Հակովբոս Տաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակովբոս Տաշյան
Ծնվել էհոկտեմբերի 25, 1866(1866-10-25)
Մահացել էփետրվարի 3, 1933(1933-02-03) (66 տարեկանում)
Մահվան վայրՎիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն
Ազգությունհայ
Մասնագիտությունբանասեր

Հակովբոս Տաշյան (Թաշճյան Փրանկիսկոս Մելքոնի, հոկտեմբերի 25, 1866 թ. գ. Արծաթի, Կարինի գավառփետրվարի 3, 1933 թ. Վիեննա), ձեռագրագետ, բանասեր, լեզվաբան, հայագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունը ստացել է Կարինի ծխական դպրոցում, 1880 թվականի ամռանը հաճախել է Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանը, աշակերտել Հովսեփ Գաթըրճյանին, ապա ուսանել Վիեննայի Մխիթարյանների ընծայարանում։ 1883-ին ստացել է Հակովբոս անունը, 1885 թվականին անդամագրվել Մխիթարյան միաբանությանը։ 1889 թվականին ձեռնադրվել է քահանա։ Ուսումն ավարտելուց հետո (1889) Մխիթարյան կրթարանում դասավանդել է փիլիսոփայություն, հայոց լեզու։ 1893–1912 թթ. եղել է Վենետիկում, Բեռլինում (այստեղ ուսումնասիրել և նկարագրել է Արքունի մատենադարանի հայերեն ձեռագրերը), Կ. Պոլսում, Զմյուռնիայում, Կարինում, Տայոց աշխարհում։ 1909 թվականին հաստատվել է Կ. Պոլսի Մխիթարյան վանատան մեծավոր։

Գիտական վաստակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական ծանոթություն, նամակագրական կապեր է ունեցել ժամանակի հայտնի հայ և եվրոպացի հայագետների՝ Գ. Տեր-Մկրտչյանի, Մ. արք. Տեր-Մովսիսյանի, Բ. Կյուլեսերյանի, Հ. Հյուբշմանի, Հ. Պետերմանի, Պաուլ Ֆետտերի, Ֆ. Մյուլլերի, Ֆ. Կոնիբերի և ուր. հետ։ Տիրապետել է բազում լեզուների (լատիներեն, հունարեն, ասորերեն, արաբերեն, եթովպերեն, գերմաներեն, անգլերեն և այլն)։ Տաշյանը հայերեն է սովորեցրել ֆրանսիացի նշանավոր լեզվաբան Անտուան Մեյեին (վերջինս հպարտացել է դրանով)։

Տաշյանը 45 տարի անընդմեջ աշխատել է հայագիտության բնագավառում՝ ստեղծելով մեծարժեք գործեր։ Հեղինակ է «Ակնարկ մը հայ հնագրութեան վրայ...» (1898), «Ուսումն դասական հայերէն լեզուի» (1920), «Բառախօսական դիտողութիւններ հայերէն գիտական լեզուի մասին» (1926) լեզվաբանական բնույթի և «Հայ բնակչութիւնը Սև ծովէն մինչեւ Կարին...» (1921), «Հայ ազգի տարագրութիւնը...» (1921), «Հաթեր և ուրարտեանք» (1934), «Հին Հայաստանի արեւմտեան սահմանը» (1948) պատմական և պատմաաշխարհագրական աշխատությունների։ Արժեքավոր լրացումներով, հունական, ասորական, արաբական, եթովպական և այլ աղբյուրների հետ համեմատելով՝ հրատարակել է «Վարդապետութիւն առաքելոց անվաւերական կանոնաց մատեանը...» (1896

Բանասիրական վիթխարի աշխատանքի արդյունք է Հ. Գաթըրճյանի «Սրբազան Պատարագամատոյցք հայոց...» երկի հրատարակումը (1897)՝ ծանոթագրություններով և լրացումներով։ Տաշյանը զբաղվել է նաև քիմիայի և բնական այլ գիտությունների հայերեն տերմինաբանության հարցերով։ Թարգմանել է Հ. Հյուբշմանի, Հ. Պետերմանի, Ա. Կարիերի, Կ. Կոնիբերի, Ն. Մառի և ուրիշ հայագետների աշխատություններ։

Տաշյանի գիտական հարուստ ժառանգության մեջ առանձնանում է «Ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա» (1895) աշխատությունը, որը կազմելիս նա ի հայտ է բերել «մեծագույն գիտնականի հմտություն, գործելու հազվագյուտ ուժ» (հայագետ Պ. Ֆետտեր)։ Հայ բանասիրության մեջ ցուցակագրման Տաշյանի եղանակն անվանվել է «տաշյանական ոճ»։ Ձեռագրացուցակում ընդգրկված են Վիեննայի Մխիթարյան մատենադարանի 571 ձեռագիր մատյաններ, 7 ներդիր նկարներ։ Նկարագրությունների մեջ մանրամասն տեղեկություններ են հաղորդվում ձեռագրի ստեղծողի, մատյանի արտաքինի, գրի մասին, բացահայտվում յուրաքանչյուր ձեռագիր մատյանի (քարոզ, մեկնություն ևն) բովանդակությունը։ Ձեռագրի հանգամանալից նկարագրությունը, ծանոթագրությունները, ցանկերը, հարուստ տեղեկատվությունը հանրագիտական տեղեկատուի արժեք ունեն։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png