
  3. Առաքել Սյունեցի բանաստեղծը, Եր., 1987,
  4. Խորհուրդ մեծ և սքանչելի. Ներածութիւն հայ մատենագրութեան, Երուսաղէմ, 1995,
  5. Հայ միջնադարյան քնարերգություն (Լ. Մկրտչյանի աշխատակցությամբ), Եր., 1996,
  6. Ոսկեփորիկ (Վ. Ներսիսյանի աշխատակցությամբ), Եր., 1997,
  7. Երուսաղեմ, Երուսաղեմ..., Եր., 1999,
  8. Ուղեգրություններ (հայերեն - իսպաներեն), Եր., 2001,
  9. Զավակներ լույսի, առաքինության, Եր., 2001,
  10. Գրիգոր Լուսավորիչը ներբողներում (Գ. Մադոյանի աշխատակցությամբ), Եր., 2002,
  11. Խորհուրդ մեծ և սքանչելի (ռուսերեն), Եր., 2004։

Թարգմանություններ (գրաբարից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղուկաս Սեբաստացի, Դավիթ Բեկի պատմությունը, Եր., 1988,
  2. Դաւիթ Բէկ կամ Պատմութիւն Ղափանցոց, Եր., 1992,
  3. Սիմեոն Լեհացի, Ուղեգրություն, Եր., 1997,
  4. Հայկական վարքեր և վկայաբանություններ, Եր., 1998,
  5. Կարդալով Նարեկացուն, Եր., 1999,
  6. Շարական (Գ. Մադոյանի աշխատակցությամբ), Եր., 2001,
  7. Թովմա Մեծոփեցի, Պատմագրական երկեր, Եր., 2003։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայկական համառոտ հանրագիտարան», հատ. 3, Երևան, 1999, էջ 510,
  • «Ով ով է. Հայեր (Կենսագրական հանրագիտարան)», հատ. 2, Երևան, 2007, էջ 10։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]